Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0796/01/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/0796/01/24
Դիմող / մեղադրյալ
Էդգար Սարգսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
19.10.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0796/01/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Դ. Բալայան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ն.Հովակիմյան դատավորներ՝ Հ.Պետրոսյան Վ.Մարգարյան 19 հոկտեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էդգար Կարենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2024 թվականի փետրվարի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-ին մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17100224 քրեական վարույթը։ 1.1. 2024 թվականի ապրիլի 10-ին Էդ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2024 թվականի ապրիլի 12-ին որոշում է կայացվել Էդգար Կարենի Սարգսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով նոր վարույթ անջատելու մասին, որին շնորհվել է 17103524 համարը։ 2. 2024 թվականի ապրիլի 17-ին, Էդգար Կարենի Սարգսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 2.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով, Էդ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի՝ 1.125.000 (մեկ միլիոն հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի կիրառմամբ Էդգար Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է` սահմանվելով տուգանք՝ 675.000 (վեց հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքը վճարելու համար սահմանվել է 3 (երեք) ամիս ժամկետ՝ յուրաքանչյուր ամսում 225.000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ վճարելու պայմանով: Էդգար Սարգսյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտելը: 3. Հանրային մեղադրող Վ.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը թողել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա։ Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից վարույթով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ չեն գնահատվել, և դատարանները դրանց ապացուցողական արժեքը գնահատել են առանձին-առանձին՝ հանգելով սխալ եզրահանգման առ այն, որ մեղադրյալի արարքի որակումը չի համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին և այն պետք է վերաորակել։ Բողոքաբերի պնդմամբ, քրեական վարույթի դատաքննությամբ անհերքելիորեն հաստատվել է, որ Էդգար Սարգսյանի կողմից ապօրինի շրջանառության մեջ են դրվել խոշոր չափերով (մեծ քանակության) թմրամիջոցներ․ նրա մոտ ապօրինի պահվող թմրամիջոցը կարմիր գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված է եղել երկու առանձին փաթեթներում, նրան պատկանող բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ հայտանաբերվել են իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մասին վկայող փաստական տվյալներ, ընդ որում, թվային խուզարկությամբ հայտնաբերված նամակագրության բովանդակության իմաստային նշանակությունը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ այլ կերպ ընկալվել, քանի որ այդպիսի համակցությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Էդ․Սարգսյանը խմբի կազմում, շահադիտական դրդումներով, զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ և իր մոտ ապօրինի պահվող խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցը վերջինս ձեռք է բերել իրացման նպատակով։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, մեղադրյալը չի հերքել թմրամիջոց իրացնելու հանգամանքը, որպիսի պայմաններում, սակայն, ստորադաս դատարանները հանգել են իրացման նպատակի բացակայության վերաբերյալ հետևության, ինչը չի կարող հիմնավոր համարվել։ 6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Մեղադրյալ Էդգար Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և մեղադրանք է ներկայացվել այն արարքի կատարման համար, որ. «(…) [Ն]ա շահադիտական դրդումներով, խմբի կազմում նախնական համաձայնությամբ ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց: Այսպես․ Էդգար Կարենի Սարգսյանն ինքնությունը դեռևս չպարզված «Տելեգրամ» հավելվածի «**********» կայքէջի օգտատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով, այն է. նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու նպատակով, «Տելեգրամ» հավելվածի միջոցով «**********» կայքէջի օգտատիրոջ հայտնած քննությամբ դեռևս չպարզված վայրից «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի, ՀՀ կառավարության 18 մարտի 2010 թվականի N 270-Ն և 27 հունիսի 2018 թվականի N 707-Ն որոշումներով սահմանված կարգի խախտմամբ ապօրինի ձեռք է բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել խոշոր չափերի ընդհանուր՝ 0,69 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց, որը 31.01.2024թ. կատարված անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել և վերցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից»: 8․ Էդգար Սարգսյանին պատկանող բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկության արձանագրության և կից լուսանկարչական հավելվածների համաձայն՝ բջջային հեռախոսում ներբեռնված «Telegram» հավելվածում առկա են մի շարք նամակագրություններ առանձին անձանց հետ և խմբի կազմում, որոնք ամբողջ բովանդակությամբ լուսապատճենահանվել են ու կցվել տվյալ արձանագրությանը․ առանձին նամակագրություն է ունեցել ********** բջջային համարի «**********» անվամբ, «**********» անվամբ և «**********» անվամբ գրանցված օգտատերերի հետ: Նամակագրություններ է ունեցել խմբի կազմում, որի մեջ ներառված են եղել վերոգրյալ օգտատերերը: Առաջին նամակագրությունը ունեցել է «**********»  անվամբ օգտատիրոջ հետ, որի մեջ առկա են մի շարք թմրամիջոցների լուսանկարներ և ձայնային հաղորդագրություններ՝ մասնավորապես քննության համար նշանակալից է «Նանսեն հասցեի 90 տոկոսը չկա հիմա ես հելնեմ հավաքեմ մի հատ տենամ ինչա դառնում գամ նստեմ հաշվենք սաղ» արտահայտությունները։ Նամակագրություններ առկա են **********, ********** բջջային հեռախոսահամարների հետ: Նույն արձանագրության համաձայն՝ «**********» տելեգրամյան ալիքի օգտատիրոջ կողմից Էդգար Սարգսյանի տելեգրամյան ալիքին ուղարկվել են հետևյալ բովանդակությամբ նամակագրություններ․ «Mekel es?, mekel jam@ 9i hamaren uzel 2g, eti asec kejam shut kasm petqa te che, inchova mekel?, Lucku tup, folga?, axpers xot ka? 1g?», ինչին ի պատասխան Էդգար Սարգսյանը գրել է՝ «Folfa, folfa skoch», որին ի պատասխան «**********» էջի օգտատերը պատասխանել է «Okey, 1g xot ka hima?», ինչին ի պատասխան Էդգար Սարգսյանը պատասխանել է «ha vonc che»: Հաջորդ նամակում առկա է լուսանկար, որի վրա գրված են կոորդինատներ: Էդ․Սարգսյանի կողմից ուղարկվել է հետևյալ նամակը՝ «Xot ka spotak chka om mot el», որին ի պատասխան «**********» էջի օգտատերը պատասխանել է «Spitak el chka?», որին ի պատասխան Էդ․Սարգսյանը գրել է «im mot che»: Այնուհետև «**********» օգտատիրոջ կողմից ուղարկվել է հետևյալ հաղորդագրությունը՝ «Gerain ka zagaj arac?», իսկ Էդ․Սարգսյանը պատասխանել է «che anem te petqa», «**********»-ը պատասխանել է «ete chka mi hat 1 sarqi 2 hatel 0.5, es gerain uzoxner@ lom uzoxneren erevum, Dus@ asuma 60.000 ardzern ten ban ka?, ete ka mer mot vori lav kcaxvi es gnerov», Էդ․Սարգսյանը պատասխանել է «35 em lsel es», «**********»-ը պատասխանել է «Tuyna», Էդ․Սարգսյանը պատասխանել է ուղարկելով նկար և գրառում, որտեղ գրված է, որ «heros sea meja», նշված լուսանկարում առկա է ծխախոտի տուփ` «Winston» գրառմամբ: Լուսանկարներում առկա են նույնաբովանդակ հաղորդագրություններ և թմրանյութի լուսանկարներ: 8․1․Էդ․Սարգսյանի անձնական խուզարկության արձանագրության համաձայն՝ վերջինի մոտ հայտնաբերվել են թվով 2 հատ կարմիր ժապավենով փաթեթավորված փաթեթներ, որոնց մեջ առկա էր մուգ շագանակագույն զանգված։ 8․2․ 2024 թվականի ապրիլի 12-ին նախաքննության մարմինը, հիմք ընդունելով Էդգար Սարգսյանի հագին եղած սպորտային վերարկուի ձախ գրպանից կարմիր ժապավենով փաթեթավորված երկու փաթեթներում ընդհանուր 0,69 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման հանգամանքը, որոշում է կայացրել նշված դրվագն առանձին քրեական վարույթով անջատելու մասին։ 9. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով արձանագրել է հետևյալը․ «(...) Մեղադրյալ Էդգար Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, համաձայն չէ արարքի իրավաբանական որակման հետ, քանի որ ինքը թմրամիջոց իրացնող չէ: Ցուցմունք տվեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին, ստույգ չի հիշում, «Տելեգրամ» հավելվածի միջոցով ցանկացել է ձեռք բերել թմրամիջոց, որի դիմաց վճարում է կատարել և իրեն ուղարկել են թմրամիջոցի տեղակայումը պատկերված լուսանկարը: Գնալով այդ հասցե չի գտել թմրամիջոցը, որից հետո գրել է նշված տելեգրամյան էջին, սակայն այդ էջը իրեն սև ցուցակ էր քցել: Այնուհետև տելեգրամյան հարթակում գրել է, որ իրեն խաբել են և գումարը փոխանցելուց հետո թմրամիջոցը չի ստացել: Քիչ անց տելեգրամյան մեկ այլ օգտատեր՝ իրեն ուղարկել է լուսանկար՝ նշելով, որ կարող է գնալ վերցնել և ուրախ Նոր տարի դիմավորել: Ինքը գնալով այդ հասցե, ձեռք է բերել թմրամիջոց: Դրանից հետո սկսել է շփվել այդ օգտատիրոջ հետ, ով իրեն ասել է, որ մեկ այլ օգտատեր կապ կհաստատի նրա հետ և որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց նրան կտրամադրի թմրամիջոց: Որոշ ժամանակ անց իր հետ կապ է հաստատում «**********» օգտատերը, ով ասել է, որ իրեն անհրաժեշտ է իր անձնագիրը, որպեսզի հասցե ասի և ինքը գնա ու այդտեղից մեծ քանակությամբ թմրամիջոց վերցնի ու այն փոխանցի նրա հայտնած մարդուն: Ինքը համաձայնվել է ու իր անձնագրի գտնվելու վայրը լուսանկարով ուղարկել է «**********» օգտատիրոջը, ով իր հերթին ուղարկել է կոորդինատներ, որտեղից գնացել և վերցրել է 1-ական կգ «հերոին», «մեթամֆետամին» և «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց: Դրանից հետո Գարո անունով անձնավորությունը եկել է ու իր մոտից վերցրել նշված խմբաքանակի գերակշիռ մասը, իսկ մյուս մասը թողել է իր մոտ՝ հետագայում դրանք տարբեր վայրերում տեղադրելու նպատակով: Այդ ժամանակ Գարոն վերադարձրել է իր անձնագիրը: Նշեց, որ «**********» օգտատերն իրեն հաղորդագրություններ է ուղարկել թե որ թմրամիջոցը ինչպես պետք է փաթեթավորել, սակայն ինքը երբեք թմրամիջոց չի տեղադրել: «Պանդա 420» օգտատիրոջը ուղարկել է լուսանկարներ, սակայն դրանք զուտ նրա աչքի համար է եղել, ինքը երբեք թմրամիջոց չի տեղադրել: Հայտնեց, որ ինքը թմրամիջոց իրացնող չէ, նախաքննության սկզբնական փուլում իրեն մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածով, իսկ հետագայում այն վերավորակվել է նույն օրենսգրքի 393-րդ հոդվածով, ինչի հիմքը քննիչը իրեն պարզաբանել է, որ արարքի իրավաբանական որակումը փոխվել է, քանի որ իր օրգանիզում հերոին տեսակի թմրամիջոցի քանակը քիչ է եղել: Հավելեց, որ դեպքի ժամանակ իր մոտից հայտնաբերված թմրամիջոցը այն թմրամիջոցն է եղել, որը ձեռք է բերել «**********» օգտատիրոջ միջոցով, որոնք իբրև պետք է ինքը իրացներ, սակայն դրանք չի իրացրել, պարզապես փաթեթավորել է և լուսանկարն ուղարկվել է իրեն: Բացի այդ, «**********» օգտատերն իրեն ասել է, որ ինչքան ցանկանում է կարող է օգտագործել նշված թմրամիջոցներից: Թմրամիջոցներ օգտագործել է շուրջ մեկ ամիս, հիմնականում «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ «հերոին» տեսակի թմրամիջոց օգտագործել է ընդամենը մեկ անգամ՝ իրեն բռնելու օրը (…): (...) Էդգար Սարգսյանին՝ ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվել Էդգար Սարգսյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված հետևյալ փաստական հանգամանքները՝ «(...) ինքնությունը դեռևս չպարզված «Տելեգրամ» հավելվածի «**********» կայքէջի օգտատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով, այն է. նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու նպատակով (...)», այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող «իրացնելու» նպատակը: Հետևապես, դատարանը հերքված է համարում մեղադրանքի հիմքում դրված, այդ փաստական հանգամանքների առկայությունը: Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով այն, որ հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվում են Էդգար Սարգսյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված մյուս փաստական հանգամանքները, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Էդգար Սարգսյանին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը ենթակա է փոփոխման ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով: (...) Հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցների բովանդակությունից (...) հետևում է, որ մեղադրյալ Էդ.