Վճռաբեկ դատարան · Հակակոռուպցիոն քաղաքացիական
ՀԿԴ/0055/02/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0055/02/24
- Հայցվոր
- ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն
- Պատասխանող
- ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, Հերմես-Արտ ՍՊ ընկերություն, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտե
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 21.10.2026
- Քաղաքացիական իրավունք
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն
դատարանի որոշում
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0055/02/24
Նախագահող դատավոր` Ա. Ոսկանյան
Դատավորներ` Դ. Հովհաննիսյան
Հ․ Շահնազարյան
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0055/02/24 2026թ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
«21» հոկտեմբերի 2026թ․ քաղաք Երևան
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության հայցի ընդդեմ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, Հերմես-Արտ ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրը լուծելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջների մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2025 թվականի որոշման դեմ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը (այսուհետ՝ Դատախազություն), դիմելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ` Դատարան), պահանջել է լուծել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ընկերության միջև 04․02․2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն ու որպես պայմանագրի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
1.2. Դատարանի (դատավոր` Լ. Դրմեյան) 26.04.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
1.3. Դատարանի 06․08․2024 թվականի որոշմամբ ՀՀ կադաստրի կոմիտեն ներգրավվել է գործի քննությանը պատասխանող կողմում՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։
1.4. Ընկերության ներկայացուցիչը 09.09.2024 թվականի նախնական դատական նիստում ներկայացրել է արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանը 25.10.2024 թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է։
1.5. 29.11.2024 թվականի նախնական դատական նիստում Ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն:
1.6. Դատարանի 05.02.2025 թվականի վճռով Դատախազության կողմից ներկայացված հայցը մերժվել է՝ Դատախազության ոչ պատշաճ հայցվոր լինելու հիմքով։
1.7. 05.03.2025 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ` Ս. Պետրոսյան)։
1.8. Վերաքննիչ դատարանի 08.10.2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05․02․2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
1.9. 07.11.2025 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ` Ս. Պետրոսյան):
1.10. Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2.1. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 168-րդ հոդվածները, 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, Դատախազության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը։
2.2. Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում Դատարանի կողմից քննության առարկա հանդիսացող առաջնային իրավական հարցը հանդիսանում է հայցային վաղեմության կիրառման փաստական հիմքերի առկայության կամ բացակայության վերհանումը:
Տվյալ դեպքում Դատարանը ոչ միայն չի վերհանել հայցային վաղեմություն կիրառելու փաստական հիմքերը, այլ նաև անդրադարձ չի կատարել նշված հարցին, որպիսի պայմաններում պարզ չէ՝ արդյո՞ք հայցը մերժելու իրավական և փաստական հիմքեր առկա են, թե՝ ոչ, այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայցը մերժելու փաստական հիմք կարող է հանդիսանալ բացառապես հայցային վաղեմություն կիրառելու փաստական հանգամանքների առկայությունը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը, որը սույն դեպքում առկա չէ, և այն Դատարանը քննության առարկա չի դարձրել, հետևաբար Դատարանի եզրահանգումը չի բխում սույն հակակոռուպցիոն քաղաքացիական գործի փաստերից և ՀՀ օրենսդրության պահանջներից:
2.3. Դատախազությունը դեռևս 2023 թվականի օգոստոսից պետական (համայնքային) շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում միջոցներ է ձեռնարկել ստուգելու քննության առարկա հանդիսացող պայմանագրի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին, մասնավորապես՝ հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, ինչը նշանակում է, որ վերջինս հստակ տեղեկացված է եղել 04․02․2004 թվականին կնքված թիվ 649-Ու պայմանագիրը լուծելու առնչությամբ հայց հարուցելու իրավական և փաստական հիմքերի առկայության մասին, որպիսի պայմաններում 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հայց չի ներկայացրել իրավասու դատարան, այլ կերպ ասած՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, հետևապես Դատախազությունն իրացրել է Դատախազության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված բացառիկ լիազորությունը:
