Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
2-3/2004
- Գործի համարը
- 2-3/2004
- Հայցվոր
- Հրայր Ագանիկյան
- Պատասխանող
- Ալիսա Մարգարյան և այլք
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 19.10.2012
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 2-3/2004
դատարանի որոշում 2012թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-3/2004
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈԻՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրայր Ագանիկյանի ընդդեմ Ալիսա, Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրայր Ագանիկյանը պահանջել է Ալիսա, Երանուհի, Տիգրան Մարգարյաններից, Հասմիկ Աշոտի Մարգարյանից և Հասմիկ Բագրաթի Մարգարյանից համապարտության կարգով բռնագանձել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 20 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2012 թվականի որոշմամբ Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.03.2004 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրայր Ագանիկյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ: Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, ինչպես նաև Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, իսկ հետագայում պարզվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից: Վերոնշյալ գործողությունները հանգեցրել են ապօրինի և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:
Տվյալ դեպքում թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատված փաստերը սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերող անձինք չեն ներկայացրել որևէ ապացույց, որը հիմնավորում է այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք` թիվ 2-3/2004 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.06.2012 թվականի որոշումը վերանայելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 04.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Հրայր Ագանիկյանն Ալիսա Մարգարյանին տրամադրում է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն Ալիսա Մարգարյանը պարտավորվել է վերադարձնել մինչև 31.12.2003 թվականը, իսկ մնացած գումարը` մինչև 04.09.2004 թվականը (հատոր 1, գ. թ. 187),
2. 17.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Հրայր Ագանիկյանն Ալիսա Մարգարյանին տրամադրում է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն Ալիսա Մարգարյանը պարտավորվել է վերադարձնել մինչև 01.11.2003 թվականը, իսկ մնացած գումարը` մինչև 17.03.2004 թվականը (հատոր 1, գ. թ. 188),
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատվել է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի` առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ, Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, ինչպես նաև վերոնշյալ դատավճռով հաստատվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից (հատոր 1, գ. թ. 58-59, 64-66):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք:
Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ է վկայակոչել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. կատարվե°լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ
կողմը),
2. արդյո°ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (տե՛ս ըստ Կարապետ Գրաչյանի հայցի ընդդեմ Ատոմ Ղազազյանի` գումարի պահանջի մասին և ըստ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարապետ Գրաչյանի` գումարի պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1091(ՎԴ) որոշումը)։
Սույն գործով դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հրայր Ագանիկյանի կողմից ներկայացված 04.09.2003 թվականին և 17.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրերով ու 18.09.2003, 24.12.2003 թվականի պարտավորագրերով հիմնավորվում է Հրայր Ագանիկյանի կողմից Ալիսա Մարգարյանին 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար տրամադրելու փաստը, Ալիսա Մարգարյանը հայցի դեմ չի առարկել, իսկ Երանուհի և Տիգրան Մարգարյանները, Հասմիկ Աշոտի Մարգարյանը, Հասմիկ Բագրաթի Մարգարյանը, դատական նիստի օրվա և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելով, չեն ներկայացել դատական նիստին:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, իր որոշման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ բողոքաբերները չեն ներկայացրել ապացույցներ այն մասին, որ Ալիսա Մարգարյանն իրենց երբևէ չի հայտնել դատավճռով հաստատված և իրենց կողմից վկայակոչված հանգամանքների մասին, ինչպես նաև բողոքաբերները չեն ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ իրենց անվամբ ձևակերպված ծանուցագրերը ստացել է Ալիսա Մարգարյանը և թաքցրել իրենցից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատված վերոգրյալ հանգամանքները սույն գործով նոր երևան եկած հանգամանք են, քանի որ նշված դատավճռով հաստատվում է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի` առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ, Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, ինչպես նաև վերոնշյալ դատավճռով հաստատվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ` բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դատավորներ`
____________________Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
_________________ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
__________________ _Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
___________________Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
___________________Մ. ԴՐՄԵՅԱՆ
___________________Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
___________________Է. ՀԱՅՐԻՅԱՆ
___________________Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
___________________Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