Սարգսյանին ներկայացված մեղադրանքի հիմքում ընկած հետևյալ փաստական հանգամանքները՝ «(...) ինքնությունը դեռևս չպարզված «Տելեգրամ» հավելվածի «**********» կայքէջի օգտատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով, այն է. նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու նպատակով (...)», վարույթի հանրային մասնակիցը փորձել է հիմնավորել մեղադրյալի և «Տելեգրամ» հավելվածում առկա «**********» օգտատիրոջ միջև տեղի ունեցած խոսակցությունների բովանդակությամբ: Մինչդեռ, դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթում առկա նամակագրության բովանդակությունը չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ Էդգար Սարգսյանին ներկայացված մեղադրանքի հիմքում ընկած վերը մեջբերված հանգամանքը հիմնավոր է, քանի որ քրեական գործում առկա չէ որևէ այլ փաստական տվյալ, որի հաշվառմամբ անաչառ դիտորդը հնարավորություն կունենար հիմնավոր կերպով եզրահանգելու, որ Էդ.Սարգսյանը կատարել է այն արարքը, որն իրեն մեղսագրվում է: Նշվածն արձանագրելիս դատարանը հիմք է ընդունում նաև քրեական վարույթի նյութերում առկա այլ փաստական տվյալներ, մասնավորապես՝ դատաքիմիական փորձաքննության թիվ 012 եզրակացության համաձայն՝ 03.02.2024թ. Էդգար Կարենի Սարգսյանի մեզի փորձանմուշում հայտնաբերվել են կաննաբինոիդների և ափիոնի խմբերի թմրամիջոցների թմրալկալոիդները, ֆենիլալկիլամինների խմբի ամֆետամին, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների մետաբոլիտները, ինչից կարելի է հանգել հետևության, որ Էդ.Սարգսյանը թմրամիջոց օգտագործող է և վերջինս օգտագործել է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այսինքն, այդ հանգամանքի առկայության պայմաններում հնարավոր չէ միանշանակ արձանագրել, որ դեպքի օրը Էդգար Սարգսյանի մոտից հայտնաբերված թմրամիջոցը վերջինս խմբի կազմում, շահույթ ստանալու նպատակով ցանկացել է իրացնել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Էդ.Սարգսյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է քրեական օրենսգրքով արգելված նյութ պարունակող ոչ թե մի քանի փաթեթ, այլ ընդամենը մեկ փաթեթ, ու այդ հանգամանքի հաշվառմամբ դատարանը չի կարող բացառել նաև մեղադրյալի հայտնած այն տեղեկության իսկությունը, որ այն նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար ու վերջինս այն իրացնելու նպատակ չի ունեցել: Հաշվի առնելով վերոնշյալը, դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հնարավոր չէ հաստատված համարել, որ մեղադրյալ Էդգար Սարգսյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի տարրերը, ուստի հանրային մեղադրողի հետևությունները՝ Էդգար Սարգսյանին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ, հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջության վրա»: 10. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը վերլուծելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև դրանց ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, Էդ.Սարգսյանի մեղավորության մասին չփարատված կասկածները մեկնաբանելով նրա օգտին, եկել է իրավաչափ հետևության, որ չի հաստատվել Էդ.Սարգսյանին մեղսագրված արարքի կատարումը վերջինիս կողմից: (…) Դատարանի հետևություններն այն մասին, որ քրեական գործում առկա ապացույցների զանգվածով՝ մեղադրյալի կողմից ապօրինի ձեռք բերված թմրանյութն իրացնելու նպատակը չի հիմնավորվել, իրավաչափ է և ընդունելի Վերաքննիչ դատարանի համար։ Հանրային մեղադրողի պնդումները հակառակի մասին հիմնավոր չեն: Հանրային մեղադրողի պնդումն այն մասին, թե մեղադրյալի կողմից թմրանյութն իրացնելու նպատակի առկայությունը հիմնավորվել է մեղադրյալի՝ «**********», «**********» և «**********» անվամբ գրանցված օգտատերերի, ինչպես նաև «Տելեգրամ» հավելվածում