Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԼԴ/0001/11/09

Գործի համարը
ԼԴ/0001/11/09
Դիմող / մեղադրյալ
Ալեքսանդր Ծատինյան Սամվելի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.06.2009

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության ԼԴ 1/0001/11/09 վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԼԴ 1/0003/11/08 Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/, նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ` դատախազ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 29 հունիսի 2009 թվական ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ Ա.Ծատինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ դիմող Ալեքսանդր Սամվելի Ծատինյանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1. Փաստաբան Ա.Ծատինյանը դիմում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն, հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության» Լոռու մարզային կենտրոնի պետը 2008 թվականի հուլիսի 1-ի գրությամբ իրեն վիրավորանք է հասցրել: 2. Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Ս.Թանդիլյանը փաստաբան Ա.Ծատինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2008 թվականի հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին: 3. 2008 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի դատախազի տեղակալ Ս.Առաքելյանը որոշում է կայացրել քննիչի որոշումը վերացնելու և նյութերը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին վերադարձնելու մասին՝ լրացուցիչ նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: 4. Լոռու մարզի դատախազի տեղակալի 2008 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Ա.Ծատինյանը 2008 թվականի նոյեմբերի 3-ին բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել այն: Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Ծատինյանի ներկայացրած բողոքը վերադարձրել է: 5. Ա.Ծատինյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության արդյունքներով Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Լոռու մարզի դատախազի տեղակալի 2008 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Ա.Ծատինյանի բողոքը մերժել է: 6. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ Ա.Ծատինյանը վերաքննիչ բողոք է բերել: Վերաքննիչ դատարանը 2009 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ փաստաբան Ա.Ծատինյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով նշանակված երկու դատական նիստերի մասին, անհարգելի պատճառով չի ներկայացել: Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով, գտել է, որ բողոքը հետ վերցնելը ոչ միայն բողոք բերած անձի ակտիվ գործողությունն է` ուղղված բողոքը հետ վերցնելուն, այլ նաև այնպիսի պասիվ վարքագիծը, որը ենթադրում է, որ բողոք բերած անձը հետամուտ չէ իր բողոքի հիման վրա գործի վերաքննությանը: Վերաքննիչ դատարանում գործի քննությանը դիմող Ա.Ծատինյանի երկու անգամ անհարգելի չներկայանալը վերաքննիչ դատարանը դիտել է որպես բողոքից հրաժարում և բողոքը հետ վերցնել: 7. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ դիմող Ա.Ծատինյանը վճռաբեկ բողոք է բերել: 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիմող Ա.Ծատինյանի բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար): Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածը: Բողոքի հեղինակը նշել է, որ քրեական դատավարության օրենսգրքով բողոքը հետ վերցնելու պասիվ կարգ նախատեսված չէ, իսկ դատական նիստին ներկայանալն իր իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն` դատական նիստին պարտադիր մասնակցում են դատախազը, ամբաստանյալը, նրա շահերի պաշտպանության համար բողոք ներկայացրած պաշտպանը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, այսինքն` համապատասխան հոդվածով բողոք բերած անձի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն: Այնինչ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հոդվածի պահանջը և իր չներկայանալը համարել է գործի քննության խոչընդոտ: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը պետք է շարունակի գանգատի քննությունը, եթե դա է պահանջում Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը: 9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. I. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափությունը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին` իրավաչա՞փ էր արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն այն դեպքում, երբ բողոք բերող անձը, պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չի ներկայանում դատական նիստին: 11. Խնդրո առարկա հարցադրումները Կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ և 390-րդ հոդվածի 1-ին մասերի լույսի ներքո վերլուծելու արդյունքում ձևավորված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է 2009 թվականի հունիսի 2-ին «Էկոնոմինկասացիա» ԴՊԲԸ գործով կայացված ԵԿԴ/0107/11/08 որոշմամբ. « (…) Իրավունքն անձի հնարավոր թույլատրելի վարքագիծն է՝ կատարելու այս կամ այն արարքը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից: Հետևաբար վերաքննիչ բողոք բերելը կամ այն հետ վերցնելը անձի իրավունքն է, որն արտահայտվում է անձի ազատ կամքի դրսևորմամբ: (…)Վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ փաստի հաստատման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար դատարանը պետք է ունենա բավարար հիմքեր, մասնավորապես այդպիսին կարող է հանդիսանալ բողոք բերած անձի՝ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարան բերված դիմումը: Բողոքաբերի կողմից բողոքը հետ վերցնելը պետք է կատարվի ակտիվ վարքագիծ դրսևորելով, այսինքն՝ անձը պետք է իր կամքն արտահայտի բողոքը հետ վերցնելու կապակցությամբ (…) » (տե՛ս նշված որոշման 15-րդ և 16-րդ կետերը): Մինչդեռ սույն գործի նյութերից երևում է, որ բողոք բերող անձը` Ա.Ծատինյանը, Վերաքննիչ դատարանում մինչև դատական նիստը սկսվելը իր բողոքը հետ չի վերցրել, հետևաբար վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պայմաններում, Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը, դատական նիստին չներկայանալը հավասարեցրել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթներին, այն է՝ երբ դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին կամ բողոքին, և որոշում է կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթը կանոնակարգող ընթացակարգային կանոնները որևէ պարագայում չեն կարող կարգավորել նաև ՀՀ դատարաններում վարույթը: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է: Գործի նյութերից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը որակելով որպես վերաքննիչ բողոքից հրաժարում և այդ հիմքով բողոքը թողնելով առանց քննության` վերաքննիչ դատարանն ըստ էության հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները: 13. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը սույն գործով իրավաչափ չէր: II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու իրավաչափությունը. 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին՝ իրավաչա՞փ էր արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելը: 15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում (…) »: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է: Մինչդեռ սույն գործով կայացված` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է պատշաճ ծանուցված բողոքաբերի դատարան չներկայանալու հանգամանքը՝ այն դիտելով որպես բողոքը հետ վերցնել, որպիսին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չէ: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, սույն գործով պատշաճ ծանուցված բողոքաբերի դատարան չներկայանալու հանգամանքը դիտելով որպես բողոքը հետ վերցնել և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով, որը բողոքը հետ վերցնելու դեպքում նախատեսում է կայացնել որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի և 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները և բողոքն առանց քննության թողնելու հիմքերի բացակայության պայմաններում անհիմն որոշում է կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին: 16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Նշված հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով (20 հուլիսի 2006թ., գանգատներ թիվ 29458/04 և 29465/04) որոշման մեջ, որում նշվում է, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս «Նարեկ» ՍՊԸ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշումը, կետ 24): 17. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, օրենքով սահմանված կարգով այն հետ չի վերցվել, ուստի Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննել: 18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ դիմող Ալեքսանդր Սամվելի Ծատինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