Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0104/15/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0104/15/25
Դիմող / մեղադրյալ
Արմեն Աղաբաբյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.10.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0104/15/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Վ․Սարգսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ժ․Մելիքսեթյան 2026 թվականի հոկտեմբերի 20-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2025 թվականի ապրիլի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62231625 քրեական վարույթը։ 2․ 2025 թվականի մայիսի 1-ին Արմեն Համլետի Աղաբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3․ 2025 թվականի մայիսի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 46-435-րդ 2-րդ մասի 3-րդ կետի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62242225 քրեական վարույթը, իսկ 2025 թվականի մայիսի 20-ին՝ թիվ 62245525 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 62242225 քրեական վարույթին։ 3․1․ 2025 թվականի հունիսի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասի և 444-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62252425 քրեական վարույթը։ 3․2․ 2025 թվականի հունիսի 5-ին թիվ 62242225 և թիվ 62252425 քրեական վարույթները միացվել են թիվ 62231625 քրեական վարույթին։ 4․ 2025 թվականի հուլիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ա․Մանուչարյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) որոշում է կայացրել Ա․Աղաբաբյանի գույքն արգելադրելու մասին, և նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն։ 5․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Քննիչի վերը նշված միջնորդությունը մերժվել է, իսկ գույքն արգելադրելու մասին 2025 թվականի հուլիսի 14-ի որոշումը՝ վերացվել։ 6․ Վերաքննիչ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս․Պապոյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 7․ Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 8․ Մեղադրյալ Ա․Աղաբաբյանի պաշտպան Խ․Խաչատրյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխան։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 9․ Բողոքաբերի պնդմամբ՝ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ գույքի արգելադրման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության համար։ 9․1․ Բողոքաբերի գնահատմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված լինելու փաստն ինքնին չի կարող բացառել նախաքննության ընթացքում սեփականության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ գույքի արգելադրման վերաբերյալ որոշումը ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, ինչն ինքնին ենթադրում է, որ դատարանն իր այս գործառույթի իրականացման շրջանակներում պետք է գնահատման ենթարկի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը դրա կայացման պահի դրությամբ: 10․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանը․ 11․ Մեղադրյալ Ա․Աղաբաբյանի պաշտպան Խ․Խաչատրյանի գնահատմամբ՝ վճռաբեկ բողոքն անհիմն է, դրա փաստարկներն առանձին դեպքերում հակասում են գործող օրենսդրությանը։ Մասնավորապես, ըստ պաշտպան Խ․Խաչատրյանի՝ քրեական գործը դատարանի վարույթում գտնվելու պարագայում մեկ այլ դատարանի կողմից քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելը միջամտություն է գործն ըստ էության քննող դատարանի իրավասությանը, որպիսի պայմաններում կարող է առաջանալ դատարանների դիրքորոշումների հակասություն։ Արդյունքում խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը մերժել։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 12․ 2025 թվականի հուլիսի 14-ին Քննիչը կայացրել է Ա․Աղաբաբյանի անշարժ գույքն արգելադրելու մասին որոշում, դրա հիման վրա անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում իրականացվել է համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման պետական գրանցում, և նույն օրը նշված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան։ 13. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թեև Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է վարույթի նախաքննության փուլում, այդուհանդերձ, «Datalex» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն` թիվ 62231625 քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որտեղ ստացվել է 2025 թվականի հուլիսի 18-ին և մակագրվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս.Դադոյանին։ 2025 թվականի հուլիսի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս.Դադոյանի կողմից որոշում է կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանն արձանագրում է, որ այլևս իրավասու չէ քննարկել Քննիչի կողմից ներկայացված՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն փուլում, որպես վարույթն իրականացնող մարմին, հանդես է գալիս ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ` դատավոր Ս.