Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԼԴ/0010/11/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԼԴ/0010/11/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.10.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԼԴ/0010/11/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա.Կարապետյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա.Բեկթաշյան 23 հոկտեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի փետրվարի 21-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքը՝ թիվ ******** քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու մասին Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ.Մինասյանի՝ 2024 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ վերոնշյալ բողոքը վերադարձվել է: 2. 2024 թվականի մարտի 1-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի կրկին ներկայացված բողոքը։ 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժվել է։ 4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշումը թողնվել է անփոփոխ: 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 302-րդ հոդվածի 1.1-ին մասը։ 6.1. Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի դրույթները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական նորմերի կոպիտ խախտում, քանի որ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելիս բողոքում պետք է նշվեր դրա՝ «սկզբնապես դատարան ներկայացնելու» տարին, ամիսը, օրը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, հիմնավոր է գնահատել վերջինի մեկնաբանությունը և որևէ լրացուցիչ մեկնաբանություն չի տվել։ Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը համադրել է միմյանց հետ սույն խնդրի իմաստով կապ չունեցող իրավանորմեր՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1-ին մասը, որը վերաբերում է բողոքը կրկին ներկայացնելու դեպքում այն վարույթ ընդունված համարվելու ժամանակին։ Բողոքաբերը գտնում է, որ կրկին ներկայացվող բողոքը սկզբնական ներկայացման օրով վարույթ ընդունված համարելը դատարանի պարտականությունն է, իսկ ներկայացվող փաստաթուղթն այն ներկայացնելու օրվանով թվագրելը՝ բողոք բերողինը։ Ընդ որում, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածը, սահմանելով բողոքը «դատարան ներկայացնելու» դրությամբ տարին, ամիսը, օրը թվագրելու պարտականությունը, չի տարանջատում այն սկզբնապես կամ կրկին ներկայացվածի։ 7. Վերոշարադրյալի հիման վրա, ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Առաջին ատյանի դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշման համաձայն՝ «(…) Սույն դեպքում բողոքի և կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բողոքը չի պարունակում այն դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ինչպես նաև բողոքին կից չի ներկայացվել բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), փոխարենը էլեկտրոնային կրիչով ներկայացվել են վարույթի նյութերի պատճենները։ Հետևաբար՝ բողոքը ենթակա է վերադարձման՝ սահմանված ժամկետում թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար։ (…)»։ 9. 2024 թվականի մարտի 1-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է ********************** ներկայացուցիչ Ա.Բեժանյանի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին փոստային բաժանմունք հանձնված բողոքը և կից նյութերը՝ 2024 թվականի փետրվարի 26-ի թվագրմամբ։ 10. Առաջին ատյանի դատարանի՝ վարույթ հարուցելու հարցը քննության առնելու մասին որոշման համաձայն` «(…) Սույն դեպքում ********************** ներկայացուցիչ, փաստաբան Ավետիք Բեժանյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ինչպես արդեն նշվել է, Դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ին կայացրած բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությանը վերաբերելի պահանջներին՝ բողոքը չի պարունակում այն դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ինչպես նաև բողոքին կից չի ներկայացվել բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), ինչպես նաև տրամադրվել է եռօրյա ժամկետ՝ թերությունները վերացնելու և բողոքը կրկին դատարան ներկայացնելու համար: Մինչդեռ, ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մեջբերված որոշմամբ արձանագրված ոչ բոլոր թերություններն են վերացվել՝ բողոքում չի նշվել այն դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը: Փոխարենը բողոքաբերի ներկայացուցիչը բողոքում նշել է բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալու ժամանակահատվածը՝ «26.02.2024թ.», որը, հիմք ընդունելով վերը մեջբերված իրավակարգավորումները, չի կարող համարվել բողոքը դատարան ներկայացնելու ժամանակահատված, այլ այդ ժամանակահատված է համարվում ավելի վաղ ժամանակահատվածը, երբ ի սկզբանե ներկայացվել է բողոքը, որի հիման վրա կայացվել է բողոքը վերադարձնելու մասին որոշում, և վերջնականապես չի լուծվել բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու հարցը: Այլ կերպ՝ Դատարանի մեկնաբանմամբ օրենսդրորեն նախատեսված «բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը» պայմանն իրենից ենթադրում է բողոքն ի սկզբանե դատարան ներկայացնելու ժամանակահատվածի մասին նշում, ինչի մասին է վկայում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1 մասում տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը: Ընդ որում՝ օրենսդրորեն նախատեսված վարույթ հարուցելու իրավաչափության վերը հիշատակված պայմաններն ինքնանպատակ չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հստակ նշանակություն, այդ պայմանները կարևոր են ինչպե՛ս անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխիքներն ապահովելու, այնպե՛ս էլ մինչդատական վարույթի ընթացքում վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված մինչդատական ակտերի դատական բողոքարկման դատավարական մեխանիզմները գործի գցելու առումով: Նշվածի լույսի ներքո, եթե առանձին վերլուծության առարկա դարձնենք բողոքը դատարան ներկայացնելու ժամանակահատվածի առնչությամբ օրենսդրորեն նախատեսված վավերապայմանը, ապա պարզ կդառնա, որ դրա հստակ առկայությունն անհրաժեշտ է ինչպե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան բողոքարկելու ժամկետները ստուգելու, այնպե՛ս էլ բողոքը ստանալուց հետո բողոքի քննության առնչությամբ նախատեսված դատավարական կառուցակարգերը ժամանակին գործի գցելու և բողոքի քննության առնչությամբ վերջնական դատական ակտ կայացնելու առումով: Հակառակ մոտեցման պարագում մի կողմից կիմաստազրկվեն հիշյալ կառուցակարգերը, մյուս կողմից կողմն այլևս չի կարող ակնկալել իր առերևույթ խախտված իրավունքների արդյունավետ (ժամանակին) դատական պաշտպանություն: (...)»: 11. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Բողոքը չի պարունակում Առաջին ատյանի դատարան ներկայացնելու օրը, ամիսը, տարին։ - Բողոքին կից չի ներկայացվել բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): - «Բողոքը վերադարձնելու մասին» Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 23-ի որոշումից հետո բողոքաբերը բողոքը կրկին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել թերությունները թերի շտկված վիճակում, մասնավորապես բողոքը ներկայացվել է սխալ ամսաթվով, այնինչ պիտի ամսաթիվը լրացվեր առաջին անգամ դատարան բողոքարկվելու ամսաթվով։ Հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուժող ********************** ներկայացուցիչ Ավետիք Բեժանյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված՝ մինչդատական ակտի դատական բողոքարկման վերաբերելի պայմանները, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժող ********************** ներկայացուցիչ Ավետիք Բեժանյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմամբ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության, կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմք չկա: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ տուժող ********************** ներկայացուցիչ Ավետիք Բեժանյանի հատուկ վերանայման բողոքը՝ մերժել: (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները։ 13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ 14. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը, - դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն, - ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա, - դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի։ 15. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: 16. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը։ Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձևական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների և պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքն անհամաչափորեն սահմանափակի անձի` դատարանի մատչելիության իրավունքը։ Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է հանգեցնեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների էության խախտման: 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝ (...) 3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը. (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 1.1․ Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը: 1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին: 2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին (...)»: 18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ։ Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը։ Այսպես, դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված՝ բողոքի բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ Հակառակ դեպքում, դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1․1-ին մասի կարգով պետք է վերադարձնի բողոքը՝ համապատասխան թերությունները մատնանշելով։ 19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջների շարքին է դասվում նաև բողոքը դատարան ներկայացնելու ամսաթվի մատնանշումը։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ հատուկ կարգավորում չի նախատեսում այն դեպքերի համար, երբ խոսքը վերաբերում է կրկին ներկայացվող բողոքին։ Միևնույն ժամանակ, վերը նշված հոդվածի 1.1-ին մասի կարգավորումը նախատեսում է, որ բողոքը «համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը»։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված կարգավորումից չի կարող հետևել, որ կրկին ներկայացվող բողոքը պետք է թվագրվի սկզբնապես ներկայացված բողոքի ամսաթվով, հետևաբար բողոքը կրկին ներկայացնելու ամսաթիվը նշելը չի կարող հիմք հանդիսանալ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար։ Նշված դրույթը վերաբերում է մինչդատական ակտի վիճարկման համար սահմանված ժամկետի հաշվարկմանը։ 20. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Առաջին ատյանի դատարանը ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքը վերադարձրել է՝ դրանում առկա թերությունների մատնանշմամբ, այդ թերությունները շտկելու նպատակով։ - Առաջին ատյանի դատարանը ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջը, մասնավորապես՝ նշված չէ բողոքը դատարան ներկայացնելու տարին, օրը, ամիսը։ - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերը բողոքը կրկին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել թերությունները թերի շտկված վիճակում, մասնավորապես այն ներկայացվել է սխալ ամսաթվով, մինչդեռ պետք է ամսաթիվը լրացվեր առաջին անգամ դատարան բողոքարկվելու ամսաթվով, ուստի Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել: 21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-19-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի պահանջներին։ Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ****************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի՝ Առաջին ատյանի դատարան կրկին ներկայացրած բողոքը պարունակել է բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, օրը, մասնավորապես՝ բողոքը թվագրված է եղել 2024 թվականի փետրվարի 26-ի ամսաթվով։ Հետևաբար, ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ բողոքին առաջադրվող պահանջները պահպանվել են։ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ *************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, իրավաչափ չեն։ 22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1․1-ին մասը, արդյունքում հանգելով ոչ իրավաչափ հետևության առ այն, որ ներկայացված բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որը հանգեցրել է նույն օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու և վարույթը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի կապակցությամբ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ********************** լիազոր ներկայացուցիչ Ա.Բեժանյանի բողոքի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշումը ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