Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/1471/01/21

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/1471/01/21
Դիմող / մեղադրյալ
Սևակ Ավագյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.10.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/1471/01/21 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Արամյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան դատավորներ՝ Ա.Նիկողոսյան Ա.Դանիելյան 23 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սևակ Սամվելի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ պաշտպան Լ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 16973621 քրեական գործը: 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Սևակ Սամվելի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Ս.Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 2021 թվականի նոյեմբերի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի դատավճռով Սևակ Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 18-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քրեական վարույթ սկսելու, համապատասխանաբար նաև քրեադատավարական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկություն՝ ենթադրաբար կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին, իսկ օպերատիվ տեղեկությունը չի կարող ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ լինել, այնպես էլ հիմք հանդիսանալ դեպքի վայրի զննություն իրականացնելու համար: Բողոքաբերը նշել է նաև, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների համաձայն, թեև դեպքի վայրի զննությունը բացառության կարգով կարող է իրականացվել նաև մինչև քրեական գործի հարուցումը, սակայն պայմանով, որ դեպքը պետք է փաստացի առկա լինի, որպեսզի հնարավոր լինի զննել դրա վայրը՝ հանցագործության հետքեր և այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու և ամրագրելու նպատակով, իսկ հիշյալ գործողությունները կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով գրանցված լինի համապատասխան հանցագործության մասին հաղորդում։ Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ բողոքի հեղինակը նշել է, որ սույն պարագայում դեպքի վայրի զննությունն իրականացվել է առանց օրինական հիմքի և անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ։ Մասնավորապես, սույն գործով դեպքի վայրի զննության հիմք է հանդիսացել օպերատիվ աշխատակցի գործում չներառված զեկուցագիրը, իսկ զննությունն իրականացվել է ոչ թե դեպքի վայրում, այլ հնարավոր դեպքը բացահայտելու նպատակով, ինչն ակնհայտ ապօրինի է։ Հետևաբար, ըստ բողոքաբերի՝ սույն վարույթով դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված առարկաները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, որպիսի պարագայում Ս․Ավագյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Սևակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ «(…) [Ն]ա, ցանել և աճեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 698 հատ շրջանառությունն արգելված՝ «Տետրահիդրոկաննաբինոլ» թմրալկալոիդ պարունակող «Կանեփ» /Cannabis խմբի բույս/ տեսակի բույսեր: Այսպես՝ Սևակ Սամվելի Ավագյանը, խախտելով ՀՀ Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 207-Ն որոշման պահանջները, իր առանձնատուն հանդիսացող ****** քաղաքի *.******** **/*** հասցեին հարակից տան բակում իր անձնական օգտագործման համար ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկաննաբինոլ» թմրալկալոիդ պարունակող առանձնապես խոշոր չափերով՝ թվով 698 հատ «Կանեփ» /Cannabis խմբի բույս/ տեսակի բույսեր, որոնք 2021 թվականի օգոստոսի 14-ին կատարված զննությամբ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից»: 8. ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Բաբայանի` 2021 թվականի օգոստոսի 14-ի զեկուցագրի համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 14-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀ բաժանմունքից ստացվել է զեկուցագիր, որ ****** քաղաքի *.******** **/*** հասցեին հարակից տան բնակիչ Սևակ Սամվելի Ավագյանն իր տան բակում կանեփանման բույս է աճեցնում։ Ժամը՝ 15:00-ին ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառման արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է թվով 856 հատ կանեփանման բույս, որն ըստ Ս.Ավագյանի հայտարարության՝ մշակվել է իր կողմից՝ հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար։ 9. 2021 թվականի օգոստոսի 14-ի՝ դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ զննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ավագ հետաքննիչ Ն.Բադալյանի կողմից, դեպքի վայր է հանդիսացել ****** քաղաքի *.********* **/*** հասցեի հարակից տան բակում գտնվող հողատարածքը, որտեղից հայտնաբերվել և վերցվել են թվով 856 հատ կանեփանման բույսեր։ 10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Ք]րեական վարույթի սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը և հենց այդ որոշումը կայացնելու համար բավարար հիմքերի առկայությունը հաստատելու համար թույլատրվում է իրականացնել, ի թիվս այլ քննչական և դատավարական գործողությունների, դեպքի վայրի զննություն: (…) Դատարանի գնահատմամբ՝ քրեական դատավարություն սկսվում և իրականացվում է կամ արդեն իսկ կատարված հանցավոր դեպքի առթիվ կամ նախապատրաստվող հանցավոր դեպքի առթիվ, այն երբեք չի կարող սկսվել և իրականացվել այն նպատակով, որ հնարավոր է ապագայում կատարվի հանցագործություն: Ասվածը բխում է ինչպես Օրենսգրքում տրված դեպք հասկացությունից, այնպես էլ քրեական դատավարության սկիզբն ազդարարող դատավարական նորմերի համալիր վերլուծությունից: (…) Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում զննություն է իրականացվել ոչ թե դեպքի վայրում և արդեն իսկ կատարված դեպքի առթիվ իրականացվող վարույթի շրջանակներում, այլ հնարավոր դեպքը բացահայտելու նպատակով, որպիսի հանգամանքը ակնհայտ անօրինական է և չի բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից: Այլ կերպ ասած՝ քանի որ իրականացվել է դեպքի վայրի զննություն, ապա առնվազն պետք է առկա լիներ դեպքը, որն արդեն իսկ կատարված իրադարձություն է, փաստ, իսկ սույն դեպքում որևէ փաստական հիմք առկա չի եղել կատարված դեպքի մասին, այլ եղել է ենթադրյալ դեպքի մասին գաղտնի տեղեկություն, այն էլ սկզբնաղբյուր տեղեկությունները պարունակող փաստաթուղթը քրեական գործում չի ներառվել: Դատարանը փաստում է, որ զննությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետով սահմանված բնակարան կատեգորիայի տիրույթում գտնվող տարածքում կանեփանման բույսեր աճեցնելու մասին գաղտնի տեղեկություն ստանալու հիման վրա, իսկ նման դեպքում հնարավոր չէ խոսել կատարված դեպքի, իրադարձության մասին, որը հիմք կտա միջամտել անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքին և այն զննել: Դատարանի հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գաղտնի տեղեկությունը չի հաստատում դեպքի առկայությունը, որը հնարավոր է դիտարկել (զննել), որպիսի հանգամանքն էլ իր հերթին նշանակում է, որ շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր խոշոր չափերով ցանելու կամ աճեցնելու դեպքի մասին հնարավոր չէ միանշանակ պնդում անել, քանի դեռ այն չի հայտնաբերվել կոնկրետ անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված քննչական և դատավարական գործողության արդյունքում: Բացի այդ, ոստիկանության աշխատակցի զեկուցագիրն այն մասին, որ գաղտնի աղբյուրից տվյալ է ստացել ենթադրյալ հանցագործության մասին, որպես քրեական դատավարություն սկսելու օրինական առիթ չի կարող ծառայել, այլ կերպ ասած՝ օպերատիվ տեղեկությունը չի կարող ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ լինել, այնպես էլ հիմք հանդիսանալ քրեական դատավարություն սկսելով դեպքի վայրի զննություն իրականացնելու համար: Այն ստուգման ենթակա տվյալ էր, ընդ որում՝ ոչ քրեադատավարական ճանապարհով՝ հետևաբար բավարար տվյալ չէր կարող հանդիսանալ դեպքի վայրի զննություն իրականացնելու համար։ Ընդ որում, վերոնշյալի մասին են վկայում նաև այս հարցում օրենսդրական զարգացումները, մասնավորապես, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 58-րդ կետով նախատեսված «դեպքի վայր» հասկացությունը, ըստ որի՝ դեպքի վայրը սահմանափակ տարածք է, որտեղ հանցագործության մասին հաղորդմամբ կամ բավարար ապացույցներով համոզիչ հիմնավորվում է, որ կատարվել է հանցանքը, և միաժամանակ կարող են առկա լինել հանցագործության հետքեր, հետևանքներ կամ այլ հանցանշաններ։ (…) Մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգի շրջանակներում իրականացվող որպես դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննության կատարման համար անհրաժեշտ է որոշակի փաստական հիմք, որն էլ իր հերթին նշանակում է, որ պետք է առկա լինի բավարար տվյալների վրա հիմնված ողջամիտ ենթադրություն առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված օբյեկտներ կամ բացահայտել նշյալ հոդվածով նախատեսված հանգամանքներ։ Դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու համար որպես փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հետագայում դատարանի կողմից հնարավոր կլինի ենթարկել համարժեք գնահատման։ (…) Դատարանն արձանագրում է, Սևակ Ավագյանի՝ որպես դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու և կատարված զննության արդյունքում 2021 թվականի օգոստոսի 14-ին «Դեպքի վայրի զննության մասին» արձանագրություն կազմելու համար հիմք է հանդիսացել 2021 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված և քրեական գործում չներառված զեկուցագիրը առ այն, որ Սևակ Ավագյանը իր տան բակում կանեփանման բույս է աճեցնում։ Այս առումով անհրաժեշտ է փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ։ Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ Սևակ Ավագյանի՝ որպես դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու համար։ (…) Այսպես՝ ինչպես վերոշարադրյալում փաստվեց, միայն օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրավաչափ չէ կատարել ենթադրյալ դեպքի վայր հանդիսացող բնակարանի զննություն, կազմել զննության արձանագրություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հարուցված քրեական գործը չի բավարարել քրեական գործի հարուցման հիմքերի բավարարության վերաբերյալ օրենսդրական պահանջը։ Իսկ նշյալ խնդիրը հետևանք է այն բանի, որ միայն օպերատիվ տեղեկությունը դիտարկվել է որպես ենթադրյալ դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննության կատարման բավարար առիթ, մինչդեռ անհրաժեշտ էր այդ առիթն ապահովել այլ տվյալների համակցությամբ և նոր միայն իրականացնել ենթադրյալ դեպքի վայր հանդիսացող բնակարանի զննություն։ Այդ պահանջի պահպանման դեպքում է, որ ենթադրյալ դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու մասին որոշումը և դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը կարող են հանդես գալ որպես քրեական գործ հարուցելու համար բավարար հիմք։ (…) Դատարանը, հիմք ընդունելով թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են հայեցակարգը, արձանագրում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել «Դեպքի վայրի զննության մասին» 2021 թվականի օգոստոսի 14-ի արձանագրությունը, այդ զննության ընթացքում վերցված և հետագայում իրեղեն ապացույց ճանաչվածը 698 հատ բույսերը, փորձագետի թիվ 789 Ք-21 եզրակացությունը։ Նշված ապացույցները բխել են մեկը մյուսից, իսկ նշված ցանկում առաջինը եղել է անթույլատրելի ապացույց ճանաչված դեպքի վայրի զննության արձանագրությունը: (…) Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Սևակ Ավագյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։ (…)»։ 11. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում (…) Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործ հարուցելու իրավաչափության մասով խախտում արձանագրելու արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, դատավարական իրավունքի խախտում, չի կատարվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, դատաքննությամբ հետազոտված ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցության մեջ բավարար չափով չեն գնահատվել, որոշ դեպքերում ընդհանրապես չեն գնահատվել դատաքննությամբ հետազոտված ապացույցները, բացի այդ դատական ակտում մի շարք ապացույցներ չեն գնահատվել մյուս ապացույցների հետ համակցության մեջ, որի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող գնահատվել որպես հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, իսկ Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ: (…) Առաջին ատյանի դատարանը նախ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթը, այսինքն՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման վերաբերյալ հետաքննության մարմնի աշխատակցի՝ հետաքննության մարմնի ղեկավարին հասցեագրված զեկուցագիրը դիտարկել է որպես դատարանին անհայտ և դատարանի կողմից չստուգված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված և դատարանի կողմից չստուգված տվյալ: Այնուհետև, հղում անելով վերը նշված զեկուցագրին, գտել է, որ քրեական գործում առկա չէ նախնական տվյալների ձեռքբերումն ամփոփող որևէ փաստաթուղթ: Բացի այդ, տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել իր կողմից նշված համապատասխան «զեկուցագրի» ստացման և հետազոտման ուղղությամբ: Թեպետ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործին վերոհիշյալ փաստաթղթի կցված չլինելը որևէ կերպ չէ կարող հիմք հանդիսանալ գործում առկա համապատասխան զեկուցագրի՝ որպես քրեական գործ հարուցելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթ, անօրինական համարելու համար: Արդյունքում գտնելով, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական է, Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության, մեղադրանքի հիմքում դրված դատաքննությամբ հետազոտված մյուս բոլոր ապացույցներին տրվել է սխալ իրավական գնահատական, այդ թվում՝ «Դեպքի վայրի զննության մասին» արձանագրությունը, ձեռք բերված իրեղեն ապացույցները և փորձագետի համապատասխան եզրակացությունը ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, Սևակ Ավագյանին ճանաչել է անպարտ և արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով: (…) Ամփոփելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, այն է՝ չի կատարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի չափանիշներին բավարարող քննություն, որի արդյունքում կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածից չբխող դատական ակտ, որն էական է և ազդել է գործի ելքի վրա։ (...)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները: 13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ս.Ավագյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։ 14.  ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: 2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: (…)»։ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 1) դեպք[ը] հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն [է], որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն (…)»։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 2. (…) Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»: Նույն օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում»: 15. Մեջբերված քրեադատավարական դրույթների համակարգային վերլուծության հիման վրա անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված՝ «բնակարան» հասկացության տակ ներառվող օբյեկտներում դեպքի վայրի զննություն կատարելուն՝ Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ դեպքն իրենից ներկայացնում է հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն, իսկ համապատասխան օբյեկտների (տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի) զննությունն իրականացվում է հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով: Ընդ որում՝ բնակարանը դեպքի վայր դիտարկելու և զննություն իրականացնելու համար անհրաժեշտ են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ այնտեղ կատարվել է հանցանքը և միաժամանակ կարող են առկա լինել հանցագործության հետքեր, հետևանքներ կամ այլ հանցանշաններ։ Այլ խոսքով՝ բնակարանը դեպքի վայր դիտարկելու և այնտեղ զննություն իրականացնելու հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական հիմքի առկայությունը։ Փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ դրա կատարման արդյունքում կարող են հայտնաբերվել հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ, հանցագործության դեպքը, ինչպես նաև պարզվել գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բնակարանի անձեռնմխելիության վերաբերյալ ներպետական և միջազգային-իրավական չափանիշները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես դեպքի վայր դիտարկվող բնակարանում զննության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել. որպես այդպիսին կարող են հանդես գալ, օրինակ, քրեական վարույթի նյութերում առկա և որոշակի բնակարանում հանցանքի կատարման և այնտեղ հանցագործության հետքերի, հետևանքների կամ այլ հանցանշանների առկայության մասին տեղեկություններ պարունակող փաստական տվյալները։ Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին, ապա Վճռաբեկ դատարանը, կարևորելով դրանց նշանակությունը