Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/3676/01/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Հ.Մանուկյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա.Նիկողոսյան Տ.Գրիգորյան Ա.Դանիելյան 2 նոյեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մարտին Արմանի Ռաֆայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 60601924 քրեական վարույթը: 2024 թվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 60676624 քրեական վարույթը։ 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թիվ 60676624 քրեական վարույթը միացվել է թիվ 60601924 քրեական վարույթին, և նախաքննությունը շարունակվել է 60601924 քրեական վարույթի համարով։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Տ.Մխիթարյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով: Մարտին Ռաֆայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Մարտին Ռաֆայելյանի վերաբերյալ թիվ 60601924 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), որտեղ քրեական վարույթին շնորհվել է ԵԴ1/3676/01/24 համարը։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մարտի 28-ի դատավճռով Մարտին Ռաֆայելյանը 1 (մեկ) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (2024 թվականի հունվարի 29-ի դրվագով) արդարացվել է՝ անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության հիմքով։ Մարտին Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ (2024 թվականի սեպտեմբերի 5-ի դրվագով), և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի՝ 535.317 (հինգ հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր տասնյոթ) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին լրիվ գումարվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով նշանակված՝ 397.445 (երեք հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամի չափով տուգանքը, և Մարտին Ռաֆայելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 932.762 (ինը հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամի չափով։ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունիսի 4-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, Մարտին Ռաֆայելյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի մարտի 28-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, քանի որ ձեռք բերված ապացույցների ոչ պատշաճ հետազոտման ու գնահատման հետևանքով Մարտին Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել միայն մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքում՝ նրա կողմից կատարված հանցանքները դիտարկելով որպես շարունակվող հանցագործություն: Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ անձի միասնական դիտավորության մասին, չունեն որևէ փաստական հիմնավորում, որպիսի պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերը չեն կարող համարվել հիմնավորված և պատճառաբանված: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Մարտին Ռաֆայելյանի կողմից տրանսպորտային միջոց վարելու յուրաքանչյուր դրվագն իր մեջ պարունակում է ինքնուրույն հանցակազմ և չի կարող դիտվել իբրև մեկ հանցագործություն, և չնայած այն հանգամանքին, որ վերջինիս կողմից կատարված արարքներից յուրաքանչյուրը ոտնձգել է միևնույն օբյեկտի՝ հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, այնուամենայնիվ, կատարված հանրորեն վտանգավոր նույնական արարքների միջև եղել է չափազանց մեծ ժամանակային խզում՝ ավելի քան 2 ամիս, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ վերջինս ունեցել է մեկ միասնական դիտավորություն ու նպատակ՝ ոտնձգելու հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Մարտին Ռաֆայելյանը նախաքննության ընթացքում մեղադրյալի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել, որ ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, ինչից հետևում է, որ իր կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը երկու անգամ վարելը բնութագրվել է ոչ թե որպես մեկ արարք կամ մեկ միասնական դիտավորության արդյունք, այլ երկու առանձին արարքներ։ Բողոք բերած անձի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ հանցավորին առաջադրված մեղադրանքը պետք է ներառի բոլոր այն օրերը, որոնց ընթացքում հանցավորը մեքենա է վարել, քանի որ հանցակազմի օրենսդրական ձևակերպումն այնպիսին է, որ դա չի վերաբերում միայն մեկ անգամ վարելուն, այլ ձևակերպումը վերաբերում է կասեցված կամ զրկված ժամանակահատվածում ինչպես մեկ, այնպես էլ մի քանի անգամ (պարբերաբար) վարելուն, ապա այդպիսի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ բոլոր դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պարբերաբար կատարելը չի կարող դիտվել մեկ հանցագործություն։ Ըստ բողոքաբերի՝ նման հիմնավորումներով առաջնորդվելու պարագայում կստացվի իրավիճակ, որ ցանկացած հանցանքի կատարումից հետո անձը կարող է «ակնկալել» վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտոնական ծանուցում իր արարքի հանցավոր բնույթի մասին, իսկ մինչ այդ և այդ ընթացքում, նրա կատարած ցանկացած նույնաբնույթ՝ քրեորեն պատժելի արարք պետք է դիտարկել մեկ միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործության մաս, որպիսի մոտեցումն իրավաչափ համարվել չի կարող։ Բողոքաբերը նշել է նաև, որ անձի կողմից տարբեր օրերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում տրանսպորտային միջոց վարելը չի կարող դիտարկվել որպես մեկ միասնական դիտավորությամբ կատարված արարք, հետևաբար ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ Մարտին Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին վարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճռի կայացումն անթույլատրելի