Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԵԴ2/44122/02/23

Գործի համարը
ԵԴ2/44122/02/23
Հայցվոր
Երևան համայնք
Պատասխանող
«Սիվաս» ՍՊԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
13.10.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/44122/02/23 դատարանի որոշում 2026թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/44122/02/23 Նախագահող դատավոր` Դատավորներ՝ Ի․ Բաղմանյան Լ․ Հովհաննիսյան Ս․ Սահակյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի այսուհետ՝ Համայնք հայցի ընդդեմ «Սիվաս» ՍՊԸ-ի այսուհետ՝ Ընկերություն՝ պայմանագրերը դադարած ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․09․2025 թվականի որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է դադարած ճանաչել 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը, որպես հետևանք՝ ուժը կորցրած ճանաչել այդ պայմանագրերի առարկա հողամասերի նկատմամբ Ընկերության վարձակալության իրավունքի ու Ընկերության՝ 10 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները և այդ շինության նկատմամբ ճանաչել Համայնքի սեփականության իրավունքը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27․12․2024 թվականի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02․09․2025 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27․12․2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նարինե Աբելյան): 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 58-րդ, 66-րդ և 192-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքը ներկայացրել է ոչ թե պայմանագրերը լուծելու պահանջ, այլ պայմանագրերը դադարած ճանաչելու պահանջ, ինչը բխում է Համայնքի տնօրինչականության իրավունքից՝ ընտրելու իր իրավունքների պաշտպանության եղանակը։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պայմանագրերի առարկա հողամասը ծանրաբեռնված է շինությամբ, որի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ Կադաստրի կոմիտեում իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար, ինչով պայմանավորված՝ Համայնքն ընտրել է դատական կարգով հարցը լուծելու եղանակը: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ որևէ ապացույցով չի հաստատվում, որ բենզալցման տաղավարը, որի սպասարկման համար պայմանագրերով տրամադրվել է հողամասը, հանդիսանում է շինություն: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերության ներկայացրած փաստաթղթերում ևս խոսք է գնում միայն մետաղյա կրպակի մասին, ուստի Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի որոշմամբ բենզալցման տաղավարի մասին կատարված նշումը չի կարող համարվել բավարար ապացույց առ այն, որ սույն գործի քննության պահին առկա շինությունը և բենզալցման տաղավարը նույնական են ու փոփոխության չեն ենթարկվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ 20.06.2002 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 443041 վկայականում կատարված նշումն առ այն, որ բենզալցակայանն ունի ավարտվածության 50-80 տոկոս աստիճան, վկայում է այն մասին, որ նախկինում առկա տաղավարը պայմանագրերի գործողության ընթացքում վերափոխվել է շինության: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել ապացույցների հետազոտման ու գնահատման միջոցով, չի անդրադարձել վեճի լուծման համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմնավորումներին՝ արդյունքում գործով իրականացնելով թերի քննություն, ինչն էլ հանգեցրել է սխալ դատական ակտ կայացնելուն։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02․09․2025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել։ 2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները Վճռաբեկ բողոքը չի պարունակում այնպիսի իրավական հարցադրում, որը կարող է գնահատվել որպես ՀՀ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում գտնվող իրավական խնդիր։ Բողոք բերող անձը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ առկա է իրավունքի միատեսակ կիրառման խնդիր կամ իրավունքի զարգացման անհրաժեշտություն, ինչպես նաև չի մատնանշել որևէ նախադեպային հակասություն, որը կարող էր վճռաբեկ ատյանի միջամտության կարիք ունենալ: Այս հանգամանքն ինքնին բավարար է բողոքը մերժելու համար, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող և պետք է չվերածվի գործն ըստ էության քննող ատյանի. վճռաբեկ վարույթն ուղղված է բացառապես իրավունքի միատեսակ կիրառման ապահովմանը, այլ ոչ թե ապացույցների վերագնահատմանը: Սույն գործով դատարաններն իրավաչափորեն արձանագրել են այն կարևոր փաստը, որ վիճելի շինությունը գոյություն է ունեցել մինչև հողի վարձակալության պայմանագրերի կնքումը, որպիսի պայմաններում բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի կիրառման նախապայմանները: Դատարանները հիմնավորված կերպով կիրառել են նույն օրենսգրքի 207-րդ հոդվածը, որով երաշխավորվում է ուրիշի հողամասում գտնվող շինության սեփականատիրոջ իրավունքը՝ օգտագործելու այդ հողամասի համապատասխան մասը: Համայնքը չի կարողացել հաղթահարել դատարանների կողմից իր վրա դրված դատավարական բեռը՝ որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ շինությունը կառուցվել է վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում։ Համայնքի վճռաբեկ բողոքը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, չի պարունակում իրավական հիմնավորված փաստարկներ և իր էությամբ վտանգում է սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը։ Այսպիսով՝ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1 04.07.2001 թվականի ********* վրա Սիվաս ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտման և վերակառուցման թույլտվություն տալու մասին թիվ 694 որոշմամբ Երևանի քաղաքապետը որոշել է նաև․ «(...) ********* շենքին հարող տարածքում Սիվաս ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած 20,0 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով թողնել Սիվաս ՍՊԸ-ի օգտագործմանը։ (...) Լիազորել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը (...) Երևանի քաղաքապետի անունից կառուցապատողի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր (...)