Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/4530/05/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/4530/05/22
Հայցվոր
Սևդին Սադոյան
Պատասխանող
ՀՀ կադաստրի կոմիտե
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.10.2026
Վարչական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4530/05/22 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/4530/05/22 Նախագահող դատավոր` Գ. Սոսյան Դատավորներ` Կ. Գևորգյան Ա. Հարությունյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով Սևդին Սադոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սևդին Սադոյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Ռուդիկ Հակոբյան, Ռոզա Հակոբյան, Աղան Հակոբյան, Կարեն Հակոբյան, Սիրեկան Հակոբյան՝ թիվ ▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը՝ համադրման մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Սևդին Սադոյանը պահանջել է համադրման մասով անվավեր ճանաչել թիվ ▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 28.08.2023 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2025 թվականի որոշմամբ Սևդին Սադոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.08.2023 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սևդին Սադոյանը (ներկայացուցիչ՝ Լեռնիկ Հովհաննիսյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ և 27-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորին պատկանող գույքային միավորի և երրորդ անձանց պատկանող գույքային միավորի ծածկագրերը փաստում են, որ հայցվորին պատկանող գույքային միավորն ավելի վաղ է հաշվառվել և ծածկագիր ստացել, քան երրորդ անձանց պատկանող գույքային միավորը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը՝ թիվ ▪▪▪▪▪▪▪▪ ծածկագրով անշարժ գույքի հատակագծի հետ համադրման մասով, իրականացվել է օրենքի խախտմամբ, որպիսի հանգամանքով պայմանավորված խախտվել են նշված անշարժ գույքի նկատմամբ հայցվորի իրավանախորդ Սաիդ Սադոյանի իրավունքները: Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ գործում առկա չեն տվյալներ, ըստ որի՝ Սաիդ Սադոյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման հարցով երբևէ ձեռնարկել է որևէ միջոց, հաստատված է համարել այն փաստը, որ վերջինս չի իրականացրել դրանք վերականգնելուն ուղղված գործողություններ, ուստի հայցվորը ժառանգությամբ ձեռք է բերել իրավունքի այնպիսի ծավալ, որոնք պատկանել են նրա իրավանախորդին։ Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հայցվորը զրկված է նման պահանջով դատարան հայց ներկայացնելու իրավունքից, այնինչ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չէ ապացույց, որ Սաիդ Սադոյանը տեղյակ է եղել իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին։ Վերաքննիչ դատարանի հաշվի չի առել, որ եթե Սաիդ Սադոյանը տեղյակ չի եղել թիվ ▪▪▪▪▪▪▪▪ ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքների խախտման մասին, ապա նրա իրավահաջորդը չպետք է զրկված լինի նրա իրավունքները գրանցելու ժամանակ բացահայտված խախտման դեմ հայց ներկայացնելու հնարավորությունից: Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪ վկայականի պատճենի համաձայն՝ Արմավիրի մարզի Սովետական գյուղում գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ Սովետականի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991 թվականի որոշման և 1/56 տնտ. գրքի քաղվածքի հիման վրա 23.03.2000 թվականին գրանցվել է Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 25-30). 07.10.2019 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի հիմքով քաղաքացի Սաիդ Սմոյի Սադոյանի մահից հետո, մահացած՝ 20.04.2018 թվականին, վերջինիս գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում հանգուցյալի որդին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սևդին Սաիդի Սադոյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է՝ ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով տնամերձ հողամասից և բնակելի անշարժ գույքից (հիմք՝ քաղվածք՝ տրված Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից, և տեղեկանք թիվ ԱՏ-02102019-04-0474՝ տրված 02.10.2019 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումից) (հատոր 2-րդ, գ.թ. 23). ՀՀ կադաստրի կոմիտեի 26.05.2022 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 23/05/2022-7-0005 դիմումի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Ալաշկերտ, 10-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, քանի որ առկա է գույքային համադրություն թիվ ▪▪▪▪▪▪▪▪ ծածկագրով 23.03.2000 թվականին պետական գրանցում ստացած (վկայական՝ թիվ 049532) հողամասի հետ (հատոր 1-ին, գ.թ. 58): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարան դիմող սուբյեկտի՝ իր իրավանախորդի իրավունքներին միջամտող ազդեցություն ունեցող վարչական ակտերը վարչական դատավարության կարգով վիճարկելու իրավունք ունենալու՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս, Նարինե Չարչյանը, Վահե և Աննա Տեր-Եսայաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը): Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով. 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն. 