Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԱԴԴ/0047/01/17

Գործի համարը
ԵԱԴԴ/0047/01/17
Դիմող / մեղադրյալ
Գևորգ Սարգսյան Դավթի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
18.09.2019
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԱԴԴ/0047/01/17 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱԴԴ/0047/01/17 Նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան Դատավորներ` Ռ.Բարսեղյան Մ.Պետրոսյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ` Մ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ` Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ք.Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևանի կայազորի զինվորական դատախազությունում 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90201817 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Գևորգ Գագիկի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով։ 2017 թվականի հունիսի 14-ին Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ 90201817 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է ԵԱԴԴ/0047/01/17 համարը։ 2. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 92200317 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Գ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ 92200317 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որին շնորհվել է ԵԱԴԴ/0080/01/17 համարը։ 3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԱԴԴ/0047/01/17 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, և թիվ ԵԱԴԴ/0080/01/17 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, միացվել են մեկ վարույթում՝ ԵԱԴԴ/0047/01/17 համարով։ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել է ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: 4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ պաշտպան Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության: 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Գ.Սարգսյանին թիվ 90201817 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ «[Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՈԶ 1032 զորամասի հասարակական պահպանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի, 2-րդ մարտական խմբի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 29.03.2017 թվականին՝ ժամը 10:00-ից, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, իսկ 04.04.2017 թվականին՝ ժամը 17:50-ին, ինքնակամ ներկայացել է ծառայության վայր՝ ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավել տևողությամբ։ Բացի այդ, Գևորգ Գագիկի Սարգսյանը 05.04.2017 թվականին՝ ժամը 10:00-ից, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայացել, 06.04.2017 թվականից մինչև 20.04.2017 թվականը գտնվել է հանգստի մեջ, իսկ 06.05.2017 թվականին՝ ժամը 14:00-ին, ինքնակամ ներկայացել է ծառայության վայր՝ ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավել տևողությամբ»: Գ.Սարգսյանին թիվ 92200317 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «[Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՈԶ 1032 զորամասի հասարակական պահպանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 2-րդ մարտական խմբի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, պարտավոր լինելով աշխատանքային օրերին ժամը 10:00-ին ներկայանալ ծառայության, 29.05.2017 թվականին՝ ժամը 10:00-ից մինչև 31.05.2017 թվականը ժամը 15:10-ը, 01.06.2017 թվականին՝ ժամը 10:00-ից մինչև 18:50-ը և 27.06.2017 թվականը ժամը 10:00-ից մինչև ժամը 18:50-ն ընկած ժամանակահատվածներում՝ երեք ամսվա ընթացքում երեք անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության»։ 7. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով արձանագրել է. «(...) Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին և 375.2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ (…)»: 8. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ փաստել է. «(...) Սույն քրեական գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունիսի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: (…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի սույն գործով դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առներ այն փաստը, որ Գ.Սարգսյանի նկատմամբ գոյություն ունի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2017 թվականի հունիսի 16-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կիրառմամբ: Մինչդեռ, դատարանը, հաշվի չառնելով այդ դատավճռի առկայությունը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակել միայն սույն գործով իրեն վերագրվող հանցանքների համակցությամբ, որով թույլ է տվել նյութական և դատավարական խախտումներ: (...) Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին, դրանք քննարկման առարկա կարող են դառնալ վերոնշյալ խախտումները վերացնելուց հետո: (…)»: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 9. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, չպահպանելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտն այն դեպքում, երբ գործի նյութերում չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք: Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի հիմնարար խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածները, որի արդյունքում կայացվել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ: 10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պահպանե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը»: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու մասին օրենսդրական պահանջին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դատավարության մասնակցին տրված երաշխիք է առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ: Այլ կերպ` վերաքննիչ դատարանը գործը քննում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, բացառությամբ եթե թույլ է տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Հետևաբար, վերը նշված բացառիկ հիմքերի բացակայության պարագայում, վերաքննիչ դատարանը