։ (...) կառուցապատողին հանձնել շինարարության թույլտվությունը՝ ապահովելով համապատասխան տեղական տուրքերի գանձման հարցերը (...)» (գ․թ․ 57)․ 2) 05.09.2001 թվականին տրված բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և նրանց կից հողամասերի բնութագրի «Եզրակացություն» բաժնի համաձայն՝ - «(...) ըստ գլխ. հատակագծի հատկացված հողը համապատասխանում է զբաղեցրածին, բարեկարգ է, ասֆալտապատ, կա գործող բ/լցման կայան, մետաղե սպասարկման կրպակ», - «(...) Ենթակա չէ պետ. գրանցման, նկատի առնելով, որ հատկացված հողատարածքում գտնվող մետաղյա կրպակի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթեր (կառուցման նախագիծ և շին. թույլտվություն) չեն ներկայացվել» (գ․թ․ 63-67). 3) Երևանի քաղաքապետի թիվ 694 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանի (Վարձատու) և Ընկերության (Վարձակալ) միջև 21.09.2001 թվականին կնքվել է հողի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր): Վարձակալության պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ «Սույն պայմանագրով Վարձատուն վարձակալ ճանաչված անձին համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում *********շենքին հարող տարածք վայրում գտնվող 20 ք.մ. մակերեսով հողամասը (...)»: Վարձակալության պայմանագրի 2-րդ կետին համապատասխան հողամասը հատկացվել է բենզալցման տաղավարի համար: Վարձակալության պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ «Վարձակալն իրավունք ունի. (...) 4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն) դրա նպատակային օգտագործմանը համապատասխան. (...) 4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտման կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել նույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին»: Վարձակալության պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ «Վարձակալը պարտավոր է՝ (...) 5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը, միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության, իր կողմից հողի վրա կատարված բարելավումները ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար»։ Վարձակալության պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ «Վարձատուն իրավունք ունի. (...) 6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո, իր հայեցողությամբ, տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի)»։ Վարձակալության պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է 20 (քսան) տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից» (գ․թ․ 17-20)․ 4) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանի (Վարձատու) և Ընկերության (Վարձակալ) միջև 16.04.2002 թվականին կնքվել է հողի վարձակալության թիվ 465/ԳԱ պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր): Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ «Սույն պայմանագրով Վարձատուն վարձակալ ճանաչված անձին համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում Հր. Քոչարի փողոցին հարող տարածք վայրում գտնվող 62,5 ք.մ. մակերեսով հողամասը (...)»: Պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ «Հողամասը հատկացվում է բենզալցման կայանի վերակառուցման համար»: Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ «Վարձակալն իրավունք ունի. (...) 4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան. (...) 4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտման կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին»: Պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ «Վարձակալը պարտավոր է՝ (...) 5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումները ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար»։ Պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ «Վարձատուն իրավունք ունի. (...) 6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի)»։ Պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: (գ․թ․ 12-16)․ 5) 20.06.2002 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 443041 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Հր. Քոչարի փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը, իսկ նաև 62․5 քմ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը, որի համար հիմք են հանդիսացել նաև Երևանի քաղաքապետի 04․07․2001 թվականի թիվ 694 որոշումը, համապատասխան վարձակալության պայմանագրերը (գ․թ․ 24-28)․ 6) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը 25.07.2023 թվականին Ընկերությանը ծանուցել է հողի վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվելու, պայմանագրերի ժամկետները երկարաձգելու աննպատակահարմարության մասին՝ առաջարկելով այդ հողամասերն ազատել և վերադարձնել Համայնքին։ Նշված ծանուցումն Ընկերությունն ստացել է 08․08․2023 թվականին (գ․ թ․ 21, 22)․ 7) Ընկերության տնօրեն Տիգրան Դարբինյանը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին ուղղված 25․08․2023 թվականի պատասխան գրությամբ հայտնել է հետևյալը․ (...) ՍԻՎԱՍ ՍՊԸ և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված են երկու վարձակալության պայմանագրեր՝ պայմանագիր № 465/ԳԱ առ 16.04.2002թ. և պայմանագիր № 722/ԳԱ առ 22.08.2001թ. (այս առումով այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ պայմանագրեր ի նկատի ունեք, խոսելով թիվ 030698 ու 030667 պայմանագրերի մասին), որոնց գործողության ժամկետները ավարտվել են համապատասխանաբար 2017 ու 2021 թվականներին, որից հետո ՍԻՎԱՍ ՍՊԸ-ն վարձատուի առարկությունների բացակայությամբ շարունակել է օգտվել համապատասխան հողամասերից ու վճարել վարձակալության վճարը, որի ուժով այդ պայմանագրերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի ուժով համարվում են վերսկսված անորոշ ժամկետով։ Ուստի որևէ խոսք չի կարող գնալ այդ պայմանագրերը չշարունակելու մասին (...)։ Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը։ Տվյալ դեպքում ՍԻՎԱՍ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է բենզալցակայան, որը ամրակայված է հենց խնդրո առարկա անշարժ գույքերի վրա (սեփականության իրավունքի վկայական թիվ 443041)։ Ուստի ՍԻՎԱՍ ՍՊԸ-ն այդ հողամասերը օգտագործելու իրավունք ունի օրենքի ուժով, և Երևանի քաղաքապետարանը չունի իրավունք իր հայեցողությամբ դադարեցնել կամ չերկարացնել այդ իրավունքի գործողությունը (...) (գ․ թ․ 23)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝ 1) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը վերսկսված համարելու և այդ դեպքում պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին, 2) հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած անշարժ գույքի պատկանելության հարցին, 3) փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու հարցին։ 1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք: Մինչև 26.11.2005 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով (...): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելիս դրա պայմանները կողմերի համաձայնությամբ կարող են փոփոխվել: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը վկայակոչված իրավակարգավորումների բովանդակությանը, արձանագրել է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորություն է ստանձնում համապատասխան վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել համապատասխան գույք, իսկ վարձակալը պարտավորվում է ժամանակին մուծել այդ գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Ընդ որում, վարձավճարը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները պետք է որոշվեն վարձակալության պայմանագրով, իսկ եթե դրանք պայմանագրով որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ որպես կանոն վարձակալության պայմանագրում պետք է նշվի դրա ժամկետը, այսինքն՝ թե ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել այն դեպքերի համար, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, որի դեպքում պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով (տե՛ս ըստ Երևան համայնքի դիմումի թիվ ԿԴ/0040/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2022 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (տե՛ս Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը): Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով: Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է, որ վարձակալության պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, եթե դրանում բացակայում է պայմանագիրը որոշակի ժամկետով կնքելու վերաբերյալ պայմանը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված է ժամկետով որոշված վարձակալության պայմանագիր, և դրա գործողության ժամկետն ավարտվել է, ապա այդ պայմանագիրը համարվում է վերսկսված, և դրանից բխող հարաբերությունները շարունակվում են, եթե միաժամանակ առկա են որոշակի պայմաններ, այն է՝ վարձակալի կողմից վարձակալած գույքից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը: Վերոհիշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում վարձակալության պայմանագրի գործողությունը, ընդհանուր կանոնի համաձայն, վերսկսվում է այն նույն պայմաններով, որոնք գործում էին մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ չսահմանափակելով դրանք փոփոխելու՝ պայմանագրի կողմերի հնարավորությունը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ ժամկետի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը վերսկսվում է արդեն այն առանձնահատկությամբ, որ դրա գործողությունն այլևս սահմանափակված չէ ժամկետով, այսինքն՝ այն գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի հրաժարվել պայմանագրից (տե՛ս Աղասի Տեր-Եսայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո օրենքով կանխորոշված վավերապայմանների միաժամանակյա առկայությամբ այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված համարվելու դեպքում օրենսդիրը կողմերի միջև առկա վարձակալական հարաբերությունների դադարեցման հարցում սահմանել է որոշակի առանձնահատկություններ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ և 624-րդ հոդվածի 2-րդ կետերի համադրման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած օրենսդիրը, ելնելով քաղաքացիական շրջանառության կայունության ու քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերություններում իրավական որոշակիության սկզբունքի լիարժեք իրացման անհրաժեշտությունից, վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կողմերի միջև վարձակալական հարաբերությունները փաստացի շարունակվելու դեպքում նախատեսել է օրենքի ուժով վարձակալության պայմանագիրը վերսկսված համարելու հնարավորություն, այնուամենայնիվ այս դեպքում կողմերից յուրաքանչյուրին վերապահված է ցանկացած ժամանակ վարձակալության պայմանագրից հրաժարվելու իրավունք, որի իրացման միակ նախապայմանը պայմանագրի մյուս կողմին այդ մասին առնվազն մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելն է, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։ Այլ կերպ ասած՝ եթե վարձատուի կամ վարձակալի կողմից վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ և 623-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով վաղաժամկետ լուծելու իրավաչափության ապահովման համար օրենքով սահմանված են կոնկրետ հիմքեր ու դատարան դիմելու պարտադիր պահանջ կողմերի՝ պայմանագրով ձեռքբերված լեգիտիմ ակնկալիքի պաշտպանության համար երաշխիքներ ապահովելու նպատակով, ապա որոշակի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով անորոշ ժամկետով վերսկսված համարելու դեպքում պայմանագրի կողմը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ունի նաև ցանկացած ժամանակ այդ պայմանագրից հրաժարվելու իրավունք։ 2. ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ: Մինչև 26.11.2005 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հողամասի սեփականատերը, քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների (...) պահպանմամբ, կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամասում: Մինչև 26.11.2005 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում անհատույց (մշտական) կամ վարձակալության իրավունքով: ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաև հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են (...) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից և նրանց հետ կնքած պայմանագրերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (...): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի համաձայն՝ հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև պայմանագրով: Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ հողամասի սեփականատիրոջ՝ որպես հողամասը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավական տիտղոս ունեցող անձի իրավազորությունների շարքին է դասվում նաև հողամասը կառուցապատելու իրավունքը, որը հողամասի սեփականատիրոջ ազատ կամահայտնության հիման վրա կարող է փոխանցվել երրորդ անձանց՝ դառնալով հողամասի տիտղոսային սեփականատիրոջ ու հողամասի օգտագործման իրավունք ձեռքբերող անձի միջև կնքվող պայմանագրի առարկա։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հողամասը կառուցապատելու իրավունքը մինչև 26.11.2005 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետի ուժով իրացվում է՝ ոչ միայն հողամասի վրա շենքեր և շինություններ կառուցելու միջոցով քաղաքացիական շրջանառության նոր օբյեկտ ստեղծելով կամ արդեն իսկ առկա գույքային միավորը քանդելով, այլև հողամասի վրա ամրակայված անշարժ գույքը վերակառուցելու եղանակով նոր գույքային միավոր, հետևաբար նաև՝ քաղաքացիական շրջանառության ինքնուրույն օբյեկտ ստեղծելով։ Ընդհանրացնելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հողամասի վրա շենքեր և շինություններ կառուցելու, դրանք վերակառուցելու կամ քանդելու իրավունքները հողամասի սեփականատիրոջ տիտղոսային իրավազորությունն են, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ բոլորը միասին հողամասի փաստացի ճակատագիրը որոշելու շրջանակներում դրա սեփականատիրոջ կամահայտնությամբ կարող են անցնել այլ անձի։ Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ հողամասի և դրա վրա ամրակայված գույքի միասնականության ու դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սեփականության իրավունքի անարգել իրացման համար անհրաժեշտ կառուցակարգեր ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է երկու հիմնական կանոն, մասնավորապես՝ 1) որպես ընդհանուր կանոն՝ այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերը ձեռք է բերում իրավունք՝ օգտագործելու այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը, 2) որպես հատուկ կանոն՝ հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը։ Շարադրվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կնքված պայմանագրով դրա մյուս կողմին փոխանցում է ինչպես հողամասի օգտագործման, այդպես էլ այն կառուցապատելու իրավունքը, ապա հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս հողամասի և դրա վրա ամրակայված գույքի միասնականության ապահովման նպատակով հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների ու այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի ուժով անցնում է հողամասի սեփականատիրոջը։ Նշված կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև պայմանագրով նախատեսված է այլ բան։ Ընդ որում, նկատի ունենալով, որ հողամասը կառուցապատելու իրավունքը ենթադրում է ոչ միայն դրա վրա շենքեր և շինություններ կառուցելու կամ քանդելու, այլև դրանք վերակառուցելու իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի կարգավորման առարկայում, հետևաբար նաև՝ նույն հոդվածում տեղ գտած «կառուցել» եզրույթի բովանդակության ծավալում ներառվում են նաև այն դեպքերը, երբ հողօգտագործողը հողամասի վրա ամրակայված անշարժ գույքը վերակառուցելու եղանակով ստեղծում է նոր գույքային միավոր։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ հողամասի օգտագործման իրավունքը դադարում է, ապա հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում այդ հողամասի վրա ամրակայված անշարժ գույքի վերակառուցման արդյունքում ստեղծված նոր գույքային միավորի՝ որպես պետական գրանցման ենթակա քաղաքացիական շրջանառության նոր օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը։ 3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների հետազոտման և գնահատման