առկա «**********» օգտատիրոջ միջև տեղի ունեցած խոսակցությունների բովանդակությամբ, ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար: Եթե անգամ ընդունենք, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում մեղադրյալը ունեցել է որոշակի հեռախոսային խոսակցություններ վերը նշված անուններով գրանցված օգտատերերի հետ՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, դրանից միանշանակ չի կարելի եզրահանգել, որ դեպքի օրը մեղադրյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերված մեկ փաթեթ թմրամիջոցը ձեռք է բերվել իրացման նպատակով, այն դեպքում, երբ գործով հաստատվել է, որ մեղադրյալը նույնպես թմամիջոց օգտագործող է, նրանից ստացված մեզի փորձանմուշում հայտնաբերվել են մի քանի տեսակի թմրամիջոցների հետքեր: Դատարանը նաև շեշտադրել է, որ Էդ.Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոչ թե մի քանի, այլ մեկ փաթեթ, որի մեջ առկա է եղել թմրամիջոց: Վերջինս հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել անձնական օգտագործման համար: Իսկ դատախազի պնդումն այն մասին, թե հայտնաբերված փաթեթը եղել է կարմիր կպչուն ժապավենով, ինչից կարող ենք եզրակացնել, որ թմրամիջոցը եղել է իրացնելու համար նախատեսված փաթեթավորմամբ, անհիմն է: Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, որ Էդգար Սարգսյանն իր ցուցմունքներով չի հերքել իր՝ թմրանյութ իրացնելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն պնդումը չի բխում գործի նյութերից: Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատախազի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ վիճարկվող դատավճիռը պետք է թողնել անփոփոխ: Դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, այսինքն բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Էդ.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 12․ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ենթակա են պատշաճ ստուգման՝ ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից: 2. Քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ (…)»։ 13. Ապացույցների գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով։ Ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ՝ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա։ Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես ապացույցների բավարարության շրջանակներում անդրադառնալով ապացույցի արժանահավատության հատկանիշին՝ Վճռաբեկ դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ. «(…) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները. ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա), բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն), (…)։ Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։ (…) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…)։ (…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած» : 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Նախաքննության մարմինը Էդ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ նա, շահադիտական դրդումներով, խմբի կազմում նախնական համաձայնությամբ ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրամիջոց, մասնավորապես, ինքնությունը դեռևս չպարզված «Տելեգրամ» հավելվածի «**********» օգտատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի թմրամիջոց իրացնելու և դրանից շահույթ ստանալու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել և տեղափոխել խոշոր չափերի՝ ընդհանուր 0,69 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը 2024 թվականի հունվարի 31-ին կատարված անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ - Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով արձանագրել է, որ դատաքննությամբ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվել մեղադրանքի հիմքում դրված այն փաստական հանգամանքը, ըստ որի՝ Էդ. Սարգսյանը գործել է խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և թմրամիջոցն ապօրինի իրացնելու նպատակով։ Միաժամանակ նշվել է, որ քրեական վարույթում առկա՝ «Տելեգրամ» հավելվածի նամակագրության բովանդակությունը, ինչպես նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցները բավարար չեն եղել հաստատելու, որ մեղադրյալը թմրամիջոցը ձեռք է բերել և պահել իրացնելու նպատակով, իսկ առկա փաստական տվյալները, այդ թվում՝ դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը և մեղադրյալի մոտ մեկ փաթեթ թմրամիջոցի հայտնաբերման հանգամանքը, չեն բացառել այն վարկածը, որ այն նախատեսված է եղել անձնական օգտագործման համար։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Էդ.