Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԵԱՔԴ/0079/02/16

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԱՔԴ/0079/02/16
Հայցվոր
«Բրենդեն Հոթել» ՍՊԸ
Պատասխանող
Արմեն Միքայելյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
13.10.2026
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0079/02/16 դատարանի որոշում 2026թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0079/02/16 Նախագահող դատավոր՝ Գ․ Խաչատրյան Դատավորներ՝ Ն․ Մարգարյան Դ․ Սերոբյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ «Բրենդեն Հոթել» ՍՊԸ-ի («Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Արմեն Միքայելյանի՝ հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Երևանի Աճառյան փողոցի թիվ 40/9 հասցեի հարևանությամբ գտնվող` ********** հասցեի հողամասի նկատմամբ սահմանել հարկադիր գույքային սերվիտուտ՝ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 25․10․2016 թվականի թիվ 241-01/Վ-016 եզրակացությամբ սահմանված կարգով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23․07․2019 թվականի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․10․2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23․07․2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19․04․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19․04․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02․06․2025 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22․12․2025 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 19․04․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Միքայելյանը (ներկայացուցիչ Ռաֆայել Նահապետյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 374-րդ հոդվածի 1-ին մասն ու 381-րդ հոդվածի 5-րդ մասը։ Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը չի քննարկել իր փաստարկները՝ հայցվորի ********* հասցեի ֆասադային մուտքի հատվածը սեփական նախաձեռնությամբ օտարելուց հետո սերվիտուտ պահանջելու գործողություններն իրավունքի չարաշահում լինելու կապակցությամբ։ Վերաքննիչ դատարանը, չբավարարելով իր՝ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը, չի ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ պայմաններն ու արդյունքում խախտել է իր արդար դատաքննության իրավունքը։ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել սույն գործով ձեռքբերված ապացույցները՝ անհիմն առավելություն տալով 25․10․2016 թվականի թիվ 241-01/Վ-016 եզրակացությանը, ինչի հետևանքով չի հաստատել ********* հասցեի ետնամասում հորի առկայության փաստը, որի հաստատման դեպքում հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջը կգնահատվեր անհիմն։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։ 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Որպես բողոքի հիմք բերված՝ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերի ուսումնասիրությունը սխալ իրականացնելու և վերաքննիչ բողոքը թերի քննելու, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի հիմքերին հատվածական ու ընտրողաբար անդրադառնալու մասին պնդումները չեն հիմնավորվում, ընդհակառակը՝ դրանք ամբողջությամբ հերքվում են գործում առկա ապացույցներով։ Պատասխանողի՝ վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու մասին միջնորդությունը չի բովանդակում որևէ հիմնավորում, ինչը հիմք կտար Վերաքննիչ դատարանին եզրակացնելու, որ վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու անհրաժեշտությունն առկա է։ Բողոքաբերի կողմից հիշատակված և հյուրանոցային համալիրի ետնամասում գոյություն ունեցող «հորը» որևէ առնչություն չունի հյուրանոցային համալիր ավտոմեքենայով մուտք գործելու հետ, քանի որ ի սկզբանե բոլոր քաղաքաշինական փաստաթղթերով հյուրանոցային համալիր մուտքը նախատեսված է եղել բացառապես Աճառյան փողոցից՝ պատասխանողին պատկանող տարածքով։ Ընդ որում, սույն գործում առկա չէ որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց, այդ թվում՝ բողոքաբերի կողմից ներկայացված, որը կհիմնավորեր ավտոմեքենայով մուտքի այլընտրանքային ճանապարհը։ Բողոքաբերի պնդումներն այն մասին, որ ինքն իր հնարավորությունները սահմանափակել է, և գույքն օտարելուց հետո սերվիտուտ պահանջելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով իրավունքի չարաշահում է՝ հերքվում են սույն գործում առկա փաստերով։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 1) Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է ********* հարևանությամբ գտնվող` ********* հասցեի հողամասի նկատմամբ սահմանել հարկադիր գույքային սերվիտուտ՝ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 25․10․2016 թվականի թիվ 241-01/Վ-016 եզրակացությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 3-8, հատոր 4-րդ, գ.