հարցին, արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով։ Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով։ Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը։ Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության։ Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր։ Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․03․2023 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Սույն գործի փաստերի համաձայն՝ 04.07.2001 թվականին ******** վրա Սիվաս ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտման և վերակառուցման թույլտվություն տալու մասին թիվ 694 որոշմամբ Երևանի քաղաքապետը որոշել է․ «(...) ********* շենքին հարող տարածքում Սիվաս ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած 20,0 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով թողնել Սիվաս ՍՊԸ-ի օգտագործմանը։ (...) Լիազորել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը (...) Երևանի քաղաքապետի անունից կառուցապատողի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր (...)։ (...) կառուցապատողին հանձնել շինարարության թույլտվությունը՝ ապահովելով համապատասխան տեղական տուրքերի գանձման հարցերը (...)»։ 05.09.2001 թվականին տրված բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և նրանց կից հողամասերի բնութագրի «Եզրակացություն» բաժնի համաձայն՝ - «(...) ըստ գլխ. հատակագծի հատկացված հողը համապատասխանում է զբաղեցրածին, բարեկարգ է, ասֆալտապատ, կա գործող բ/լցման կայան, մետաղե սպասարկման կրպակ», - «(...) Ենթակա չէ պետ. գրանցման, նկատի առնելով, որ հատկացված հողատարածքում գտնվող մետաղյա կրպակի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթեր (կառուցման նախագիծ և շին. թույլտվություն) չեն ներկայացվել»։ Երևանի քաղաքապետի թիվ 694 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանի՝ որպես վարձատուի և Ընկերության՝ որպես վարձակալի միջև 21.09.2001 թվականին կնքվել է Վարձակալության պայմանագիրը: Նշված պայմանագրի 1-ին կետով նախատեսվել է, որ «Սույն պայմանագրով Վարձատուն վարձակալ ճանաչված անձին համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ******** շենքին հարող տարածք վայրում գտնվող 20 ք.մ. մակերեսով հողամասը (...)»: Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ վերը նշված հողամասը հատկացվել է բենզալցման տաղավարի համար: Նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ «Վարձակալն իրավունք ունի. (...) 4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն) դրա նպատակային օգտագործմանը համապատասխան. (...) 4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտման կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել նույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին»: Նույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ «Վարձակալը պարտավոր է՝ (...) 5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը, միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության, իր կողմից հողի վրա կատարված բարելավումները ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար»։ Նույն պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ «Վարձատուն իրավունք ունի. (...) 6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո, իր հայեցողությամբ, տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի)»։ Նույն պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է 20 (քսան) տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: Նույն կողմերի միջև 16.04.2002 թվականին կնքվել է Պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայն՝ «Սույն պայմանագրով Վարձատուն վարձակալ ճանաչված անձին համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում Հր. Քոչարի փողոցին հարող տարածք վայրում գտնվող 62,5 ք.մ. մակերեսով հողամասը (...)»: Նույն պայմանագրի 2-րդ կետում նշվել է, որ այդ հողամասը հատկացվում է բենզալցման կայանի վերակառուցման համար: Նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ «Վարձակալն իրավունք ունի. (...) 4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան. (...) 4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտման կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին»: Նույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ «Վարձակալը պարտավոր է՝ (...) 5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումները ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար»։ Նույն պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ «Վարձատուն իրավունք ունի. (...) 6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի)»։ Նույն պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: 20.06.2002 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 443041 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Հր. Քոչարի փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը, իսկ նաև 62․5 քմ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը, որի համար հիմք են հանդիսացել նաև Երևանի քաղաքապետի 04․07․2001 թվականի թիվ 694 որոշումը, համապատասխան վարձակալության պայմանագրերը։ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը 25.07.2023 թվականին Ընկերությանը ծանուցել է հողի վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվելու, պայմանագրերի ժամկետները երկարաձգելու աննպատակահարմարության մասին՝ առաջարկելով այդ հողամասերն ազատել և վերադարձնել Համայնքին։ Նշված ծանուցումն Ընկերությունն ստացել է 08․08․2023 թվականին։ Ընկերության տնօրեն Տիգրան