Այսպիսով, Դատախազությունը սույն գործով հանդիսանում է պատշաճ հայցվոր, քանի որ հայցի առարկան ուղղակիորեն առնչվում է պետության շահերին, իսկ պայմանագրի կողմը՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, տևական ժամանակ իրազեկված լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, այլ կերպ ասած՝ դրսևորել է անգործություն, ինչն էլ փաստական հիմք է հանդիսացել սույն հայցը ներկայացնելու համար:
2.4. Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է միայն Դատախազության՝ սույն հայցը ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չհանդիսանալու հանգամանքը, մինչդեռ նշված հարցն արդեն քննարկման առարկա հանդիսացել է Դատարանի կողմից, մասնավորապես, Ընկերության ներկայացուցիչը 09․09․2024 թվականի նախնական դատական նիստում ներկայացրել է արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ գրավոր միջնորդություն, որի հիմքը հանդիսացել է Դատախազության՝ ոչ պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը, և որը Դատարանի 25.10.2024 թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է, որպիսի պայմաններում հայցի մերժման հիմքը հիմնավոր ու փաստարկված չէ:
2.5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է երկու տարբեր իրավական ռեժիմներ և իրավական կարգավորումներ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու և ոչ պատշաճ հայցվորի կողմից հայց ներկայացնելու, որպիսի իրավակարգավորումը ենթադրում է Դատարանի լիազորությունը նշված իրավական ռեժիմները կիրառել բացառապես միջնորդությունների առկայության դեպքում, ինչն էլ ենթադրում է, որ հայցային վաղեմության միջնորդության քննարկման պայմաններում առկա է արագացված դատաքննության իրավանորմերի կիրառումը բացառող իրավադրույթ, մինչդեռ սույն դեպքում դատարանները կիրառել և ընդունելի են համարել հայցային վաղեմության միջնորդության քննարկման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված քաղաքացիադատավարական նորմի անուղղակի կիրառումը, ինչն ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը, քանի որ երկու իրավական ռեժիմների միաժամանակյա կիրառման կամ դատավարության մասնակցի համապատասխան միջնորդության բացակայության դեպքում նման իրավական ռեժիմների կիրառման պայմաններում խախտվում են տնօրինչականության և մրցակցության սկզբունքները, մասնավորապես, քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք իրականացնում են իրենց դատավարական իրավունքները, տնօրինում դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ, իսկ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է մրցակցության հիման վրա, ինչը նշանակում է, որ Դատարանը չունի «ex officio» գործառույթ և չի կարող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումը կիրառել գործին մասնակցող անձի՝ համապատասխան միջնորդության բացակայության դեպքում, հետևապես Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
2.6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2025 թվականի որոշումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ընկերության միջև 04․02․2004 թվականին կնքված
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
4․1․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
Արդյո՞ք հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության արդյունքում դատարանը կարող է հայցը մերժել այլ, մասնավորապես՝ հայցվորի ոչ պատշաճ լինելու հիմքով։
Արդյո՞ք դատարանը կաշկանդված է հայցային վաղեմության միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքով, եթե առկա են հայցվորի ոչ պատշաճ լինելու փաստով պայմանավորված հայցը մերժելու հիմք։
Արդյո՞ք հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության արդյունքում դատարանը կարող է հայցը մերժել այլ, մասնավորապես՝ հայցվորի ոչ պատշաճ լինելու հիմքով։
4.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
4․3․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,
2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը,
3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,
4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,
5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,
6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, (․․․)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝
1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.
2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.
3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.