Դադոյանի), և գույքի արգելադրման հետ կապված հարցերի լուծումը գտնվում են նրա իրավասության տիրույթում։ Դատարանի դիտարկմամբ, Քննիչի կողմից ներկայացված միջնորդության ըստ էության քննությունը սույն դեպքում կլինի ուղղակի միջամտություն գործը քննող դատարանի իրավասությանը։ Դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ սույն վարույթով գույքի արգելադրման հետ կապված հարցերը կարող են քննարկվել և լուծվել բացառապես գործն ըստ էության քննող դատարանի կողմից։ Այս պայմաններում Դատարանը գտնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Արման Մանուչարյանի միջնորդությունը պետք է մերժել` ըստ էության չանդրադառնալով դրա հիմքերին ու հիմնավորումներին: (…)»։ 14. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Քննիչի միջնորդության մերժման հիմքում դրված հետևությունները հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից։ Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ տվյալ դեպքում ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թեև Քննիչի կողմից գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է մինչդատական վարույթի ընթացքում, սակայն, միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ միջնորդության քննության և լուծման (որոշման կայացման) պահին սույն վարույթն արդեն իսկ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկված է եղել Առաջին ատյանի դատարան և գտնվել է նախնական դատալսումների փուլում, որպիսի հանգամանքն առարկայազուրկ է դարձնում Քննիչի կողմից ներկայացված՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։ Ուստի վերոշարադրյալի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներին: (…) Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ «(...) Ի տարբերություն, օրինակ, անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որպես նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարց, չի նախատեսում գույքի արգելադրման քննարկումը, որպիսի պայմաններում առկա չէ նաև վարույթն իրականացնող դատարանի և գույքի արգելադրման իրավաչափությունը գնահատող դատարանի դիրքորոշումների տարբերության ռիսկ (...)», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն` նախնական դատալսումների ընթացքում սահմանված հաջորդականությամբ դատարանը, ի թիվս այլնի, քննարկման առարկա է դարձնում նաև գույքային պատասխանող ճանաչելու հարցը և այդ հարցի քննության շրջանակներում մեղադրանքի կողմի միջնորդությամբ քննարկման առարկա է նաև դարձվում մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու հարցը՝ կայացնելով համապատասխան որոշում, ինչի մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ի մասը, համաձայն որի՝ դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ, որպիսի պայմաններում Բողոքաբերի վերոգրյալ դատողությունն անհիմն է և չի բխում օրենսդրական կարգավորումներից։ Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանգամանքների առկայության պարագայում Առաջին ատյանի դատարանի կողմից Քննիչի ներկայացրած՝ գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու դեպքում տեղի կունենա միջամտություն գործն ըստ էության քննող դատարանի իրավասությանը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անթույլատրելի է և իրավաչափ դիտարկվել չի կարող։ Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ հիմնավորված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` 2025 թվականի հուլիսի 28-ի` «Գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» որոշմամբ արտահայտված հետևությունները, Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման և թույլ չի տվել դատական սխալ, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները, որպիսի պայմաններում բացակայում են Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը, հետևաբար ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Սարգիս Պապոյանի բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը` թողնել անփոփոխ։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 15․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները։ 16․ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…) 3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ 4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Borzhonov v. Russia գործով նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ անկանխատեսելի չէ։ 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ: (...) 3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը: 2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ 1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը․ (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում»։ Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին։ (…)»: 18․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ։ Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն։ Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի կոնվենցիոն և սահմանադրական մակարդակով ամրագրված սեփականության իրավունքի լավագույնս պաշտպանությանն է ուղղված քրեադատավարական նոր այն կարգավորումը, ըստ որի՝ գույքի արգելադրման վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն անպայմանորեն ենթակա է դատական վերահսկողության։ Վերջինս ընդգծում է անձի սեփականության իրավունքի կարևորությունը և հանդիսանում է լրացուցիչ երաշխիք կամայականությունների և իրավունքին անհարկի միջամտությունների դեմ։ Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի արգելադրումը՝ անկախ հետապնդվող նպատակից և օրենսդրական հիմքից, մշտապես իրենից ներկայացնում է ինտենսիվ միջամտություն անձի սեփականության իրավունքին, ուստի դատարանի խնդիրն է յուրաքանչյուր գործով պարզել, թե որքանով է անձի իրավունքին միջամտությունը հիմնավորված, և առկա է արդյոք համաչափություն հետապնդվող իրավաչափ նպատակի և վերջինիս հասնելու համար գործադրված միջոցների միջև։ 18.1. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ գույքի արգելադրումը՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումը։ Միաժամանակ օրենսդիրը, պայմանավորված վարույթի փուլով, նախատեսել է գույքի արգելադրման տարբեր կառուցակարգեր. նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա, որը եռօրյա ժամկետում պարտադիր ներկայացվում է իրավասու դատարանի հաստատմանը, իսկ դատական վարույթում գույքի արգելադրման հարցի լուծման իրավասությունը վերապահված է դատարանին։ Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նպատակը չի սահմանափակվում բացառապես նախաքննության փուլի խնդիրների լուծմամբ և որպես կանոն կարող է պահպանվել նաև դատական քննության ընթացքում։ Այս համատեքստում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն մինչդատական վարույթի երաշխիքների մյուս վարույթների, նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նախնական դատական թույլտվության ընթացակարգ նախատեսված չէ, և քննիչի համապատասխան որոշման առկայությունն ինքնին հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում։ Միաժամանակ, հաշվի առնելով արդեն իսկ կիրառված հարկադրանքի բավականին լուրջ միջամտությունն անձի իրավաչափ շահերին, նախաքննության ընթացքում գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը պարտադիր ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը մինչդատական վարույթում անձի սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելն է։ 19. Վճռաբեկ դատարանը, Սևակ Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման շրջանակներում անդրադառնալով նախաքննության մարմնի՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու պայմաններում դատական երաշխիքների վարույթ իրականացնող դատարանի կողմից քննության առնելու իրավասությանը, արձանագրել է, որ օրենսդիրը գույքի արգելադրումն իրավաբանորեն կապում է քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելու հետ, հետևաբար այն ինքնին, նախքան իրավասու դատարանի կողմից հետագա դատական վերահսկողության առարկա դառնալը, կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Դատարանի միջամտությունն այս դեպքում իր բնույթով նախորդող թույլտվություն չէ, այլ արդեն իսկ կիրառված հարկադրանքի միջոցի նկատմամբ օրենքով նախատեսված արդյունավետ դատական վերահսկողության ձև, որը հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն արդյունավետորեն ապահովելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ՝ քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը դատական ստուգման է ենթարկվում, սակայն ոչ թե թույլատրելու գույքի արգելադրումը, այլ հաստատելու դրա ի կատար ածման հիմք հանդիսացող որոշման իրավաչափությունը։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը, հետևաբար քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելը, ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ քրեական վարույթի փուլերի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ քննիչի որոշման նկատմամբ վերահսկողություն չիրականացվի միայն նախաքննության ավարտի պատճառով, ինչը կհանգեցնի արդեն հարուցված դատական վերահսկողության վարույթի անարդյունավետության՝ այն դեպքում, երբ հենց այդ վերահսկողության իրականացումն է կոչված երաշխավորելու անձի սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ սեփականության իրավունքի դատական երաշխիքների շրջանակում դատարանը քննարկման առարկա է դարձնում քննիչի կողմից նախաքննության ընթացքում կայացված որոշման իրավաչափությունը դրա կայացման պահի դրությամբ, մինչդեռ դատական քննության փուլում գույքի արգելադրման հետագա իրավական ճակատագիրը քրեական գործն ըստ էության քննող դատարանի իրավասության շրջանակում է։ Ուստի դատական ստուգման վարույթն իրականացնող դատարանը քրեական վարույթը դատական քննության փուլ անցնելուց հետո իրավասու է գնահատելու քննիչի որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահին համապատասխան հիմքերի և նպատակների առկայության տեսանկյունից՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով այնպիսի որոշում կայացնելուց, որը կմիջամտի գործն ըստ էության քննող դատարանի կողմից արդարադատության իրականացմանը։ 20․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - 2025 թվականի հուլիսի 14-ին Քննիչն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ա․Աղաբաբյանի գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, - քրեական վարույթի՝ այլևս դատաքննության փուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Առաջին ատյանի դատարանը Քննիչի՝ վերը նշված միջնորդությունը մերժել է՝ առանց այն բովանդակային քննության ենթարկելու, - Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, գտել է, որ թեև Քննիչի կողմից գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նախաքննության ընթացքում, սակայն դրա քննության և լուծման պահին վարույթը հանձնված է եղել դատարան և գտնվել է նախնական դատալսումների