Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0172/09/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0172/09/22
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 20.10.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
2 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0172/09/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա․Պողոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա․Մնացականյան
2026 թվականի հոկտեմբերի 20-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի հունվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե են ուղարկվել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու առերևույթ դեպքի վերաբերյալ ************* *************** *************** հաղորդումը և կից փաստաթղթերը։
Վերոհիշյալ հաղորդման հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62251522 քրեական վարույթը:
2․ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին նախաքննության մարմնի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ներկայացվել են միջնորդություններ՝ ********** ************** նկատմամբ 2 (երկու) ամիս ժամանակով «կաշառք տալու նմանակում», «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կայացված որոշումներով նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունները բավարարվել են և թույլատրվել է վերոնշյալ գաղտնի քննչական գործողություններն իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում:
3․ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը մերժվել է։
4․ Վերոնշյալ դատական ակտի դեմ հսկող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 3-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
6. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6․1․ Անդրադառնալով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջնորդության դեպքում ստացված արդյունքը դատարան ներկայացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների փաստարկներին՝ բողոքաբերը նշել է, որ քրեադատավարական օրենքով սահմանված այն պահանջը, որ համապատասխան գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ստացված արդյունքը, չի նշանակում, որ միջնորդությանը պետք է կցված լինեն մեկանգամյա գաղտնի քննչական գործողության ընթացքի և արդյունքների մասին արձանագրությունները։
Ըստ բողոքաբերի՝ նման դեպքերում բավարար է համապատասխան տեղեկատվությունն այն մասին, թե ինչ արդյունքներ են եղել նախորդող ժամանակահատվածում կատարված գաղտնի քննչական գործողությունների ընթացքում՝ նկատի ունենալով, որ հնարավոր են դեպքեր, երբ այդ գործողությունների ընթացքում որևէ արդյունք ստացված չլինի:
Բողոքաբերի պնդմամբ՝ ողջմտորեն ենթադրելի է, որ նման իրավիճակներում դատարան ներկայացված այլ գաղտնի քննչական գործողության արդյունքը կարող է բավարար հիմք հանդիսանալ ստացված տվյալների գնահատմամբ համապատասխան ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։
6․2․ Բացի այդ, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, որի համաձայն՝ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգվել չի կարող՝ բողոքաբերը նշել է, որ հիշյալ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու արգելք կամ սահմանափակում քրեադատավարական օրենքով նախատեսված չէ։
Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունը մեկանգամյա գործողություն է, և դրա արդյունքը հնարավոր է ստանալ միայն այն իրականացված լինելու պարագայում՝ բողոքի հեղինակը փաստել է, որ նման մեկնաբանման դեպքում քննարկվող գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման մասին առհասարակ խոսք լինել չի կարող, և օրենսդիրը դրա հնարավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում չպետք է նախատեսեր՝ այն իրատեսական չլինելու պատճառաբանությամբ, մինչդեռ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման արգելք քրեադատավարական օրենքով սահմանված չէ:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ձևավորված դատական պրակտիկայում «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունն ըստ էության քննության է առնվում, ինչի մասին են վկայում այլ քրեական վարույթներով քննիչի ներկայացրած համապատասխան միջնորդությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննության առնելու և բավարարելու մասին վորոշումները:
Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ թե՛ քննիչի միջնորդության բովանդակությունից և թե՛ գաղտնի քննչական գործողությունն իրականացնող հետաքննության մարմնի գրությունից ու կից փաստաթղթերից տեսանելի է, որ ************** նկատմամբ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողությունը դատարանի թույլատրած ժամկետում փաստացի չի իրականացվել, սակայն կաշառքի առարկայի փոխանցումը հնարավոր է կատարվի հետագայում, ինչով էլ քննիչը պայմանավորել է տվյալ գաղտնի քննչական գործողության ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտությունը:
Ի լրումն վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված «արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը վկայում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ******** քաղաքի ***********փողոց թիվ * հասցեում գտնվող միասնական սոցիալական ծառայության ********* տարածքային կենտրոնի վարչական շենքի մոտ ************ և ********************* հանդիպման ժամանակ վերջինիս մայրիկի թոշակը գումարի դիմաց ձևակերպելու հարցերի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում ************** ըստ էության հասկացրել է, որ գումարը փոխանցելու մասին կհայտնի լրացուցիչ։
Վերոգրյալով պայմանավորված՝ բողոքաբերը նշել է, որ անհիմն է ստորադաս դատարանների այն փաստարկը, որ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, թե այդ հանդիպումների ընթացքում ինչու չի կատարվել կաշառքի առարկան ************* հանձնելու փորձ։
