Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ/0068/06/18
- Գործի համարը
- ԵԴ/0068/06/18
- Դիմող / մեղադրյալ
- Արտակ Հովհաննիսյան Հարությունի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 11.04.2019
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 285. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը
- Հոդված 287. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը
- Հոդված 288. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
13 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 104. Սպանությունը
- Հոդված 223. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը
- Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 311. Կաշառք ստանալը
- Հոդված 312. Կաշառք տալը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0068/06/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ՝ ԵԴ/0068/06/18
Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ՝ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ`
դատախազ` Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
պաշտպան` Հ.ՍԱՐԳՍՅԱՆԻ
տուժողի ներկայացուցիչ` Լ.ՍԱՀԱԿՅԱՆ
2019 թվականի ապրիլի 11-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Հարությունի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը․
1. 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը։
2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 69105317 քրեական գործը, որը միացվել է թիվ 55101817 քրեական գործին։
2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ թիվ 55101817 քրեական գործի նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույնպես միացվել է թիվ 55101817 քրեական գործին։
Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է մաս, որին շնորհվել է 69100618 համարը:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Արտակ Հարությունի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը՝ Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելու մասին, մերժվել է:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը, Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի և գրավի գումարի չափ է սահմանվել 1.500.000 ՀՀ դրամը:
5. Տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը բեկանել է և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հովհաննիսյանի պաշտպան Հ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Մ]եղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, գրավով փոխարինելու դեպքում չի խախտվի անհատի և հասարակության միջև քրեադատավարական օրենքի կիրառման հավասարակշռությունը և նրա նկատմամբ համապատասխան գրավի չափի՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի, վճարումը այս դեպքում կարող է զսպել մեղադրյալի կողմից թաքնվելու վտանգը և ապահովել նրա՝ ինչպես նախաքննությանը, այնպես էլ դատաքննությանը (այդպիսին լինելու դեպքում) ներկայանալու երաշխիքները»:
8. Վերաքննիչ դատարանը, բավարարելով տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով սույն գործի հանգամանքները, մեղադրյալին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել նրա ոչ պատշաճ վարքագիծը և ազատության մեջ գտնվելու դեպքում առկա է մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը:
[Ա]ռաջին ատյանի դատարանը մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում հանգել է սխալ եզրակացության՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների խախտումներ, ինչը հիմք է վիճարկվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու և սույն գործով մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար»:
8.1 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2018 թվականի նոյեմբերի 26-ին որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը` 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված Ա.Հովհաննիսյանի ազատության իրավունքը։
Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը, տուժողի ներկայացուցիչների բողոքը քննության առնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, քանի որ քննության է առել այն անձանց բողոքը, ովքեր մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք չունեին:
9.1 Անդրադառնալով գրավն անթույլատրելի ճանաչելու մասին ստորադաս դատարանի հետևություններին` բողոք բերած անձը փաստել է, որ դրանք պատճառաբանված և հիմնավորված չեն, ինչի հետևանքով էլ խախտվել են Ա.Հովհաննիսյանի իրավունքներն ու ազատությունները:
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու) մասին դատարանի որոշումը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի կողմից բողոքարկելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը:
13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։
14. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է, ինչը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել: Ընդ որում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն, որ դրանց արդյունքում խաթարվի այդ իրավունքի բուն էությունը։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի օրինական նպատակ և պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի ու հետապնդված նպատակի միջև:
15. Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումների հաշվառմամբ, իր մի շարք որոշումներում կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է:
Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն աստիճան լինեն, որ զրկեն իրավունքը կրողին այն իր ողջ էությամբ իրացնելու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման դեպքում քրեադատավարական հակակշռող գործոնների կիրառմամբ պետք է ապահովվի այդ իրավունքի՝ իր նպատակին հասնելուն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը։
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:
(…)
3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:
17. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում՝ դատախազի և պաշտպանի ներկայությամբ:
(…)
Վերոշարադրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ (…)
-օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն՝ դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին՝ իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,
- օրենսգրքի 285 և 287-րդ հոդվածները վերաբերում են բացառապես կալանքի հետ կապված իրավահարաբերութունների կանոնակարգմանը և դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի բացառիկ իրավասությանը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկման առնչությամբ»:
18. Վերը վկայակոչված քրեադատավարական նորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ շարքին է դասում մեղադրանքի կողմից` դատախազին, պաշտպանության կողմից` մեղադրյալին, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին: Նշվածից բխում է, որ օրենսդիրը մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին իրավունք չի վերապահում բողոքարկելու մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Այլ կերպ` նախնական կալանքի կամ այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին դատարանի որոշման դեմ վերադաս դատական ատյան դիմելու մատչելիության իրավունքը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի համար սահմանափակված է:
18.1 Սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը հակակշռող քրեադատավարական գործոններին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազը, հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված դատավարական սուբյեկտ, կոչված է երաշխավորելու գործով շահագրգիռ անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը: Այդ համատեքստում` դատախազն ապահովում է մեղադրանքի կողմից հանդես եկող տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հաշվի առնելով նաև վերջինիս ունեցած դիրքորոշումները` վարույթի ընթացքում կատարվող գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ: Ասվածն ուղղակիորեն հետևում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականից, համաձայն որի՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները:
Ուստի, մինչդատական վարույթի ընթացքում դատախազը խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելիս նկատի է ունենում նաև տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումները (ինչպես օրինակ` մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու, անվտանգությանը սպառնալու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վտանգի վերաբերյալ): Հետևաբար, մինչդատական վարույթի շրջանակներում դատախազի կողմից` խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու միջոցով է ներկայացվում տուժողի հնարավոր դատավարական շահը, որպիսի մոտեցումն արձանագրվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերը վկայակոչված որոշման շրջանակներում:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ուղարկվում է տուժողին։ Այսինքն` օրենսդիրն իմպերատիվ պահանջ է նախատեսել խափանման միջոցի վերաբերյալ որոշման բովանդակության մասին տուժողին տեղեկացնելու և այդ կերպ գործի ընթացքի մասին տուժողի պատշաճ իրազեկումն ապահովելու, ինչը նաև ըստ էության բխում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85)11 և 2006 թվականի հունիսի 14-ին ընդունված «Հանցագործությունից տուժած անձանց օժանդակության վերաբերյալ» թիվ Rec(2006)8 հանձնարականներում ամրագրված դրույթներից։ Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահի ներկայացվածությունը կարող է ապահովվել ոչ միայն միջնորդավորված` դատախազի միջոցով, այլ կարիքն առաջանալու դեպքում կարող է ներկայացվել նաև անձամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար դատական նիստին կանչվելու միջոցով:
Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես հակակշռող գործոն հարկ է նաև առանձնացնել տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումների հաշվառմամբ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունը: Մասնավորապես, այն որպես գործուն միջոց, կարող է կիրառվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Վերոնշյալ հակակշռող գործոնների պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու, ինչպես նաև այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից վերադաս դատական ատյան բողոքարկելու մատչելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ է:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել տուժողի ներկայացուցիչները,
- Վերաքննիչ դատարանը քննության առնելով տուժողի ներկայացուցիչների բողոքը` 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բավարարել է այն՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը` գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի:
20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելն իրավաչափ չէ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացված փաստարկին:
21. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ այդ գործով մինչդատական վարույթն ավարտված է, Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և ներկայումս կորցրել իր իրավական նշանակությունը:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
2. Ճանաչել Արտակ Հարությունի Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը:
3. Արտակ Հարությունի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
4.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