Դարբինյանը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին ուղղված 25․08․2023 թվականի պատասխան գրությամբ հայտնել է հետևյալը․ (...) ՍԻՎԱՍ ՍՊԸ և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված են երկու վարձակալության պայմանագրեր՝ պայմանագիր № 465/ԳԱ առ 16.04.2002թ. և պայմանագիր № 722/ԳԱ առ 22.08.2001թ. (այս առումով այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ պայմանագրեր ի նկատի ունեք, խոսելով թիվ 030698 ու 030667 պայմանագրերի մասին), որոնց գործողության ժամկետները ավարտվել են համապատասխանաբար 2017 ու 2021 թվականներին, որից հետո ՍԻՎԱՍ ՍՊԸ-ն վարձատուի առարկությունների բացակայությամբ շարունակել է օգտվել համապատասխան հողամասերից ու վճարել վարձակալության վճարը, որի ուժով այդ պայմանագրերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի ուժով համարվում են վերսկսված անորոշ ժամկետով։ Ուստի որևէ խոսք չի կարող գնալ այդ պայմանագրերը չշարունակելու մասին (...)։ Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը։ Տվյալ դեպքում ՍԻՎԱՍ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է բենզալցակայան, որը ամրակայված է հենց խնդրո առարկա անշարժ գույքերի վրա (սեփականության իրավունքի վկայական թիվ 443041)։ Ուստի ՍԻՎԱՍ ՍՊԸ-ն այդ հողամասերը օգտագործելու իրավունք ունի օրենքի ուժով, և Երևանի քաղաքապետարանը չունի իրավունք իր հայեցողությամբ դադարեցնել կամ չերկարացնել այդ իրավունքի գործողությունը (...)։ Այժմ Համայնքը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ պահանջելով դադարած ճանաչել 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը, որպես հետևանք՝ ուժը կորցրած ճանաչել այդ պայմանագրերի առարկա հողամասերի նկատմամբ Ընկերության վարձակալության իրավունքի ու Ընկերության՝ 10 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները և այդ շինության նկատմամբ ճանաչել Համայնքի սեփականության իրավունքը: Դատարանը, պատճառաբանելով, որ՝ - «(...) կողմերի միջև կնքված Պայմանագրերը դադարել են ժամկետի լրացմամբ, մինչդեռ վարձակալի և վարձատուի առարկությունների բացակայության պայմաններում Պայմանագրերը ճանաչվել են վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով, իսկ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կողմից «Սիվաս» ՍՊ ընկերությանն ուղղված 25.07.2023թ. ծանուցմամբ հայտվել է, որ արդի քաղաքաշինական նորմերից ելնելով՝ Երևան համայնքն այլևս նպատակահարմար չի գտնում պայմանագրերի ժամկետները երկարաձգել, այսինքն՝ Հայցվորն օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրիք 612-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անորոշ ժամկետով կնքված Պայմանագրերը լուծելու իր իրավունքից՝ հրաժարվել է Պայմանագրերից, այդ մասին մյուս կողմին տեղեկացնելով, ինչից բխում է, որ կողմերի միջև առկա վարձակալության հարաբերությունները դադարել են», - «(...) Պայմանագրերի և Ծանուցման առկայությունը բավարար է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնի կողմից Պայմանագրերի դադարումը գրանցելու համար», - «(...) առարկայազուրկ է արդեն իսկ դադարած Պայմանագրերը դադարած ճանաչելու պահանջը, ինչի պայմաններում հայցը նշված մասով անհիմն է և մերժման ենթակա։ Հայցի՝ նշված մասով մերժման պայմաններում մերժման է ենթակա նաև վարձակալության իրավունքի նկատմամբ պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը», - «(...) Հայցվորը չապացուցեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի հիման վրա հայցվորի մոտ առկա է պատասխանողի կողմից կառուցված 10քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու հիմք, քանի որ ****** փողոցին հարող տարածք բենզալցակայանը կառուցված է եղել Հայցվորի և Պատասխանողի միջև կնքված հողի վարձակալության թիվ 722/ԳԱ և 465/ԳԱ պայմանագրերի կնքումից առաջ, դեռևս մինչև Երևանի քաղաքապետի 04.07.2001թ. որոշումը, ինչը փաստվում է հենց Երևանի քաղաքապետի 04.07.2001թ. թիվ 694 որոշմամբ, որի համաձայն՝ որոշվել է ********* շենքին հարող տարածքում «Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով թողնել «Սիվաս» ՍՊԸ-ի օգտագործմանը։ Ավելին՝ կնքված վարձակալության Պայմանագրերում նույնպես արձանագրվել է բենզալցման տաղավարի առկայության մասին, քանի որ Պայմանագրերի 2-րդ կետում նշվում է, որ հողամասը հատկացվում է բենզալցման տաղավարի համար», 27․12․2024 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին։ Վերաքննիչ դատարանի 02․09․2025 թվականի որոշմամբ Համայնքի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27․12․2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ՝ - «(...) վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո վարձակալը շարունակել է օգտվել վարձակալած գույքերից, իսկ վարձատուն էլ իր հերթին առնվազն մինչև 25.07.2023 թվականը որևէ առարկություն չի ներկայացրել, ինչն էլ հիմք է փաստելու, որ վարձակալության պայմանագրերը համարվել են վերսկսված՝ արդեն այն առանձնահատկությամբ, որ դրանց գործողությունն այլևս սահմանափակված չէ ժամկետով, այսինքն՝ գործել են անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի հրաժարվել պայմանագրերից: Հետևաբար՝ հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կողմից <<Սիվաս>> ՍՊ ընկերությանը հասցեագրված 25.07.2023 թվականի ծանուցմամբ հայտնվել է, որ Երևան համայնքն այլևս նպատակահարմար չի գտնում պայմանագրերի ժամկետները երկարաձգել, այսինքն՝ հայցվորն, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագրերը լուծելու իր իրավունքից՝ հրաժարվել է պայմանագրերից, այդ մասին մյուս կողմին տեղեկացնելով, ապա նշվածն արդեն իսկ բավարար է փաստելու, որ կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրերը դադարել են օրենքի ուժով, ուստի բացակայում է արդեն իսկ դադարած վարձակալության պայմանագրերի՝ դատական կարգով դադարած ճանաչելու հնարավորությունը, ինչպիսի իրավաչափ եզրահանգման էլ հանգել է Դատարանը, այդ թվում արձանագրելով, որ Պայմանագրերի և Ծանուցման առկայությունը բավարար է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնի կողմից Պայմանագրերի դադարումը գրանցելու համար, իսկ հակառակի վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով», - «(...) գործի փաստերից հետևում է, որ վեճի առարկա բենզալցակայանը առկա է եղել դեռևս մինչև հողի վարձակալության պայմանագրերի կնքումը, դեռևս մինչև Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի որոշումը, ինչը փաստվում է ինչպես Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշմամբ, որով որոշվել է Հր. Քոչարի փողոցի հ. 32 շենքին հարող տարածքում <<Սիվաս>> ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցման տաղավարի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով թողնել <<Սիվաս>> ՍՊ ընկերության օգտագործմանը, Բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և նրանց կից հողամասերի բնութագրին կից 05.09.2001 թվականի եզրակացությամբ, որով արձանագրվել է, ըստ գլխավոր հատակագծի հատկացված հողը համապատասխանում է զբաղեցրածին, բարեկարգ է, ասֆալտապատ, կա գործող բ/լցման կայան, այնպես էլ կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրերով, որոնցով արձանագրվել է, որ առկա է բենզալցման կայան, իսկ որևէ ապացույց, որից հնարավոր կլիներ հանգել միանշանակ եզրահանգման առ այն, որ վեճի առարկա բենզալցման կայանը պատասխանողի կողմից կառուցվել է հողամասի վարձակալության պայմանգրերի կնքումից հետո՝ հայցվորի կողմից չի ներկայացվել, ինչի արձանագրմամբ էլ Դատարանը հանգել է այն իրավաչափ եզրահանգման, որ դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստն ապացուցելու պարտականություն կրող կողմը՝ հայցվոր Երևան համայնքը»։ Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ։ Սույն գործի փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի որոշման հիման վրա կնքված Պայմանագրի և Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները լրացել են համապատասխանաբար 17.04.2017 ու 22.09.2021 թվականներին, որից հետո կողմերի միջև վարձակալական հարաբերությունները փաստացի շարունակվել են։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ կողմերի միջև որոշակի ժամկետով կնքված վարձակալության պայմանագրերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով նույն պայմաններով համարվում են վերսկսված անորոշ ժամկետով։ Շարադրվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անորոշ ժամկետով վերսկսված վարձակալության պայմանագրի յուրաքանչյուր կողմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից, որպիսի իրավունքից սույն գործով Համայնքն օգտվել է՝ 25.07.2023 թվականի գրությամբ Ընկերությանը ծանուցելով վերը նշված պայմանագրերից հրաժարվելու մասին, որի վերաբերյալ ստացել է պատասխան գրությունը։ Այսպիսով՝ վկայակոչված փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև կնքված վերը նշված պայմանագրերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով դադարել են, ուստիև այդ մասով վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները հիմնավոր են վերը շարադրված պատճառաբանությամբ։ Արձանագրելով, որ վերը նշված պայմանագրերի դադարման փաստի ուժով Ընկերության օգտագործման իրավունքը վեճի առարկա հողամասի նկատմամբ դադարել է և անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ հողամասի վրա ամրակայված անշարժ գույքը կառուցվել է նախքան քննարկվող պայմանագրերի կնքումը, ուստի նշված անշարժ գույքի նկատմամբ չի կարող ճանաչվել Համայնքի սեփականության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․ Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի կարգավորման առարկայում ներառվում են, հետևաբար նաև նույն հոդվածի ուժով հողամասի օգտագործման իրավունքը դադարելու դեպքում դրա սեփականատիրոջը փոխանցման ենթակա են ոչ միայն հողօգտագործողի կողմից շենքեր և շինություններ կառուցելու միջոցով ստեղծված քաղաքացիական շրջանառության օբյեկտները, այլև հողամասի վրա ամրակայված՝ արդեն իսկ գոյություն ունեցող անշարժ գույքի վերակառուցման արդյունքում ստեղծված նոր գույքային միավորը՝ որպես պետական գրանցման ենթակա քաղաքացիական շրջանառության նոր օբյեկտ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանը, գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման հրամայականից ելնելով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի ուժով պարտավոր է հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ և կառուցել ապացույցների ամբողջական համակարգ։ Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ նախքան վարձակալության պայմանագրերի կնքումը վեճի առարկա հողամասին ամրակայված անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք գրանցված լինելու փաստը հիմնավորող ապացույց։ Ավելին՝ 05.09.2001 թվականին տրված բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և նրանց կից հողամասերի բնութագրի «Եզրակացություն» բաժնի համաձայն՝ այդ գույքը ենթակա չի եղել պետական գրանցման՝ նկատի ունենալով, որ հատկացված հողատարածքում գտնվող մետաղյա կրպակի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթեր (կառուցման նախագիծ և շին. թույլտվություն) չեն ներկայացվել։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Երևանի քաղաքապետի 04.07.2001 թվականի թիվ 694 որոշման, դրա հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերի, 05.09.2001 