է, քանի որ այն կհանգեցնի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքի խախտման, փաստարկված համարվել չի կարող։ Բողոքի հեղինակը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի որակման համար առավել կարևոր է ոչ թե մեղադրյալի կողմից քրեական վարույթի առկայության մասին տեղյակ լինելը, այլ այն, որ մեղադրյալը մեքենա վարելիս տեղյակ է եղել իր վարորդական իրավունքից զրկված լինելու մասին, ինչը ևս փաստում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի արարքը ենթակա է որակման երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և այն պարբերաբար կատարելը չի կարող դիտվել մեկ հանցագործություն: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 4-ի որոշումը, և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Մարտին Ռաֆայելյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում՝ նշանակելով համաչափ պատիժ, կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Մարտին Ռաֆայելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «[Ն]ա զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ ժամկետը չլրացած՝ 2024 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 00:33-ի սահմաններում, ****** քաղաքի *.**** փողոցում դիտավորությամբ վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից կազմվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ ********** արձանագրությունը: Այսինքն՝ Մարտին Արմանի Ռաֆայելյանին մեղսագրվում է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով: Բացի այդ, Մարտին Արմանի Ռաֆայելյանը զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ ժամկետը չլրացած՝ 2024 թվականի սեպտեմբերի 05-ին՝ ժամը 15:18-ի սահմաններում, ***** քաղաքի ********* պողոտայում դիտավորությամբ վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից կազմվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ ********** արձանագրությունը: Այսինքն՝ Մարտին Արմանի Ռաֆայելյանին մեղսագրվում է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով: Այսպիսով՝ Մարտին Արմանի Ռաֆայելյանին մեղսագրվում են հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով»: 8. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի մարտի 28-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով [ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված] հանցագործության սուբյեկտիվ կողմին, [հարկ է նշել, որ] այն բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ։ Եվ այս առումով հատկանշական է, որ անձը պետք է գիտակցի, որ ինքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված է կամ տրանսպորտային միջոցներ վարելու իր իրավունքը կասեցված է և այդ պայմաններում վարի տրանսպորտային միջոց։ Տվյալ արարքի որակման տեսանկյունից անդրադառնալով այն դեպքերին, երբ վարորդական իրավունքը որոշակի ժամկետով կասեցված լինելու պայմաններում անձը պարբերաբար տրանսպորտային միջոց է վարում, Դատարանը գտնում է, որ հոդվածի դիսպոզիցիայի մեկնաբանությունից կարելի է եզրահանգել, որ նման իրավիճակներում արարքին պետք է տրվի ընդհանրական գնահատական, այսինքն՝ հանցավորին առաջադրված մեղադրանքում ներառվեն բոլոր այն օրերը, որոնց ընթացքում վերջինս մեքենա է վարել, քանի որ օրենսդրական ձևակերպումից չի հասկացվում, որ խոսքը վերաբերում է միայն մեկ անգամ վարելուն, այլ ձևակերպումը վերաբերում է կասեցված ժամանակահատվածում ինչպես մեկ, այնպես էլ մի քանի անգամ կամ պարբերաբար վարելուն։ Այլ կերպ՝ վարորդական իրավունքի կասեցման ժամանակահատվածում յուրաքանչյուր անգամ տրանսպորտային միջոց վարելու հանգամանքին չպետք է առանձին գնահատական տրվի և որակումն իրականացվի համակցության կանոններով, քանի որ հիշյալ իրավիճակում խոսք չի գնում յուրաքանչյուր անգամ ծագած դիտավորության առկայության մասին: Բանն այն է, որ նման դեպքերում անձի հոգեբանական վերաբերմունքը դրսևորվում է վարորդական իրավունքի կասեցման ամբողջ ժամանակահատվածի նկատմամբ և յուրաքանչյուր անգամ տրանսպորտային միջոց վարելիս անտեսվում է այն արգելքը, որը վերաբերելի է վարորդական իրավունքի կասեցման ողջ ընթացքին: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանգամանքն ի հայտ գալու յուրաքանչյուր դեպքում (այդ թվում՝ նույն օրն ավտոմեքենա վարելիս տարբեր վարչական իրավախախտումներ կատարելու հանգամանքը իրավապահ մարմինների կողմից արձանագրելու պարագայում), վերջինի նկատմամբ պետք է նախաձեռնվի առանձին քրեական հետապնդում, ինչն իրավաչափ չի կարող լինել։ Այնուամենայնիվ, Դատարանը չի բացառում, որ քննարկվող հանցանքի պարբերաբար կատարման դեպքում հնարավոր է արարքը որակել համակցության կանոններով, սակայն այն տարբերությամբ, որ տրանսպորտային միջոց վարելու դեպքերը պետք է վերաբերեն վարորդական իրավունքի կասեցման առանձին ժամանակահատվածների։ Այսինքն՝ համակցության կանոնները կարող են կիրառվել, երբ որոշակի ժամկետով վարորդական իրավունքի կասեցման պայմաններում անձը վարում է տրանսպորտային միջոց, վարորդական իրավունքի գործողությունը վերականգվելուց հետո այն դարձյալ՝ մեկ այլ խախտման (խախտումների) հիմքով կասեցվում է, և հանցավորը նորից վարում է տրանսպորտային միջոց: Կամ մեկ այլ դեպքում, երբ ակնհայտ է անձի առանձին, ինքնուրույն դիտավորության դրսևորումը, օրինակ՝ վարորդական իրավունքի գործողության կասեցման ժամանակահատվածի ընթացքում մեքենա վարելու համար անձին մեղադրանք առաջադրվի, որից հետո վերջինը դարձյալ շարունակի տրանսպորտային միջոց վարելը։ Դատարանի գնահատմամբ, վերոգրյալից բացի այլ պայմաններում համակցության կանոններով արարք(ներ)ի որակումը կարող է հանգեցնել կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման: (…) Հարկ է արձանագրել նաև, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից արտատպվել են թիվ ԿԴ/0541/01/24 քրեական գործի էլեկտրոնային քարտը։ Ըստ թիվ ԿԴ/0541/01/24 քրեական գործի տվյալների՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով Մարտին Արմանի Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ ամսական եկամտի հնգապատիկի՝ 397.445 (երեք հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամի չափով։ Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման ժամկետ է սահմանվել առավելագույնը՝ 1 տարի: (…) Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ Մարտին Արմանի Ռաֆայելյանը օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ նա, 19.09.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ********** որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 19.09.2023 թվականից մինչև 19.09.2024 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին 19.09.2023 թվականին առձեռն ծանուցված լինելու պայմաններում, 2024 թվականի ապրիլի 05-ին՝ ժամը 04:28-ի [********] մարզի ***** բնակավայրի ******** փողոցում վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ******** մարզային գումարտակի *-րդ վաշտի *-ին դասակի կրտսեր պարեկ ****** ******** ********-ի կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ********** արձանագրությունը: Մինչդեռ, սույն գործով Մարտին Արմանի Ռաֆայելյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ ժամկետը չլրացած՝ 2024 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 00:33-ի սահմաններում, ****** քաղաքի *.**** փողոցում դիտավորությամբ վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից կազմվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ *********** արձանագրությունը: Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով վերը շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը փաստում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում Մարտին Արմանի Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 00:33-ի սահմաններում, ****** քաղաքի *.**** փողոցում «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար Մարտին Արմանի Ռաֆայելյանն օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ Մարտին Արմանի Ռաֆայելյանն արդեն իսկ դատապարտվել է նույնական հանցավոր արարքի կատարման համար: Մինչդեռ, հարկ է նկատել նաև, որ իրավակիրառ պրակտիկայում արդարացիորեն տարածված է այն մոտեցումը, որ վարորդական իրավունքից զրկման ժամանակահատվածում ավտոմեքենա վարելու բոլոր դեպքերը դիտարկվում են որպես մեկ հանցավոր արարք և որակվում մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով: Ամբողջականացնելով ասվածը՝ Դատարանն արձանագրում է, որ Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ/0541/01/24 քրեական գործով 2024 թվականի հուլիսի 8-ին արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, որը 2024 թվականի օգոստոսի 20-ին ուղարկվել է ի կատար ածման։ Հիշյալից բխում է, որ սույն դեպքում Մարտին Արմանի Ռաֆայելյանը որևէ մեղավորություն չունի այն հարցում, որ նախաքննական մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել վարորդական իրավունքի կասեցված լինելու պայմաններում վերջինի կողմից այլ՝ սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի ծավալում չընդգրկված օրերին մեքենա վարած լինելու հանգամանքի պարզման ուղղությամբ: Իսկ նման պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Մարտին Արմանի Ռաֆայելյանը հետապնդվում է մի արարքի համար, որի խախտման ժամանակահատվածը ողջամտորեն կարող էր և պետք է ներառված լիներ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ներկայացված մեղադրանքի ծավալում, որպիսի դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատիժը նույնչափ վերաբերելի կլիներ սույն ժամանակահատվածի իրավախախտմանը: Հետևապես, մեկ այլ քրեական գործի շրջանակներում նույն արարքի համար դատապարտվելու դեպքում կոտնահարվեն Մարտին Արմանի Ռաֆայելյանի՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքները և կխախտվի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքը: Այլ կերպ՝ սույն գործի շրջանակներում Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճռի կայացումն անթույլատրելի է, քանի որ այն կհանգեցնի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար սկզբունքի խախտման։ Ամփոփելով ասվածը՝ Դատարանը գտնում է, որ հարկ է Մարտին Արմանի Ռաֆայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (2024 թվականի հունվարի 29-ի դրվագով) արդարացնել՝ անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության հիմքով։ Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (2024 թվականի սեպտեմբերի 5-ի դրվագով) ներկայացված մեղադրանքին և այս համատեքստում ուսումնասիրելով հետազոտված ապացույցները՝ հարկ է նշել, որ մեղադրյալ Մարտին Արմանի Ռաֆայելյանի նախաքննական ցուցմունքները համադրելով 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թիվ 60601924 քրեական վարույթով որպես արտավարութային փաստաթուղթ ճանաչված՝ Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ **********, **********, ********** արձանագրությունների, ալկոհոլի պարունակության ստուգման թիվ ***** կտրոնի, ստուգաչափման թիվ ****** վկայականի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրից ստացված տեղեկատվության պատճենների և զննում կատարելու մասին արձանագրության հետ՝ Դատարանը գտնում է, որ․ - ապացուցված են մեղադրյալ Մարտին Արմանի Ռաֆայելյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքները), - ապացուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների քրեական հակաիրավականությունը, - ապացուցված են մեղադրյալ Մարտին Արմանի Ռաֆայելյանի կողմից 2 (երկու) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով վերոգրյալ արարքները կատարելը, - ապացուցված է մեղադրյալ Մարտին Արմանի Ռաֆայելյանի մեղավորությունը 1 (մեկ) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (2024 թվականի սեպտեմբերի 5-ի դրվագով) արարքի կատարելու մեջ (...)»: 9. