Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0078/15/26
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0078/15/26
- Դիմող / մեղադրյալ
- Սարգիս Մարգարյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 20.10.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
8 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0078/15/26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ս․Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ժ․Մելիքսեթյան
2026 թվականի հոկտեմբերի 20-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2025 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում չորս դրվագով՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և չորս դրվագով՝ նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62314025 քրեական վարույթը։
2․ 2026 թվականի մայիսի 27-ին Սարգիս Պողոսի Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
3․ 2026 թվականի հունիսի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Ա․Գևորգյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) որոշում է կայացրել Ս․Մարգարյանի գույքն արգելադրելու մասին, և հաջորդ օրը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն։
4․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2026 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Քննիչի վերը նշված միջնորդությունը մերժվել է, իսկ գույքն արգելադրելու մասին 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը՝ վերացվել։
5․ Վերաքննիչ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Մ․Սաֆարյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում 2026 թվականի հուլիսի 27-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 23-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
6․ Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7․ Բողոքաբերի պնդմամբ՝ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ գույքի արգելադրման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության համար։
7․1․ Բողոքաբերի գնահատմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված լինելու փաստն ինքնին չի կարող բացառել նախաքննության ընթացքում սեփականության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ գույքի արգելադրման վերաբերյալ որոշումը ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, ինչն ինքնին ենթադրում է, որ դատարանն իր այս գործառույթի իրականացման շրջանակներում պետք է գնահատման ենթարկի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը դրա կայացման պահի դրությամբ:
8․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9․ 2026 թվականի հունիսի 4-ին Քննիչը կայացրել է Ս․Մարգարյանի անշարժ գույքն արգելադրելու մասին որոշում, դրա հիման վրա անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում իրականացվել է համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման պետական գրանցում, և հաջորդ օրը նշված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան։
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 23-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը, չանդրադառնալով միջնորդության մեջ նշված հիմքերին և դրանց իրավաչափության պայմաններին, հարկ է համարում արձանագրել մի կարևոր փաստ, որի առկայության պայմաններում սույն միջնորդությունը պետք է մերժել․ մասնավորապես, «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2026 թվականի հունիսի 15-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել թիվ 62273326 քրեական վարույթը, որը մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին, այսինքն՝ տվյալ վարույթով նախաքննությունից անցում է կատարվել դատական քննության փուլ, ուստի Դատարանի համար անհասկանալի է սույն միջնորդության ներկայացումը, քանի որ գույքի արգելադրումը կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց է համարվում, իսկ սույն դեպքում այն իր նպատակին ծառայել չի կարող։
Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացված նյութերը բավարար չեն անձի սեփականության իրավունքի սահմանափակման, ինչպես նաև Դատարանի կողմից դրա իրավաչափության գնահատման համար։
Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ 2026 թվականի հունիսի 4-ի՝ գույքն արգելադրելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, իսկ գույքի արգելադրման որոշումը՝ վերացման։ (…)»։
11. Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի միջնորդության մերժման հիմքում դրված հետևությունները հիմնավորված են և բխում են ինչպես ներկայացված նյութերի համակցությունից, այնպես էլ օրենսդրական պահանջներից:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայացված միջնորդության և դրան կից նյութերի համակողմանի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում հետևյալը. թեև քննիչի կողմից գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է մինչդատական վարույթի շրջանակներում և այդ փուլում գործող դատավարական կարգավորումների պահպանմամբ, սակայն, այնուամենայնիվ, «Datalex» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թիվ 62273326 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սարգիս Պողոսի Մարգարյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2026 թվականի հունիսի 15-ին արդեն իսկ ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, և հաջորդ օրը թիվ ՀԿԴ/0163/01/26 համարի ներքո մակագրվել նույն դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանին։ Այսինքն՝ սույն միջնորդության քննության և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ արդեն իսկ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, վերը նշված քրեական գործն ուղարկված է եղել Առաջին ատյանի դատարան և գտնվել է նախնական դատալսումների փուլում, որպիսի հանգամանքն առարկայազուրկ է դարձնում Քննիչի կողմից ներկայացված` գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նման պայմաններում գույքի արգելադրման հետ կապված հարցերը ենթակա են քննարկման թիվ ՀԿԴ/0163/01/26 քրեական գործով նախնական դատալսումների ընթացքում:
Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ «(...) Ի տարբերություն, օրինակ, անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հարցի, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որպես նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարց չի նախատեսում գույքի արգելադրման քննարկումը, որպիսի պայմաններում առկա չէ նաև վարույթն իրականացնող դատարանի և գույքի արգելադրման իրավաչափությունը գնահատող դատարանի դիրքորոշումների տարբերության ռիսկ: (...)», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ նախնական դատալսումների ընթացքում սահմանված հաջորդականությամբ դատարանը, ի թիվս այլնի, քննարկման առարկա է դարձնում նաև գույքային պատասխանող ճանաչելու հարցը և այդ հարցի քննության շրջանակներում մեղադրանքի կողմի միջնորդությամբ քննարկման առարկա է նաև դարձվում մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու հարցը՝ կայացնելով համապատասխան որոշում, ինչի մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ, որպիսի պայմաններում Բողոքաբերի վերոգրյալ դատողությունն անհիմն է և չի բխում օրենսդրական կարգավորումներից։
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանգամանքների առկայության պարագայում Առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի ներկայացրած՝ գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու դեպքում տեղի կունենա միջամտություն գործն ըստ էության քննող դատարանի իրավասությանը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անթույլատրելի է և իրավաչափ դիտարկվել չի կարող։
Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ հիմնավորված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 23-ի «Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» որոշմամբ արտահայտված հետևությունները, Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման և թույլ չի տվել դատական սխալ, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները, որպիսի պայմաններում բացակայում են Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը, հետևաբար ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Մանե Սաֆարյանի բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ: (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները։
13․ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(…)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Borzhonov v. Russia գործով նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ անկանխատեսելի չէ։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝
«Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝
«1․ Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:
(...)