4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
4.5. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներում անդրադարձել է միջնորդությունների քննարկման հարցերին՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը․ «(...) շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: (...) Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը» (տե՛ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է․ «(․․․) Օրենսդիրը որոշակի ընթացակարգ է նախատեսել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու կարգի առումով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ այդ միջնորդությունը, ըստ էության, պետք է քննվի նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո։ (․․․) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների ցանկի բովանդակությունից ևս բխում է, որ մինչ հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը լուծելը նախ անհրաժեշտ է վերջնականապես պարզել հայցի հիմքն ու առարկան, առանց որի անհնարին կլինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների իրականացումը» (տե´ս Հասմիկ Պապյանն ընդդեմ Հրանտ Պապյանի թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «(․․․) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետով նախատեսված դատավարական գործողությունների կատարումը կարևորվում է նաև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության ընթացքում՝ նկատի ունենալով, որ դրա լուծման նպատակով ևս իրականացվում է ապացուցողական գործընթաց: (․․․) քանի դեռ դատարանը հայցի առարկայի, դրա հիմքում դրված փաստական և իրավական հանգամանքների գնահատմամբ չի պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը, գործով կիրառելի իրավական նորմերն ու չի կատարել օրենսդրի կողմից նախանշված հարցերի կապակցությամբ պարզաբանումները, չի կարող միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու տեսանկյունից արդյունավետորեն կազմակերպել ապացուցման գործընթացը: Հայցի առարկան և դրա փաստական հիմքը պարզելը միտված են վիճելի իրավահարաբերության բնույթը որոշելուն, որը, ըստ էության, օժանդակում է դատարանի կողմից կիրառելի իրավական նորմերը ճիշտ ընտրելուն՝ ըստ այդմ ապահովելով այնպիսի էական հանգամանքի պարզում, ինչպիսին, օրինակ, հայցային վաղեմության ընդհանուր կամ հատուկ ժամկետի կիրառելիությունն է կամ հարցի լուծմանն ուղղված այլ անհրաժեշտ փաստական տվյալների բացահայտումը։ (․․․)» (տե´ս Ալեն Սիմոնյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի թիվ ԱՐԴ/10781/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը)։
4.6. Վճռաբեկ դատարանը վերոգրյալ վերլուծությունների հիման վրա արձանագրում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձին իրավունք է տվել մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել՝ վկայակոչելով հայցային վաղեմության լրանալու փաստը, որպիսի պարագայում դատարանի համար առաջանում է կոնկրետ հերթականությամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու պարտավորություն, որոնք պայմանականորեն կարող ենք բաժանել նախապատրաստության և միջնորդության քննարկման փուլերի։ Մասնավորապես՝ դատարանը նախապատրաստության փուլում իրականացնում է հետևյալ գործողությունները՝ պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը։
4․7․ Հենց այս նախապատրաստական փուլը կազմող դատավարական գործողությունների կատարումից հետո դատարանն անցնում է բուն միջնորդության քննարկմանը և հայցային վաղեմություն կիրառելու դիմումի, դրա դեմ առարկություն բերված լինելու դեպքում նաև առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը` հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
4․8․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նախքան հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննարկումը նախապատրաստական փուլը կազմող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դատավարական գործողությունների կատարումն ինքնանպատակ չէ։ Դրանք ունեն իրավական էական նշանակություն, քանի որ կանխորոշում են բուն միջնորդությունն ըստ էության քննելու նպատակահարմարությունը։
4․9․ Մասնավորապես, հիշյալ գործողությունների արդյունքում դատարանը կարող է հայտնաբերել գործն ըստ ընդդատության ուղարկելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու այնպիսի հիմքեր, որոնց առկայությունն ուղղակիորեն բացառում է հայցային վաղեմության միջնորդության հետագա քննության իրավական անհրաժեշտությունը։
4․10․ Այս տրամաբանությամբ՝ կողմերից որևէ մեկի ոչ պատշաճ սուբյեկտ լինելու հանգամանքը նույնպես ենթակա է պարզման ոչ թե հայցային վաղեմության բուն միջնորդության քննարկման փուլում, այլ դրան նախորդող՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված գործողությունների իրականացման արդյունքում։