հանցավորության դեմ պայքարի գործում և կրկնելով, որ դրանք թեև ապացույցների նկատմամբ ստորադաս բնույթ ունեն, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի և եզակի տվյալներ կարող են պարունակել, հետևաբար դրանք վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսելն անթույլատրելի է, միաժամանակ, հարկ է համարում ընդգծել, որ երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալի գնահատումն անհնար է, ապա այն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ բնակարանը դեպքի վայր դիտարկելու և այնտեղ զննություն կատարելու համար։ Իսկ հակառակ մոտեցման կամ մեկնաբանման պարագայում կվտանգվի հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման հիմնարար պահանջը և կխաթարվի անձի բնակարանի անձեռնմխելիության հիմնարար իրավունքին միջամտության իրավաչափության գնահատման հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը։ Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ մոտեցման մասին են վկայում նաև օրենսդրական զարգացումները, մասնավորապես՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 58-րդ կետում սահմանվել է «դեպքի վայր» եզրույթի հասկացությունը, ըստ որի՝ դեպքի վայրը սահմանափակ տարածք է, որտեղ հանցագործության մասին հաղորդմամբ կամ բավարար ապացույցներով համոզիչ հիմնավորվում է, որ կատարվել է հանցանքը, և միաժամանակ կարող են առկա լինել հանցագործության հետքեր, հետևանքներ կամ այլ հանցանշաններ։ 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Սևակ Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա ցանել և աճեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 698 հատ շրջանառությունն արգելված՝ «տետրահիդրոկաննաբինոլ» թմրալկալոիդ պարունակող «կանեփ» (Cannabis խմբի բույս) տեսակի բույսեր, - Առաջին ատյանի դատարանը, Ս.Ավագյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս, արձանագրել է, որ սույն դեպքում զննություն է իրականացվել ոչ թե դեպքի վայրում և արդեն իսկ կատարված դեպքի առթիվ իրականացվող վարույթի շրջանակներում, այլ հնարավոր դեպքը բացահայտելու նպատակով, որպիսի հանգամանքն ակնհայտ անօրինական է և չի բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից: Բացի այդ, Ս.Ավագյանի՝ որպես դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու և դրա արդյունքում համապատասխան արձանագրություն կազմելու համար հիմք է հանդիսացել 2021 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված և քրեական գործում չներառված զեկուցագիրն առ այն, որ Ս.Ավագյանն իր տան բակում կանեփանման բույս է աճեցնում։ Մինչդեռ ոստիկանության աշխատակցի զեկուցագիրն այն մասին, որ գաղտնի աղբյուրից տվյալ է ստացել ենթադրյալ հանցագործության մասին, որպես քրեական դատավարություն սկսելու օրինական առիթ չի կարող ծառայել, այլ կերպ ասած՝ օպերատիվ տեղեկությունը չի կարող ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ լինել, այնպես էլ հիմք հանդիսանալ քրեական դատավարություն սկսելով դեպքի վայրի զննություն իրականացնելու համար: Նույն որոշմամբ Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ, իսկ գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ Ս.Ավագյանի՝ որպես դեպքի վայր հանդիսացող բնակարանում զննություն կատարելու համար։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել «Դեպքի վայրի զննության մասին» 2021 թվականի օգոստոսի 14-ի արձանագրությունը, դրանից բխող՝ այդ զննության ընթացքում վերցված և հետագայում իրեղեն ապացույց ճանաչված 698 հատ բույսերը, փորձագետի թիվ 789 Ք-21 եզրակացությունը, - Վերաքննիչ դատարանը, բեկանելով վերոնշյալ դատական ակտը, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը՝ հետաքննության մարմնի աշխատակցի՝ իր լիազորություններն իրականացնելիս ստացված հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման վերաբերյալ հետաքննության մարմնի ղեկավարին հասցեագրված զեկուցագիրը դիտարկել է որպես դատարանին անհայտ և դատարանի կողմից չստուգված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված և դատարանի կողմից չստուգված տվյալ, ապա՝ հղում անելով վերը նշված զեկուցագրին, գտել է, որ քրեական գործում առկա չէ նախնական տվյալների ձեռքբերումն ամփոփող որևէ փաստաթուղթ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել իր կողմից նշված համապատասխան «զեկուցագրի» ստացման և հետազոտման ուղղությամբ, իսկ քրեական գործին վերոհիշյալ փաստաթղթի կցված չլինելը որևէ կերպ չէր կարող հիմք հանդիսանալ գործում առկա համապատասխան զեկուցագրի՝ որպես քրեական գործ հարուցելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթ, անօրինական համարելու համար: Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել սույն վարույթով իրականացված դեպքի վայրի զննության արձանագրության թույլատրելիությունը։ 17. Սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները, ինչպես նաև Ս.