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ։ (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը:
2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝
«1․ Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը․ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում»։
Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին.
2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին։ (…)»:
15․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ։ Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն։
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի կոնվենցիոն և սահմանադրական մակարդակով ամրագրված սեփականության իրավունքի լավագույնս պաշտպանությանն է ուղղված քրեադատավարական նոր այն կարգավորումը, ըստ որի՝ գույքի արգելադրման վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն անպայմանորեն ենթակա է դատական վերահսկողության։ Վերջինս ընդգծում է անձի սեփականության իրավունքի կարևորությունը և հանդիսանում է լրացուցիչ երաշխիք կամայականությունների և իրավունքին անհարկի միջամտությունների դեմ։
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի արգելադրումը՝ անկախ հետապնդվող նպատակից և օրենսդրական հիմքից, մշտապես իրենից ներկայացնում է ինտենսիվ միջամտություն անձի սեփականության իրավունքին, ուստի դատարանի խնդիրն է յուրաքանչյուր գործով պարզել, թե որքանով է անձի իրավունքին միջամտությունը հիմնավորված, և առկա է արդյոք համաչափություն հետապնդվող իրավաչափ նպատակի և վերջինիս հասնելու համար գործադրված միջոցների միջև։
15.1. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ գույքի արգելադրումը՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումը։ Միաժամանակ օրենսդիրը, պայմանավորված վարույթի փուլով, նախատեսել է գույքի արգելադրման տարբեր կառուցակարգեր. նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա, որը եռօրյա ժամկետում պարտադիր ներկայացվում է իրավասու դատարանի հաստատմանը, իսկ դատական վարույթում գույքի արգելադրման հարցի լուծման իրավասությունը վերապահված է դատարանին։ Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նպատակը չի սահմանափակվում բացառապես նախաքննության փուլի խնդիրների լուծմամբ և, որպես կանոն, կարող է պահպանվել նաև դատական քննության ընթացքում։
Այս համատեքստում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն մինչդատական վարույթի երաշխիքների մյուս վարույթների, նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նախնական դատական թույլտվության ընթացակարգ նախատեսված չէ, և քննիչի համապատասխան որոշման առկայությունն ինքնին հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում։ Միաժամանակ, հաշվի առնելով արդեն իսկ կիրառված հարկադրանքի բավականին լուրջ միջամտությունն անձի իրավաչափ շահերին, նախաքննության ընթացքում գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը պարտադիր ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը մինչդատական վարույթում անձի սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելն է։
16. Վճռաբեկ դատարանը, Սևակ Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման շրջանակներում անդրադառնալով նախաքննության մարմնի՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու պայմաններում դատական երաշխիքների վարույթ իրականացնող դատարանի կողմից քննության առնելու իրավասությանը, արձանագրել է, որ օրենսդիրը գույքի արգելադրումն իրավաբանորեն կապում է քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելու հետ, հետևաբար այն ինքնին, նախքան իրավասու դատարանի կողմից հետագա դատական վերահսկողության առարկա դառնալը, կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Դատարանի միջամտությունն այս դեպքում իր բնույթով նախորդող թույլտվություն չէ, այլ արդեն իսկ կիրառված հարկադրանքի միջոցի նկատմամբ օրենքով նախատեսված արդյունավետ դատական վերահսկողության ձև, որը հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն արդյունավետորեն ապահովելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ՝ քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը դատական ստուգման է ենթարկվում, սակայն ոչ թե թույլատրելու գույքի արգելադրումը, այլ հաստատելու դրա ի կատար ածման հիմք հանդիսացող որոշման իրավաչափությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը, հետևաբար քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ քրեական վարույթի փուլերի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ քննիչի որոշման նկատմամբ վերահսկողություն չիրականացվի միայն նախաքննության ավարտի պատճառով, ինչը կհանգեցնի արդեն հարուցված դատական վերահսկողության վարույթի անարդյունավետության՝ այն դեպքում, երբ հենց այդ վերահսկողության իրականացումն է կոչված երաշխավորելու անձի սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը։
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ սեփականության իրավունքի դատական երաշխիքների շրջանակում դատարանը քննարկման առարկա է դարձնում քննիչի կողմից նախաքննության ընթացքում կայացված որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահի դրությամբ, մինչդեռ դատական քննության փուլում գույքի արգելադրման հետագա իրավական ճակատագիրը քրեական գործն ըստ էության քննող դատարանի իրավասության շրջանակում է։ Ուստի դատական ստուգման վարույթն իրականացնող դատարանը քրեական վարույթը դատական քննության փուլ անցնելուց հետո իրավասու է գնահատելու քննիչի որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահին համապատասխան հիմքերի և նպատակների առկայության տեսանկյունից՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով այնպիսի որոշում կայացնելուց, որը կմիջամտի գործն ըստ էության քննող դատարանի կողմից արդարադատության իրականացմանը։