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի իրավաչափության վիճարկումը վարչական դատավարության կարգով կարող է իրացվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու միջոցով: Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե՝ ոչ։ Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ֆիզիկական անձի կողմից իր իրավանախորդի սեփականության իրավունքին ներգործող ազդեցություն ունեցող վարչական ակտերը (իրավանախորդի կողմից վիճարկված չլինելու դեպքում) վարչական դատավարության կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ ՀՀ Սահմանադրության «սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգելու իրավունքը երաշխավորվում է: ՀՀ սահմանադրական դատարանը 12․07․2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ սահմանադրաիրավական նորմին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ժառանգելու իրավունքը սերտորեն կապված է սեփականության իրավունքի հետ և ոչ միայն այն պատճառով, որ ժառանգությունը սեփականության ձեռքբերման օրինական հիմքերից մեկն է, այլ նաև այն պատճառով, որ սեփականատիրոջ գույքը ժառանգաբար փոխանցելու հնարավորությունը առավել պաշտպանված և անձեռնմխելի է դարձնում սեփականության իրավունքն ընդհանրապես: Մասնավորապես, ժառանգության ինստիտուտի առկայության պայմաններում, եթե ժառանգատուն այլ որոշում չկայացնի, նրա գույքը որպես կանոն շարունակելու է մնալ մասնավոր սեփականության ներքո՝ իմաստավորելով սեփականության իրավունքի անժամկետ լինելու հանգամանքը: Մեկ այլ՝ 15.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1321 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անձի սեփականության իրավունքը, որի շրջանակներում սահմանադիրն առանձին դրույթով՝ նույն հոդվածի 2-րդ մասով, երաշխավորում է ժառանգելու իրավունքը: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված` «օրինական հիմքով ձեռք բերած» բառակապակցությունը ներառում է նաև գույքի ժառանգումը` որպես սեփականության ձեռքբերման հիմք: Նշված իրավական դիրքորոշումը բխում է օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, այն է՝ «(...) քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են (...) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով» և 172-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ «Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց» դրույթներից: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սեփականության իրավունքը՝ որպես սահմանադրորեն երաշխավորված բացարձակ իրավունք, իր բնույթով «փոխանցելի» է, հետևաբար ժառանգները, որպես կանոն, ունեն ժառանգության զանգվածի սեփականության իրավունքով ձեռք բերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունք, որը եթակա է պաշտպանության՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ. Այսպես. օրինական ակնկալիքի սկզբունքն իրավունքի գերակայության ցուցիչներից և իրավական որոշակիության սկզբունքի բաղադրիչներից մեկն է։ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում օրինական ակնկալիքների սկզբունքի պահպանման երաշխավորումը։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի։ Այս սկզբունքը նաև արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլև օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61)։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում օրինական ակնկալիքի սկզբունքի կիրառումն առաջին հերթին կապված է սեփականության իրավունքի պաշտպանության հետ։ Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր կարող են համարվել «գույքային իրավունքներ» և, հետևաբար, նաև «գույք» նույն դրույթի իմաստով (տե՛ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55): Ըստ Եվրոպական դատարանի՝ որոշակի հանգամանքներում «գույք» ձեռք բերելու «օրինական ակնկալիքը» ևս կարող է օգտվել Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանությունից։ Ուստի, եթե գույքային շահն ունի պահանջի բնույթ, այդ շահը կրող անձը կարող է համարվել «իրավաչափ ակնկալիք» ունեցող, եթե ներպետական օրենսդրության մեջ առկա է բավարար հիմք այդ շահի համար (...) (տե՛ս, Անհաուզեր-Բուշ Ինք․ ընդդեմ Պորտուգալիայի գործով Եվրոպական դատարանի 11․01․2007 թվականի վճիռը, կետ 65)։ «Գույք» կարող է լինել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ միջոցները, ներառյալ՝ պահանջները, որոնց առնչությամբ անձը կարող է պնդել, որ ունի առնվազն օրինաչափ ակնկալիք սեփականության իրավունք ձեռք բերելու համար (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի գործով Եվրոպական դատարանի 28․09․2004 թվականի վճիռը, կետ 35): «Ակնկալիքն» «օրինական է», եթե այն հիմնվում է կամ օրենսդրական նորմի կամ իրավական ակտի վրա, որը կրում է տվյալ գույքային շահը (տե՛ս, Շահինադզեն ընդդեմ Վրաստանի գործով Եվրոպական դատարանի 27․05․2010 թվականի վճիռը, կետ 103)։ ՀՀ սահմանադրական դատարանը ևս նախկինում կայացրած որոշումներով կարևորել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08․04․2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը: ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի պաշտպանության խնդրին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18․03․2008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշումը)։ ՀՀ սահմանադրական