Վճռաբեկ դատարան · Քրեական
ՇԴ/0002/11/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՇԴ/0002/11/25
- Դիմող / մեղադրյալ
- Մարինա Շագոյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 13.07.2026
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 9. Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը
- Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
- Հոդված 63. Կասկածյալի իրավունքները և պարտականությունները
- Հոդված 262. Քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կարճելուց և քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՇԴ/0002/11/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ․Մելքոնյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան
13 հուլիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշման դեմ դիմող Մարինա Գրիգորի Շագոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռ․Դավթյանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ, թիվ 68151520 քրեական գործով վարույթը կարճվել է, և Մարինա Շագոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
2. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռ.Դավթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի գրությամբ, դիմող Մ.Շագոյանի դիմումը՝ քրեական գործով կարճված վարույթի բոլոր նյութերը տրամադրելու վերաբերյալ, մերժվել է։
2.1. Շիրակի մարզի դատախազ Ա․Չիչոյանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի գրությամբ, դիմող Մ.Շագոյանի դիմում-բողոքը՝ քրեական գործի բոլոր նյութերը տրամադրելուն քննիչին պարտավորեցնելու վերաբերյալ, մերժվել է։
3․ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, դիմող Մ.Շագոյանի՝ թիվ 68151520 քրեական վարույթով քննիչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, նրա իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային գործողություններ կատարելու՝ քրեական գործի նյութերի պատճենները տրամադրելու կապակցությամբ քննիչի վրա պարտականություն դնելու մասին բողոքն ամբողջությամբ մերժվել է։
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ Մ.Շագոյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Մ.Շագոյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6․ Բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի էական խախտում, ինչպես նաև խախտվել են՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված՝ իր արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները։
6.1. Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ թիվ 68151520 քրեական գործի շրջանակներում ունեցել է վկայի կարգավիճակ և հարցաքննվել է։
Բողոքաբերը նշել է, որ վերոնշյալ քրեական գործը կարճելու որոշմամբ անդրադարձ է կատարվել նաև իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հարցին, ինչը վկայում է այն մասին, որ քննիչի կողմից ինքը դիտարկվել է որպես կասկածյալ, թեպետ պաշտոնապես իրեն այդ կարգավիճակը տրված չի եղել։ Այս առումով, բողոքաբերը նշել է նաև, որ կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով պայմանավորված, իրեն չի տրվել իրավունք՝ ծանոթանալու քրեական գործի նյութերին։
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 փետրվարի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ վարույթի հանրային մասնակցի՝ քննիչի անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ, քննիչի վրա դնել իր իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտ կայացնելու պարտականություն, և իրեն տրամադրել թիվ 68151520 քրեական գործի բոլոր նյութերը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռ.Դավթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի գրության համաձայն՝ «(…) Ձեր արարքին տրվել է իրավական գնահատական ՀՀ նախկին քրեական դատավարության (ընդունված՝ 1998 թվականի հուլիսի 1-ին) օրենսդրական կարգավորումներով, որի վերաբերյալ կայացված որոշումը Ձեզ տրամադրվել է։
Միաժամանակ հայտնում եմ, որ վկան իրավասու է ծանոթանալ միայն իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը»։
9. Շիրակի մարզի դատախազ Ա.Չիչոյանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի գրության համաձայն՝ «(…) [Ք]ննիչի կողմից որևէ անգործություն չի դրսևորվել, որոշման կայացման պահին գործող քրեադատավարական օրենսդրության նորմերին համապատասխան Ձեզ տրամադրվել է կայացված որոշման օրիանակը, իսկ քրեական վարույթի այլ նյութերը Ձեզ տրամադրելու կարգ օրենսդրությամբ նախատեսված չի եղել»։
10. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) 2020 թվականի օգոստոսի 20-ի վկա Մարինա Գրիգորի Շագոյանի հարցաքննության արձանագրությունից ակնհայտ է, որ հարցաքննության ընթացքում նրան չեն պարզաբանվել կասկածյալի իրավունքները և պարտականությունները, այլ պարզաբանվել են միայն վկայի իրավունքները և պարտականությունները և որևէ նշում չկա այն մասին, որ վերջինս հարցաքննվել է նաև կասկածյալի դատավարական կարգավիճակում։
