Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/0973/05/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/0973/05/23
Հայցվոր
Գևորգ Այվազյան
Պատասխանող
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.10.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0973/05/23 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/0973/05/23 Նախագահող դատավոր` Դատավորներ՝ Հ․ Խաչատրյան Ա․ Հարությունյան Մ․ Մելքումյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ 2026 թվականի հոկտեմբերի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գևորգ Այվազյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 14.11.2022 թվականի թիվ 8180240172 որոշումը, և որպես հետևանք` Ծառայության պետի 09.01.2023 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գևորգ Այվազյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 14.11.2022 թվականի թիվ 8180240172 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Ծառայության պետի 09.01.2023 թվականի որոշումը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 12․06․2024 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.04.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12․06․2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Այվազյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-28-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 145-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վարչական վարույթի նյութերում որպես Գևորգ Այվազյանի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի վերաբերյալ ապացույց ներկայացված է JupiterX/RP 91100878 ալկոտեստեր սարքով կատարված սթափության վիճակի զննության արձանագրությունը։ Վերաքննիչ դատարանն այս ապացույցի արժանահավատության հիմքում դրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Բաբայանի 11․05․2023 թվականի թիվ ՍՉԱՄ-727 գրությունը՝ ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանին: Ըստ այդ գրության՝ «Jupiter X/RP» և «Jupiter» սթափության վիճակի զննության սարքերի չափման տիրույթի վերաբերյալ որոշ ստուգաչափման վկայականներում թույլ են տրվել վրիպումներ, մասնավորապես՝ սթափության վիճակի զննության սարքերի իրական չափման տիրույթը 0-2.0 մգ/լ է: Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Բաբայանի 11․05․2023 թվականի թիվ ՍՉԱՄ-727 գրության՝ որպես ապացույցի վերաբերելիությունն ու արժանահավատությունը։ Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 12․06․2024 թվականի վճռին։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) 14.11.2022 թվականին, ժամը՝ 02։55-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Գևորգ Այվազյանը ժամը 02։44-ին, ք. Երևան, Շոպրոնի փողոցում Տոյոտա մակնիշի 10 DQ 003 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։ Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը (գ. թ․ 26)։ 2) Սթափության վիճակի զննության թիվ 00397 արձանագրության համաձայն՝ Jupiter X/RP 91100878 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,832 մգ/լ։ Զննման ժամը նշված է՝ 02։50:56 (գ.թ․ 29)։ 3) Ծառայության 14.11.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180240172 որոշմամբ Գևորգ Այվազյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով (գ․ թ․ 26): 4) «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 074586 ստուգաչափման վկայականի համաձայն՝ JupiterX/RP 91100878 ալկոտեստեր սարքը ստուգաչափվել է 11.07.2022 թվականին և ուժի մեջ է մինչև 11.07.2023 թվականը։ Չափման տիրույթը՝ 0,000- 0,200 մգ/լ (գ․ թ․ 58)։ 5) ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանին հասցեագրված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Բաբայանի 11․05․2023 թվականի թիվ ՍՉԱՄ-727 գրությամբ հայտնվել է․ «Jupiter և Jupiter X/RP ալկոմետրերի որոշ ստուգաչափման վկայականներում վրիպակի արդյունքում չափման տիրույթը սխալ է նշվել։ Խնդրում ենք հայտնել Ձեր համակարգում՝ Ոստիկանությունում և Պարեկային ծառայությունում Jupiter տեսակի ալկոմետր օգտագործող բոլոր տեսուչներին, որ Jupiter և Jupiter X/RP ալկոմետրի չափման տիրույթը 0-2.0 մգ/լ է: Բոլոր վրիպումներով վկայականների դարձերեսին կատարվել է համապատասխան ուղղում՝ չափման տիրույթի վերաբերյալ (գ․ թ․ 103)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ սթափության վիճակի զննության արձանագրության՝ որպես վարորդի սթափության վիճակի վերաբերյալ ապացույցի արժանահավատության անհրաժեշտ պայմաններին։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) ամրագրում է հետևյալ խնդիրները՝ ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը (1-ին հոդվածի 2-րդ մաս): Այս խնդիրների լուծման համատեքստում է Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետով սահմանված տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու արգելքը: Օրենքի 2-րդ հոդվածում «ոչ սթափ վիճակ» հասկացությունը բնորոշվում է որպես ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Օրենքով սահմանված նշված արգելքը խախտելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածով։ Նշված հոդվածը սահմանում է․ «1․ Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 5 միավոր: 1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով: 2․ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: (․․․)»։ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում հասարակական հարաբերություններն են։ Օբյեկտիվ կողմը դրսևորվում է տրանսպորտային միջոցը ալկոհոլի ազդեցությամբ վարելու ձևով։ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը նշանակում է վարորդի արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտիվ կողմի առկայությունը կարող է հաստատվել հետևյալ փաստերի միաժամանակյա առկայության դեպքում․ - ենթադրյալ իրավախախտի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, և -ենթադրյալ իրավախախտը վարել է տրասպորտային միջոցը, այն է՝ տրանպսրտային միջոցի ընթացքի մեջ գտնվելու ժամանակ անմիջականորեն կատարել է վարորդի գործառույթը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի 2-րդ ենթակետի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման` սթափության վիճակը որոշելու համար (…): Օրենքի 9-րդ հոդվածի «իե.3» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն։ «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.03.2009 թվականի թիվ 277-Ն որոշմամբ (այսուհետ՝ Թիվ 277-Ն որոշում) հաստատվել են բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Թիվ 1 հավելված), բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի, ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը՝ համաձայն թիվ 4 հավելվածի (այսուհետ՝ Թիվ 4 հավելված): Միաժամանակ, նշված որոշման 1․1-ին կետով սահմանվում են արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջները։ Ըստ Թիվ 277-Ն որոշման 1.1-ին կետի՝ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջներն են՝ 1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով՝ ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում՝ տեխնիկական միջոցի հիշողությունից. 2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը՝ ա. առանց արձանագրություն տպագրելու՝ 500-ից ոչ պակաս, բ. արձանագրություն տպագրելով՝ 100-ից ոչ պակաս. 3) թույլատրելի սխալանքի սահմանները՝ ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար՝ +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի, բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար՝ +-10%-ից ոչ ավելի. 4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը՝ 10 վրկ-ից ոչ ավելի. 5) չափումների արդյունքների հիշողություն՝ վերջին 20000 չափումներից ոչ պակաս. 6) սնուցումն ավտոնոմ AAA տիպի մարտկոցներով՝ փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ. 7) տվիչի շահագործման ժամկետ՝ 2 տարվանից ոչ պակաս. 8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ miniUSB). 9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները՝ -100 C-ից մինչև 500 C: Թիվ 1 հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով (բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի): Նույն հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով: Նույն հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով): Թիվ 4 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն՝ նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը: Թիվ 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն՝ երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները` տեխնիկական միջոցի համարը. տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը. սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը. ալկոհոլի պարունակությունը. վարորդի անունը, ազգանունը. տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը. սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը: Թիվ 4 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը՝ կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը: Թիվ 4 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը խուսափում է (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) նույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է նույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի՝ արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշմամբ հաստատված ձևին (համաձայն թիվ 2 հավելվածի) համապատասխան կազմված՝ բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը, իսկ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող՝ նույն որոշման 1․1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը։ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր մյուս տարրին՝ տրասպորտային միջոցը վարելու փաստին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5866/05/22 վարչական գործով 07.03.