թ. 2-5)․ 2) Դատարանի 19․04․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 5-րդ, գ.թ. 98-102)․ 3) Դատարանի 19․04․2021 թվականի վճռի դեմ Արմեն Միքայելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նաև հետևյալ հիմքերով և հիմնավորումներով․ - թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույքն իր նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ ունեցել է անմիջական ելք դեպի Աճառյան փողոց, որն ապահովել է հետիոտնային ու ավտոմոբիլային մուտք և որից օգտվելու հնարավորությունը փաստացի վերացել է գույքի ֆասադային հատվածի օտարման արդյունքում, - թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույք մուտք գործելու համար ներկայումս էլ առկա է այլընտրանքային ճանապարհ, որը շահագործելուն խոչընդոտում է հենց հայցվորի կողմից իր սեփականության ներքո գտնվող տարածքում փորված «հորը», որպիսի փաստն արձանագրվել է տեղատեսությամբ և հաստատվում է այդ ընթացքում արված լուսանկարներով, որոնք էլեկտրոնային կրիչով կցված են գործի նյութերին՝ որպես ապացույց, - որևէ իրավական գնահատական չի տրվել իր այն պնդմանը, որ գույքի ֆասադային մուտքի հատվածն Ընկերությունն օտարել է սեփական նախաձեռնությամբ և այդ գույքն օտարելուց անմիջապես հետո սերվիտուտ պահանջելը փաստացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով իրավունքի չարաշահում է (հատոր 6-րդ, գ.թ. 27-37)․ 4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19․04․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 6-րդ, գ.թ. 69-76)․ 5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 02․06․2025 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության՝ այն պատճառաբանությամբ, որ - «Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկին այն մասին, որ թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույքն իր նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ ունեցել է անմիջական ելք դեպի Աճառյան փողոց, որն ապահովել է հետիոտնային ու ավտոմոբիլային մուտք և որից օգտվելու հնարավորությունը փաստացի վերացել է գույքի ֆասադային հատվածի օտարման արդյունքում, անտեսել է այլ փաստը, որ դեպի թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույք ներկայումս էլ առկա է այլընտրանքային ճանապարհ, որը շահագործելուն խոչընդոտում է հենց հայցվորի կողմից իր սեփականության ներքո գտնվող տարածքում կատարված հորը, որպիսի փաստն արձանագրվել է տեղատեսությամբ և հաստատվում է այդ ընթացքում արված լուսանկարներով, որոնք էլեկտրոնային կրիչով կցված են գործի նյութերին՝ որպես ապացույց։ Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել բողոքաբերի այն պնդմանը, որ գույքի ֆասադային հատվածը սեփական նախաձեռնությամբ օտարելու արդյունքում Ընկերությունն ինքն է սահմանափակել իր հնարավորությունները և այդ գույքն օտարելուց անմիջապես հետո պահանջելով սերվիտուտ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով չարաշահում է իր իրավունքը, որպիսի պայմաններում հայցը ենթակա է մերժման։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ և եզրահանգում չի կատարվել վերը նշված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ» (հատոր 7-րդ, գ.թ. 141-155)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մաս 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ու 381-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին. ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում, բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ, գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը, որպես կանոն, դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքում նշված հիմքերով և հիմնավորումներով ու չի կարող դուրս գալ դրանց շրջանակից: Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք): Անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե´ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի և  Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և ըստ այդմ անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը): Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը): Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝ (…) 3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը և մյուսներն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05․05․2020 թվականի որոշումը): Նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքում նշված բոլոր հիմքերի և հիմնավորումների հիմնավորվածության հարցը քննության առարկա դարձնելու պահանջի կատարումը ոչ թե ենթադրում է բողոքարկված դատական ակտում դրանց կապակցությամբ պարունակվող փաստարկների կրկնություն և հիմնավորվածության պարզ վերահաստատում, այլ բողոքի յուրաքանչյուր հիմքին ու հիմնավորմանը կատարված հստակ անդրադարձ և յուրաքանչյուրի մասին եզրահանգումներ։ Վերաքննիչ վարույթի արդյունավետությունն ապահովված է, իսկ անձի բողոքարկման իրավունքը՝ լիարժեք իրականացված, եթե դատական ակտը պարունակում է բողոքում նշված յուրաքանչյուր հիմքի անհիմն կամ հիմնավորված լինելու կապակցությամբ վերադաս դատարանի պատճառաբանություններ, որոնք ուղեկցվում են դրանց հիմքում ընկած իրավական ակտերի վկայակոչմամբ։ Վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պահանջը փոխկապակցված է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ, որն արդար դատական քննության իրավունքի բաղադրատարր է։ Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, նշի յուրաքանչյուրի հիմնավորվածության մասին իր պատճառաբանությունները, յուրաքանչյուրի մասով հիմնավորի, թե ինչու է եկել այս կամ այն հետևության ու որ իրավանորմերով է ղեկավարվել՝ ներկայացնելով դրանք գնահատելու արդյունքում իր համոզմունքի ձևավորման հիմքերը (տե՛ս Տրդատ Սարգսյանն ընդդեմ Արտակ Գալստյանի թիվ ԵԴ/36140/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․06․2024 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերադաս դատական ատյանը, սահմանելով գործի նոր քննության ծավալը և արձանագրելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ըստ էության` իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատարանի համար` գործի նոր քննության ընթացքում առաջնորդվել նշված ծավալով և այդ շրջանակներում: Այլ կերպ` գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, քանի որ դրանք ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ վերջինս եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում կամ նույն սահմաններում (տե՛ս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազությունն ընդդեմ Ավետիս Վարդանյանի և մյուսների թիվ ՎԴ3/0258/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը): Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է ********* հասցեի հարևանությամբ գտնվող` ********* հասցեի հողամասի նկատմամբ սահմանել հարկադիր գույքային սերվիտուտ՝ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 25․10․2016 թվականի թիվ 241-01/Վ-016 եզրակացությամբ սահմանված կարգով։ Դատարանի 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Նշված վճռի դեմ Արմեն Միքայելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նաև հետևյալ հիմքերով ու հիմնավորումներով․ - թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույքն իր նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ ունեցել է անմիջական ելք դեպի Աճառյան փողոց, որն ապահովել է հետիոտնային ու ավտոմոբիլային մուտք և որից օգտվելու հնարավորությունը փաստացի վերացել է գույքի ֆասադային հատվածի օտարման արդյունքում, - թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույք մուտք գործելու համար ներկայումս էլ առկա է այլընտրանքային ճանապարհ, որը շահագործելուն խոչընդոտում է հենց հայցվորի կողմից իր սեփականության ներքո գտնվող տարածքում փորված «հորը», որպիսի փաստն արձանագրվել է տեղատեսությամբ և հաստատվում է այդ ընթացքում արված լուսանկարներով, որոնք էլեկտրոնային կրիչով կցված են գործի նյութերին՝ որպես ապացույց, - որևէ իրավական գնահատական չի տրվել իր այն պնդմանը, որ գույքի ֆասադային մուտքի հատվածն Ընկերությունն օտարել է սեփական նախաձեռնությամբ և այդ գույքն օտարելուց անմիջապես հետո սերվիտուտ պահանջելը փաստացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով իրավունքի չարաշահում է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2022 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 02․06․2025 թվականի որոշմամբ Արմեն Միքայելյանի վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության՝ այն պատճառաբանությամբ, որ - «Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկին այն մասին, որ թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույքն իր նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ ունեցել է անմիջական ելք դեպի Աճառյան փողոց, որն ապահովել է հետիոտնային ու ավտոմոբիլային մուտք և որից օգտվելու հնարավորությունը փաստացի վերացել է գույքի ֆասադային հատվածի օտարման արդյունքում, անտեսել է այլ փաստը, որ դեպի թիվ 40/9 հասցեում գտնվող անշարժ գույք ներկայումս էլ առկա է այլընտրանքային ճանապարհ, որը շահագործելուն խոչընդոտում է հենց հայցվորի կողմից իր սեփականության ներքո գտնվող տարածքում կատարված հորը, որպիսի փաստն արձանագրվել է տեղատեսությամբ և հաստատվում է այդ ընթացքում արված լուսանկարներով, որոնք էլեկտրոնային կրիչով կցված են գործի նյութերին՝ որպես ապացույց։ Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել բողոքաբերի այն պնդմանը, որ գույքի ֆասադային հատվածը սեփական նախաձեռնությամբ օտարելու արդյունքում Ընկերությունն ինքն է սահմանափակել իր հնարավորությունները և այդ գույքն օտարելուց անմիջապես հետո պահանջելով սերվիտուտ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով չարաշահում է իր իրավունքը, որպիսի պայմաններում հայցը ենթակա է մերժման։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ և եզրահանգում չի կատարվել վերը նշված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ»: Վերաքննիչ դատարանը, Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02․06․2025 թվականի որոշմամբ սահմանված ծավալով, արձանագրել է, որ - «(․․․) Դատարանը, գործը քննել է վերադաս ատյանի կողմից սահմանված ծավալով, որի մեջ ներառվել են նաև բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք բողոքաբերի պնդմամբ, քննության առարկա չեն դարձել, ուստի ստացվում է, որ բողոքաբերի փաստարկները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, քանզի վերոգրյալով, ըստ էության հաստատվեց հակառակը: Ու քանզի վերաքննիչ բողոքի հիմքը վերաբերում էր այդ փաստը Դատարանի կողմից անտեսված լինելուն, որպիսի հիմքը Վերաքննիչ դատարանը վերոգրյալով գնահատեց չհիմնավորված, Վերաքննիչ դատարանը, համապատասխան հիմքի բացակայության պայմաններում, այլևս իրավասու չէ անդրադառնալու այդ փաստի գնահատման կապակցությամբ Դատարանի եզրահանգումների իրավաչափությանը։ Անդրադառանլով բողոքաբերի այն փաստարկին, որ վճռում առկա չէ որևէ ակնարկ պատասխանողի այն պնդման առնչությամբ, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ********* տարածքն ունի այլընտրանքային մուտք տարածքի ետնամասից, ինչպես նաև այն մասին, որ այս մուտքը՝ շահագործմանը խոչընդոտող միակ հանգամանքը, վերջինիս անջատող հսկայական հորն է, որը գտնվում է հենց այդ տարածքում, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ ********* հասցեի տարածք մուտք գործելու հնարավոր տարբերակները կարող էին պարզվել և փաստացի պարզվել են համապատասխան վերաբերելի և թույլատրելի ապացույցով՝ փորձագիտական եզրակացությամբ, հետևաբար մնացած բոլոր ապացույցները՝ այդ թվում բողոքաբերի վկայակոչած տեղատեսության արձանագրությունը, լուսանկարները չէին կարող որոնվող փաստի գոյության համար ունենալ կանխորոշիչ նշանակություն: Թերևս հենց այդ փաստի հաշվառմամբ է, որ Դատարանը դատաշինարարատեխնիկական փորձաքննության արդյունքները դրել է դատական ակտի հիմքում»: Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը սույն գործով 02․06․2025 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության՝ որպես նոր քննության ծավալ սահմանելով Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելը՝ մասնավորապես այդ համատեքստում արձանագրելով նաև, որ «Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել բողոքաբերի այն պնդմանը, որ գույքի ֆասադային հատվածը սեփական նախաձեռնությամբ օտարելու արդյունքում Ընկերությունն ինքն է սահմանափակել իր հնարավորությունները և այդ գույքն օտարելուց անմիջապես հետո պահանջելով սերվիտուտ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով չարաշահում է իր իրավունքը, որպիսի պայմաններում հայցը ենթակա է մերժման»։ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը քննության է առնվում այն հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնք որպես նոր քննության ծավալ սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, այդուհանդերձ վերաքննիչ բողոքը չի քննել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02․06․2025 թվականի որոշմամբ սահմանված ծավալով և կրկին իրավական գնահատական չի տվել բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված այն պնդումներին, որ գույքի ֆասադային մուտքի հատվածն Ընկերությունն օտարել է սեփական նախաձեռնությամբ ու այդ գույքն օտարելուց անմիջապես հետո սերվիտուտ պահանջելը փաստացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի իմաստով իրավունքի չարաշահում է։ Մասնավորապես, ունենալով գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02․06․2025 թվականի որոշմամբ սահմանված ծավալով քննելու, ինչպես նաև որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականություն, Վերաքննիչ դատարանն ըստ էության վերը նշված հիմքի կապակցությամբ չի կատարել որևէ եզրահանգում և բավարարվել է միայն վերը նշված պատճառաբանություններով։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ և եզրահանգում չի կատարվել վերը նշված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ, որի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքն ու դրա հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։ Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