դատարանը 01․12․2015 թվականի թիվ ՍԴՈ-1238 որոշմամբ արձանագրել է նաև, որ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 60-րդ և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 19․03․2019 թվականի թիվ ՍԴՈ-1448 որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում վկայակոչելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ դրանց հաշվառմամբ արձանագրել է, որ ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական ակտերով և դատական պրակտիկայով երաշխավորվում է սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքի պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգի՝ ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի համար պետք է երաշխավորվի նաև դատական պաշտպանության հնարավորություն, ի մասնավորի՝ վարչական դատավարության կարգով վիճարկելու իր իրավանախորդի սեփականության իրավունքին ներգործող ազդեցություն ունեցող վարչական ակտերը, դրանք նախկինում իր իրավանախորդի կողմից վիճարկված չլինելու դեպքերում (տե՛ս, Աշոտ Չատինյանն ընդդեմ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/22235/05/25 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2026 թվականի որոշումը)։ Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդես է գալիս որպես «շահագրգիռ անձ» բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցով հետապնդում է իր իրավանախորդի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման վերացման և իրավունքի վերականգնման նպատակ՝ ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության համատեքստում: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Սևդին Սադոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է համադրման մասով անվավեր ճանաչել թիվ ▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը։ Դատարանը 28.08.2023 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) 0028-0020 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի և Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցմամբ որևէ կերպ չեն կարող խախտվել հայցվոր Սևդին Սադոյանի իրավունքները և ազատությունները, քանի որ Սևդին Սադոյանն Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք է բերել միայն վիճարկվող վարչական ակտի ընդունումից հետո, որպիսի պայմաններում ակնհայտ է, որ վիճարկվող վարչական ակտով այն ընդունող վարչական մարմինը որևէ կերպ չէր կարող խախտել վարչական ակտի ընդունման պահին ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձի՝ Սևդին Սադոյանի, իրավունքները: (…) հայցադիմում ներկայացնելու պահին Սևդին Սադոյանը նշված պահանջը ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չուներ, որպիսի պայմաններում հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ենթակա էր մերժման, ուստի հայցադիմումի ընդունումը մերժելու վկայակոչված հիմքը գործի քննության ընթացքում բացահայտվելու պայմաններում սույն վարչական գործի վարույթն ըստ հայցի Սևդին Սադոյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի և Սիրեկան Հակոբյանի՝ ▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի և Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը՝ համադրման մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով ենթակա է կարճման»: Վերաքննիչ դատարանը 07.04.2025 թվականի որոշմամբ Սևդին Սադոյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 28.08.2023 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) ▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի անվամբ պատասխանողի կողմից 23.03.2000 թվականին կատարված իրավունքի պետական գրանցմամբ տեղի չի ունեցել (չէր կարող տեղի ունենալ) հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտում (առկա չէ նաև դրա անմիջական վտանգ), այսինքն՝ վիճարկվող գրանցումը չի առնչվում կոնկրետ հայցվորի՝ պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքներին: (…) գործում առկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪ վկայականից հետևում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Սովետական գյուղում գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է 23.03.2000 թվականին, իսկ հայցվորը ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով տնամերձ հողամասի և բնակելի անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ է ձեռք բերել 07.10.2019 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով: Այսինքն՝ երրորդ անձանց կողմից ՀՀ Արմավիրի մարզի Սովետական գյուղում գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պահին հայցվորը ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով տնամերձ հողամասի և բնակելի անշարժ գույքի նկատմամբ ընդհանրապես չի ունեցել որևէ տեսակի գույքային իրավունք: Ընդ որում՝ հայցվորը գույքը ձեռք է բերել ժառանգությամբ, իսկ գործի տվյալներից չի հետևում, որ նրա իրավանախորդն իր իրավունքների ենթադրյալ խախտման հարցով երբևէ ձեռնարկել է որևէ միջոց, որոնք ընդհատվել են վերջինս մահվան վրա հասնելու հանգամանքով: Ուստի հայցվորը ժառանգությամբ ձեռք է բերել իրավունքի այնպիսի ծավալ, որոնք պատկանել են նրա իրավանախորդին: Բացի այդ, սույն դեպքում դատական պաշտպանության դիմել է հենց հայցվորը, իսկ դատարան դիմելու իրավունքն ուղղակիորեն