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ անձին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում։ Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան։»։ Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշման իրավաչափությունը գնահատելիս դատարանի խնդիրն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածներին համապատասխան պարզել, արդյոք անձին վերագրված իրավախախտման փաստը հաստատվում է հսկողական տեսախցիկով կատարված տեսանյութով և Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող՝ նույն որոշման 1․1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ կամ բուժհաստատության կողմից  վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ (տե՛ս, Արտյոմ Զարգարյանն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության թիվ ՎԴ/5831/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․01․2026 թվականի որոշումը)։ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության՝ որպես վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի վերաբերյալ ապացույցի արժանահավատության անհրաժեշտ պայմանը, ի թիվս այլնի, սթափության վիճակի զննություն իրականացնող չափման միջոցի՝ ալկոտեստերի, օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունն է։ Այսպես, սույն գործով կիրառելի խմբագրությամբ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ չափման միջոցը սարք է, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար՝ առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ։ Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ չափման միջոցի ստուգաչափումը գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա: Արգելվում է օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումը (16-րդ հոդվածի 10-րդ մաս): Սույն գործով կիրառելի խմբագրությամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի պատկերները սահմանելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի թիվ 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 09․02․2018 թվականի թիվ 133-Ն հրամանով (ուժը կորցրել է 03․09․2026 թվականին), հիմք ընդունելով  «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և 16-րդ հոդվածի 7-րդ մասը, սահմանվել է չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը՝ համաձայն Հավելված թիվ 1-ի (այսուհետ՝ Կարգ): Կարգի 2-րդ կետի համաձայն՝ չափման միջոցի ստուգաչափումն իրականացնում են չափագիտության ազգային մարմինը և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք: Չափման միջոցի ստուգաչափումն իրականացվում է սահմանված չափագիտական պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստելու նպատակով (Կարգի 3-րդ կետ): Լիազորված կազմակերպության կողմից կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն (Կարգի 23-րդ կետ): Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները (․․․) վավերացվում են նույն հրամանի թիվ 2 հավելվածի Ձև թիվ 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի կամ անձնագրի վրա և տրվում է նույն հավելվածի Ձև թիվ 2-ով սահմանված ստուգաչափման վկայական (Կարգի 25-րդ կետ): Կարգի 27-րդ կետի համաձայն՝ ստուգաչափման վկայականի լրացման ժամանակ հապավումների կիրառումն ու տեքստի ուղղումն արգելվում է: Կարգի 29-րդ կետի համաձայն՝ ստուգաչափման վկայականում սխալների (տառասխալների) հայտնաբերման դեպքում վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում Լիազորված կազմակերպության կողմից նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը: Վերոհիիշյալ նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստուգաչափման վկայականում տեղ գտած սխալները կարող են ուղղվել միայն վկայականը նոր ստուգաչափման վկայականով փոխարինելու միջոցով։ Այսինքն՝ ստուգաչափման վկայանում տեղ գտած սխալները որևէ այլ կերպ ուղղվել, վերացվել չեն կարող։ Քանի դեռ սխալներ բովանդակող ստուգաչափման վկայականը չի փոխարինվել նոր վկայականով, որում նշված են փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը, տվյալ վկայականը գործում է այն բովանդակությամբ, ինչն սկզբնապես առկա է դրանում։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը): Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` (․․․) գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախևառաջ պետք է պարզի այդ ապացուցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս, Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք՝ Արմեն Գալստյան, Նունե Ալոյան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։ Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ ապացույցների