Վճռաբեկ դատարան · Քրեական
ԿԴ/0284/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԿԴ/0284/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Վախթանգ Հովհաննիսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 27.10.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԿԴ/0284/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Գ.Շահբազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մաթևոսյան
դատավորներ՝ Ա.Բեկթաշյան
Մ.Պապոյան
27 հոկտեմբերի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Վ.Հովհաննիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի դատավճռով Վախթանգ Արտակի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկում` 1 (մեկ) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 6-ը Վ.Հովհաննիսյանը արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա՝ Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով։
1.1. Նույն դատավճռով դատապարտվել է նաև Տիգրան Հրանտի Հարությունյանը:
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ալավերդյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքաբերի պնդմամբ՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրինականության, վարույթի հանրայնության, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սկզբունքների խախտումներ:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ դեռևս Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, նախնական դատալսումների ընթացքում, պաշտպան Կարեն Ալավերդյանը ներկայացրել է միջնորդություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Հիշյալ միջնորդության լուծումն Առաջին ատյանի դատարանը հետաձգել է՝ եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դրան անդրադառնալու պայմանով: Հաջորդիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հարցի քննարկման ժամանակ պաշտպան Կ.Ալավերդյանը հայտնել է, որ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն չի ներկայացնում, քանի որ արդեն իսկ ներկայացրել է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, որի քննարկման հնարավորությունը արագացված վարույթի կիրառման պարագայում կարող է խնդրահարույց լինել: Առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի վերոնշյալ հայտարարություն հետ կապված պարզաբանել է, որ արագացված վարույթի կիրառման դեպքում նշված միջնորդությունը դատավճռով քննարկելու և լուծելու հետ կապված իրավական առումով խնդիր չի տեսնում, ինչի հիման վրա էլ մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն: Այնուհետև, արագացված վարույթի կիրառմամբ ավարտելով դատական քննությունը, և հաջորդիվ կայացված դատավճռում անդրադառնալով հիշյալ հարցին՝ դատարանը գտել է, որ գործուն զղջալու հիմքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր չկան, ուստիև նրան մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ նշանակելով պատիժ, որը պայմանականորեն չի կիրառել: Վերոնշյալ դատավճռի դեմ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ արագացված վարույթի կիրառմամբ քննված գործերով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով բողոքարկման ենթակա չեն: Մինչդեռ, իր պաշտպան Կ.Ալավերդյանը վերաքննիչ բողոքում բարձրացրել է ոչ թե փաստական հանգամանքների ապացուցվածության, անձի մեղավորության, նրան մեղսագրվող արարքի հակաիրավականության կամ արարքի իրավաբանական որակման հետ կապված հարցեր, որոնց դեպքում առկա է դատական վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի՝ օրենքով նախատեսված արգելք, այլ վիճարկել է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չազատելու դատարանի դիրքորոշումը, որպիսի հարցը չի վերաբերում մեղադրանքի փաստական նկարագրությանը կամ իրավական գնահատականին, ուստիև, ըստ բողոքաբերի, որևէ օրենսդրական արգելք առկա չէ այդ հարցով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:
Բողոքաբերն ընդգծել է, որ իր պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի բացակայության մասին դատավճռում շարադրված հետևությունների հետ համաձայն չլինելու առումով, ուստի վերաքննիչ բողոք ներկայացնելու անհնարինության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը տվյալ պարագայում իրավաչափ չէ և չի բխում ՀՀ գործող օրենսդրության իրավակարգավորումներից:
Արդյունքում, ըստ բողոքաբերի, իր պաշտպանի վերաքննիչ բողոքը փաստացի քննարկման առարկա չի դարձվել և լուծում չի ստացել, ինչի հետևանքով ինքը զրկվել է քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու միջնորդությունը մերժելու՝ Առաջին ատյանի դատարանի հետևության իրավաչափության դատական ստուգման հնարավորությունից:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի դատավճռի համաձայն՝ «(...) Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանը և (...) միջնորդել են կիրառել արագացված վարույթ և հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրենց համար պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ, արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը ներկայացրել են կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված վարույթ կիրառելու բնույթը և հետևանքները, պնդում են արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը:
