Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչ. միջանկյալ

ՎԴ/21412/05/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/21412/05/25
Հայցվոր
«ՔԱՐՀԱՆՔ» ՍՊԸ
Պատասխանող
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
03.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/21412/05/25 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/21412/05/25 Նախագահող դատավոր Հ. Խաչատրյան Ո Ր Ո Շ ՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ 2026 թվականի հուլիսի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՔԱՐՀԱՆՔ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը վերացնելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 15․12․2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Հ․ Խաչատրյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22․01․2026 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15․12․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Մարիամ Ղուլյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 79-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը չի համարել վարչական ակտ՝ նշելով, որ այն չի կարող հանդիսանալ ինքնուրույն քննության առարկա, քանի որ ուղղված չէ հայցվորի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժել, միջամտել կամ սահմանափակել հայցվորի իրավունքների իրականացումը: Մինչդեռ, թիվ 4258865 արձանագրությունը համապատասխանում է վարչական ակտի բնորոշմանը, մասնավորապես, այն ընդունվել է վարչական մարմնի՝ Կոմիտեի կողմից, հանրային իրավունքի բնագավառում, կոնկրետ գործի կարգավորման, այն է՝ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով, իրավական ակտ է և ունի հստակորեն որոշված հասցեատեր՝ ի դեմս Ընկերության, ունի արտաքին ներգործություն, միտված է որոշակի հետևանքների առաջացմանը: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։ 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․ արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ հանդիսացող չափագրման արդյունքում կազմված արձանագրությունն օժտվա՞ծ է արդյոք վարչական ակտին բնորոշ հատկանիշներով, և ըստ այդմ՝ դրա իրավաչափությունը կարո՞ղ է քննարկվել վիճարկման հայցի շրջանակներում: Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ ՀՀ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդված), նույն օրենսգրքի 66-69-րդ հոդվածներում սահմանել է այն հայցատեսակները, որոնց միջոցով շահագրգիռ անձինք իրավասու են իրացնել դատարանի մատչելիության իրենց իրավունքը։ Ճիշտ հայցատեսակի ընտրությունը կարևոր երաշխիք է անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար։ Ճիշտ հայցատեսակի ընտրությունն ապահովվում է ՀՀ վարչական դատարանի՝ ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է։ Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը։ Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է։ Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը)։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն առանձնացրել է վարչական ակտի տեսակները՝ սահմանելով դրանցից յուրաքանչյուրին բնորոշ հատկանիշները։ Այն է՝ նույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման. բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը Օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակությանը և վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Այսինքն՝ վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ: Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը: Ամբողջացնելով Օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները. 1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր, 2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից, 3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, 4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա, 5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, 6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ հանդիսացող չափագրման արդյունքում կազմված արձանագրության իրավական բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված արձանագրությունն օժտված է վարչական ակտին բնորոշ հատկանիշներով և, ըստ այդմ, դրա իրավաչափությունը ենթակա է քննարկման վիճարկման հայցի շրջանակներում՝ հետևյալ պատճառաբանությամբ․ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունների, այդ թվում՝ հարկային հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսգրքով: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նաև հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը: Օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Հարկային հսկողությունն իրականացվում է հետևյալ եղանակներով` 1) հարկային ստուգումներ. 2) հարկային ուսումնասիրություններ. 3) հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններ:»։ Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ հարկային հսկողությունը, լինելով հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության տեսակ, իրենից ներկայացնում է այդ լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի և դրա պաշտոնատար անձանց գործողությունների ամբողջություն, որն ունի օրենքով հստակ սահմանված նպատակ և իրականացվում է օրենքով սահմանված կոնկրետ եղանակներով: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, նույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետևյալ եղանակներով. 1) կամերալ (ներքին)` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն. 2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրության տեսակներից է չափագրումը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետևյալ դեպքերի. 1) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները հարկ վճարողի կողմից ընդունվելու և ճշտված հարկային հաշվարկներ ներկայացվելու դեպքում.(․․․) 5) չափագրման արդյունքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդ և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստ հայտնաբերելու դեպքում. (…): Օրենսգրքի 346-րդ հոդվածով մանրամասն կարգավորվել է չափագրման իրականացման ընթացակարգը։ Մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է, որ չափագրումն իրականացվում է հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև հարկ վճարողի մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդը, ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով։ Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չափագրումը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև լիազոր համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրություն է, որի նպատակն է պարզել` 1) բացառապես չափագրման անցկացման ժամանակահատվածում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները). 2) տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 24 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ չափագրումն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա (․․․)։ Օրենսգրքի 346-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ չափագրման արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ (․․․): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (․․․): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան՝ մինչև արձանագրության կազմումը արձանագրության նախագիծը ներկայացվում է հարկ վճարողին առարկություններ ներկայացնելու նպատակով։ Օրենսգրքի «Անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատումը» վերտառությամբ 351-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համալիր հարկային ստուգումների ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատումն անուղղակի եղանակով իրականացնելու հիմք է հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառված տվյալները համարվում են ոչ հավաստի, եթե հարկ վճարողի մոտ որևէ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրականացված չափագրումների արդյունքներով և հարկ վճարողի կողմից նույն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների տվյալներով հարկման բազաների հաշվարկված մեծությունների միջև առկա է 20 և ավելի տոկոսի չափով դրական տարբերություն։ Նույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկման բազաների գնահատման (վերագնահատման) ու հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կիրառվող մեթոդ է չափագրման արդյունքների կիրառման մեթոդը, որը կիրառվում է հարկման բազաների գնահատման (վերագնահատման) համար հարկ վճարողի մոտ որևէ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրականացված չափագրումների արդյունքներով և հարկ վճարողի կողմից նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկների տվյալներով հարկման բազաների հաշվարկված մեծությունների միջև 20 և ավելի տոկոսի չափով դրական տարբերության դեպքում (․․․)։ Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման համար որպես ելակետային տվյալներ հիմք են ընդունվում ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների (այդ թվում` հսկիչ գնման արդյունքները), գույքագրման և չափագրման տվյալները։ Ելնելով չափագրման՝ որպես հարկային ուսումնասիրության ինքնուրույն տեսակի բովանդակությունից և դրա՝ վերը նշված նպատակներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չափագրումը դիտարկել է որպես հարկային մարմնի կողմից հարկ վճարողի տնտեսական գործունեության փաստացի պատկերը վերականգնելու և այն հարկային հաշվառման ու հայտարարագրված տվյալների հետ համադրելու միջոց։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ չափագրում իրականացնելու հիմք կարող են հանդիսանալ, ի թիվս այլնի, հաշվառման բացակայությունը կամ տվյալների չներկայացումը, հարկային մարմնի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները, կամերալ ուսումնասիրությունների արդյունքները, վերլուծական գնահատումները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև ապրանքների ձեռքբերման կամ իրացման չփաստաթղթավորման ռիսկերի վերաբերյալ տվյալները (Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այսինքն՝ չափագրումն իրականացվում է, երբ հարկային մարմնի մոտ արդեն իսկ առկա են հարկային իրավախախտման, հարկման բազայի թերհայտարարագրման, շրջանառությունը թաքցնելու կամ հարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ կասկածներ կամ ռիսկեր։ Օրենսդիրն առանձնացրել է այն դեպքերը, երբ չափագրման արդյունքում անմիջականորեն առաջանում են հարկային պարտավորություններ։ Այն է՝ Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի բովանդակությունից բխում է, որ հարկային ուսումնասիրությունների, այդ թվում՝ չափագրման արդյունքում անմիջական հարկային պարտավորություններ առաջանում են այն դեպքերում, երբ չափագրման արդյունքում հայտնաբերվում է ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդ և/կամ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների չպահպանման փաստ։ Չափագրման արդյունքները, անկախ չափագրման արդյունքում անմիջականորեն հարկային պարտավորություններ առաջանալու հանգամանքից, ամփոփվում են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ, ինչին նախորդում է հարկ վճարողի կողմից արձանագրության մեջ արտացոլված չափագրման արդյունքների վերաբերյալ հարկ վճարողի առարկություններ ներկայացնելու իրավունքի իրացումը։ Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը հարկ վճարողին առարկություններ ներկայացնելու համար տրամադրելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ. այդ եղանակով ապահովվում է հարկ վճարողի իրավական պաշտպանությունն ընդդեմ արձանագրության մեջ տեղ գտած այն փաստերի ու տվյալների, որոնց հետ հարկ վճարողը համաձայն չէ, և որոնք վերջինիս համար կարող են առաջացնել բացասական հետևանքներ, որևէ կերպ վատթարացնել վերջինիս վիճակը։ Այսինքն՝ նշված արձանագրության դեմ իրավական պաշտպանության հնարավորության օրենսդրական ամրագրումն ինքնին ենթադրում է արձանագրությամբ հարկ վճարողի համար առնվազն բացասական հետևանքների առաջացման հավանականությունը։ Հակառակ դեպքում, հարկ վճարողն իրավական պաշտպանության անհրաժեշտություն չէր ունենա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չափագրման արդյունքներն ամփոփող արձանագրության մեջ արձանագրվում են հարկ վճարողի տնտեսական գործունեության վերաբերյալ էական նշանակություն ունեցող տվյալներ, մասնավորապես, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալներն արտացոլող տվյալներ։ Օրենսգրքի 351-րդ հոդվածի վերը նշված կարգավորումներից բխում է, որ այդ տվյալները, անգամ եթե տվյալ պահին անմիջականորեն չեն հանգեցնում հարկային պարտավորության առաջացման, ապա կարող են վկայել փաստացի շրջանառության և հայտարարագրված տվյալների միջև անհամապատասխանության, իրացման իրական ծավալնելը թաքցնելու, թերհայտարարագրման փաստերի մասին, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից հետագա վարչական միջամտության, հարկ վճարողի հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատումն անուղղակի եղանակով իրականացնելու համար։ Հետևաբար, չափագրման արձանագրության իրավական բնույթը գնահատելիս կարևորվում է ոչ միայն չափագրման արդյունքներով անմիջական հարկային պարտավորություններ առաջանալու հանգամանքը, այլ նաև այն, թե դրանում ամրագրված տեղեկություններն ու եզրահանգումները կարող են արդյոք ազդել հարկ վճարողի իրավական կամ փաստացի դրության վրա՝ կանխորոշելով հետագա հարկային վարչարարության ուղղությունն ու բովանդակությունը։ Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ հանդիսացող չափագրման արդյունքում կազմված արձանագրությունը՝ պայմանավորված դրանում ամրագրվող տեղեկությունների և եզրահանգումների բնույթով, ինչպես նաև հարկ վճարողի իրավական ու փաստացի դրության վրա հնարավոր ազդեցությամբ, օժտված է վարչական ակտին բնորոշ հատկանիշներով։ Մասնավորապես՝ - այն անհատական իրավական ակտ է, քանի որ կազմվում է կոնկրետ հարկ վճարողի նկատմամբ իրականացված չափագրման արդյունքներով և հասցեագրված է որոշակիացված սուբյեկտի՝ հարկ վճարողին, - ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` հարկային մարմնի և դրա պաշտոնատար անձանց կողմից՝ հարկային հսկողության իրականացման շրջանակներում, - ունի արտաքին ներգործություն, քանի որ դրա հասցեատերը՝ հարկ վճարողը, կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այդ որոշումն ընդունած մարմնի հետ, այսինքն` այն կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական (իրավաբանական) անձի միջև ծագած իրավահարաբերությունները, իսկ արձանագրությամբ ամրագրված տեղեկություններն ու եզրահանգումները վերաբերում են վարչական մարմնի և հարկ վճարողի միջև ծագած հանրային իրավահարաբերություններին, - ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, քանի որ այն կազմվում է կոնկրետ հարկ վճարողի նկատմամբ իրականացված չափագրման շրջանակներում և ուղղված է վերջինիս տնտեսական գործունեության, փաստացի շրջանառության, ապրանքների մնացորդների, փաստաթղթավորման պահանջների պահպանման, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված կոնկրետ հանգամանքների պարզմանն ու գնահատմանը, - ուղղված (միտված) է այդ ակտի հասցեատիրոջ համար իրավական հետևանքների առաջացմանը, ընդ որում՝ ոչ միայն այն դեպքերում, երբ դրա հիման վրա անմիջականորեն առաջադրվում են հարկային պարտավորություններ, այլ նաև այն դեպքում, երբ արձանագրությամբ ամրագրված տեղեկություններն ու եզրահանգումները հետագայում կարող են հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից հարկ վճարողի նկատմամբ միջամտող վարչարարության համար։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չափագրման վարույթը հատուկ տեսակի վարչական վարույթ է, որը հարուցվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա (հարուցման փուլ)։ Վերջինիս հաջորդում է ընթացիկ փուլը, որի ընթացքում ապահովվում է չափագրման արձանագրության դեմ հարկ վճարողի իրավական պաշտպանությունը՝ չափագրման արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքի իրացման եղանակով։ Նշված վարչական վարույթը եզրափակվում է չափագրման արդյունքների վերաբերյալ արձանագրությամբ, որն օժտված է վարչական ակտին բնորոշ հատկանիշներով և ենթակա է վարչադատական կարգով բողոքարկման՝ վիճարկման հայցատեսակի շրջանակներում։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով Ընկերությունը խնդրել է վերացնել Կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը։ Դատարանը 15․12․2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ «(...) հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Պետական եկամուտների կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը, մինչդեռ (...) հայցվորի կողմից վիճարկվող Պետական եկամուտների կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությամբ վարչական մարմինը չի միջամտել հայցվորի իրավունքների իրականացմանը, որևէ պարտականություն չի դրել հայցվորի վրա, ինչպես նաև որևէ եղանակով չի վատթարացրել վերջինիս իրավական կամ փաստացի դրությունը: Դատարանն ընդգծում է, որ վիճարկվող Պետական եկամուտների կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունն իր բովանդակությամբ պարունակում է բացառապես որոշակի փաստական հանգամանքների շարադրանք, դրա ուսումնասիրությունից հետևում է, որ այն հայցվորի համար չի առաջացրել որևէ փաստական և իրավական հետևանքներ, իսկ հայցվորի կողմից հայցադիմումով չի պատճառաբանվել, թե Պետական եկամուտների կոմիտեի 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունն ինչ փաստական կամ իրավական հետևանքներ է առաջացրել (կամ կարող է երբևէ առաջացնել), որպիսի հանգամանքների բացակայությունն ըստ էության հանգեցնում է նաև վեճի բացակայությանը: (…)»: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով, հիմնավոր համարելով Դատարանի 15․12․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, փաստել է, որ «(․․․) քննարկվող դեպքում իրականացվել է չափագրման արտագնա հարկային ուսումնասիրություն, որի նպատակն է եղել ոչ թե հարկային պարտավորությունների հաշվարկումը կամ վերահաշվարկը, այլ՝ հարկ վճարողի գործունեության փաստացի ցուցանիշների պարզումը (արտադրության ծավալներ, իրացման գներ և այլն)։ (…) ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի ուժով՝ չափագրման ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ երկու դեպքի, այն է՝ ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերում և ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների չպահպանման փաստի հայտնաբերում, որպիսի խախտումներ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությամբ հարկային մարմինը չի արձանագրել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ ուղղված չէ հայցվորի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժել, միջամտել, ընդհուպ սահմանափակել հայցվորի իրավունքների իրականացումը, ինչով պայմանավորված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը չի կարող հանդիսանալ ինքնուրույն քննության առարկա: (…)»։ Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 29.08.2025 թվականի թիվ 4258865 հանձնարարագրով Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն‑վարչության ՀՎԸՀ ոլորտային թիվ 4 բաժնի պետի տեղակալ Արամ Նիկոյանին, գլխավոր հարկային տեսուչներ Կարեն Եղյանին և Նունե Մուսոյանին հանձնարարվել է Ընկերությունում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով իրականացնել չափագրում: Ուսումնասիրության ժամկետը՝ մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր։ Հիմքը՝ ՀՀ հարկային օրենսգիրքը, Օրենսգրքի 343-րդ հոդվածը և 346-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը: Նշված հանձնարարագրի հիմքով 10.09.2025 թվականից մինչև 16.09.2025 թվականը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարվել է չափագրում, որի արդյունքում 09.10.2025 թվականին կազմվել է թիվ 4258865 արձանագրությունը։ Արձանագրությամբ, մասնավորապես, արձանագրվել է․ «(․․․) Ընկերության կողմից 10.09.2025թ.