արժանահավատության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնող չափման միջոցի՝ ալկոտեստերի ստուգաչափման վկայակում տեղ է(են) գտել բովանդակային և էական սխալ (ներ), որը (որոնք) չի (չեն) ուղղվել սահմանված կարգով (սույն գործով կիրառելի իրավակարգավորումների համաձայն՝ սխալներ բովանդակող վկայականը նոր վկայականով փոխարինելու միջոցով), ապա նման ալկոտեստերով կատարված չափման արդյունքը ամփոփող՝ սթափության զննության արձանագրությունը չի կարող համարվել արժանահավատ ապացույց։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն վարչական գործը հարուցվել է Գևորգ Այվազյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 14.11.2022 թվականի թիվ 8180240172 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Ծառայության պետի 09.01.2023 թվականի որոշումը։ Դատարանի 12․06․2024 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանն արձանագրում է, որ հայցվորի սթափության վիճակի զննությունն իրականացվել է «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 համարի ալկոտեստեր սարքով, որի վերաբերյալ պատասխանող վարչական մարմինը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 074586 ստուգաչափման վկայականը, որով հիմնավորվում է, որ «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 համարի ալկոտեստեր սարքը հաստատված է որպես չափման միջոցի տեսակ, ինչպես նաև հաստատվում է, որ այդ սարքը 11.07.2022 թվականին անցել է ստուգաչափում, որը վավերական է մինչև 11.07.2023 թվականը, միաժամանակ հաստատվում է, որ «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 համարի ալկոտեստեր սարքի չափման տիրույթը 0.000-0.200մգ/լ է: Սույն գործով ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ Դատարանն արձանագրում է, որ «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 համարի ալկոտեստեր սարքի սթափության վիճակի զննության արձանագրության (կտրոնի) համաձայն հայցվորի արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.832մգ/լ, իսկ նույն ալկոտեստեր սարքի չափման առավելագույն քանակը կազմում է 0.200մգ/լ, այսինքն «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 համարի ալկոտեստեր սարքի գրանցած արդյունքը դուրս է դրա չափման տիրույթից, հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն դեպքում ալկոտեստեր սարքի գրանցած արդյունքը չի կարող համարվել արժանահավատ։ Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ 14.11.2022թ.-ի թիվ 8180240172 որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և ոչ իրավաչափորեն է միջամտում հայցվորի իրավունքներին: (․․․) Միաժամանակ, վերոգրյալը Դատարանը բավարար է համարում սույն գործի օբյեկտիվ հանգուցալուծման համար, ուստի հայցվորի մյուս փաստարկներին չի անդրադառնում:։(…)»։ Վերաքննիչ դատարանը 09․04․2025 թվականի որոշմամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է` հետևյալ պատճառաբանությամբ․ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանողի կողմից ներկայացվել են (․․․) թիվ 91100878 սարքի համարով 00397 զննման համարի սթափության վիճակի կտրոնը, որի համաձայն՝ 14.11.2022 թվականին ժամը 02:50:56 վայրկյանի դրությամբ Գևորգ Այվազյանի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը եղել է 0․832 մգ/լ: Ստացվում է, որ 14.11.2022 թվականին, ժամը 02:50:56-ին սթափության զննության ժամանակ Գևորգ Այվազյանի արտաշնչած մեկ լիտր օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0․832 մգ/լ և հայցվորը չի խուսափել (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց։ Անդրադառնալով «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 գործարանային համարի ալկոտեստեր սարքի ստուգաչափված լինելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա է ստուգաչափման մասին թիվ 074586 վկայական, համաձայն որի՝ թիվ 91100878 գործարանային համարով չափման միջոցը ստուգաչափման արդյունքների հիման վրա բավարարել է սահմանված պահանջներին, ստուգաչափվել է 11.07.2022 թվականին և ուժի մեջ է մինչև 11.07.2023 թվականը: Հարկ է նկատել, որ սթափության զննությունը քննարկվող դեպքում տեղի է ունեցել 14.11.2022 թվականին, այսինքն՝ «Jupiter X/RP» տեսակի թիվ 91100878 գործարանային համարի ալկոտեստեր սարքը սթափության զննության ժամանակ համապատասխանում էր օրենքով սահմանված վավերապայմաններին (հիմք` թիվ 074586 ստուգաչափման վկայականը, գ․ թ․ 58): Բացի այդ, վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Բաբայանի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ ՍՉԱՄ-727 գրությունն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանին առ այն, որ «Jupiter X/RP» և «Jupiter» սթափության վիճակի զննության սարքերի չափման տիրույթի վերաբերյալ որոշ ստուգաչափման վկայականներում թույլ են տրվել վրիպումներ, մասնավորապես՝ սթափության վիճակի զննության սարքերի իրական չափման տիրույթը 0-2.0 մգ/լ է: Վերը շարադրածը հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սթափության վիճակի զննության սարքերի իրական չափման տիրույթի իրավաչափության վերաբերյալ հայցվորի փաստարկները չեն կարող արգելք հանդիսանալ սթափության վիճակի զննման կտրոնը որպես ապացույց հետազոտելու համար, քանի որ վկայակոչված փաստարկները չեն վերաբերում հայցվորի հիմնական իրավունքների խախտմամբ այդ կտրոնի ձեռքբերմանը, ինչպես նաև չեն հանգեցնում արդար դատաքննության իրավունքի խաթարմանը, հետևաբար Դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման։ (…)»։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործի փաստերի համաձայն՝ 14.11.2022 թվականին, ժամը՝ 02։55-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Գևորգ Այվազյանը ժամը 02։44-ին, ք. Երևան, Շոպրոնի փողոցում Տոյոտա մակնիշի 10 DQ 003 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։ Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը։ Ծառայության 14.11.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180240172 որոշմամբ Գևորգ Այվազյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Սթափության վիճակի զննության թիվ 00397 արձանագրության համաձայն՝ Jupiter X/RP 91100878 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,832 մգ/լ։ Զննման ժամը նշված է՝ 02։50:56։ Գործի նյութերում առկա է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 074586 ստուգաչափման վկայականի պատճենը։ Ըստ վկայակում առկա տվյալների՝ JupiterX/RP 91100878 ալկոտեստեր սարքը ստուգաչափվել է 11.07.2022 թվականին, ինչն ուժի մեջ է մինչև 11.07.2023 թվականը։ Չափման տիրույթը՝ 0,000- 0,200 մգ/լ։ Պատասխանողի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանին հասցեագրված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Բաբայանի 11․05․2023 թվականի թիվ ՍՉԱՄ-727 գրությունը՝ ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանին: Այդ գրությամբ հայտվել է․ ««Jupiter X/RP» և «Jupiter» սթափության վիճակի զննության սարքերի չափման տիրույթի վերաբերյալ որոշ ստուգաչափման վկայականներում թույլ են տրվել վրիպումներ, մասնավորապես՝ սթափության վիճակի զննության սարքերի իրական չափման տիրույթը 0-2.0 մգ/լ է: Խնդրում ենք հայտնել Ձեր համակարգում՝ Ոստիկանությունում և Պարեկային ծառայությունում Jupiter տեսակի ալկոմետր օգտագործող բոլոր տեսուչներին, որ Jupiter և Jupiter X/RP ալկոմետրի չափման տիրույթը 0-2.0 մգ/լ է: Բոլոր վրիպումներով վկայականների դարձերեսին կատարվել է համապատասխան ուղղում՝ չափման տիրույթի վերաբերյալ:»։ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ստուգաչափման վկայականի դարձերեսին որևէ ուղղում առկա չէ։ Բացի այդ, սույն գործով կիրառելի խմբագրությամբ՝ «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի պատկերները սահմանելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի թիվ 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 09․02․2018 թվականի թիվ 133-Ն հրամանով հաստատված Կարգի 29-րդ կետի համաձայն՝ ստուգաչափման վկայականում սխալների (տառասխալների) հայտնաբերման դեպքում վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում Լիազորված կազմակերպության կողմից նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը: Սույն դեպքում, ստուգաչափման վկայականում առկա սխալը վերաբերում է չափման միջոցի՝ ալկոտեստերի չափման տիրույթին, ինչը ստուգաչափման վկայականում արձանագրվող էական տվյալ է և կարող էր ուղղվել միայն առկա ստուգաչափման վկայականը նոր վկայականով փոխարինելու միջոցով։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով, որ ստուգաչափման վկայականում տեղ գտած սխալը սահմանված կարգով շտկված չէ, դրանում նշված չափման տիրույթը (0,000- 0,200 մգ/լ) ավելի փոքր է, քան հայցվորի սթափության վիճակի զննության արձանագրությամբ արձանագրված ալկոհոլի չափը (0,832 մգ/լ)՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ JupiterX/RP 91100878 ալկոտեստեր սարքով կատարված չափման արդյունքն արձանագրած՝ հայցվորի սթափության վիճակի զննության արձանագրությունը սույն դեպքում չի կարող համարվել արժանահավատ ապացույց, որպիսի պայմաններում հայցվորին վերագրված իրավախախտումը կատարելու փաստը մնում է չապացուցված։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջները։ Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նկատի ունենալով այն, որ Գևորգ Այվազյանի կողմից վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Այվազյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ծառայության կողմից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.04.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12․06․2024 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։ 2. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Գևորգ Այվազյանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