զրկվում է վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորությունից, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում: Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական նորմին` Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ այն ըստ էության բովանդակում է դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության հայտնի կանոնը (ne reformatio in pejus կամ ne pejus), ինչն ամբաստանյալի բողոքարկման իրավունքի իրացման, վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորագույն երաշխիք է: Այլ կերպ` դեպի վատթարացում շրջադարձի արգելքն ապահովում է անձի պաշպանության և բողոքարկման ազատության իրավունքի անխոչընդոտ իրացումը, հնարավորություն ընձեռում ամբաստանյալին բողոք ներկայացնելու կայացված դատական ակտի դեմ` առանց իր վիճակի հետագա վատթարացման մտավախության: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը վերանայվում է պաշտպանության կողմի բողոքի հիման վրա, անձը չի կարող դատապարտվել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան դատապարտվել է ստորադաս դատարանի դատական ակտով: 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով ամբաստանյալի պաշտպանը խնդրել է Գ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սակայն Վերաքննիչ դատարանն ըստ էության քննության առարկա չի դարձրել պաշտպանի բողոքը և մերժել է այն` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի տալիս ներկայացված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան դատական ակտ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով 2017 թվականի հոկտեմբերի 30-ին դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առներ այն, որ Գ.Սարգսյանի նկատմամբ 2017 թվականի հունիսի 16-ին կայացվել և օրինական ուժի մեջ է մտել դատավճիռ, հետևաբար ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կանոններով: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով այդ դատավճռի առկայությունը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակել միայն սույն գործով իրեն վերագրվող հանցանքների համակցությամբ, ուստի թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։ 13. Սույն որոշման 12-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից: Այսպես` Գ.Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի` վերաքննիչ բողոքով բարձրացված փաստարկներին անդրադառնալու, սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել Առաջին ատյանի դատարանի կողմից Գ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածներով սահմանված կանոնները չկիրառելու հարցը: Վերոնշյալի արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, այդ հիմքով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թույլ տրված` պատիժ նշանակելու կանոնների ենթադրյալ խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող խախտում չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, պաշտպանության կողմի բողոքով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործը նոր քննության ուղարկելով այն պատճառաբանությամբ, որ ստորադաս դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել ամբաստանյալ Գ.Սարգսյանի վերաբերյալ այլ գործով դատավճռի առկայությունը, թույլ է տվել դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքի խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքով ի վնաս անձի դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմանից, նոր քննության այնպիսի ծավալ է սահմանել, որի պարագայում, Առաջին ատյանի դատարանի կողմից հանցանքների կամ դատավճիռների համակցության կանոնների հնարավոր կիրառման դեպքում անխուսափելիորեն Գ.Սարգսյանի նկատմամբ կնշանակվեր ավելի խիստ պատիժ` խախտելով անձի պաշտպանության իրավունքը: 14. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը: 15. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը: 16. ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « 1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. 1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…) 3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե (…) 6) անցել են վաղեմության ժամկետները. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է: 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ` երեք դրվագով, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, հետևաբար վերջինս վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման, եթե իր կատարած հանցավոր արարքներն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի, և նրա նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Այսպես` ամբաստանյալ Գ.Սարգսյանն իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները` երեք դրվագ, կատարել է 2017 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը, ապրիլի 5-ից մինչև մայիսի 6-ը, մայիսի 29-ից մինչև հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2018 թվականի հունիսի 18-ին: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վերոշարադրյալից բխում է, որ Գ.Սարգսյանին մեղսագրվող` երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն ավարտված համարելու օրվանից ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Գ.Սարգսյանին մեղսագրվող` երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատրանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանն իր նկատմամբ կայացված դատավճիռը Վերաքննիչ դատարանում վիճարկել է միայն պատժի մասով, պնդելով, որ այն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով անհրաժեշտ էր պայմանականորեն չկիրառել: Այլ կերպ` պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորության հարցը չի վիճարկել, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է: 18. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գ.Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը պետք է բեկանել, Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել, Գևորգ Գագիկի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և գործի վարույթը կարճել: 2. Ամբաստանյալ Գևորգ Գագիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