4․11․ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության ըստ էության քննարկման արդյունքով գործի քննությունը հայտարարում է ավարտված, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի ուժով օժտված է բացառապես հետևյալ դատավարական լիազորություններով՝ կայացնելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշում, եթե հայցային վաղեմություն կիրառելու հիմքերը բացակայում են, կամ՝ կայացնելու հայցը մերժելու մասին վճիռ, եթե հայցային վաղեմություն կիրառելու հիմքերն առկա են:
4․12․ Հիմք ընդունելով նշված կարգավորման իմպերատիվ բնույթը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը դատարանին վերոգրյալից բացի որևէ այլ դատական ակտ կայացնելու իրավասություն չի վերապահում։ Այսինքն, եթե մինչև հայցային վաղեմության բուն միջնորդության քննությանն անցնելը՝ միջնորդության քննության նախապատրաստական փուլում դատարանը պարզում է այնպիսի հիմքի առկայության մասին, որը բացառում է վերը նշված լիազորություններից որևէ մեկի կիրառումը՝ որպես հայցային վաղեմության միջնորդության քննության արդյունք, ապա դադարեցնում է միջնորդության քննարկումն ու անցնում համապատասխան հիմքով դատական ակտի կայացման։ Այլ կերպ ասած՝ դատարանը չի կարող անցնել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության ըստ էության քննությանը, եթե դրա նախապատրաստական փուլում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պարզվում է այնպիսի հանգամանք, որի առկայությամբ տվյալ միջնորդության քննությունն այլևս չի կարող հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված որևէ արդյունքի։
Արդյո՞ք դատարանը կաշկանդված է հայցային վաղեմության միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքով, եթե առկա են հայցվորի ոչ պատշաճ լինելու փաստով պայմանավորված հայցը մերժելու հիմք։
4․13․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
4․14․ ՀՀ սահմանադրական դատարանը 04․04․2008 թվականի թիվ ՍԴՈ-747 որոշմամբ արձանագրել է. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են»:
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով տվյալ գործի փաստական հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն:
4․15. Օրենսդիրը, նպատակադրվելով ի սկզբանե կանխել ոչ շահագրգիռ անձի կողմից դատական պաշտպանություն հայցելու հնարավորությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանել է, որ առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` (…) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորի ոչ պատշաճ լինելու հանգամանքը դիտարկում է որպես հայցն ակնհայտ անհիմն լինելու բնորոշիչ չափորոշիչներից մեկը՝ նախատեսելով այդ հիմքով արագացված դատաքննություն կիրառելու դատավարական հնարավորություն։ Այսպես․
4․16․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` (…) հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմն հայց):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
4․17․ Վերլուծելով վկայակոչված նորմերի դատավարական բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությունը չի նախատեսում ոչ պատշաճ հայցվորին պատշաճ հայցվորով փոխարինելու ինստիտուտ։ Իրավական կարգավորման նման պայմաններում հայցվորի ոչ պատշաճ լինելու փաստի հաստատումն ինքնին հանդիսանում է հայցի մերժման անվերապահ ու ինքնուրույն հիմք՝ անկախ գործի այլ փաստական հանգամանքներից։
4․18․ Այս իրավական կանխադրույթից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հստակեցնել հիշյալ դատավարական ինստիտուտի հարաբերակցությունը նյութական իրավունքի մեկ այլ հիմնարար հասկացության՝ հայցային վաղեմության հետ։ Նշվածի համատեքստում պետք է փաստել, որ պաշտպանության ենթակա իրավունքը հայցվորին չպատկանելու հանգամանքն իրավական առումով գերակայում է հայցային վաղեմության կիրառման հարցի նկատմամբ։
4․19․ Նման եզրահանգումը բխում է այն տրամաբանությունից, որ հայցային վաղեմությունն իրենից ներկայացնում է նյութաիրավական այն ժամկետը, որի սահմաններում իրավունքը խախտված անձը կարող է դատական կարգով հայցել իր իրավունքների պաշտպանությունը, հետևաբար տվյալ անձը նախևառաջ պետք է հանդիսանա այդ ենթադրյալ խախտված իրավունքի իրական կրողը, ուստի Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի՝ պաշտպանության ենթակա իրավունքի սուբյեկտ չլինելու հանգամանքն առհասարակ բացառում է այդ իրավունքի պաշտպանության ժամկետը լրանալու կամ չլրանալու հարցի քննարկման իրավական և գործնական նպատակահարմարությունը, քանի որ տվյալ անձին չպատկանող իրավունքի պաշտպանության ժամկետների հաշվարկն իրավաբանական իմաստով զրկված է առարկայից։
4․20․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննություն կարող է կիրառվել միայն պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելուց կամ այդ հնարավորությունից օգտվելու ժամկետը լրանալուց հետո, այդ թվում՝ նախնական դատական նիստում կամ դատաքննության ընթացքում, եթե արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն ի հայտ են գալիս նախնական դատական նիստում նախապատրաստական կամ կողմերի տնօրինչական գործողությունների կատարման արդյունքում։ Ընդ որում օրենսդիրն արագացված դատաքննության կիրառման որևէ սահմանափակում (արգելք) չի նախատեսել՝ կապված այդ ընթացակարգի անցնելու վերաբերյալ գործին մասնակցող անձանց դրսևորած նախաձեռնողականության հետ։
