Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ՍնԴ/2695/04/24
- Գործի համարը
- ՍնԴ/2695/04/24
- Հայցվոր
- «ԻՆԺԵՆԵՐ ԼԻԳԱ» փակ բաժնետիրական ընկերություն
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 17.07.2026
- Քաղաքացիական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2695/04/24
դատարանի որոշում 2026թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2695/04/24
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի հուլիսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԻՆԺԵՆԵՐ ԼԻԳԱ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել սեփական սնանկությունը։
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.09.2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Դատարանի 21.03.2025 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի միջնորդությունը՝ բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու վերաբերյալ, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2025 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.03.2025 թվականի «Միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր դատական ակտ՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, ու բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները՝ վերացվել։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ ու 50-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բավարարել է սնանկության գործով կառավարչի միջնորդությունը՝ վերացնելով վեճի առարկա բնակարանի նկատմամբ առկա արգելանքները, մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ընդհանրապես վերաբերելի չեն միջնորդությանը, ու առկա չեն նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված վավերապայմանները։
Վերաքննիչ դատարանը չէր կարող վերացնել վեճի առարկա բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները՝ սահմանափակումները, քանի դեռ առկա չէր գույքի օտարումը թույլատրելու մասին դատարանի որոշում։ Վերաքննիչ դատարանը ոչ միայն շեղվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի նպատակից, այլ նաև անտեսել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նպատակն առհասարակ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և ՌԴ քաղաքացի Աքսանա Խաչատրյանի միջև 03.11.2022 թվականին կնքվել է Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, որով պայմանագրի գին է սահմանվել 28.700.000 ՀՀ դրամը (հավելված, գ.թ. 20-24).
2) ***** հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ գրանցվել է Աքսանա Խաչատրյանի՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը (հավելված, գ.թ. 25).
3) 27.05.2024 թվականին նաև ***** հասցեում գտնվող անշարժ գույքի մասով տրվել է թիվ 01/19 Դ-60198-24-229 ավարտական ակտը (հավելված, գ.թ. 27).
4) թիվ 22113091659045 անդորրագրի համաձայն՝ 03․11․2022 թվականին Աքսանա Խաչատրյանի կողմից հօգուտ Ընկերության կատարվել է փոխանցում 28․700․000 ՀՀ դրամի չափով (հավելված, գ.թ. 28)․
5) Դատարանի 13.09.2024 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, գ.թ. 8-11).
6) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի կողմից ներկայացվել է միջնորդություն, որով վերջինս խնդրել է վերացնել ***** հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները (հավելված, գ.թ. 19)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից գույքն օտարելու պայմանագրային պարտավորության կատարման հարցին։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:
Բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը, ելնելով պարտապանի գործունեության, գույքի, գործարքի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, կառավարչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ:
(…)։
Նույն հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ եթե պարտապանը հանդիսացել է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող, և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) շենքը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը սնանկության հաշվին վճարվելու դեպքում կառավարիչը կառուցապատողի անունից կնքում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փոխանցման ակտ և անձին փոխանցում առանձնացված միավորի սեփականության իրավունքը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առանձնացվում են օրենքի մեկնաբանման մի շարք կանոններ, որոնք դասակարգվում են տարբեր հիմքերով։ Օրինակ՝ ըստ ծավալի՝ մեկնաբանման կանոնները լինում են տառացի կամ նեղ և տարածական կամ լայն։ Տառացի կամ նեղ մեկնաբանման կանոնը նշանակում է, որ նորմի իմաստը համընկնում է դրա բովանդակության բառացի արտահայտությանը, իսկ տարածական կամ լայն մեկնաբանման կանոնը նշանակում է, որ նորմի իմաստն ավելի լայն է, քան դրա բովանդակության բառացի արտահայտությունը։