-ին արտադրվել է 2050 հատ` 24.5 խմ (․․․) շինաքար, մեկ շինաքարի վաճառքի արժեքը 160 դրամ է, որի արտադրության համար ծախսվել է 217.2 կվտ/ժ Էլեկտրաէներգիա, 1 խմ արտադրված շինաքարի Էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի 8.86 կվտ/ժ (․․․): 11.09.2025թ.-ին արտադրվել է 2450 հատ` 29.27 խմ (․․․) շինաքար, մեկ շինաքարի վաճառքի արժեքը 160 դրամ է, որի արտադրության համար ծախսվել է 258.0 կվտ/ժ Էլեկտրաէներգիա, 1 խմ արտադրված շինաքարի Էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի 8.14 կվտ/ժ (․․․): 12.09.2025թ.-ին արտադրվել է 5400 հատ` 64.54 խմ (․․․) շինաքար, մեկ շինաքարի վաճառքի արժեքը 160 դրամ է, որի արտադրության համար ծախսվել է 506.4 կվտ/ժ Էլեկտրաէներգիա, 1 խմ արտադրված շինաքարի Էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի 7.84 կվտ/ժ (․․․): ՀՀ ՊԵԿ նախագահի 30.01.2020թ.-ի N 80-Ա հրամանի համաձայն կազմվել է ՉՓՄ ներդիր 1 և ներդիր 2 (ներդիր 1 և ներդիր 2 կցվում են): Ըստ ՉՓՄ ներդիր 1-ի ՉՓՄ իրականացված ժամանակահատվածում (10.09.2025-12.09.2025թթ.) միջին օրական իրացումը կազմել է 515,124 դրամ, իսկ չափագրմանը նախորդող 10 օրերի միջին օրական իրացումը կազմել է 234,400 դրամ: Այսինքն` չափագրման ժամանակահատվածի միջին օրական իրացումը չափագրմանը նախորդող 10 օրերի միջին օրական իրացման նկատմամբ աճել է 120 %-ով: Ըստ ՉՓՄ ներդիր 2-ի ՉՓՄ իրականացված ժամանակահատվածում (10.09.2025-12.09.2025թթ.) ընկերության կողմից արտադրվել է 118.3 խմ շինաքար, որի արտադրության համար ծախսվել է 981.6 կվտ/ժ Էլեկտրաէներգիա: Այսինքն` 1 խմ շինաքարի արտադրության համար ծախսվել է միջինը 8.29 (981.6/118.3) կվտ/ժ Էլեկտրաէներգիա:»։ Վիճարկվող արձանագրության բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային մարմինը, արձանագրելով ուսումնասիրության ժամանակահատվածում Ընկերության կողմից արտադրված շինաքարի ծավալները, նախ՝ եզրահանգումներ է կատարել 1խմ արտադրված շինաքարի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսի մասին, ինչը կարող է հիմք հանդիսանալ ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ արտադրության իրական ծավալները որոշելու համար։ Ավելին, արձանագրությամբ համադրական գնահատումներ են կատարվել չափագրման ժամանակահատվածում արձանագրված իրացման միջին օրական ցուցանիշների և դրան նախորդող ժամանակահատվածի ցուցանիշների միջև։ Մասնավորապես, արձանագրությամբ ամրագրվել է, որ չափագրման ժամանակահատվածի միջին օրական իրացումը չափագրմանը նախորդող 10 օրերի միջին օրական իրացման նկատմամբ աճել է 120 տոկոսով։ Վիճարկվող արձանագրության բովանդակությունից ակնհայտ է, որ վիճարկվող արձանագրությամբ վարչական մարմինը չի սահմանափակվել միայն որոշակի փաստական հանգամանքների տեխնիկական արձանագրմամբ։ Թեև արձանագրությամբ Ընկերության համար անմիջական հարկային պարտավորություններ չեն առաջացել, այնուամենայնիվ, դրանում նշված Ընկերության տնտեսական գործունեության փաստացի ցուցանիշների, արտադրության ծավալների, ծախսերի վերաբերյալ տվյալները, վերջիններիս ու հայտարարագրված ցուցանիշների միջև համեմատությունն ու դրա արդյունքում կատարված եզրահանգումը փաստական հիմքեր են ստեղծում թերհայտարագրման պատկեր ձևավորելու համար և հարկային մարմնի կողմից հետագա միջամտող վարչարարության համար։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արձանագրության մեջ արձանագրված տվյալները, դրանց համադրումները ուղղված (միտված) են Ընկերության համար որոշակի հետևանքների առաջացմանը, որոնց կանխարգելումը հանգեցնում է արձանագրության՝ որպես վարչական ակտի դեմ վարչադատավարական կարգով դատական պաշտպանության անհրաժեշտության: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումները, թե վիճարկվող արձանագրությամբ պարզապես արձանագրվել են որոշակի փաստական հանգամանքներ, և այն հայցվորի համար որևէ փաստական կամ իրավական հետևանք չի առաջացնում։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը սխալ են գնահատել վիճարկվող արձանագրության իրավական բնույթը՝ խախտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, և հանգել են այն սխալ հետևության, որ 09.10.2025 թվականի թիվ 4258865 արձանագրությունը վարչական ակտ չէ և, հետևաբար, ենթակա չէ վիճարկման հայցի շրջանակներում բողոքարկման, ինչի արդյունքում կայացրել են ոչ իրավաչափ դատական ակտեր, որոնք ենթակա են վերացման։ Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 15․12․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:                    Նախագահող                                                                          Զեկուցող                                                            Հ. ԲԵԴԵՎՅԱՆ                                                            Լ. ՀԱԿՈԲՅԱՆ                                                           Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ                                                           Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ                                                           Ք. ՄԿՈՅԱՆ