Նշվածը թույլ է տալիս եզրահանգելու, որ արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը զրկված չէ հետագայում իր սեփական նախաձեռնությամբ այն կիրառելու դատավարական հնարավորությունից, եթե արագացված դատաքննության առկայության վերաբերյալ դատարանի ներքին համոզմունքը ձևավորվել է գործի քննության ավելի ուշ փուլում։
4.21. Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արագացված դատաքննությունը կարող է կիրառվել գործի քննության ցանկացած փուլում՝ ինչպես գործին մասնակցող անձանց միջնորդության հիման վրա, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ։
4․22․ Այսպիսով, եթե դատարանը հայցային վաղեմության միջնորդության նախապատրաստական փուլում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գործողության կատարմամբ պարզում է հայցվորի ոչ պատշաճ լինելու հանգամանքը, որը բացառում է միջնորդության քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լիազորության կիրառմամբ, ապա դադարեցնում է միջնորդության քննարկումն ու անցնում արագացված դատաքննության։ Այսինքն՝ դատարանը կաշկանդված չէ հայցային վաղեմության միջնորդության առկայությամբ, եթե միաժամանակ առկա է հայցվորի ոչ պատշաճությամբ պայմանավորված՝ արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու դատավարական հիմքը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
4․23․ Գործի փաստերից (տե՛ս վերը՝ 3․1․-3․5․-րդ կետերը)՝ հետևում է, որ Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) հաստատված չի համարում ՀՀ գլխավոր դատախազության՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի որևէ կետի իմաստով սույն հայցը ներկայացնելու պատշաճ սուբյեկտ (իրավազոր անձ) հանդիսանալու փաստը, հետևաբար հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող մյուս փաստերի հաստատմանն անդրադառնալն անհնարին է, իսկ դատախազության ոչ պատշաճ հայցվոր լինելու փաստն ինքնին բավարար է ներկայացված հայցը մերժելու համար։ Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ հայցը ոչ իրավազոր անձի կողմից ներկայացված լինելու հետևանքները վրա են հասնում՝ անկախ նրանից, որ հայցվորը իր հայեցողությամբ հայցադիմումով որպես պատասխանող է ներգրավել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես պայմանագիրը կնքած կողմերից մեկի իրավահաջորդի»։
4.25. Վերաքննիչ դատարանն անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին, որոնք վերաբերել են միայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով դատախազության կողմից հայց հարուցելու լիազորության առկայությանը, արձանագրել է հետևյալը. «(․․․) նախքան հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության ըստ էության քննարկումը դատավարության մասնակիցների կազմը պարզելու պահանջը պահպանված լինելը տվյալ դեպքում կարևորվում է նաև այն հանգամանքով, որ սույն գործով հայցը ներկայացվել է պետական մարմնի կողմից, որպիսի պայմաններում ենթակա է պարզման համապատասխան մարմնի մոտ տվյալ հարցով դատարան հայց ներկայացնելու իրավասության (լիազորության) առկայությունը:
Հետևաբար, սույն դեպքում Դատարանի կողմից քննության առարկա հանդիսացող առաջնային իրավական հարցը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով հայց հարուցելու իրավազորության առկայության հարցն է: Բացի այդ, պետական մարմնի՝ վիճելի իրավահարաբերության շրջանակներում պետության շահերը ներկայացնելու իրավասություն ունենալու հանգամանքը պարզելու կարևորությունն ընդգծվել է նաև հայցային վաղեմություն կիրառելու հարցի լուծման շրջանակներում» (․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննարկելիս դատարանը առաջին հերթին պարտավոր է քննարկման առարկա դարձնել պատշաճ հայցվորի հարցը՝ ելնելով իրավազոր անձի կարգավիճակից, քանի որ դա կարևոր նշանակություն ունի իրավունքի պաշտպանության ծագման և դրա ժամանակահատվածի ճիշտ հաշվարկման համար»։
Այնուհետև, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․ «(․․․) սույն դեպքում պետական շահերի խախտում է տեղի ունեցել այնպիսի հարցով, որով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, միաժամանակ գործով ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել դատախազի կողմից՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի իրավունքների խախտման մասին հայց ներկայացնելու առաջարկություն ներկայացված լինելու փաստը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում չի հաստատվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դատախազության հայց հարուցելու լիազորության առկայությունը:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայց հարուցելու լիազորության բացակայության հիմքով հայցը մերժելու մասով վճիռը բացի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի հիմքից, այլ հիմքով, այդ թվում՝ Դատարանի կողմից կիրառված լիազորության մասով, չի վիճարկվում, հետևաբար սույն որոշմամբ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները սահմանափակված են բողոքի այս հիմքի սահմաններով:
