Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1110
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1110

Վճռաբեկ դատարան20 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Էդուարդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Ջոն Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Կարինե Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ընդհանուր բաժնային սեփականության մեջ բաժինը որոշելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Ջոն Սարգսյանը պահանջել է ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4007

Նախագահող դատավոր Տ.Սահակյան

Դատավորներ`

Կ.Հակոբյան

Տ.Նազարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-444(ՎԴ)

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Ջոն Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Կարինե Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ընդհանուր բաժնային սեփականության մեջ բաժինը որոշելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Ջոն Սարգսյանը պահանջել է ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և ճանաչել հոր` 26.11.1997 թվականին մահացած Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Դիմելով դատարան Կարինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը և սեփականության իրավունքի վկայականը, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքում բաժնի չափը և բնակեցնել այդ բնակարանում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով Ջոն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի հայցերը բավարարվել են: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2008 թվականի վճռով Ջոն Սարգսյանի հայցը մերժվել է, իսկ Կարինե Սարգսյանի

2

հայցը բավարարվել: Քաղաքացիական գործի վարույթը` թիվ 0245539 սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սարգսյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Սույն գործով նախագահող դատավոր Տ.Սահակյանը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի միջև քննվող մեկ այլ գործով գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր, իսկ սույն գործով նախագահող դատավոր է:

Էդուարդ Սարգսյանը միջնորդել է գործի քննությունը հետաձգել, սակայն Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել միջնորդությունը լիարժեք ներկայացնել, որի արդյունքում այն մերժվել է:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, չի կիրառել ՛Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի շրջանակներից դուրս է եկել: Հայցվոր Կարինե Սարգսյանը հայցապահանջի չափը փոփոխելու մասին դիմումով հայտնել է, որ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համարվում է 26.11.1997 թվականին մահացած հոր` Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և հետևաբար, անկախ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից, Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը հանդիսանում է իր և պատասխանողի ընդհանուր բաժնային սեփականությունը:

Կարինե Սարգսյանը պահանջել է վիճելի բնակարանի 1/2-րդ մասն առանձնացնել սեփականության իրավունքով և հատկացնել իրեն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճելի բնակարանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս զրկվել է այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մտնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 1226-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, Կարինե Սարգսյանին ճանաչելով Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի ժառանգ, ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավունք ուներ մասնակի` վիճելի բնակարանի 1/4-րդի մասով, անվավեր ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Անվավերությունը պետք է համաչափ լինի կողմին սեփականության իրավունքով հատկացված բաժնի չափին: Նման խախտման արդյունքում Էդուարդ Սարգսյանը զրկվում է սեփականության իրավունքի գրանցումից և վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, որը զուգորդվել է տիրապետումից զրկելու հետ:

3

26.11.1997 թվականին մահացած ՍՍարգսյանի գույքը փաստացի տիրապետմամբ ժառանգել է Էդուարդ Սարգսյանը, իսկ Կարինե Սարգսյանը գիտեր հոր մահվան մասին, և նրա համար ակնհայտ էր ժառանգական գույքի գոյությունը: Սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Կարինե Սարգսյանի հայցի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2008 թվականի վճիռը և փոփոխել` Կարինե Սարգսյանի հայցը մերժել:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի 14.09.1995 թվականի թիվ 33/86 որոշմամբ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը սեփականաշնորհվել է Սարգիս Սարգսյանի, Թամարա Պապովայի և Էդուարդ Սարգսյանի անվամբ որպես ընդհանուր սեփականություն հավասար բաժիններով:

2) Թամարա Պապովան մահացել է 1995 թվականին:

3) Թամարա Պապովայի մահից հետո նշված բնակարանի նրա բաժինը փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունել են Սարգիս Սարգսյանը և Էդուարդ Սարգսյանը:

4) Սարգիս Սարգսյանը մահացել է 26.11.1997 թվականին:

5) Սույն գործով հայցվոր Կարինե Սարգսյանը Սարգիս Սարգսյանի դուստրն է:

6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

7) Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից չի ներկայացվել: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող է որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Սույն քաղաքացիական գործով որպես դատավորի ինքնաբացարկի հիմք նշվել է այն հանգամանքը, որ նա նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում նշված հիմքերից քննարկման առարկա կարող է դառնալ միայն օրենսգրքի այն դրույթը, որը նախատեսում է, որ ինքնաբացարկի հիմք կարող է հանդիսանալ այն, որ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Նման դրույթն օրենսդրի կողմից դիտարկվել է ինքնաբացարկի հիմք այն պարզ պատճառաբանությամբ, որ ստորին ատյանում գործի քննությանը որպես դատավոր մասնակցած լինելու դեպքում դատավորը վերադաս դատական ատյանում ըստ էության վերանայում է իր իսկ կայացրած ակտի օրինականությունը: Մինչդեռ զուտ այն հանգամանքը, որ դատավորը մասնակցել է նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործին որպես դատավոր, նրա

4

անաչառության վերաբերյալ կասկածի և ինքնաբացարկը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի հիմք և դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ դատավորի ներքին կողմնակալ վերաբերմունքի հանգեցնող ցանկացած փաստ, որը կարող է ազդել թե դատավորի կողմից գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու և թե

գործի քննության արդյունքում դատավորի մոտ այնպիսի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործում հետազոտված փաստերից, այլ հիմնվում է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքի վրա: Մինչդեռ սույն գործում Էդուարդ Սարգսյանի կողմից վերը նշված հանգամանքների մասին վկայող որևէ ապացույց չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է Էդուարդ Սարգսյանի կողմից գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Հայցապահանջի չափը փոփոխելու մասին Կարինե Սարգսյանի դիմումի համաձայն` վերջինս խնդրել է Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը ճանաչել անվավեր, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասի չափը և բնակեցնել այդ բնակարանում:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ են Էդուարդ Սարգսյանը և Կարինե Սարգսյանը, այսինքն Կարինե Սարգսյանը ժառանգել է նշված բնակարանի 1/4-րդ բաժինը: Վերաքննիչ դատարանը Կարինե Սարգսյանի հայցապահանջը բավարարել է մասնակիորեն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից:

Ինչ վերաբերում է ՛Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառելիության վերաբերալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոնշյալ հոդվածները և փաստելով, որ սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ, և այն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, այդ մասով կարճել է գործի վարույթը:

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1125-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգը օրենքի ուժով այդ գույքի սեփականատերն է:

5

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի օրենքով նախատեսված դեպքերից:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, ճանաչելով Կարինե Սարգսյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան 1/4 մասի նկատմամբ, այդ մասով Էդուարդ Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու փոխարեն այն անվավեր է ճանաչել ամբողջությամբ խախտելով Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի 3/4 մասի նկատմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքը գտնում է հիմնավոր:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատման առարկա չի դարձնում, քանի որ այդ հարցն իր լուծումն է ստացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական

ակտը

մասնակիորեն

փոփոխելը

բխում

է

արդարադատության

արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ

բողոքը

բավարարել

մասնակիորեն:

Բեկանել

Վերաքննիչ

քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի Կարինե Սարգսյանի հայցի մասը և այն փոփոխել. Կարինե Սարգսյանի հայցը բավարարել մասնակիորեն` 1/4-րդ մասով անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի սեփականատեր ճանաչել Կարինե Սարգսյանին, իսկ 3/4 մասի սեփականատեր Էդուարդ Սարգսյանին:

2. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

6

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունիսի, 2008 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել