Վճռաբեկ դատարան · Քրեական
ԱՐԴ/0215/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԱՐԴ/0215/01/21
- Դիմող / մեղադրյալ
- Տիգրան Գևորգյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 17.07.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
3 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԱՐԴ/0215/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Ադամյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ․Պապոյան դատավորներ՝ Մ.Պապոյան
Լ.Աբգարյան
17 հուլիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Տիգրան Նորայրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի մայիսի 13-ի դատավճռով Տ․Գևորգյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժին հաշվակցվել է Տ․Գևորգյանի անազատության մեջ գտնվելու՝ 3 (երեք) ամիս ժամկետը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի մարտի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության վերաբերյալ հետևություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ուստի կայացված որոշումը ենթակա է բեկանման:
4․1․ Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը քննարկելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մասնավորապես՝ որպես մեղադրյալ Տ․Գևորգյանի անձը դրական բնութագրող տվյալ, ստորադաս դատարանները հաշվի են առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, մինչդեռ, բողոքաբերի պնդմամբ՝ նշված հանգամանքն օբյեկտիվորեն չի կարող համարվել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող՝ հաշվի առնելով այն, որ անձի դատապարտված չլինելը բնութագրական է անձանց լայն շրջանակի և, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ չի կարող։
Անդրադառնալով մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված հանգամանքին, մասնավորապես՝ իրեն մեղավոր ճանաչելուն և կատարած արարքի համար զղջալուն, բողոքաբերը փաստել է, որ դրա ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա մեխանիկական չէ և կախված է մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքի էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։
4․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Տիգրան Գևորգյանն ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն ունի սինթետիկ ծագում և բնութագրվում է անձի օրգանիզմի վրա շատ ծանր ու կործանարար ազդեցությամբ։
5. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մեղադրյալ Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը՝ մեղադրյալ Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչելով անթույլատրելի։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Տիգրան Գևորգյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(…) [Նա] ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերի հասնող 1․79 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը 2020թ․ մայիսի 28-ին ապօրինի փոխադրել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոց, որտեղից էլ նույն օրը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ համապատասխան աշխատակիցների կողմից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է (…)»։
7. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Տ.Գևորգյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, իր դատական ակտում արձանագրել է, որ․ «(...) [Դատարանը] Տիգրան Նորայրի Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը:
Դատարանն ամբաստանյալ Տիգրան Նորայրի Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատաքննությամբ չհայտնաբերեց:
Դատարանն ամբաստանյալ Տիգրան Նորայրի Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանն ամբաստանյալ Տիգրան Նորայրի Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է որ Տիգրան Նորայրի Գևորգյանի նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով (...)»։
8. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Տիգրան Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել մեղքն ընդունելն ու նրա կողմից անկեղծորեն զղջալը կատարած արարքի համար, ինչպես նաև խոստովանական ցուցմունքներ տալը [,իսկ] պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել։
Վերոգրյալի հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանը, հանգել է հետևության, որ ամբաստանյալ Տիգրան Գևորգյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակվող պատիժն իրական կրելու։
(…) Ամբաստանյալ Տիգրան Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և Դատավճռով նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթի հետ միասին (մեղսագրվում է միջին ծանրության հանցանք) հաշվի է առնում նաև Ամբաստանյալի՝ նախորդ կետում նշված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունն ու դրանք ծանրացնող հանգամանքների բացակայությունը, միևնույն ժամանակ փաստելով, որ Ամբաստանյալ Տիգրան Գևորգյանը նախկինում դատապարտված չի եղել, շրջապատում բնութագրվում է դրական։
(…) Վերաքննիչ դատարանն իր հերթին գտնում է, որ Տիգրան Գևորգյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրա անձը բնութագրող տվյալների համակցությունը բավարար են հանգելու այն հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման համար (...)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Տիգրան Գևորգյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
10. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում:
11. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
(...)
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով (...)»:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Տ.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով։
- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ, դատավճիռը թողել է անփոփոխ։
13. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալ Տ.Գևորգյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,
գ) մեղադրյալի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելը, շրջանառվող թմրամիջոցի տեսակը և չափը, այն, որ մեղադրյալը ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 1.79 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։
16․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
17․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Հետևաբար, անհրաժեշտ է Տ.Գևորգյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դատական ակտը փոփոխել։ Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2025 թվականի մայիսի 13-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Տիգրան Նորայրի Գևորգյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը փոփոխել։
2․ Տիգրան Գևորգյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի դատավճռով, հաշվակցման կանոններով նշանակված՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Տիգրան Նորայրի Գևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