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 4-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը նախ և առաջ փաստում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցը մեկ միասնական դիտավորությամբ մի քանի անգամ, այդ թվում՝ տարբեր օրերի վարելը պետք է դիտարկել շարունակվող հանցագործության մաս կազմող նույնական արարքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձն արարքը կատարում է առաջին արարքի համար դատապարտվելուց հետո: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով սույն գործում առկա փաստական հանգամանքներին, փաստում է հետևյալը. - սույն գործով մեղադրյալ Մարտին Ռաֆայելյանին ի թիվս այլնի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում՝ 2024 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 00:33-ի սահմաններում, ****** քաղաքի *.**** փողոցում վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը: - Մարտին Արմանի Ռաֆայելյանը, օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 19-ը զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից ՝ 2024 թվականի ապրիլի 05-ին՝ ժամը 04:28-ի [********] մարզի ***** բնակավայրի ******** փողոցում վարել է «********» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0541/01/24 դատավճիռը 2024 թվականի օգոստոսի 20-ին ուղարկվել է ի կատար ածման։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները, գտնում է, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում Մարտին Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին և 2024 թվականի ապրիլի 5-ին տրանսպորտային միջոցի վարման դեպքերը հանդիսանում են մեկ միասնական դիտավորությամբ կատարված նույնական արարքներ, այլ կերպ՝ շարունակվող հանցագործություն, որի համար Մարտին Արմանի Ռաֆայելյանն օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկներին, որ թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում խոսք անգամ չկա Մարտին Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում՝ տրանսպորտային միջոց վարելու հանգամանքի վերաբերյալ, ապա Վերաքննիչ դատարանը վերահաստատելով Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևություններն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել վարորդական իրավունքի կասեցված լինելու պայմաններում նախորդ քրեական գործով այլ օրերին մեքենա վարած լինելու հանգամանքի պարզման ուղղությամբ, չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի և հանգեցնել Մարտին Ռաֆայելյանի՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքների ոտնահարմանը, և մասնավորապես՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքի խախտմանը: (…) Ուստի, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ չի տրվել դատական սխալ, այդ թվում նաև՝ նյութաիրավական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բխում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի դեպքում շարունակվող հանցագործության որակման կանոնների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման և իրավունքի զարգացման համար: 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Մարտին Ռաֆայելյանին մեղսագրված արարքները որպես մեկ՝ շարունակվող հանցագործություն դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն՝ «Շարունակվող հանցագործություն՝ մեկ միասնական դիտավորությամբ, միևնույն օբյեկտի դեմ ուղղված նույնական արարքներով հանցանքի կատարում»։ Շարունակվող հանցագործության էությունն ու հատկանիշները Վճռաբեկ դատարանի կողմից բացահայտվել և մեկնաբանվել են Վարդան Մկրտչյանի և այլոց վերաբերյալ որոշման շրջանակներում։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «[Շ]արունակվող հանցագործությ[ու]նը, (…) բարդ (եզակի) հանցագործության տեսակ է, որը թեպետ դրսևորվում է որոշակի ժամանակային ընդմիջումներով կատարվող մեկից ավելի հակաիրավական արարքներով, այնուամենայնիվ դիտվում է որպես մեկ հանցագործություն և որակվում է քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով։ Վերոնշյալը պայմանավորված է կատարվող արարքների միջև գոյություն ունեցող սերտ կապով, ինչը թույլ է տալիս դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն։ Մասնավորապես, շարունակվող հանցագործությունը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ այնպիսի հատկանիշներով, որոնցով տարանջատվում է հանցագործությունների իրական համակցությունից։ Այսպես` շարունակվող հանցագործության օբյեկտիվ հատկանիշը ենթադրում է, որ` - կատարվող արարքներից յուրաքանչյուրը ոտնձգում է միևնույն օբյեկտի, ընդ որում, որպես կանոն, միևնույն անմիջական օբյեկտի դեմ, այսինքն` այն հասարակական հարաբերության, որը վնասվում է կոնկրետ հանցագործության կատարման արդյունքում (օրինակ` հափշտակությունների դեպքում անմիջական օբյեկտը կոնկրետ անձի սեփականության պաշտպանությանն ուղղված հարաբերություններն են)։ Միևնույն ժամանակ, կատարված մեկից ավելի արարքները շարունակվող հանցագործություն դիտելու հարցում, կոնկրետ հանցակազմի առանձնահատկություններով պայմանավորված, հաշվի են առնվում նաև օբյեկտիվ բնույթի այլ հատկանիշներ, ինչպիսիք են, օրինակ, հանցագործության եղանակը (միևնույն կամ նմանատիպ եղանակով), միևնույն աղբյուրից կատարված լինելու հանգամանքը (օրինակ` հափշտակությունների դեպքում), հանցավոր հետևանքի (արդյունքի) միասնականությունը և այլն, - կատարվող արարքները