Ամփոփելով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության բացառիկ լիազորության իրացման հիմքերը բացակայում են: Վերոնշյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատշաճ հայցվոր»։
4.26. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս վերը՝ 4․1․-4․22․-րդ կետերը), համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե մինչև հայցային վաղեմության բուն միջնորդության քննությանն անցնելը՝ միջնորդության քննության նախապատրաստական փուլում դատարանը պարզում է այնպիսի հիմքի առկայության մասին, որը բացառում է վերը՝ 4․11-րդ կետում նշված լիազորություններից որևէ մեկի կիրառումը՝ որպես հայցային վաղեմության միջնորդության քննության արդյունք, ապա դադարեցնում է միջնորդության քննարկումն ու անցնում համապատասխան հիմքով դատական ակտի կայացման։ Այլ կերպ ասած՝ դատարանը չի կարող անցնել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության ըստ էության քննությանը, եթե դրա նախապատրաստական փուլում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պարզվում է այնպիսի հանգամանք, որի առկայությամբ տվյալ միջնորդության քննությունն այլևս չի կարող հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված որևէ արդյունքի։
4․27․ Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կիրառման իրավաչափության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ առաջին ատյանի, և թե՛ Վերաքննիչ դատարանները ճիշտ են մեկնաբանել և կիրառել հիշատակված նորմը, իրավացիորեն եզրահանգելով, որ Դատախազությունն իրավասու չէր դատարան դիմելու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ընկերության միջև 04․02․2004 թվականին կնքված Պայմանագիրը լուծելու պահանջով, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ Դատախազությունն այս դեպքում չուներ հայց հարուցելու բացառիկ լիազորություն՝ քանի դեռ չէր ապահովել իրավասու պետական մարմնին առաջարկ ներկայացնելու ընթացակարգը։ Ավելին, Դատախազությունը 12․04․2024 թվականին հայցը հարուցելուց հետո՝ 10․09․2024 թվականի գրությամբ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին առաջարկել է միջոցներ ձեռնարկել քննության առարկա հանդիսացող կոմպենսորային կայանը և արտադրական մասնաշենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով իրավասու դատարան ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու ուղղությամբ և այն չհարուցելու մասին սեղմ ժամկետներում տեղեկացնել Դատախազությանը ()։
4․28․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում դատարանը կարող էր կայացնել բացառապես հայցային վաղեմություն կիրառելու և հայցը մերժելու մասին վճիռ, կամ միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշում, հետևաբար, նախքան հայցային վաղեմության միջնորդության բուն քննությանն անցնելը Դատարանը պետք է դադարեցներ միջնորդության քննարկումն ու անցներ ՀՀ քաղաքացիական դատավարության 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով արագացված դատաքննության, որպիսի պարագայում միայն կարող էր հայցը մերժել՝ ոչ պատշաճ հայցվորի կողմից հայց ներկայացված լինելու հիմքով։
4.29. Այս առումով Վճռաբեկ դատարանը համաձայնում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ «Դատարանը ոչ միայն չի վերհանել հայցային վաղեմություն կիրառելու փաստական հիմքերը, այլ նաև անդրադարձ չի կատարել նշված հարցին, որպիսի պայմաններում պարզ չէ՝ արդյոք հայցը մերժելու իրավական և փաստական հիմքեր առկա են, թե՝ ոչ, այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայցը մերժելու փաստական հիմք կարող է հանդիսանալ բացառապես հայցային վաղեմություն կիրառելու փաստական հանգամանքների առկայությունը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը, որը սույն դեպքում առկա չէ, և որը Դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, հետևաբար Դատարանի եզրահանգումը չի բխում սույն քաղաքացիական գործի փաստերից և ՀՀ օրենսդրության պահանջներից»:
4.30. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
4.31. Հիմք ընդունելով ամբողջ վերոշարադրյալը և արձանագրելով, որ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով (տես սույն որոշման 4․1․-րդ կետը), գտնում է, որ այնուամենայնիվ հայցը ենթակա էր մերժման՝ հայցվորի ոչ պատշաճ լինելու հիմքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումն ինքնին չի հանգեցրել և չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտը սույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
5.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:
5․2․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:
5․3․ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 08.10.2025 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, Դատարանի 05․02․2025 թվականի վճիռը թողել է անփոփոխ, և սույն որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը մերժվում է ու Վերաքննիչ դատարանի 08.10.2025 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի 08.10.2025 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
Զեկուցող Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