փուլում, ուստի Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը քննելու դեպքում Առաջին ատյանի դատարանը կմիջամտի գործն ըստ էության լուծող դատարանի իրավասությանը։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ գույքի արգելադրման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ քրեական գործով նախնական դատալսումների ընթացքում՝ գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկման շրջանակում։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի՝ Քննիչի միջնորդության մերժման հիմքում դրված հետևությունները հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից։ 21․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ քննիչի կողմից գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը ստուգելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մեկնաբանության դեպքում քննիչի որոշման իրավաչափությունը չի ենթարկվի պարտադիր հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը, ինչպես նշվեց, անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելն է։ Տվյալ դեպքում Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է դեռևս նախաքննության ընթացքում՝ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, ուստի Առաջին ատյանի դատարանը, ստանձնելով դատական երաշխիքների վարույթը, պետք է բովանդակային քննարկման առարկա դարձներ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը՝ ապահովելով անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ քրեական վարույթով դատաքննությանն անցում կատարվելու հանգամանքը չի հանգեցնում գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավական նշանակության կորստին։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, թե Առաջին ատյանի դատարանի կողմից գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քննելու դեպքում վերջինս կմիջամտի գործն ըստ էության քննող դատարանի իրավասությանը, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ եթե դատարանը գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափության ստուգման արդյունքում հանգում է դրա իրավաչափության մասին հետևության, ապա կարող է հաստատել այն, քանի որ գույքի արգելադրման իրավական հիմքը քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելն է։ Այսինքն՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափության վերաբերյալ հետևության հանգելիս սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքն իրականացնող դատարանը զրկված չէ միջնորդությունը բավարարելու և որոշման իրավաչափությունը հաստատելու հնարավորությունից, որպիսի պայմաններում գործն ըստ էության քննող դատարանին վերապահված իրավասության յուրացում տեղի չի ունենա։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նման տարանջատումը հնարավորություն է տալիս միաժամանակ ապահովել երկու փոխկապակցված նպատակ․ մի կողմից՝ երաշխավորել անձի սեփականության իրավունքի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը, իսկ մյուս կողմից՝ չխաթարել գործն ըստ էության քննող դատարանի՝ քրեական գործի շրջանակում գույքի արգելադրման հետագա ճակատագիրը որոշելու բացառիկ դատավարական իրավասությունը։ Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը վերստին ընդգծում է, որ նախաքննության ավարտի, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելու պահից թեև ավարտվում է քրեական վարույթով քննիչի իրավասությունը, սակայն գույքի փաստացի արգելադրումը քննիչի կայացրած որոշման իրավական հետևանքն է, որը կա՛մ անմիջականորեն հաջորդում է գույքի արգելադրման մասին որոշում կայացնելուն, կա՛մ պահանջում է իրավասու պետական մարմնի կամ իրավաբանական անձի կողմից համապատասխան գործողության իրականացում։ Տվյալ դեպքում Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման հիման վրա անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում իրականացվել է Ա․Աղաբաբյանի գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման պետական գրանցում, և նույն օրը նշված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան, որպիսի հանգամանքները ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել։ 21․1․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ գույքի արգելադրման հարցը կարող է դատարանի կողմից քննարկման առարկա դառնալ նախնական դատալսումների ընթացքում՝ գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկման շրջանակում, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Քննիչի որոշմամբ արգելադրումն իրականացվել է մասնավորապես գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով, մինչդեռ գույքային պատասխանող ճանաչելու հարցը նախնական դատալսումների ընթացքում դատարանի քննության առարկա կարող է դառնալ գույքային հայց հարուցվելու դեպքում՝ գույքային վնասի հատուցման նպատակով, որի շրջանակում էլ գույքը կարող է արգելադրվել որպես հայցի ապահովման միջոց։ 22․ Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չեն։ 23․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ և 294-րդ հոդվածների դրույթների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում դատարանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ա․Մանուչարյանի՝ գույքի արգելադրման մասին 2025 թվականի հուլիսի 14-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