7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Նախաքննության մարմնի՝ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի միջնորդությանը կից որպես դրա արդյունք, ի թիվս այլնի, Առաջին ատյանի դատարան են ներկայացվել *********** նկատմամբ մինչ այդ իրականացված «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունները կատարելու վերաբերյալ կազմված արձանագրությունները։
9․ Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժելով նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, նշել է հետևյալը․ «(...) Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացված միջնորդությամբ չի ներկայացրել գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը, որը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ մասի, հավաստվում է բացառապես տեսաձայնագրման միջոցով։ Բացի այդ, իր բնույթով պայմանավորված, կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողությունը, ըստ երևույթին, մեկ անգամ կատարման գործողություն է, և որպես այդպիսին, չի կարող երկարացվել այդ գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը:
Վերոգրյալը հաշվի առնելով, Դատարանը փաստում է, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջները, ինչը նույն հոդվածի 11-րդ մասի մեկնաբանությամբ հանդիսանում է վարույթի հարուցումը հիմնավորված մերժելու հիմք։
Ելնելով վերոգրյալից, նկատի ունենալով, որ միջնորդությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված պայմաններին, Դատարանը գտնում է, որ միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման: (…)»։
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, նշել է. «(…) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացված միջնորդությամբ չի ներկայացրել գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը, որը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ մասի, հավաստվում է բացառապես տեսաձայնագրման միջոցով: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թույլատրված «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ժամանակահատվածում *************************** և ******************** մի քանի անգամ հանդիպել են, սակայն վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել այդ հանդիպումների տեսաձայնագրությունները: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, թե այդ հանդիպումների ընթացքում ինչու տեսաձայնագրության պայմաններում չի կատարվել կաշառքի առարկան ********************** հանձնելու փորձ (եթե ******* ************** արդեն իսկ կաշառք էր պահանջել ******* ******************):
Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում է, որ իր բնույթով պայմանավորված, «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունը՝ հիմնականում մեկ անգամ կատարվող գործողություն է, սակայն հնարավոր է համարում իրավիճակներ, երբ նախորդ որոշմամբ սահմանված ժամանակահատվածում տարբեր պատճառներով հնարավոր չլինի կատարել կաշառքի առարկան հանձնելու փորձ: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երբ նախորդ որոշմամբ սահմանված ժամանակահատվածում առկա է եղել կաշառքի առարկան այն պահանջող պաշտոնատար անձին հանձնելու փորձ կատարելու իրական հնարավորություն (մասնավորապես՝ կաշառք տալու նմանակողը հանդիպում է կաշառքի պահանջող պաշտոնատար անձի հետ), ապա «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու համար քննիչի կողմից պետք է ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ կաշառքի առարկան հանձնելու փորձ կատարելու անհնարինության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, ինչը սույն դեպքում բացակայում է:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը քննիչի կողմից միջնորդությամբ ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ որպես նման գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու հիմք դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
(…) 3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը»:
Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։
(…)
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
(…)
11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
13․ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցման համար ներկայացվող պահանջներին, արձանագրել է հետևյալը․ «(…) [Վ]ճռաբեկ դատարանը գտնում է, որ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքի տեսակը կարող է կախված լինել կոնկրետ գաղտնի քննչական գործողության տեսակով պայմանավորված կիրառման առանձնահատկություններից։ Մասնավորապես՝ հնարավոր են դեպքեր, երբ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել ձեռք բերել քննության համար նշանակություն ունեցող տվյալներ, օրինակ՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում սահմանադրական իրավունքի միջամտության ենթարկված անձը չի օգտագործել բջջային հեռախոսահամարը, կամ «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության կատարման ամբողջ ընթացքում անձը բացակայել է գաղտնի քննչական գործողության կատարման վայրից և այլն։ Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով առհասարակ հնարավոր չի եղել իրականացնել գաղտնի քննչական գործողությունները, մասնավորապես՝ տեղի է ունեցել հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների խափանում, կամ առհասարակ հնարավոր չի եղել համապատասխան վայրում տեղադրել նշված միջոցները և այլն։
Ընդ որում, կախված գաղտնի քննչական գործողության կատարման առանձնահատկություններից, դրանց կատարման ժամկետի երկարաձգման միջնորդությանը կից նշված գործողությունների կատարման արդյունքները կարող են ներկայացվել ինչպես դրանք ամրագրող արձանագրությունների, այնպես էլ դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ցանկացած փաստաթղթի տեսքով։ (…)»։