Այսպես, «Claris non fit interpretatio» (այն ինչ պարզ է մեկնաբանման կարիք չունի) սկզբունքի համաձայն՝ երբ օրենքի լեզուն պարզ և հասկանալի է, պետք է կիրառվի բառացի մեկնաբանությունը՝ բացառելով մեկնաբանման այլ կանոնները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ երբ օրենքի լեզուն պարզ, միանշանակ և հասկանալի է, դատարանն այլևս այն լրացուցիչ մեկնաբանելու պարտականություն չի կրում և մեկնաբանման այլ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է (այն մեկնաբանվում է բառացիորեն): Օրենքը միանշանակ չէ միայն այն դեպքում, երբ այն կարող է միաժամանակ ողջամտորեն տարբեր կերպ մեկնաբանվել կամ բավարար չափով հստակ ձևակերպված չէ։ Սա բխում է այն կանոնից, որ դատարանն առաջին հերթին պետք է ենթադրի, որ օրենսդիրը սահմանել է օրենքով այն, ինչ ինքն իրականում նկատի ունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավանորմի լեզվաբանական մեկնաբանումը կարևորվում է այն ընդունող մարմնի նպատակը բացահայտելու իրողությամբ, քանի որ իրավանորմեր ընդունելով օրենսդիրը հետապնդում է ինչ-որ նպատակ, որն իրագործելու համար սահմանում է որոշակի պահանջներ՝ իրավանորմերի տեսքով: Օրենքը մեկնաբանելիս դատարանների դերն օրենսդրի մտադրությունը հասկանալն ու բացահայտելն է՝ օրենքի նպատակները իրականացնելու համար: Քանի որ օրենքի նորմատիվ լեզուն նպատակի լավագույն ցուցիչն է, նախ դիտարկվում են օրենքի տառը, դրանում պարունակվող բառերն ու արտահայտությունները՝ դրանց ընդհանուր իմաստից ելնելով: Ընդ որում՝ տառացի մեկնաբանման դեպքում օրենքի նորմը չի դիտարկվում մեկուսի, այլ նորմերից կտրված, այլ ուսումնասիրվում է օրենքի ամբողջ էությունը (տե՛ս Լևոն Բարսեղյանն ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.04.2022 թվականի որոշումը):
Վերը նշվածի լույսի ներքո անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ որպես կանոն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները չեն կարող կատարվել: Միևնույն ժամանակ նշված հոդվածով նախատեսվել է բացառություն այդ կանոնից, այն է՝ բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ՝ համապատասխան միջնորդության հիման վրա, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝
- պարտապանի գործունեության առանձնահատկություններ,
- գույքի առանձնահատկություններ,
- գործարքի առանձնահատկություններ
- և այլն։
Նույն հոդվածի 2.1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նաև նախատեսել է ընդհանուր կանոնից վերը նշված բացառության կոնկրետ մասնավոր դեպք, որի պարագայում արդեն գույքն օտարելու պարտապանի պարտավորությունը կատարվում է կառավարչի կողմից՝ առանց դատարանի որոշման, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
- պարտապանը հանդիսացել է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող,
- պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) շենքը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով,
- կառավարչի պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը վճարվել է սնանկության հաշվին։
Գույքն օտարելու պայմանագրային պարտավորության կատարման անթույլատրելիության ընդհանուր կանոնից նախատեսված բացառության վերը նշված կոնկրետ մասնավոր դեպքի համար սահմանված են հստակ պայմաններ, ինչպես նաև գույքի օտարման պարտականությունը կատարելու ավելի պարզ ընթացակարգ, քան նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառության դեպքում, քանի որ այս դեպքում անհրաժեշտ չէ դատարանի համապատասխան որոշում, և կառավարիչն ինքը կարող է կատարել այդ պարտականությունը: Ընդ որում, այդ նորմի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ելնելով սնանկության ինստիտուտի նպատակներից՝ այն նպատակ է հետապնդում օրենսդրի կողմից սահմանված ժամանակահատվածում ներգրավել պարտապանի սնանկության հաշվին ավելի շատ միջոցներ, քանի որ պարտադիր պայմաններից մեկով սահմանված է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը վճարելու ժամկետային սահմանափակում՝ կառավարչի պահանջն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։
Սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը (տե՛ս ըստ «ՍԱԴԵ» ԲԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառության և նույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված այդ բացառության մասնավոր դեպքի հիմնական տարբերակիչ հատկանիշը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրի գինը վճարելու պարտավորության կատարման պահն է.
- եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը պայմանագրի գինն ամբողջությամբ վճարել է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ապա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառությունը,
- եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը պայմանագրի գինը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դեռ ամբողջությամբ չի վճարել, ապա առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ բացառության մասնավոր դեպքը։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառության և նույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ այդ բացառության մասնավոր դեպքի կիրառման իրավական հարցին անդրադառնալիս այդ նորմերն անհրաժեշտ է մեկնաբանել բառացիորեն՝ լեզվաբանական մեկնաբանման կանոնով, քանի որ դրանք շարադրված են պարզ, միանշանակ ու հասկանալի, որպիսի պայմաններում մեկնաբանման այլ կանոնները, մասնավորապես՝ տարածական մեկնաբանման կանոնը չի կարող կիրառվել։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է վերացնել ***** հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները։
Դատարանը 21.03.2025 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի միջնորդությունը՝ բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու վերաբերյալ, մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ պարագայում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը և 2.1-րդ կետը մեկնաբանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համատեքստում և նշվածի կիրառմամբ անդրադառնալով սնանկության կառավարչի ներկայացրած միջնորդությանը, Դատարանը գտնում է, որ կառավարչի միջնորդությունը չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 2.1-րդ կետի իրավակարգավորումից, մասնավորապես՝ նշված իրավանորմը չի պարունակում որևէ կարգավորում սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին պատկանող գույքի նկատմամբ կիրառված արգելանքները /սահմանափակումները/ վերացնելու վերաբերյալ, հետևաբար և նշված իրավակարգավորման ուժով սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին պատկանող գույքի նկատմամբ կիրառված արգելանքները /սահմանափակումները/ վերացվել չեն կարող»։
Վերաքննիչ դատարանը 08.07.2025 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 21.03.2025 թվականի «Միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը վերացրել է և կայացրել է նոր դատական ակտ՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի միջնորդությունը բավարարել է, ու բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները՝ վերացրել հետևյալ պատճառաբանությամբ. «Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2.1. մասին, հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սնանկության գործընթացի որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատող պարտապանի սնանկության դեպքում կառուցապատողից անշարժ գույք գնած պարտատերերի իրավունքների պաշտպանությունը պահպանելու նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2.1. մասով ամրագրված իրավանորմը ենթակա է լայն մեկնաբանման` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով ամբողջ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորման համատեքստից և դրանով սահմանված սկզբունքներից, այն համադրելով նշված օրենքի այլ պահանջների հետ, այլապես նշված նորմի ոչ համակարգային մեկնաբանումը կխախտի իրավական ակտի իմաստը։
Վերը նշվածի հաշվառմամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2.1. մասի կիրառելիության հարցը պարզելիս Դատարանը պետք է պարզի ոչ թե պարտապանի հանդեպ պարտավորությունը կատարվել է սնանկության հատուկ հաշվին պարտավորության գումարը փոխանցելով, այլ պետք է պարզի, թե սնանկության գործով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ ունի պարտավորություն, թե՞ ոչ, այն հանգամանքի հաշվառմամբ, որ նշված օրենսդրական նորմի փոփոխությունը նախատեսելով՝ օրենսդրի հիմնական նպատակն ուղղված է եղել կառուցապատող ընկերության սնանկության դեպքում անշարժ գույքի գնման իրավունք ունեցող և իր պարտավորությունը կառուցապատողի նկատմամբ պատշաճ կատարած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձ Աքսանա Խաչատրյանը պայմանագրի գինը վճարել է 03.11.2022 թվականին, այսինքն՝ մինչև պարտապան Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը (13.09.2024 թվական), հետևաբար տվյալ դեպքում կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառությունը։
Ինչպես արդեն վերը նշվել է, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառության դեպքում անհրաժեշտ է դատարանի համապատասխան որոշում, ի տարբերություն նույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված այդ բացառության մասնավոր դեպքի, երբ գույքի օտարման պարտականությունը կատարելու ընթացակարգն ավելի պարզ է, և կառավարիչն ինքը կարող է կատարել այդ պարտականությունը։ Տվյալ դեպքում բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատարանի որոշումը, ուստի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս խնդրել է վերացնել ***** հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքները, ենթակա է մերժման։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով տարածական մեկնաբանման կանոնը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը։
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի սխալ մեկնաբանությունը հանգեցրել է գործի սխալ լուծման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 08.07.2025 թվականի դատական ակտը վերացնելու արդյունքում Դատարանի 21.03.2025 թվականի «Միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը մտնում է օրինական ուժի մեջ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2025 թվականի որոշումը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