նույնական են, այսինքն` նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով։ Ընդ որում, խոսքն իրավաբանական առումով նույնականության մասին է, իսկ փաստական կողմով արարքները կարող են միմյանցից տարբերվել (օրինակ` հրազենի ապօրինի ձեռքբերումն ու իրացումը փաստական հատկանիշներով թեպետ տարբերվում են, սակայն իրավաբանորեն դրանք նույնական արարքներ են, քանի որ միևնույն` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի եղանակ են)։ (…) Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործության սուբյեկտիվ հատկանիշին, ապա այն ենթադրում է հանցավորի մոտ միասնական դիտավորության և նպատակի առկայություն։ Այլ կերպ ասած` անձը պետք է նախնական մտադրություն ունենա կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով։ Ընդ որում, շարունակվող հանցագործությունների դեպքում միասնական դիտավորությունը կարող է արտահայտվել հետևյալ կերպ` - շարունակվող հանցագործության մաս կազմող բոլոր արարքների և ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ անձի դիտավորությունը կոնկրետացված է և առաջանում է նախքան առաջին արարքը կատարելը (դասական միասնական դիտավորություն), - կատարվելիք հետագա արարքների նկատմամբ միասնական դիտավորությունն առաջանում է նախորդող արարքը կատարելու ընթացքում (վերաճող միասնական դիտավորություն), - ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ հանցավորի դիտավորությունը թեպետ կոնկրետացված չէ, սակայն վերջինս ունի միասնական դիտավորություն` հանցագործության միևնույն անմիջական օբյեկտի դեմ ոտնձգությունն իրականացնելու մեկից ավելի նույնական արարքներով։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սուբյեկտիվ հատկանիշի բացահայտումը կարևոր նշանակություն ունի հանցագործության ճիշտ քրեաիրավական որակման հարցում, քանի որ արարքների նույնականությունը, ոտնձգության օբյեկտի, աղբյուրի և եղանակի միասնականությունը դեռևս հիմք չեն կատարվածը շարունակվող հանցագործություն դիտելու համար։ Այսպես` իրական համակցության պարագայում նույնպես կատարվող արարքները կարող են օժտված լինել շարունակվող հանցագործությանը բնորոշ, սույն որոշմա[մբ] թվարկված օբյեկտիվ հատկանիշներով։ Հետևաբար նման դեպքերում շարունակվող հանցագործությունն իրական համակցությունից տարանջատելու հիմնական չափանիշը հանցավորի մոտ համապատասխան արարքները կատարելու միասնական դիտավորության առկայության հավաստումն է և միաժամանակ դիտավորության` ամեն արարքից հետո կրկին ծագած լինելու հավանականության բացառումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում։ (...) Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված մեկից ավելի արարքները կարող են դիտվել որպես շարունակվող հանցագործություն և որակվել ՀՀ քրեական օրենսգրքի մեկ հոդվածով (հոդվածի մասով կամ կետով) միայն սույն որոշմա[մբ] շարադրված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում։ Այսպիսով, շարունակվող հանցագործությունը մեկ միասնական բարդ հանցագործության տեսակ է, որը ձևավորվում է նույնական այնպիսի արարքներից, որոնց միջև, որպես կանոն, առկա է հարաբերականորեն ոչ մեծ ժամանակային խզում, և որոնք ոտնձգում են միևնույն անմիջական օբյեկտի դեմ, ընդգրկված են մեկ միասնական դիտավորությամբ և հանդես են գալիս որպես մեկ ամբողջական հանցագործության առանձին օղակ։ Միևնույն ժամանակ, եթե կատարված արարքերը եղել են ոչ նույնական, այլ տարաբնույթ կամ միաբնույթ, ուղղված են եղել տարբեր անմիջական օբյեկտների դեմ, կատարվել են տարբեր աղբյուրներից, կապված չեն եղել միասնական դիտավորությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կատարված արարքները թեպետ եղել են նույնական և ուղղված են եղել միևնույն անմիջական օբյեկտի դեմ, սակայն ընդգրկված չեն եղել միասնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում դիտավորությունն առանձին է ծագել, կատարվածը չի կարող դիտվել որպես շարունակվող հանցագործություն և ենթակա է որակման հանցագործությունների համակցության կանոններով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործությունների իրական համակցության կամ շարունակվող հանցագործության կանոնները կիրառելու և հանցավորի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար քրեական վարույթն իրականացնող մարմինը հատուկ ուշադրություն պետք է դարձնի կոնկրետ հանցագործության օբյեկտին, կատարվող արարքների բնույթին, կատարման եղանակին, աղբյուրին, դիտավորության ու նպատակի առանձնահատկություններին» ։ 12. Վերոնշյալ իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, որտեղ շարունակվող հանցագործության հասկացությունն օրենսդրորեն բացահայտված չէր և մեկնաբանվում էր միայն քրեական իրավունքի գիտության շրջանակներում։ Օրենսդրական զարգացումների արդյունքում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում տրվեց շարունակվող հանցագործության բնորոշումը, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը կատարված արարքները շարունակվող հանցագործություն դիտարկելու հարցում դարձյալ կարևորել է օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների ամբողջությունը։ Մասնավորապես, օբյեկտիվ հատկանիշի տեսանկյունից շարունակվող հացագործությունը ենթադրում է, որ կատարվող արարքները նույնական են և ուղղված միևնույն օբյեկտի դեմ, իսկ սուբյեկտիվ տեսանկյունից՝ ընդգրկված են մեկ միասնական դիտավորությամբ։ Շարունակվող հանցագործության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներն արդիական են նաև գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումների պայմաններում։ 12.1. Այսպիսով, վերահաստատելով և զարգացնելով Վարդան Մկրտչյանի և այլոց գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարունակվող հանցագործության մաս են կազմում երկու կամ ավելի այնպիսի նույնական արարքները, որոնք ուղղված են միևնույն օբյեկտի դեմ և իրականացվում են մեկ միասնական դիտավորությամբ։ Այլ կերպ՝ թեպետ շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մաս համարվող արարքներն առանձին վերցված կարող են պարունակել հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ, սակայն միավորվում են հանցավորի՝ նախապես ձևավորված ընդհանուր մտադրությամբ և ենթակա են գնահատման որպես մեկ հանցագործություն։ Հետևաբար, շարունակվող հանցագործության առկայությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն կատարված արարքների արտաքին նույնականությունը, այլև դրանց ներքին կապվածությունը՝ պայմանավորված միասնական դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր հաջորդ արարքը հանդես է գալիս որպես նախորդի տրամաբանական շարունակությունը և միտված է նախապես ձևավորված ընդհանուր հանցավոր նպատակի իրագործմանը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեկից ավելի ինքնուրույն հանցավոր արարքներ կատարվելու դեպքում, հանցանքների որակման ընդհանուր կանոնն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն քրեաիրավական գնահատականի արժանանա՝ հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու կարգով, իսկ այդ կանոնից միակ բացառությունը միասնական դիտավորության առկայությունն է՝ շարունակվող հանցագործության դեպքում, որն էլ յուրաքանչյուր վարույթով պետք է հաստատվի և հիմնավորվի բավարար փաստական տվյալների ամբողջությամբ։ Այլ կերպ՝ ընդհանուր կանոնն այն է, որ յուրաքանչյուր հանցանք կատարվում է ինքնուրույն ձևավորված դիտավորության շրջանակներում և դիտարկվում է որպես առանձին արարք, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ 13. ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` «1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում՝ (…) 3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել: 4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել: (…)»։ Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Տիգրան Հայրապետյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(…) Հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգն ապահովող հասարակական հարաբերություններն են: Վերոնշյալ արարքն ամրագրված է ձևական հանցակազմով, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում տրանսպորտային միջոց վարելով։ Այլ կերպ, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը և այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը։ (…) Հանցագործության սուբյեկտը հատուկ է, քանի որ բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, անձը պետք է օժտված լինի նաև լրացուցիչ հատկանիշներով, այն է՝ լինի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված կամ վարելու իրավունքը կասեցված, մեղսունակ ֆիզիկական անձ: Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, մասնավորապես՝ անձը գիտակցում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված լինելու պայմաններում վարում է տրանսպորտային միջոց: (…) Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը հաստատվել է իրավաչափ վարչական ակտով (…)»։ 14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները համադրելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների և իրականացված վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարունակվող հանցագործության վերաբերյալ կանոնն ունիվերսալ բնույթ է կրում և կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված բոլոր հանցակազմերի, այդ թվում՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի նկատմամբ։ Այլ կերպ՝ արարքների նույնականությունն ու միևնույն օբյեկտի դեմ ուղղված լինելը դեռևս բավարար չեն կատարվածը շարունակվող հանցագործություն դիտարկելու համար, քանի դեռ գործում առկա ապացույցների ամբողջությամբ չի հիմնավորվել միասնական դիտավորության առկայությունը։ Իսկ հնարավոր այն մեկնաբանությունը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու բոլոր դրվագները՝ զրկման կամ կասեցման ամբողջ ժամանակահատվածում, պետք է մեխանիկորեն՝ շարունակվող հանցագործության կանոններով, դիտարկվեն որպես մեկ հանցագործություն՝ անկախ կատարված արարքների քանակից, ժամանակահատվածից և դիտավորությունից, հակասում է ինչպես քննարկվող հանցակազմի, այնպես էլ շարունակվող հանցագործության ընդհանուր տրամաբանությանը։ Այսպես՝ զրկման կամ կասեցման ժամանակահատվածում տրանսպոտրային միջոց վարելու յուրաքանչյուր դրվագ արդեն իսկ իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ, իսկ դրանք միասնական դիտավորությամբ կատարված լինելու մեխանիկական արձանագրումը՝ առանց վարույթում առկա փաստական տվյալների վերլուծության և գնահատման, հակասում է շարունակվող հանցագործության գաղափարին։ Այսպես՝ կատարված յուրաքանչյուր արարք պետք է ինքնուրույն քրեաիրավական գնահատական ստանա, քանի դեռ ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորվել միասնական դիտավորության առկայությունը։ 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ - Մարտին Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ ժամկետը չլրացած՝ 2024 թվականի հունվարի 29-ին և նույն թվականի սեպտեմբերի 5-ին վարել է տրանսպորտային միջոց, այսինքն՝ վերջինիս մեղսագրվել են երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ : - Առաջին ատյանի դատարանը Մարտին Ռաֆայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2024 թվականի հունվարի 29-ի դրվագով, արդարացրել է՝ անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության հիմքով, և մեղավոր է ճանաչել միայն 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դրվագով մեղսագրվող արարքի կատարման