14․ Վերոշարադրյալի համատեքստում, անդրադառնալով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու» նմանակում գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման օրենսդրորեն սահմանված ձևական պահանջներին՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում ընդգծել, որ այն, ի տարբերության օրենքով նախատեսված գաղտնի քննչական այլ գործողությունների՝ կատարվում է մեկանգամյա գործողությամբ։ Մասնավորապես, ի տարբերություն գաղտնի քննչական այլ գործողությունների՝ կաշառք ստանալը կամ կաշառք տալը տևող գործողություն չէ (դրա կատարումը չի ենթադրում որոշակի ժամանակահատվածում այն կատարող մարմնի կողմից ակտիվ գործողությունների իրականացում), այլ կատարվում է եզակի գործողությամբ, և դրա արդյունքում ստացված տվյալներն արդեն իսկ բացառում են հետագայում այն կրկին կատարելու շարունակական փորձերը։ Այսպես՝ վերոնշյալ գաղտնի քննչական գործողության իրականացման կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու» նմանակում գաղտնի քննչական գործողության ընթացքը և արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով, որից հետևում է, որ այն իրականացնելու արդյունքում կա՛մ ստացվում է դրական արդյունք՝ կաշառքի առարկան ստանալու կամ տալու պահն արձանագրելու միջոցով, կա՛մ բացասական արդյունք, երբ, օրինակ՝ կատարվող գաղտնի քննչական գործողության արդյունքում պաշտոնատար անձը, ով ընդունել էր կաշառք ստանալու առաջարկը, հրաժարվում է կաշառքի առարկան վերցնելուց։
Դրա հետ մեկտեղ, հնարավոր են իրավիճակներ, երբ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ առաջանում է հիշյալ գաղտնի քննչական գործողության կատարումը դատարանի սահմանած ժամանակահատվածում իրականացնելու անհնարինություն (օրինակ՝ պաշտոնատար անձի նախաձեռնությամբ փոխվում է կաշառքի առարկան ստանալու ժամանակը), որի ամրագրումը հավաստող նյութի առկայությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված, մասնավորապես կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողության պարագայում, պահպանված գնահատելու համար։
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով նաև դատարանի թույլտվությամբ իրականացնվող գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմին՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այդ առումով գնահատման առարկա պետք է դառնա նաև մինչ այդ իրականացված գաղտնի քննչական գործողությունների ընթացքում ստացված արդյունքները, որը, կախված գաղտնի քննչական կոնկրետ գործողության առանձնահատկություններից, կարող է դատարան ներկայացվել ինչպես այն ամրագրող արձանագրության, այնպես էլ համապատասխան գաղտնի քննչական գործողության ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթերի տեսքով։
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Նախաքննության մարմնի՝ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի միջնորդությանը՝ որպես դրա արդյունք, ի թիվս այլնի, ներկայացվել է ************* նկատմամբ մինչ այդ իրականացված «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունները կատարելու վերաբերյալ կազմված արձանագրությունները,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է նախաքննության մարմնի՝ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը՝ պատճառաբանելով, որ այն չի դասվում երկարաձգման ենթակա գաղտնի քննչական գործողությունների շարքին, ինչպես նաև ներկայացված միջնորդությանը չի կցվել գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանը կից չի ներկայացրել «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ, իր բնույթով պայմանավորված, «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունը հիմնականում մեկ անգամ կատարվող գործողություն է, սակայն հնարավոր են իրավիճակներ, երբ նախորդ որոշմամբ սահմանված ժամանակահատվածում տարբեր պատճառներով հնարավոր չլինի կատարել կաշառքի առարկան հանձնելու փորձը։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ հիշյալ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, մասնավորապես՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի առկայության մասով, դատական վարույթի հարուցման փուլում կրում են ֆորմալ բնույթ։
Տվյալ դեպքում, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց պատճառաբանություններում, չհարուցված դատական վարույթի պայմաններում, ըստ էության անդրադարձել են միջնորդությամբ ներկայացված գաղտնի քննչական գործողության արդյունքին և դրա վերաբերյալ փաստացի կատարել են բովանդակային վերլուծություն, ինչը, սակայն, կարող էր իրականացվել միայն հարուցված վարույթի շրջանակում:
17. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու փուլում բովանդակային վերլուծության ենթարկելով մինչ այդ իրականացված գաղտնի քննչական գործողության արդյունքը, չեն պահպանել դատավարական տվյալ փուլի շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն և հակասում են սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին։
18․ Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է վիճարկվող դատական ակտը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու համար։ Միաժամանակ, 2026 թվականի սեպտեմբերի 4-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Գ․Հայրապետյանի գրությունը, որի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին թիվ 62251522 քրեական վարույթը կարճվել է, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին այն կորցրել է իր իրավական նշանակությունը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/0172/09/22 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 3-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