Սարգսյանի գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, սակայն փաստացի պարունակում են նույն օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ - Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ Էդ.Սարգսյանի կողմից թմրամիջոցն իրացնելու նպատակը չհաստատվելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ և հիմնավոր են, իսկ մեղադրյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից նույն օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ դատարանի իրավական գնահատականը համապատասխանում է գործով հաստատված փաստական հանգամանքներին։ 15. Վճռաբեկ դատարանը, նախորդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել Էդգար Սարգսյանին պատկանող բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկության արձանագրության և դրան կից ներկայացված լուսանկարչական հավելվածների բովանդակությունը, դրանք չեն գնահատել վարույթում առկա այլ ապացույցների ամբողջության և համակցության մեջ։ Այսպես՝ Էդգար Սարգսյանին պատկանող բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկության արձանագրության համաձայն՝ Էդգար Սարգսյանի բջջային հեռախոսում առկա «Telegram» հավելվածում հայտնաբերվել են մի շարք նամակագրություններ՝ ինչպես առանձին օգտատերերի հետ, այնպես էլ խմբի կազմում։ Մասնավորապես, արձանագրվել են «**********», «**********», «**********» և «**********» անվամբ օգտատերերի հետ նամակագրություններ, թմրամիջոցների լուսանկարներ և ձայնային հաղորդագրություններ։ «**********» անվամբ օգտատիրոջ հետ նամակագրությունում, ի թիվս այլնի, արձանագրվել է հետևյալ հաղորդագրությունը՝ «Նանսեն հասցեի 90 տոկոսը չկա հիմա ես հելնեմ հավաքեմ մի հատ տենամ ինչա դառնում գամ նստեմ հաշվենք սաղ»։ Միևնույն ժամանակ, թվային խուզարկության արձանագրության և դրան կից ներկայացված լուսանկարչական հավելվածների բովանդակությամբ արձանագրվել են Էդգար Սարգսյանի և «**********» անվամբ օգտատիրոջ միջև այլ նամակագրություններ, որոնցում քննարկվել են տարբեր նյութերի առկայությունը, դրանց քանակները, արժեքները, փաթեթավորման եղանակները և գտնվելու վայրերը։ Մասնավորապես, «**********» օգտատիրոջ՝ «Mekel es?, mekel jam@ 9i hamaren uzel 2g» բովանդակությամբ հաղորդագրությունից հետևում է, որ խոսքը վերաբերել է նաև մեկ այլ անձի կողմից որոշակի քանակով նյութ պահանջելուն։ Նույն նամակագրության շրջանակներում քննարկվել են «1g», «2g», «0.5» քանակները, «folga», «skoch» փաթեթավորման միջոցները, ինչպես նաև տվյալ պահին նյութի առկայության հարցերը՝ «xot ka? 1g?», «1g xot ka hima?» արտահայտություններով։ Ուշագրավ է նաև «es gerain uzoxner@ lom uzoxneren erevum, Dus@ asuma 60.000 ardzern ten ban ka?, ete ka mer mot (…) lav kcaxvi es gnerov» բովանդակությամբ հաղորդագրությունը, որի շրջանակներում քննարկվում են որոշակի նյութի նկատմամբ պահանջարկին, դրա՝ տվյալ պահին առկայությանը և արժեքին առնչվող հարցեր։ Այնուհետև հաջորդել է Էդգար Սարգսյանի՝ «35 em lsel es» պատասխանը, այնուհետև՝ ծխախոտի տուփի լուսանկարի և դրանում նյութի առկայության վերաբերյալ գրառումը։ Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ արձանագրված հաղորդակցության բովանդակությունը չի սահմանափակվել որոշակի նյութերի վերաբերյալ ընդհանուր բնույթի խոսակցություններով, այլ ներառել է երրորդ անձանց պահանջարկի, որոշակի նյութերի քանակների, դրանց առկայության, պատրաստման և փաթեթավորման, արժեքների ու գտնվելու վայրի վերաբերյալ միմյանց հետ փոխկապակցված հաղորդագրություններ, որոնք ուղեկցվել են համապատասխան լուսանկարների և աշխարհագրական տվյալների փոխանակմամբ։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված երկու արձանագրություններով ամրագրված տեղեկությունները, անկախ դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն ապացուցողական նշանակությունից, ենթակա էին բովանդակային վերլուծության և փոխադարձ համադրման, ինչպես նաև գնահատման վարույթում առկա մյուս ապացույցների համակցության մեջ։ 16. Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով «**********» անվամբ օգտատիրոջ հետ նամակագրությանը, սահմանափակվել է այն եզրահանգմամբ, որ դրա բովանդակությունը բավարար չէ Էդգար Սարգսյանին վերագրված իրացման նպատակը հաստատելու համար։ Վերաքննիչ դատարանն իր հերթին նշել է, որ նույնիսկ եթե ընդունվի, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Էդգար Սարգսյանն այլ օգտատերերի հետ ունեցել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված խոսակցություններ, դրանից միանշանակ չի հետևում, որ դեպքի օրը նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցը ձեռք է բերվել իրացման նպատակով։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն վերլուծել թվային խուզարկության արձանագրությունում և կից ներկայացված լուսանկարչական հավելվածներում արտացոլված հաղորդագրությունների ամբողջական բովանդակությունը, չեն պարզաբանել դրանցում օգտագործված պայմանական արտահայտությունների նշանակությունը և չեն գնահատել այդ հաղորդագրություններում քննարկվող՝ նյութերի քանակների, արժեքների, փաթեթավորման միջոցների, ուղարկված լուսանկարների ու աշխարհագրական կոորդինատների հնարավոր փոխկապակցվածությունը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված փաստական տվյալների բովանդակությունը չէր կարող անտեսվել և ենթակա էր պատշաճ գնահատման վարույթում առկա մյուս ապացույցների համակցության մեջ՝ պարզելու համար դրանց նշանակությունը՝ Էդգար Սարգսյանին վերագրվող՝ թմրամիջոցների իրացման նպատակի առկայության կամ բացակայության հարցում։ 17. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, որպես Էդգար Սարգսյանի կողմից թմրամիջոցն անձնական օգտագործման նպատակով ձեռք բերելու վարկածը չբացառող հանգամանք, հիմք են ընդունել այն, որ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոչ թե մի քանի, այլ մեկ փաթեթ թմրամիջոց։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «Էդ.Սարգսյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է քրեական օրենսգրքով արգելված նյութ պարունակող ոչ թե մի քանի փաթեթ, այլ ընդամենը մեկ փաթեթ, ու այդ հանգամանքի հաշվառմամբ դատարանը չի կարող բացառել նաև մեղադրյալի հայտնած այն տեղեկության իսկությունը, որ այն նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար ու վերջինս այն իրացնելու նպատակ չի ունեցել», ինչը վկայակոչվել է նաև Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Մինչդեռ անձնական խուզարկության արձանագրության համաձայն՝ Էդգար Սարգսյանի մոտ հայտնաբերվել են «թվով 2 հատ կարմիր ժապավենով փաթեթավորված փաթեթներ, որոնց մեջ առկա էր մուգ շագանակագույն զանգված»։ Բացի այդ, վարույթի նյութերից երևում է, որ 2024 թվականի ապրիլի 12-ին նախաքննության մարմինը, հիմք ընդունելով Էդգար Սարգսյանի հագին եղած սպորտային վերարկուի ձախ գրպանից կարմիր ժապավենով փաթեթավորված երկու փաթեթներում ընդհանուր 0,69 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման փաստական հանգամանքը, որոշում է կայացրել նշված դրվագն առանձին քրեական վարույթով անջատելու մասին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն Էդգար Սարգսյանի մոտ թմրամիջոցն իրացնելու նպատակի առկայությունը գնահատելիս, արձանագրելով, որ անձնական խուզարկությամբ ոչ թե մի քանի, այլ մեկ փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել, պատշաճ գնահատման չեն ենթարկել վարույթում առկա՝ նշված հետևությանը հակասող՝ նախորդ պարբերությամբ վկայակոչված փաստական տվյալներն առ այն, որ նշված թմրամիջոցը հայտնաբերվել է երկու առանձին փաթեթներում։ Հատկանշական է նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Էդգար Սարգսյանի՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքում նշված հանգամանքն առ այն, որ «**********» օգտատիրոջ ցուցումով վերցրել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից հետո «Գարո» անունով անձը եկել և իր մոտից վերցրել է նշված խմբաքանակի գերակշիռ մասը, իսկ մյուս մասը թողել է իր մոտ՝ հետագայում դրանք տարբեր վայրերում տեղադրելու նպատակով։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Մարտիկ Բոլյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ թմրամիջոցի՝ հատուցմամբ կամ անհատույց մեկ այլ անձի հանձնումը կամ փոխանցումը դրա ապօրինի իրացում է՝ անկախ փոխանցման եղանակից։ Հետևաբար, «Գարո» անունով անձին՝ «**********» կայքէջի օգտատիրոջ ցուցումով թմրամիջոցների գերակշիռ մասը փոխանցելու վերաբերյալ տվյալը ևս առերևույթ վկայում էր մեղադրանքի ծավալից բխող՝ թմրամիջոցների ապօրինի իրացման փաստի մասին և ենթակա էր համարժեք իրավական գնահատման։ Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական տվյալները վկայում են Էդգար Սարգսյանի մոտ թմրամիջոցն իրացնելու նպատակի առկայության մասին, ուստի դրանք ենթակա էին պատշաճ գնահատման գործում առկա մյուս ապացույցների համակցության մեջ։ Մասնավորապես, ստորադաս դատարանները պետք է նշված տվյալները համադրեին Էդգար Սարգսյանին պատկանող բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկության արդյունքների, այդ թվում՝ դրանցում արտացոլված նամակագրությունների բովանդակության հետ և այդ համակցության գնահատման արդյունքում հանգեին համապատասխան պատճառաբանված հետևության։ 18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Էդգար Սարգսյանի մոտ թմրամիջոցն իրացնելու նպատակի բացակայության վերաբերյալ հետևության հանգելիս, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել վարույթում առկա ապացույցների համակցությունը։ Մասնավորապես, թվային խուզարկության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները չեն վերլուծվել ամբողջական բովանդակությամբ և չեն գնահատվել ինչպես միմյանց, այնպես էլ վարույթում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ։ Միաժամանակ, ստորադաս դատարանները, իրենց եզրահանգումների հիմքում դնելով նաև Էդգար Սարգսյանի անձնական խուզարկությամբ մեկ փաթեթ թմրամիջոց հայտնաբերված լինելու հանգամանքը, որևէ անդրադարձ չեն կատարել վարույթի նյութերում առկա՝ երկու փաթեթի վերաբերյալ փաստական տվյալներին և չեն պարզաբանել դրանց միջև առկա հակասությունը։ Նման պայմաններում ստորադաս դատարանների հետևությունը՝ Էդգար Սարգսյանի մոտ թմրամիջոցն իրացնելու նպատակի բացակայության վերաբերյալ, չի կարող համարվել գործում առկա ապացույցների փոխկապակցված գնահատման արդյունք, հետևաբար նաև բավարար չափով հիմնավորված և փաստարկված։ 19․ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդգար Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: 20. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Էդգար Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ հետևության հանգելիս, պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել վարույթում առկա ապացույցների համակցությունը, առանձին ապացույցներ գնահատել են հատվածաբար և մեկուսի՝ չհամադրելով դրանք միմյանց և վարույթում առկա մյուս փաստական տվյալների հետ, իսկ դրանց միջև առկա հակասությունները չեն պարզաբանել, արդյունքում թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու համար: Միևնույն ժամանակ, ելնելով արձանագրված խախտումների բնույթից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից վարույթն Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու պարագայում։ Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ապացույցների պատշաճ գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության։ 21․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Էդգար Սարգսյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, պետք է թողնել անփոփոխ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Մեղադրյալ Էդգար Կարենի Սարգսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։ 2․ Մեղադրյալ Էդգար Կարենի Սարգսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