և անմիջականորեն փոխկապակցված է միայն դատական պաշտպանություն հայցող անձի իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտման հետ, որն էլ հայցվորի մասով բացակայում է: (…) հայցվորը չի կարող վիճարկել երրորդ անձանց այն իրավունքները, որոնք ծագել են մինչև նրա իրավունքի ծագումը, քանի որ այդ դեպքում չի կարող տեղի ունենալ հայցվորի որևէ իրավունքի կամ ազատության խախտում կամ դրա իրական վտանգ, իսկ սույն գործի նյութերով հաստատվում է, որ երրորդ անձանց սեփականության իրավունքը ծագել է մինչ հայցվորի իրավունքի ծագումը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երրորդ անձանց սեփականության իրավունքի վիճարկման հարցում ըստ էության բացակայում է հայցվորի իրավական շահագրգռվածությունը, (…)»: Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմավիրի մարզի Սովետական գյուղում գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ Սովետականի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991 թվականի որոշման և 1/56 տնտ. գրքի քաղվածքի հիման վրա 23.03.2000 թվականին գրանցվել է Ռուդիկ Հակոբյանի, Ռոզա Հակոբյանի, Աղան Հակոբյանի, Կարեն Հակոբյանի, Սիրեկան Հակոբյանի սեփականության իրավունքը (հիմք՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪ վկայականի պատճեն)։ Սևդին Սաիդի Սադոյանը 20.04.2018 թվականին մահացած Սաիդ Սմոյի Սադոյանի որդին է, ով հոր մահից հետո վերջինիս գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում և 07.10.2019 թվականին նրան տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, ըստ որի՝ ժառանգական գույքը բաղկացած է՝ ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով տնամերձ հողամասից և բնակելի անշարժ գույքից։ ՀՀ կադաստրի կոմիտեի 26.05.2022 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 23/05/2022-7-0005 դիմումի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Ալաշկերտ, 10-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, քանի որ առկա է գույքային համադրություն թիվ ▪▪▪▪▪▪▪▪ ծածկագրով 23.03.2000 թվականին պետական գրանցում ստացած (վկայական՝ թիվ ▪▪▪▪▪▪▪▪) հողամասի հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Սևդին Սադոյանի կողմից ներկայացված պահանջի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցվորը ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող 0,3հա մակերեսով տնամերձ հողամասը և բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել ժառանգությամբ, իսկ գործի տվյալներից չի հետևում, որ նրա իրավանախորդն իր իրավունքների ենթադրյալ խախտման հարցով երբևէ ձեռնարկել է որևէ միջոց, որոնք ընդհատվել են վերջինս մահվան վրա հասնելու հանգամանքով: Ուստի հայցվորը ժառանգությամբ ձեռք է բերել իրավունքի այնպիսի ծավալ, որոնք պատկանել են նրա իրավանախորդին: Բացի այդ, սույն դեպքում դատական պաշտպանության դիմել է հենց հայցվորը, իսկ դատարան դիմելու իրավունքն ուղղակիորեն և անմիջականորեն փոխկապակցված է միայն դատական պաշտպանություն հայցող անձի իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտման հետ, որն էլ հայցվորի մասով բացակայում է: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտած վերոնշյալ դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ փաստական տվյալ կամ ապացույց, որը հնարավորություն կտար եզրակացնելու, որ հայցվորի իրավանախորդը երբևէ իմացել է կամ կարող էր իմանալ իր գույքային իրավունքների ենթադրյալ խախտման մասին, հետևաբար նշվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները հիմնված չեն գործում առկա ապացույցների վրա։ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ սույն գործով երրորդ անձանց սեփականության իրավունքի մասնակի՝ վերջիններիս հողամասի հետ համադրման մասով վիճարկման հարցում հայցվոր Սևդին Սադոյանը չունի իրավական շահագրգռվածություն։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի, տվյալ դեպքում սույն վեճի հիմքում ընկած 0,3հա մակերեսով տնամերձ հողամասի և բնակելի անշարժ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու՝ Սևդին Սադոյանի օրինական ակնկալիքի իրավունքի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը վերջինիս դատարան դիմելն է, որը հնարավորություն կտա վերականգնելու նրա ենթադրյալ խախտված իրավունքները: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով Սևդին Սադոյանը հանդիսանում է «շահագրգիռ անձ», քանի որ ներկայացված հայցով վերջինս հետապնդում է իր իրավանախորդի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման վերացում և իրավունքի վերականգնում՝ ժառանգության զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության համատեքստում: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունում Սևդին Սադոյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը 28.08.2023 թվականի որոշմամբ կարճելով սույն գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանը 07.04.2025 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը եկել են սխալ եզրահանգման՝ հայցվորին զրկելով Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներին անդրադառնալու և վեճն ըստ էության լուծելու համար՝ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։ 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