Այսինքն՝ Մարինե Շագոյանը քրեական գործի քննության ընթացքում փաստացի չի կրել կասկածյալի դատավարական կարգավիճակ, այլ հանդիսացել է միայն վկա և նրա կողմից վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքում հայտնած տեղեկությունները գնահատելով, քննիչը կարճման որոշման մեջ եզրակացրել է, որ վերջինիս արարքում բացակայում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը։
Սույն պարագայում Մարինա Շագոյանը թիվ 68151520 քրեական գործի քննության ընթացքում չի ունեցել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված անձանցից որևէ մեկի դատավարական կարգավիճակը, որի պարագայում հնարավոր կլիներ տրամադրել նրան քրեական գործի նյութերը, այսինքն՝ նա հիշյալ քրեական գործով իրավունք չի ունեցել ծանոթանալ թիվ 68151520 քրեական գործում առկա նյութերին, բացառությամբ իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության՝ հարցաքննության արձանագրության, ուստի նրա կողմից ներկայացված բողոքը ենթակա է մերժման (…)»։
11. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ Մարին[ա] Շագոյանը քրեական գործի քննության ընթացքում եղել է միայն վկայի դատավարական կարգավիճակում, և չկա որևէ փաստական տվյալ առ այն, որ վերջինս ունեցել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ Խնդրո առարկա գործի շրջանակներում Մարին[ա] Շագոյանի՝ վկայի դատավարական կարգավիճակում հայտնած տեղեկությունները գնահատելով, քննիչը համապատասխան որոշման մեջ եզրահանգել է, որ վերջինիս արարաքում բացակայում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նման հանգամանքը չի կարող դեռևս վկայել, որ Մարին[ա] Շագոյանը քրեական գործի քննության ընթացքում ունեցել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։
Վերահաստատելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դիմող Մարին[ա] Շագոյանը զրկված չէ ծանոթանալու՝ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը։
(…) Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ հիմնավորված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ ՇԴ/0002/11/25 որոշմամբ արտահայտված հետևությունները, Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, և դիմող Մարինա Շագոյանի բողոքը մերժելու մասին որոշում կայացնելով՝ թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12․ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ․Շագոյանի բողոքով սույն վարույթը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումները:
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք քննիչի անգործության դեմ դիմող Մ.Շագոյանի կողմից ներկայացված բողոքը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
14. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»։
Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
15. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, ի թիվս այլնի, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ։
15.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի համատեքստում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ`
- Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական մակարդակում պաշտպանության միջոցի մատչելիությունը՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների էությունը խթանելու նպատակով՝ ինչպիսի ձևով էլ որ դրանք երաշխավորված լինեն ներպետական իրավակարգում,
- Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որ ներպետական պաշտպանության միջոց առկա լինի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ «վիճարկելի բողոքի» էությունը քննելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները,
- Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով ամրագրված համապատասխան պարտավորության շրջանակը տարբերվում է՝ կախված Եվրոպական կոնվենցիայով դիմողի ներկայացրած բողոքի բնույթից։ Այնուհանդերձ, հոդված 13-ով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ։ Մասնավորապես, դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պատասխանող Պետության գործողություններով կամ բացթողումներով:
16. Ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին հորդորում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերանայել իրենց իրավական համակարգերը և, ըստ անհրաժեշտության, օրենսդրության կամ դատական որոշումների միջոցով ամրագրել անհրաժեշտ և պատշաճ միջոցներ` երաշխավորելու համար Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ պաշտպանության երաշխիքը։
17. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1․ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
2) արարքի մեջ հանցակազմ չկա. (…)»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ»:
Նշված օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները։
(…)
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»:
18. Իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ ձևավորած նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը։ Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքին, արձանագրել է, որ «(…) [Գ]ործի նյութերին ծանոթանալու իրավունքն ունի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար։ Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, միջնորդելու կատարել լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փաստական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ (…)»։
