Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0699/06/18

Գործի համարը
ԵԴ/0699/06/18
Դիմող / մեղադրյալ
Գոռ Համբարձումյան Մհերի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.11.2019
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
3 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0699/06/18 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ` Մ.ԱՎԱԳՅԱՆԻ մասնակցությամբ` դատախազներ` Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ Տ.ՀԱԿՈԲՅԱՆԻ պաշտպաններ` Տ.ԱԹԱՆԵՍՅԱՆԻ Զ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Վ.ՄԱԿՅԱՆԻ մեղադրյալ` Գ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 2019 թվականի ապրիլի 12-ին ք.Երևանում դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2018 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գոռ Մհերի Համբարձումյանը նեգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Գ.Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ պաշտպան Է.Ալեքսանյանի միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, մերժվել է: 3. Պաշտպաններ Է.Ալեքսանյանի և Զ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշումը՝ մասնակի բեկանել է և մեղադրյալ Գ.Համբարձումյանի նկատմամբ կիրառել է գրավ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը գտնում է, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին, պետք է ճանաչել անթույլատրելի և մերժել, քանի որ մեղադրյալ Գոռ Մհերի Համբարձումյանը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով, որպիսի պայմաններում գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվելու դեպքում այն չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը (…)»: 6. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Ասլան Ավետիսյանի, Սամվել Մարգարյանի և Դավիթ Վարդանյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, իր որոշմամբ փաստել է. «(…) [Մ]եղադրյալ Գոռ Համբարձումյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ 2.000.000 ՀՀ դրամ գրավի կիրառմամբ: Նման եզրահանգման Վերաքննիչ դատարանը հանգում է հաշվի առնելով նաև այն, որ Գոռ Համբարձումյանն ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, խնամքի տակ [է] գտնվում մանկահասակ երեխան»: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ թույլ է տվել դատական սխալ, այն է՝ սխալ է մեկնաբանել գրավի կիրառման հիմքը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը, ինչն ազդել է գործի ելքի վրա, ուստի այդ որոշումը ենթակա է բեկանման: Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, համարել է գործուն երաշխիք ազատության մեջ լինելու պայմաններում Գ.Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը կանխելու համար: Մինչդեռ բողոքաբերն իր անհամաձայնությունն արտահայտելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հետ՝ հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածին և Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին և նշել, որ գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: 8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 1-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմանը: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 9. Վճռաբեկ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի կապակցությամբ առկա է սահմանադրականության խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան)` նշված նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։ 10. Սույն գործով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված կարգավորումներն այնքանով, որքանով չեն երաշխավորում, որպեսզի գրավը՝ որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց, մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու գործուն երաշխիք լինի, արդյոք չեն վտանգում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի ազատության իրավունքը: 11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…) գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (…) 3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` «1.Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է` 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: 2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար (…) բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` «1. Գրավը (…) մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: (…) 6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: 7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: (…)»։ 12. Բացահայտելով ազատության իրավունքի և այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման սահմանադրաիրավական հարաբերակցությունը` ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Օրենսգիրքը նախատեսել է իրավականխիչ մի շարք միջոցներ, որոնք կոչված են անհրաժեշտ պայմաններ ապահովելու վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) գործունեության՝ օրենքով նախանշված նպատակների իրագործման համար: Նման իրավականխիչ միջոց է գրավի ինստիտուտը, որը, միաժամանակ, քրեադատավարական գործընթացներում անձնական ազատության իրավունքի՝ օրենքով նախատեսված հիմքով, զրկումը վերացնելու, կալանավորման (ազատությունից զրկելու) այլընտրանքային իրավական միջոց է, երբ առկա են այդպիսի «զրկումը» վերացնելու բարենպաստ իրավապայմաններ: Գրավը քրեական վարույթում, նախ և առաջ, խափանման (դատավարական հարկադրանքի) միջոց է, որի կիրառմամբ մեղադրյալին ազատության իրավունքից զրկումը փոխարինվում է այդ իրավունքի սահմանափակմամբ, որը (…) պայմանավորված է անձի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու և քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների կողմից Օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Այսպիսով, «քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն» ինքնին ենթադրում է, որ քրեական վարույթի արդյունավետ իրականացման նպատակով անձը պարտավոր է գրավի, որպես խափանման միջոցի, կիրառման ողջ ժամանակահատվածում անվերապահ կատարել վարույթն իրականացնող մարմնի օրինական պահանջները (չթաքնվել վարույթ իրականացնող մարմնից, առանց թույլտվության չմեկնել այլ տեղանք (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս) և այլն)։ Եվ եթե մեղադրյալը խախտել է քրեական վարույթն իրականացնող մարմնի «տրամադրության տակ գտնվելու»՝ օրենքով նախատեսված իր պարտականությունը, ապա գրավի առարկա հանդիսացող գույքը կարող է օտարվել հօգուտ պետության (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս), կամ՝ գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել խափանման մեկ այլ միջոցով՝ կալանքով (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մաս): Այսինքն՝ անձը, որի անձնական ազատության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով) մինչ այդ սահմանափակված էր, կարող է զրկվել անձնական ազատության իրավունքից։ (…) Խափանման միջոցի, այդ թվում և՝ գրավի, կիրառման իրավական նպատակը հենց օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելն է: Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն սահմանված է կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ (այսինքն՝ նաև գրավի) կիրառման հիմքը, համաձայն որի՝ մեղադրյալի նկատմամբ այն կարող է կիրառվել միայն այնպիսի դեպքերում, երբ «...բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները», այսինքն՝ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ և այլն: (…)» : 12.1 Իսպանիայի սահմանադրական դատարանն անդրադառնալով կալանավորման կիրառմամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական սկզբունքներին՝ նշել է, որ կալանավորման կիրառումը պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտություն և համապատասխանի սուբսիդիարության սկզբունքին, ինչը նշանակում է, որ ոչ միայն կիրառվող առավել խիստ միջոցը պետք է արդյունավետ լինի, այլ նաև այն, որ այլ՝ առավել նվազ ներգործության միջոցների կիրառումն անարդյունավետ է: 13. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ հանձնարարականի 9-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի կիրառման դեպքում դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այլընտրանքային միջոցներով կարելի է խուսափել կալանքի կիրառումից: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը: Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել ալընտրանքային միջոցների կիրառմամբ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» բանաձևի 1-ին կետի համաձայն՝ մինչդատական կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց (last resort), երբ այլընտրանքային միջոցները բավարար չեն վարույթի պատշաճ ընթացքը երաշխավորելու համար: «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ»)  6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը: Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում: 14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը, - կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը, - կալանքի՝ որպես խիստ միջոցի, կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի, - 5-րդ հոդվածի 3-րդ կետը ամրագրում է ոչ միայն «ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքը», այլ նաև նախատեսում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով», - գրավը կարող է պահանջվել այնքան ժամանակ, որքան առկա կլինեն կալանքը հիմնավորող պատճառները: 15. Կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավի կիրառման վերաբերյալ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների մեկնաբանմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն։ Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ։ Ուստի գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, - մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար, - գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, - գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ: 16. Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների համակարգում կալանավորումն անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու ամենախիստ միջոցն է, քանի որ առավելագույն չափով սահմանափակում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, որպես կալանավորմանը միակ այլընտրանքային խափանման միջոց` գործող քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գրավի կիրառումը, որը հնարավորություն է տալիս կալանքի կիրառման հիմքերի և պայմանների առկայության պարագայում չզրկել անձին ազատության իրավունքից։ Այսպես, գրավն այն բացառիկ խափանման միջոցն է, որը կիրառվում է որպես կալանավորմանն այլընտրանք՝ առաջարկվող նյութական արժեքով մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռելու համար, հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Հենց այդ հավասարակշռության երաշխավորմամբ էլ գրավը մի կողմից հնարավորություն է տալիս մեղադրյալին որոշակիորեն կենսագործելու իր ազատության իրավունքը, մյուս կողմից կաշկանդում է նրան գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով չեզոքացնում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։ Այսինքն` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների համակարգում գրավը` որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման ծանրակշիռ երաշխիք է։ 17. Սակայն, գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում, երբ օրենսդիրը մի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը պայմանավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` խափանման միջոցների կիրառման բոլոր հիմքերով, մյուս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում որպես գրավի կիրառման նպատակ է սահմանում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը և նույն հոդվածի 6-րդ մասով գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հնարավորություն է նախատեսում միայն մեղադրյալի` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու դեպքերում, գրավը գործուն միջոց չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված խափանման միջոցների կիրառման մյուս հիմքերը, այդ թվում՝ մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու համար։ Այսպես, վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու երաշխիքների առկայության պայմաններում եթե դատարանը գտնի, որ կալանավորված մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կարող է չեզոքացվել որպես գրավի առարկա առաջարկվող նյութական արժեքով և կալանավորումը փոխարինի գրավով, ապա մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու դեպքում գրավի առարկան պետության եկամուտ դարձնելու ձևով դատավարական պատասխանատվության ինքնուրույն միջոցը կիրառվել չի կարող և գրավի առարկան անվերապահորեն ենթակա է վերադարձման մեղադրյալին։ Այսինքն՝ գրավի կիրառման դեպքում մեղադրյալի մոտ բացակայում է գրավի առարկան կորցնելու սպառնալիքը, որը կկաշկանդեր նրան ազատության մեջ գտնվելու դեպքում ձեռնպահ մնալ գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ կատարելուց։ Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը վկայակոչված օրենսդրական կարգավորումների պայմաններում դատարանի կողմից կալանավորումը միակ այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելիս, այն չի ծառայում որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը զսպելու համար: Արդյունքում, նշված հիմքով կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս գրավի միջնորդությունն օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ կարող է ինքնաբերաբար մերժվել՝ առանց ըստ էության