թվականին տրված բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և նրանց կից հողամասերի բնութագրի ու 20.06.2002 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 443041 վկայականի համակցված հետազոտման և գնահատման հիման վրա փաստում է, որ վեճի առարկա հողամասը Համայնքի կողմից Ընկերության օգտագործմանը տրամադրվել է դրա վրա առկա շինության վերակառուցման նպատակով, իսկ նշված գործողության իրականացման արդյունքում ստեղծված նոր գույքային միավորի նկատմամբ սեփականության իրավունքն առաջին անգամ գրանցվել է արդեն 20.06.2002 թվականին, այսինքն՝ Երևանի քաղաքապետի որոշումից ու վերը նշված վարձակալության պայմանագրերի կնքումից հետո, որոնցում որպես հողամասի օգտագործման նպատակ սահմանվել է բենզալցակայանի վերակառուցումը (տե'ս Վարձակալության պայմանագրի 2-րդ կետը և Պայմանագրի 2-րդ կետը)։ Փաստորեն, հողամասի վրա նախկինում ամրակայված անշարժ գույքի, որի նկատմամբ որևէ իրավունք գրանցված լինելու վերաբերյալ ապացույց սույն գործում առկա չէ, վերակառուցման պարտավորության կատարման արդյունքում ստեղծվել է քաղաքացիական շրջանառության նոր օբյեկտ, որի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել նաև Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված պայմանագրերից բխող հողամասերի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասերի վրա հողօգտագործողի՝ Ընկերության կողմից նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Համայնքին անցնելու հարցին, Պայմանագրի 4.4-րդ կետը և Վարձակալության պայմանագրի 4.4-րդ կետը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, ինչպես նաև դրանք համադրելով պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, արձանագրում է, որ տվյալ դեպքում պայմանագրերի կողմերը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածով ամրագրված դիսպոզիտիվ նորմից շեղվելու հնարավորությունից, դրսևորելով ազատ կամահայտնություն՝ այդ պայմանագրերում նախատեսել են հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս դրա վրա ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով Համայնքին օտարելու մասին պայման։ Մինչդեռ ստորադաս դատարանները, վերը նշված պատճառաբանություններով հայցը համարելով անհիմն, կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառելի չհամարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված դիսպոզիտիվ նորմը, չիրականացնելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, թույլ են տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 02․09․2025 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը։ Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, պետք է քննարկի Վարձակալության պայմանագրի 4.4-րդ կետով և Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված պայմանների շրջանակներում համապատասխան անշարժ գույքի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջի իրավաչափության հարցը։ Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ։ 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով բազային տուրքի 20-ապատիկի չափով։ Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 30-ապատիկի չափով։ Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 40-ապատիկի չափով։ Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն, իսկ Վերաքննիչ դատարանի 02.09.2025 թվականի որոշումը մասնակիորեն՝ 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը դադարած ճանաչելու, որպես հետևանք՝ այդ պայմանագրերի առարկա հողամասերի նկատմամբ Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջների մասով, ենթակա է բեկանման ու փոփոխման՝ հայցն այդ պահանջների մասով ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ. - Ընկերությունից հօգուտ Համայնքի պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, - Ընկերությունից հօգուտ Համայնքի պետք է բռնագանձել 60.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, - Ընկերությունից հօգուտ Համայնքի պետք է բռնագանձել 80.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սույն գործը՝ Ընկերության՝ 10 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և այդ շինության նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով բեկանվում է, ու գործն այդ մասով ուղարկվում է նոր քննության, որի պայմաններում այդ պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․09․2025 թվականի որոշումը մասնակիորեն՝ 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը դադարած ճանաչելու, որպես հետևանք՝ այդ պայմանագրերի առարկա հողամասերի նկատմամբ «Սիվաս» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջների մասով, բեկանել ու փոփոխել՝ հայցը բավարարել մասնակիորեն` դադարած ճանաչել 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը, ուժը կորցրած ճանաչել պայմանագրերի առարկան կազմող հողամասերի՝ «Սիվաս» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումը, իսկ «Սիվաս» ՍՊԸ-ի՝ 10քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ու այդ շինության նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։ «Սիվաս» ՍՊԸ-ից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել ընդհանուր 180.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Երևան համայնքի կողմից կատարված դատական ծախս։ Դատական ծախսերի հարցին՝ 21.09.2001 թվականին և 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրերը դադարած ճանաչելու, որպես հետևանք՝ այդ պայմանագրերի առարկա հողամասերի նկատմամբ Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջների մասով, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