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները մեկնաբանելով 14-17-րդ կետերում վկայակոչված՝ սահմանադրական, կոնվենցիոն, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացելու մասին որոշում է կայացվել, դատական պաշտպանության ու բողոքարկման իրավունքն արդյունավետորեն կենսագործելու համար կարևոր է գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքի երաշխավորումը։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են անձին հասու գործի նյութերում պարունակվող փաստական տվյալները, ինչը նրա իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիք է։
Հետևաբար, վարույթն իրականացնող մարմինը ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է անձին, որի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել, պատշաճ կերպով պարզաբանի համապատասխան որոշման բողոքարկման կարգի և ժամկետների, ինչպես նաև գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքի վերաբերյալ:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ վերոնշյալ մոտեցումն ընկած է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիմքում։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշման պատճենները քննիչը, ի թիվս վարույթի այլ մասնակիցների, ուղարկում է նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը, և միևնույն ժամանակ բացատրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ վարույթի նյութերին ծանոթանալու կարգը։
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- նախաքննության մարմնի` 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ թիվ 68151520 քրեական գործի վարույթը կարճվել է և Մարինա Շագոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով,
- նախաքննության մարմնի` 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ դիմող Մ.Շագոյանի` կարճված քրեական գործի բոլոր նյութերը տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժվել է։ Այդ որոշման դեմ Մ.Շագոյանի բողոքը Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Չիչոյանի` 2025 թվականի հունվարի 3-ի գրությամբ ևս մերժվել է,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, բողոքաբեր Մ․Շագոյանի՝ քննիչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, նրա իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային գործողություններ կատարելու՝ թիվ 68151520 քրեական գործի նյութերի պատճենները նրան տրամադրելու կապակցությամբ քննիչի վրա պարտականություն դնելու մասին բողոքն ամբողջությամբ մերժվել է,
- Վերաքննիչ դատարանը, 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ և եզրահանգել, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ դիմող Մ.Շագոյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել։
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել բողոքաբերի բարձրացրած այն փաստարկը, որ քրեական գործով կարճված վարույթի նյութերը չտրամադրելու արդյունքում սահմանափակվել է իր՝ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը:
Մասնավորապես, անդրադառնալով ստորադաս դատարանների հետևությանն առ այն, որ դիմող Մ.Շագոյանը քրեական վարույթի ընթացքում ունեցել է վկայի կարգավիճակ, ինչով պայմանավորված՝ նախկին քրեադատավարական կարգավորումների շրջանակներում չի ունեցել գործի նյութերին ծանոթանալու իրավունք, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 19-րդ կետում կատարված վերլուծությունը, արձանագրում է, որ Մ.Շագոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության պայմաններում, վերջինս ձեռք է բերել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված դատավարության մասնակիցներին հավասարեցված կարգավիճակ, և, հետևաբար, նաև այդ կարգավիճակից բխող իրավունքների իրացման հնարավորություն։ Հետևաբար, սույն դեպքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դիմողի համար պետք է ապահովվեր գործի՝ նրան վերաբերող նյութերի ողջ ծավալին ծանոթանալու իրավունքի իրացումը, որն ահնրաժեշտ և բավարար կլիներ վերջինիս դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացնելու համար։
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի անգործության դեմ դիմող Մ.Շագոյանի կողմից ներկայացված բողոքը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
22. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է դատական ակտերը բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու համար, այն է՝ պարտավորեցնելու քննիչին դիմող Մ․Շագոյանին տրամադրել թիվ 68151520 քրեական գործի՝ նրան վերաբերող նյութերը՝ ծանոթացման համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշումները բեկանել։
2. Վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու դիմող Մարինա Գրիգորի Շագոյանի իրավունքների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումը՝ Մարինա Շագոյանին տրամադրել թիվ 68151520 քրեական գործի՝ նրան վերաբերող նյութերը։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