Ավագյանի պաշտպանի բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեադատավարական օրենքի կիրառման ճշտությունը, ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սույն վարույթով իրականացված դեպքի վայրի զննության արձանագրության՝ որպես ապացույցի թույլատրելիության հարցին ընդհանրապես չի անդրադարձել։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը քրեական գործ հարուցելու հիմքի բացակայությունը պայմանավորել էր հենց դեպքի վայր դիտարկվող բնակարանի զննության արձանագրության ոչ իրավաչափ լինելով։ Անդրադառնալով սույն վարույթով իրականացված դեպքի վայրի զննության իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ավագյանի՝ որպես դեպքի վայր դիտարկվող բնակարանում զննություն կատարելու համար, ըստ էության, հիմք է հանդիսացել 2021 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված զեկուցագիրն առ այն, որ Ս.Ավագյանն իր տան բակում կանեփանման բույս է աճեցնում։ Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նշել է Առաջին ատյանի դատարանը, սույն գործի նյութերում առկա չէ վերոնշյալ զեկուցագիրը, բացի այդ, այն գաղտնի աղբյուրից ենթադրյալ հանցագործության մասին ստացված գնահատման ոչ ենթակա տվյալ է, որն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ Ս.Ավագյանի՝ որպես դեպքի վայր դիտարկվող բնակարանում զննություն կատարելու համար: Այլ խոսքով՝ քննարկվող իրավիճակում հետաքննության մարմինը բավարար հիմքեր չի ունեցել Ս.Ավագյանի բնակարանը դեպքի վայր դիտարկելու և այնտեղ դեպքի վայրի զննում կատարելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բնակարանում թմրամիջոց աճեցնելու մասին գաղտնի տեղեկությունը բավարար չէ անձի բնակարանը դեպքի վայր դիտարկելու, առավել ևս անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտելու համար։ Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ, իսկ գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ Ս.Ավագյանի՝ որպես դեպքի վայր դիտարկվող բնակարանում զննություն կատարելու համար։ 17.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բնակարանի զննումը քրեական դատավարության ընթացքում կարող է կատարվել միայն հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշմամբ: Մինչդեռ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բնակարանի զննությունը կատարվել է հետաքննության մարմնի կողմից՝ առանց համապատասխան որոշման կայացման, ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով հանգեցնում է հետաքննության մարմնի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի, այն է՝ «Դեպքի վայրի զննության մասին» 2021 թվականի օգոստոսի 14-ի արձանագրության անթույլատրելիության։ 18. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը, եզրահանգելով, որ «Դեպքի վայրի զննության մասին» 2021 թվականի օգոստոսի 14-ի արձանագրությունն անթույլատրելի էր և չէր կարող օգտագործվել որպես ապացույց, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Սարգսյանի գործով ձևավորած՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգը, իրավացիորեն անթույլատրելի է ճանաչել նաև դրանից բխող՝ այդ զննության ընթացքում վերցված և հետագայում իրեղեն ապացույց ճանաչված բույսերը, ինչպես նաև փորձագետի համապատասխան եզրակացությունը, որպիսի պայմաններում վարույթում առկա մյուս ապացույցները բավարար չեն Ս.Ավագյանի մեղքն իրեն մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հիմնավորված համարելու համար։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Ավագյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։ 19. Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, Սևակ Ավագյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Սևակ Սամվելի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