17․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- 2026 թվականի հունիսի 5-ին Քննիչն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ս․Մարգարյանի գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն,
- քրեական վարույթի՝ այլևս դատաքննության փուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Առաջին ատյանի դատարանը Քննիչի՝ վերը նշված միջնորդությունը մերժել է՝ առանց այն բովանդակային քննության ենթարկելու,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, գտել է, որ թեև Քննիչի կողմից գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նախաքննության ընթացքում, սակայն դրա քննության և լուծման պահին վարույթը հանձնված է եղել դատարան և գտնվել է նախնական դատալսումների փուլում, ուստի Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը քննելու դեպքում Առաջին ատյանի դատարանը կմիջամտի գործն ըստ էության լուծող դատարանի իրավասությանը։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ գույքի արգելադրման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ քրեական գործով նախնական դատալսումների ընթացքում՝ գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկման շրջանակում։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի՝ Քննիչի միջնորդության մերժման հիմքում դրված հետևությունները հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից։
18․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ քննիչի կողմից գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը ստուգելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մեկնաբանության դեպքում քննիչի որոշման իրավաչափությունը չի ենթարկվի պարտադիր հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը, ինչպես նշվեց, անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելն է։
Տվյալ դեպքում Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է դեռևս նախաքննության ընթացքում՝ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, ուստի Առաջին ատյանի դատարանը, ստանձնելով դատական երաշխիքների վարույթը, պետք է բովանդակային քննարկման առարկա դարձներ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը՝ ապահովելով անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ քրեական վարույթով դատաքննությանն անցում կատարվելու հանգամանքը չի հանգեցնում գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավական նշանակության կորստին։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, թե Առաջին ատյանի դատարանի կողմից գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քննելու դեպքում վերջինս կմիջամտի գործն ըստ էության քննող դատարանի իրավասությանը, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ եթե դատարանը գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափության ստուգման արդյունքում հանգում է դրա իրավաչափության մասին հետևության, ապա կարող է հաստատել այն, քանի որ գույքի արգելադրման իրավական հիմքը քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելն է։ Այսինքն՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափության վերաբերյալ հետևության հանգելիս սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքն իրականացնող դատարանը զրկված չէ միջնորդությունը բավարարելու և որոշման իրավաչափությունը հաստատելու հնարավորությունից, որպիսի պայմաններում գործն ըստ էության քննող դատարանին վերապահված իրավասության յուրացում տեղի չի ունենա։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նման տարանջատումը հնարավորություն է տալիս միաժամանակ ապահովել երկու փոխկապակցված նպատակ․ մի կողմից՝ երաշխավորել անձի սեփականության իրավունքի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը, իսկ մյուս կողմից՝ չխաթարել գործն ըստ էության քննող դատարանի՝ քրեական գործի շրջանակում գույքի արգելադրման հետագա ճակատագիրը որոշելու բացառիկ դատավարական իրավասությունը։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը վերստին ընդգծում է, որ նախաքննության ավարտի, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելու պահից թեև ավարտվում է քրեական վարույթով քննիչի իրավասությունը, սակայն գույքի փաստացի արգելադրումը քննիչի կայացրած որոշման իրավական հետևանքն է, որը կա՛մ անմիջականորեն հաջորդում է գույքի արգելադրման մասին որոշում կայացնելուն, կա՛մ պահանջում է իրավասու պետական մարմնի կամ իրավաբանական անձի կողմից համապատասխան գործողության իրականացում։ Տվյալ դեպքում Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման հիման վրա անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում իրականացվել է Ս․Մարգարյանի գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման պետական գրանցում, և նշված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան, որպիսի հանգամանքները ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել։
19․ Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չեն։
20․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ և 294-րդ հոդվածների դրույթների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում դատարանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Ա․Գևորգյանի՝ գույքի արգելադրման մասին 2026 թվականի հունիսի 4-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 23-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