համար։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ եթե անձը վարորդական իրավունքը որոշակի ժամկետով կասեցված լինելու պայմաններում պարբերաբար տրանսպորտային միջոց է վարում, կատարված արարքին պետք է տրվի ընդհանրական գնահատական, քանի որ հիշյալ իրավանորմի օրենսդրական ձևակերպումից չի բխում, որ խոսքը վերաբերում է միայն մեկ անգամ վարելուն, այլ կասեցման կամ զրկման ժամանակահատվածում ինչպես մեկ, այնպես էլ մի քանի անգամ կամ պարբերաբար վարելուն, քանի որ հիշյալ իրավիճակում խոսք չի գնում յուրաքանչյուր անգամ ծագած դիտավորության առկայության մասին: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը չի բացառել, որ քննարկվող հանցանքի պարբերաբար կատարումը հնարավոր է որակել համակցության կանոններով այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոց վարելու դեպքերը վերաբերում են վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման առանձին ժամանակահատվածների, ինչպես նաև այն դեպքում, երբ ակնհայտ է անձի առանձին, ինքնուրույն դիտավորության դրսևորումը, օրինակ՝ վարորդական իրավունքի գործողության կասեցման ժամանակահատվածի ընթացքում մեքենա վարելու համար անձին մեղադրանք է առաջադրվել, որից հետո վերջինս դարձյալ շարունակել է տրանսպորտային միջոց վարել։ Դատարանի գնահատմամբ, վերոնշյալից բացի, այլ պայմաններում համակցության կանոններով արարքների որակումը կարող է հանգեցնել կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ Մարտին Ռաֆայելյանը որևէ մեղավորություն չունի այն հարցում, որ նախաքննական մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել վարորդական իրավունքի կասեցված լինելու պայմաններում վերջինի կողմից այլ՝ սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի ծավալում չընդգրկված օրերին մեքենա վարած լինելու հանգամանքի պարզման ուղղությամբ: Իսկ նման պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Մարտին Ռաֆայելյանը հետապնդվում է մի արարքի համար, որի խախտման ժամանակահատվածը ողջամտորեն կարող էր և պետք է ներառված լիներ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ներկայացված մեղադրանքի ծավալում: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում 2024 թվականի հունվարի 29-ին տրանսպորտային միջոց վարելու համար Մարտին Ռաֆայելյանն օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության, հետևաբար նշված դրվագով Մարտին Ռաֆայելյանին մեղավոր ճանաչելու դեպքում կխախտվի կրկին դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքը: - Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցը մի քանի անգամ, այդ թվում՝ տարբեր օրերի վարելը պետք է դիտարկել շարունակվող հանցագործության մաս կազմող նույնական արարքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձն արարքը կատարում է առաջին արարքի համար դատապարտվելուց հետո: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մարտին Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին և 2024 թվականի ապրիլի 5-ին տրանսպորտային միջոցը վարելու դեպքերը հանդիսանում են մեկ միասնական դիտավորությամբ կատարված նույնական արարքներ, այլ կերպ՝ շարունակվող հանցագործություն, որի համար վերջինս օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի պնդմամբ՝ այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում նախորդ քրեական գործով այլ օրերին մեքենա վարած լինելու հանգամանքի պարզման ուղղությամբ, չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի և հանգեցնել կրկին դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքի խախտման: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ չի տրվել դատական սխալ և կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: 16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցը մի քանի անգամ, այդ թվում՝ տարբեր օրերի վարելը պետք է դիտարկել որպես շարունակվող հանցագործության մաս կազմող նույնական արարքներ, հակասում է ինչպես քննարկվող հանցակազմի, այնպես էլ շարունակվող հանցագործության ընդհանուր տրամաբանությանը։ Մասնավորապես, սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ստորադաս դատարանները Մարտին Ռաֆայելյանի մոտ միասնական դիտավորության առկայությունը հաստատել են ոչ թե գործում առկա ապացույցների գնահատման և վերլուծության արդյունքում, այլ դրսևորել են մեխանիկական մոտեցում՝ արձանագրելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարագայում վարելու բոլոր դեպքերը, այդ թվում՝ տարբեր օրերի, հանդիսանում են շարունակվող հանցագործություն և դրանց պետք է տրվի ընդհանրական գնահատական։ Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցակազմի, այդ թվում՝ 344-րդ հոդվածի պարագայում, դրա՝ շարունակվող հանցագործություն լինելու մեխանիկական արձանագրումը՝ առանց վարույթի փաստական տվյալների վերլուծության, անթույլատրելի է, քանզի շարունակվող հանցագործությունը որոշվում է ոչ միայն և ոչ այնքան օբյեկտիվ հատկանիշների, որքան սուբյեկտիվ չափանիշի՝ միասնական դիտավորության, առկայությամբ։ Այլ կերպ՝ նույնական արարքները, որոնք ոտնձգում են միևնույն օբյեկտի դեմ, կարող են որակվել որպես մեկ հանցագործություն միայն այն դեպքում, երբ դրանց միջև առկա է ներքին փոխադարձ կապ և դրանք ընդգրկված են անձի մեկ միասնական դիտավորության շրջանակներում, որպիսի հանգամանքը կարող է բացահայտվել միայն վարույթում առկա փաստական տվյալների համակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում։ Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին ընդգծել, որ հանցագործությունների որակման ընդհանուր կանոնն այն է, որ հանցակազմի հատկանիշներ պարունակող յուրաքանչյուր արարք պետք է ստանա ինքնուրույն քրեաիրավական գնահատական, քանի դեռ կոնկրետ գործի շրջանակներում չի հիմնավորվել միասնական դիտավորության առկայությունը։ 16.1. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի օրենսդրական ձևակերպումից բխում է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն մեկ անգամ վարելուն, այլ կասեցման կամ զրկման ժամանակահատվածում ինչպես մեկ, այնպես պարբերաբար վարելուն, քանի որ հիշյալ իրավիճակում խոսք չի գնում յուրաքանչյուր անգամ ծագած դիտավորության առկայության մասին, և որ իրավակիրառ պրակտիկայում արդարացիորեն տարածված է այն մոտեցումը, որ վարորդական իրավունքից զրկման ժամանակահատվածում ավտոմեքենա վարելու բոլոր դեպքերը դիտարկվում են որպես մեկ հանցավոր արարք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ դատողությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սխալ մեկնաբանման արդյունք է, քանզի հանցակազմի դիսպոզիցիայի նկարագրությունը որևէ հիմք չի տալիս եզրահանգելու, որ այն ենթադրում է վարելու իրավունքի կասեցման կամ զրկման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցն ինչպես մեկ անգամ, այնպես էլ պարբերաբար վարելը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարելու իրավունքից զրկման կամ դրա կասեցման ժամանակահատվածում տրանսպորտային միջոց վարելու յուրաքանչյուր դրվագ իր մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ է պարունակում։ 16.2. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նաև Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ արարքները համակցությամբ կորակվեն միայն այն դեպքում, երբ ակնհայտ է անձի առանձին, ինքնուրույն դիտավորության դրսևորումը, օրինակ՝ վարորդական իրավունքի գործողության կասեցման ժամանակահատվածի ընթացքում մեքենա վարելու համար անձին մեղադրանք է առաջադրվել, որից հետո վերջինս դարձյալ շարունակել է տրանսպորտային միջոց վարել, և Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցը մի քանի անգամ, այդ թվում՝ տարբեր օրերի վարելը պետք է դիտարկել շարունակվող հանցագործության մաս կազմող նույնական արարքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձն արարքը կատարում է առաջին արարքի համար դատապարտվելուց հետո։ Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ միասնական դիտավորության նման հիմնավորումը չի բխում շարունակվող հանցագործության ինչպես օրենսդրական, այնպես էլ տեսական մեկնաբանություններից, քանի որ միասնական դիտավորության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է միայն կոնկրետ վարույթով առկա ապացույցների գնահատման արդյունքում, և որևէ կերպ չի կարող պայմանավորվել անձին մեղադրանք առաջադրելու կամ դատապարտվելու հետ։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի որակման համար կարևոր է ոչ թե քրեական վարույթի առկայության մասին, այլ մեքենա վարելիս իր վարորդական իրավունքից զրկված լինելու մասին մեղադրյալի տեղեկացված լինելու հանգամանքը։ 17. Սույն որոշման 16-16.1-րդ կետերում կատարված վերլուծության համատեքստում անդրադառնալով կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման վերաբերյալ ստորադաս դատարանների փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ Դատարաններն ընդգծել են, որ Մարտին Ռաֆայելյանի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին և 2024 թվականի ապրիլի 5-ին տրանսպորտային միջոցը վարելու դեպքերը հանդիսանում են մեկ միասնական դիտավորությամբ կատարված նույնական արարքներ, որի համար վերջինս օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ/0541/01/24 դատավճռով արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության, հետևաբար 2024 թվականի հունվարի 29-ի դրվագով Մարտին Ռաֆայելյանին մեղավոր ճանաչելու դեպքում կխախտվի կրկին դատվելու անթույլատրելիության հիմնարար սկզբունքը։ Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ թիվ ԿԴ/0541/01/24 գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղսագրված արարքում որևէ խոսք չկա Մարտին Ռաֆայելյանի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման ժամանակահատվածում սույն վարույթով վերագրվող՝ 2024 թվականի հունվարի 29-ի դրվագով նախատեսված արարքը վերջինիս մեղսագրված լինելու, և դրանք միասնական դիտավորությամբ կատարելու վերաբերյալ, ընդ որում, ստորադաս դատարանները ևս չեն վկայակոչել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեյին, որ խոսքը վերաբերում է նույն արարքին։ Նման պայմաններում անհիմն են դատարանների փաստարկներն առ այն, որ անձն իրեն մեղսագրվող՝ 2024 թվականի հունվարի 29-ի դրվագով, արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ 18. Ընդհանրացնելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու յուրաքանչյուր դրվագ իր մեջ պարունակում է հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ և հանդիսանում է առանձին արարք, քանի դեռ վարույթում առկա ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել տվյալ արարքները մեկ միասնական դիտավորությամբ կատարելու հանգամանքը։ Հետևաբար, Մարտին Ռաֆայելյանին մեղսագրված արարքները որպես մեկ՝ շարունակվող հանցագործություն դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ 19. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է Մարտին Ռաֆայելյանին ներկայացված մեղադրանքի հիմնավորվածության հարցում հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով վերը արտահայտված իրավական դիրքորոշումները: Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Մարտին Ռաֆայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Մարտին Արմանի Ռաֆայելյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2025 թվականի մարտի 28-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության: 2. Մարտին Արմանի Ռաֆայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