Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ՍնԴ/2209/04/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՍնԴ/2209/04/25
Հայցվոր
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
15.10.2026
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2209/04/25 դատարանի որոշում 2026թ. Սնանկության գործ թիվ ՍնԴ/2209/04/25 Նախագահող դատավոր՝ Ս․ Գրիգորյան Դատավորներ՝ Լ․ Հովհաննիսյան Ս․ Սահակյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐՏ ՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․02․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1․ Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով Դատարան ՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։ Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10․10․2025 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Դատարանի 29.12.2025 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը։  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․02․2026 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։ Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բացակայում է դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն, ինչը հիմնված է օրենքի սխալ մեկնաբանության և կիրառման վրա, քանի որ տվյալ դեպքում դատավարական ժամկետը ոչ միայն բաց չի թողնվել, այլև բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա էր իրավունքի ուժով (ex jure) վերականգնման։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍնԴ/2209/04/25 սնանակության գործով 16․02․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն՝ ամբողջությամբ և ամբողջ ծավալով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության»։ 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ և 63‑րդ հոդվածների ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։ Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի իրացման ժամկետներին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:  ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը): Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը։ Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, ի թիվս այլնի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 52-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34): Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ավելին, սահմանափակումը չի կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Ալ Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44): Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունքը, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28): Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Մագոմեդովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87): Եվրոպական դատարանը նշել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի  թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 գանգատով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (․․․) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք` 1) ենթակա են բողոքարկման. 2) կայացվում են դատական նիստից դուրս. 3) նույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: (…) Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող են բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: (…) Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Նախկինում կայացրած այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաընթացակարգային նորմերը կարող են պարունակել բողոքարկման իրավունքի իրացման ու բողոքի ըստ էության քննության հասնելու համար ինչպես ժամկետային, այնպես էլ ձևական ընթացակարգային պահանջներ և սահմանափակումներ, ինչը համատեղելի է Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի իրացման հետ, եթե նման սահմանափակումների առկայությունն անհրաժեշտ է իրավունքի իրացման համար, իրագործելի և ողջամիտ է ու իր ծանրությամբ չի հանգեցնում իրավունքի էության խախտմանը՝ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատաընթացակարգային նորմերի խախտումն առաջացնում է օրենքով հստակ կանխորոշված հետևանք, այն է՝ վերաքննության կարգով բողոքարկման պարագայում հանգեցնում է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը, ինչի արդյունքում սահմանափակվում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքի ըստ էության քննության հասնելու հնարավորությունը, այնուհանդերձ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումն իրավաչափ է միայն այն պարագայում, երբ պարտադիր պահպանման ենթակա ընթացակարգային պահանջները պարզ և հասանելի են բողոք բերած անձի համար, իսկ դրանց խախտման արդյունքում վրա հասնող հետևանքները՝ կանխատեսելի։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի բողոքարկման իրավունքի սահմանափակումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ ժամկետային և (կամ) ձևական պահանջների չպահպանման հետևանքն է, կարող է վրա հասնել և իրավաչափ համարվել միայն այն պարագայում, երբ բողոք ներկայացրած անձն իրապես թույլ է տվել ընթացակարգային նորմերի խախտում, ինչն էլ իր հերթին հիմնավոր կերպով ներկայացվել է դրա արդյունքում կայացվող դատական ակտում (տե՛ս Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանն ընդդեմ Սմբատ Նալբանդյանի թիվ ԵԴ/3667/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2025 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ  Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի  10․10․2025 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 12-22): Դատարանը 29.12.2025 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը և նշանակել պարտատերերի առաջին ժողով։ Վերոհիշյալ որոշման եզրափակիչ մասում Դատարանը նշել է՝ «Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում» (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 114-117): Դատարանի 29.12.2025 թվականի ««ԱՐՏ ՕՅԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 05․01․2026 թվականին (հիմք՝ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգ): Վերոհիշյալ որոշումն ուղարկվել է Ընկերության տնօրենին և վերջինիս կողմից ստացվել է 17․01․2026 թվականին (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 120): Վերոհիշյալ որոշման դեմ Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ այն փոստային ծառայությանը հանձնելով 29.01.2026 թվականին (Հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 3-16): Վերաքննիչ դատարանի 16․02․2026 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում որոշումը կայացվել է 29.12.2025 թվականին։ Բողոքը բերվել է 29.01.2025 թվականին՝ սահմանված ժամկետի խախտմամբ, և չի պարունակում միջնորդություն բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին» (Հավելված, հատոր 2-րդ, գ.թ.33): Վերոգրյալ իրավական վերլուծությունների ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով Դատարանը 29․12․2025 թվականի ««ԱՐՏ ՕՅԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման բողոքարկման համար նշել է՝ հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետ, այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է՝ կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի 29.12.2025 թվականի ««ԱՐՏ ՕՅԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցը պետք է որոշվի օրենքի հիման վրա՝ անկախ այն հանգամանքից, թե Դատարանը որոշման եզրափակիչ մասում բողոքարկման ինչ ժամկետ է նշել։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումից, որից ուղղակիորեն հետևում է, որ դատարանն իրավասու է դատավարական ժամկետ սահմանել միայն այն դեպքում, երբ այն սահմանված չէ օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Դատարանի ««ԱՐՏ ՕՅԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը կայացվել է 29.12.2025 թվականին, արձանագրում է, որ այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված ժամկետը սկսել է հոսել 30․12․2025 թվականին և լրացել է 23․01․2026 թվականին։ Մինչդեռ վերոհիշյալ որոշման դեմ Ընկերության անունից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 29.01.2026 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և միաժամանակ չի պարունակել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ուստի, վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է եղել վերադարձման, ինչպիսի իրավաչափ եզրահանգման եկել է նաև Վերաքննիչ դատարանը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում բողոքարկման ժամկետի սկզբնակետը սխալ նշելը, ինչպես նաև որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ ուղարկելը բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներ են, որոնք բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավունքի ուժով (ex jure) հիմք են։ Սակայն, ինչպես հետևում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերից և 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, այդ հանգամանքները վերաքննիչ դատարանի գնահատման առարկա են դառնում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության շրջանակներում (տե՛ս նաև Սահմանադրական դատարանի 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 և 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշումները)։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Ընկերությանը տրամադրել է ժամկետ՝ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար, որի դեպքում այն համարվում է ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Հետևաբար Ընկերությունն ունեցել է իրական հնարավորություն ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, և վերաքննիչ բողոքի վերադարձը չի խաթարել նրա բողոքարկման իրավունքի բուն էությունը։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 16․02․2026 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների չպահպանման հիմքով, որը վճռաբեկ բողոքով չի վիճարկվել։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունը և այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով Վերաքննիչ դատարանի 16․02․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար։ Հետևաբար, սույն դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