քննության առարկա դարձվելու, ինչն ընդունելի չի համարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ 17.1 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ներկայումս ձևավորվել է գրավի՝ որպես միակ այլընտրանքային խափանման միջոցի, կիրառման ոչ միասնական իրավակիրառ պրակտիկա, երբ մի շարք գործերով դատարանները հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածին և այդ հոդվածի մեկնաբանման վերաբերյալ Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ մերժում են անձի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը՝ նշելով, որ այն չի կարող հանդիսանալ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք: Միևնույն ժամանակ, մի շարք գործերով էլ, ինչպես սույն գործով, դատարանները գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության պայմաններում բավարարում են անձի նկատմամբ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: 17.2 Կալանավորումը միակ այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու վերաբերյալ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների և այդ պայմաններում ձևավորված ոչ միասնական իրավակիրառ պրակտիկայի արդյունքում ողջամտորեն վտանգվում է անձի ազատության իրավունքը: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մինչդատական վարույթի ընթացքում ներկայացված միջնորդությունների ընդհանուր թվաքանականում գերակշռում են դատարանների կողմից միջնորդությունների բավարարման դեպքերը՝ առանց գրավի կիրառման: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2363 միջնորդություններից բավարարվել է 2220-ը: Նույն ժամանակահատվածում՝ ներկայացված գրավի 786 միջնորդություններից բավարարվել է 125-ը: 2018 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2043 միջնորդություններից բավարարվել է 1935-ը: Նույն ժամանակահատվածում՝ ներկայացված գրավի 893 միջնորդություններից բավարարվել է 173-ը: Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2017 թվականի վերաբերյալ ներկայացված տարեկան հաղորդման համաձայն՝ ՀՀ-ում մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները: Այսպես, կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների մասնակի կամ ամբողջությամբ բավարարման դեպքերի և անձին կալանքից գրավով ազատելու դեպքերի քանակական հարաբերակցությունը 2011 թվականից մինչև 2017 թվականներին շարունակել է տատանվել 4-7% միջակայքում: Բացի այդ, որոշակի բացասական միտում է նկատվում գրավ կիրառելու միջնորդությունների և դրանք բավարարելու կամ մասնակի բավարարելու հարաբերակցության հարցում: Այսպես, եթե 2011 թվականին գրավի կիրառումը բավարարվել է (այդ թվում՝ մասնակի) 131 դեպքում՝ կազմելով միջնորդությունների ընդհանուր թվի 29.2%, 2012 թվականին` 134 դեպքում՝ միջնորդությունների ընդհանուր թվի 30.3%, 2016 թվականին՝ 161 դեպքով՝ միջնորդությունների ընդհանուր թվի 20.9%, ապա 2017 թվականին և՛ նվազել է բավարարված միջնորդությունների քանակը՝ 125 միջնորդություն, և՛ դրանց տեսակարար կշիռը նվազել է մինչև 15.9%: 17.3 Պետք է փաստել, որ մի շարք արտասահմանյան երկրների քրեական դատավարության օրենսգրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, դիտարկվում է ոչ միայն վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու, այլ առհասարակ՝ որպես մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորող միջոց, որի առարկան մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման դեպքում կարող է դարձվել պետության եկամուտ։ Այդպիսի կարգավորումներ են նախատեսված Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ, Վրաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ, Ուկրաինայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ, Մոլդովայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 192-194-րդ, Լատվիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 257-րդ հոդվածներում։ 17.4 Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ միջազգային փորձի հաշվառմամբ համանման լուծում է տրված նաև ներկայումս շրջանառության մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Այսպես, նախագծի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավը կիրառվում է մեղադրյալի` օրինական վարքագիծն ապահովելու նպատակով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գրավը պետության եկամուտ է դարձվում, ի թիվս այլոց, մեղադրյալի` վարույթին խոչընդոտելու դեպքում։ 18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալ Գ.Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը` գտնելով, որ այն չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քանի որ ազատության մեջ մնալու դեպքում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Ասլան Ավետիսյանի, Սամվել Մարգարյանի և Դավիթ Վարդանյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, իր որոշմամբ գտել է, որ մեղադրյալ Գոռ Համբարձումյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ 2.000.000 ՀՀ դրամ գրավի կիրառմամբ: Վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ նշելով, որ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը գործուն երաշխիք չի կարող լինել ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալ Գ.Համբարձումյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցության գործադրման վտանգը չեզոքացնելու համար: 19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-17.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում թեև գրավի՝ որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը նախատեսված է մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը կանխելու համար, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված կարգավորումների պայմաններում այն չի հանդիսանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու գործուն երաշխիք, որպիսի պարագայում գրավի միջնորդությունը կարող է ինքնաբերաբար մերժվել՝ վտանգելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի ազատության հիմնարար իրավունքը: 20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածներ ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին համապատասխանության առնչությամբ, և գտնում է, որ սույն գործի լուծումը հնարավոր է միայն այդ իրավանորմերի կիրառման միջոցով: Ուստի հաշվի առնելով, որ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան` կիրառման ենթակա նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով սահմանված կարգավորումների պայմաններում գրավը՝ որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց, չի հանդիսանում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու գործուն երաշխիք՝ վտանգելով անձի ազատության հիմնարար իրավունքը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Նախագահող` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