Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԴ/22919/02/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/22919/02/21
- Հայցվոր
- «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ
- Պատասխանող
- Ռուզաննա Պետրոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.10.2026
- Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22919/02/21
դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22919/02/21
Նախագահող դատավոր՝ Լ․ Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ի․ Բաղմանյան
Ս․ Սահակյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2026 թվականի հոկտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ռուզաննա Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռուզաննա Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ռուզաննա Պետրոսյանից բռնագանձել 105.000 ՀՀ դրամ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ժամանակ Ընկերությունը պահանջել է Ռուզաննա Պետրոսյանից բռնագանձել 105.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.12.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Ռուզաննա Պետրոսյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 105.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի համար փոխհատուցած գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև պարտավորության կատարման օրը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.01.2025 թվականի որոշմամբ Ռուզաննա Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի դատավոր Ս․ Սահակյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Պետրոսյանը:
Տվյալ գործով զեկուցող դատավոր է որոշվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանը։
Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 13․08․2025 թվականին։
Տվյալ գործով զեկուցող դատավոր որոշված Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդի 07․09․2026 թվականի թիվ ԲԴԽ-77-Ո-74 որոշմամբ համարվել են դադարած, որի հիման վրա սույն քաղաքացիական գործը Դատական համակարգ համակարգչային ծրագրի միջոցով 15․09․2026 թվականին վերաբաշխվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանին։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07․02․2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է վերը նշված օրենքի անցումային դրույթների սխալ մեկնաբանության հետևանքով՝ անտեսելով, որ այդ նորմը տվյալ դեպքում կիրառելի չէր՝ նկատի ունենալով, որ սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել մինչև 14.03.2024 թվականը։
Նման պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հիմքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 21.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07․02․2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ կապված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի գործողությանը ժամանակի մեջ՝ հիմք ընդունելով նաև նույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները։
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված իրավական խնդրին, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը, 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշումը, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով 04.03.2015 թվականին կայացված որոշումը, թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով 19.04.2019 թվականին կայացված որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, 07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ վկայակոչված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն այդ օրենքով որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ արդեն սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ միաժամանակ բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ։ Նշել է նաև, որ օրենսդիրը 07.02.2024 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքով համապատասխան իրավակարգավորում է նախատեսել նաև ժամանակի մեջ այդ օրենքի գործողության մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանելով, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն՝ 14․03․2024 թվականին, իսկ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:
Վերը նշված օրենքի 59-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ հոդվածով օրենսդիրը, հստակ սահմանելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, միևնույն ժամանակ տվյալ օրենքով նախատեսել է այն դրույթները, որոնք ենթակա են կիրառման նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, մասնավորապես՝ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները: Թեև նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, իսկ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն տվյալ դեպքում առկա է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը, որը դրսևորվում է նրանում, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն չսահմանված նույն օրենքի որևէ այլ դրույթ, այդ թվում նաև՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է վերը նշված խմբագրությամբ, մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա չի կարող տարածվել (տե՛ս «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն ընդդեմ Ալվարդ Ավագյանի և մյուսների թիվ ԱՎԴ/9006/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2026 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը փոստային առաքման եղանակով 19.05.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ռուզաննա Պետրոսյանի՝ պահանջելով նրանից բռնագանձել 105.000 ՀՀ դրամ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02․06.2021 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված վարույթով քննելու մասին» որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ժամանակ Ընկերությունը պահանջել է Ռուզաննա Պետրոսյանից բռնագանձել 105.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
Դատարանի 24.12.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Ռուզաննա Պետրոսյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 105.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև պարտավորության կատարման օրը։
Դատարանի 24.12.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուզաննա Պետրոսյանը, որի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վկայակոչմամբ Վերաքննիչ դատարանի 21.01.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «սույն գործով վերաքննիչ բողոք է բերվել այն գործով, որով վեճի առարկայի (հայցագնի) արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ վերաքննիչ բողոքում չի հիմնավորել, որ առաջին ատյանի Դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը վերը նշված հիմքով մերժելու համար, քանի որ թեև վերաքննիչ բողոքը ներկայացնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու, այսինքն՝ համապատասխան դատավարական գործողությունների կատարման պահի դրությամբ, արդեն իսկ գործել է (ուժի մեջ մտած է եղել) 07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքը, որով օրենսդիրը որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, սակայն տվյալ դեպքում առկա է եղել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը, որի համաձայն՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը, ի տարբերություն նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածների, չի տարածվել մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, իսկ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ նկատի ունենալով, որ դրա արդյունքում անհարկի սահմանափակել է Ռուզաննա Պետրոսյանի բողոքարկման իրավունքը՝ վերջինիս զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