Հանրային մեղադրող Դ.Թովմասյանը, պաշտպաններ Ա.Սիմոնյանը և Կ.Ալավերդյանն արագացված վարույթ կիրառելու դեմ չեն առարկել։
Դատարանը, արձանագրելով, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը և բացակայում են նույն օրենսգրքի 464․1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, որոշում է կայացրել արագացված վարույթ կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին:
(...) Դատարանը (...) հանգում է հետևության, որ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանը մեղավորությամբ կատարել է իրեն մեղսագրվող արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, (...) և այդ [արարքի] համար [նա] ենթակա [է] քրեական պատասխանատվության ու պատժի:
(...) Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությանը, Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի (...) բովանդակությունից հետևում է, որ գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելը կրում է հայեցողական բնույթ և այդ հիմքի կիրառման համար անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում՝
1) առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարելը,
2) քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցելը,
3) իրեն մեղսագրվող արարքը չվիճարկելը,
4) վնաս պատճառած լինելու դեպքում այն հարթելը կամ հատուցելը։
Դատարանը գտնում է, որ գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, վերը նշված պայմանների հետ մեկտեղ, պետք է առկա լինեն նաև հանցավորի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունը մեղմացնող այնպիսի հանգամանք կամ դրանց համակցություն, որոնք դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության և էականորեն նվազեցնում են անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Բացառիկ կարող են հանդիսանալ նաև հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի վերաբերյալ հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Ընդ որում, Դատարանն արձանագրում է, որ տվյալ հայեցողական նորմի կիրառումը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված, բխի բացառիկ հանդիսացող որևէ հանգամանքից կամ դրանց համակցությունից:
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին, Դատարանն արձանագրում է, որ սույն վարույթում առկա չէ բացառիկ այնպիսի հանգամանք, որն էականորեն նվազեցնում է Վախթանգ Հովհաննիսյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները սովորականի շրջանակներից դուրս չեն և այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության:
Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմաններ և հիմքեր առկա չեն, հետևաբար՝ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման: (...)»։
7. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ 2024 թվականի սեպտեմբերի 02-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ալավերդյանը, որը 2024 թվականի սեպտեմբերի 04-ին մուտքագրվել է Վերաքննիչ դատարանում։
Ներկայացված վերաքննիչ բողոքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Ալավերդյանը, վկայակոչելով համապատասխան պատճառաբանությունները, բառացիորեն խնդրել է. «Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և բավարարել: Փոփոխել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԿԴ/0284/01/23 գործով՝ ըստ մեղադրանքի Վախթանգ Արտակի Հովհաննիսյանի և Տիգրան Հրանտի Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 25.07.2023թ. դատավճիռը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի կիրառմամբ մեղադրյալ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանին ազատելով քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով»։
(...) Վերաքննիչ բողոքի և ԿԴ/0284/01/23 քրեական գործի ուսումնասիրությունից բխում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է հատուկ կարգով, այն է՝ արագացված վարույթի կիրառմամբ քննված քրեական գործով կայացված դատավճիռը: Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 25-ի դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել գործուն զղջալու հիմքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշմամբ միջնորդության լուծումը հետաձգվել է: Այնուհետև՝ նույն դատական նիստի ընթացքում պաշտպան Կ.Ալավերդյանը միջնորդել է գործի քննությունն իրականացնել հատուկ կարգով՝ արագացված վարույթի կիրառմամբ, որին միացել է նաև մեղադրյալ Վ.Հովհաննիսյանը։ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի միջնորդությունը՝ քրեական գործով արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և ԿԴ/0284/01/23 քրեական գործը քննվել է արագացված կարգով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց, Առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարելուց և ԿԴ/0284/01/23 քրեական գործը արագացված կարգով քննելուց հետո, վերաքննիչ բողոքում նշված հիմքով 2024 թվականի հուլիսի 25-ի դատավճիռն այլևս բողոքարկվել չի կարող: Այլ կերպ ասած՝ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման, հետևաբար պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության: (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանի պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով:
(...)
4. Վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (...) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածի համաձայն՝ «Պարզելով, որ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պարզելով, որ մեղադրյալի դատապարտման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ նրա արարքը հակաիրավական չէ, կամ առկա է քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման փոխարեն մեղադրյալը դատապարտվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ:
2. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ խիստ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը փոփոխում է դատական ակտը` հանցագործությանը տալով մեղադրյալի համար ավելի բարենպաստ իրավական գնահատական:
3. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ մեղմ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Եթե նախկինում վարույթը նույն հիմքով փոխանցված է եղել առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արագացված վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
(...)
4. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.5-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 464.4-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով»:
9.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն,
- քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
9.2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:
10. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանում, նախնական դատալսումների ընթացքում, պաշտպան Կ.Ալավերդյանը ներկայացրել է միջնորդություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Հիշյալ միջնորդության լուծումն Առաջին ատյանի դատարանը հետաձգել է՝ եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դրան անդրադառնալու պայմանով: Հաջորդիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հարցի քննարկման ժամանակ պաշտպան Կ.Ալավերդյանը հայտնել է, որ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն չի ներկայացնում, քանի որ արդեն իսկ ներկայացրել է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ միջնորդություն, որի քննարկման հնարավորությունը արագացված վարույթի կիրառման պարագայում կարող է խնդրահարույց լինել: Առաջին ատյանի դատարանը պաշտպանի վերոնշյալ հայտարարություն հետ կապված պարզաբանել է, որ արագացված վարույթի կիրառման դեպքում նշված միջնորդությունը դատավճռով քննարկելու և լուծելու հետ կապված իրավական առումով խնդիր չի տեսնում: Դրանից հետո մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։ Այնուհետև, արագացված վարույթի կիրառմամբ ավարտելով դատական քննությունը, Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Վ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ նշանակելով պատիժ, որը պայմանականորեն չի կիրառել: Կայացված դատավճռում անդրադառնալով պաշտպանի նախորդիվ ներկայացված միջնորդությանը՝ դատարանը գտել է, որ գործուն զղջալու հիմքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմաններ և հիմքեր առկա չեն,
- վերոնշյալ դատավճռի դեմ պաշտպան Կ.Ալավերդյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանների ու հիմքերի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը և խնդրելով փոփոխել հիշյալ դատավճիռը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի կիրառմամբ մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին ազատելով քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով,
- պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, նշել է, որ արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց, Առաջին ատյանի դատարանի կողմից այն բավարարելուց և արդյունքում քրեական գործն արագացված կարգով քննելուց հետո, հիշյալ դատավճիռը վերաքննիչ բողոքում նշված հիմքով այլևս բողոքարկվել չի կարող:
11. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-9.2-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը, խախտել է մեղադրյալի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը՝ նրան զրկելով իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու իրական հնարավորությունից:
Այսպես. գործի տվյալները վկայում են այն մասին, որ՝
ա) արագացված վարույթի կիրառմամբ քննելով սույն գործը, Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում անդրադարձել և քննարկման առարկա է դարձրել պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից դեռևս նախնական դատալսումների ընթացքում ներկայացված՝ մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությունը, գտնելով, որ նշված հիմքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմաններ և հիմքեր առկա չեն,
բ) Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պաշտպանի կողմից բողոքարկվել է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չազատելու մասով,
գ) Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ արագացված վարույթի արդյունքով կայացված դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով բողոքարկման ենթակա չէ:
12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերը վերաբերում են համապատասխանաբար այն դեպքերին, երբ՝
- մեղադրյալի դատապարտման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ նրա արարքը հակաիրավական չէ, կամ առկա է քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման փոխարեն մեղադրյալը դատապարտվել է),
- մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ՝ խիստ լինելու պատճառով,
- մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ՝ մեղմ լինելու պատճառով:
Այսինքն, օրենսդիրը հստակ և սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, երբ արագացված վարույթի արդյունքով կայացված դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն: Հիշյալ օրենսդրական կարգավորման բովանդակությունից ակնհայտ է, որ այն չի վերաբերում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ դատական ակտերին: Ուստի Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ներկայացված բողոքը թողնել առանց քննության այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման:
13. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանի պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:
14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Վախթանգ Արտակի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
