Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-444/ՎԴ

Գործի համարը
3-444/ՎԴ
Հայցվոր
Ջոն Սարգսյան
Պատասխանող
Էդուարդ ՍարգսյանԿարինե Սարգսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.06.2008
Քաղաքացիական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-444(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-4007 Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան Դատավորներ` Կ.Հակոբյան Տ.Նազարյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հունիսի 20-ին դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ջոն Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Կարինե Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ընդհանուր բաժնային սեփականության մեջ բաժինը որոշելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ջոն Սարգսյանը պահանջել է ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և ճանաչել հոր` 26.11.1997 թվականին մահացած Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Դիմելով դատարան՝ Կարինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը և սեփականության իրավունքի վկայականը, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքում բաժնի չափը և բնակեցնել այդ բնակարանում: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով Ջոն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի հայցերը բավարարվել են: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2008 թվականի վճռով Ջոն Սարգսյանի հայցը մերժվել է, իսկ Կարինե Սարգսյանի հայցը՝ բավարարվել: Քաղաքացիական գործի վարույթը` թիվ 0245539 սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սարգսյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Սույն գործով նախագահող դատավոր Տ.Սահակյանը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի միջև քննվող մեկ այլ գործով գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր, իսկ սույն գործով նախագահող դատավոր է: Էդուարդ Սարգսյանը միջնորդել է գործի քննությունը հետաձգել, սակայն Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել միջնորդությունը լիարժեք ներկայացնել, որի արդյունքում այն մերժվել է: 2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հայցապահանջի շրջանակներից դուրս է եկել: Հայցվոր Կարինե Սարգսյանը հայցապահանջի չափը փոփոխելու մասին դիմումով հայտնել է, որ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համարվում է 26.11.1997 թվականին մահացած հոր` Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և հետևաբար, անկախ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից, Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը հանդիսանում է իր և պատասխանողի ընդհանուր բաժնային սեփականությունը: Կարինե Սարգսյանը պահանջել է վիճելի բնակարանի 1/2-րդ մասն առանձնացնել սեփականության իրավունքով և հատկացնել իրեն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճելի բնակարանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս զրկվել է այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մտնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը: 3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 1226-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, Կարինե Սարգսյանին ճանաչելով Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի ժառանգ, ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավունք ուներ մասնակի` վիճելի բնակարանի 1/4-րդի մասով, անվավեր ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Անվավերությունը պետք է համաչափ լինի կողմին սեփականության իրավունքով հատկացված բաժնի չափին: Նման խախտման արդյունքում Էդուարդ Սարգսյանը զրկվում է սեփականության իրավունքի գրանցումից և վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, որը զուգորդվել է տիրապետումից զրկելու հետ: 26.11.1997 թվականին մահացած Ս.Սարգսյանի գույքը փաստացի տիրապետմամբ ժառանգել է Էդուարդ Սարգսյանը, իսկ Կարինե Սարգսյանը գիտեր հոր մահվան մասին, և նրա համար ակնհայտ էր ժառանգական գույքի գոյությունը: Սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Կարինե Սարգսյանի հայցի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2008 թվականի վճիռը և փոփոխել` Կարինե Սարգսյանի հայցը մերժել: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի 14.09.1995 թվականի թիվ 33/86 որոշմամբ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը սեփականաշնորհվել է Սարգիս Սարգսյանի, Թամարա Պապովայի և Էդուարդ Սարգսյանի անվամբ որպես ընդհանուր սեփականություն հավասար բաժիններով: 2) Թամարա Պապովան մահացել է 1995 թվականին: 3) Թամարա Պապովայի մահից հետո նշված բնակարանի նրա բաժինը փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունել են Սարգիս Սարգսյանը և Էդուարդ Սարգսյանը: 4) Սարգիս Սարգսյանը մահացել է 26.11.1997 թվականին: 5) Սույն գործով հայցվոր Կարինե Սարգսյանը Սարգիս Սարգսյանի դուստրն է: 6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: 7) Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից չի ներկայացվել: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ 1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող է որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Սույն քաղաքացիական գործով որպես դատավորի ինքնաբացարկի հիմք նշվել է այն հանգամանքը, որ նա նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր: ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում նշված հիմքերից քննարկման առարկա կարող է դառնալ միայն օրենսգրքի այն դրույթը, որը նախատեսում է, որ ինքնաբացարկի հիմք կարող է հանդիսանալ այն, որ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Նման դրույթն օրենսդրի կողմից դիտարկվել է ինքնաբացարկի հիմք այն պարզ պատճառաբանությամբ, որ ստորին ատյանում գործի քննությանը որպես դատավոր մասնակցած լինելու դեպքում դատավորը վերադաս դատական ատյանում ըստ էության վերանայում է իր իսկ կայացրած ակտի օրինականությունը: Մինչդեռ զուտ այն հանգամանքը, որ դատավորը մասնակցել է նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործին որպես դատավոր, նրա անաչառության վերաբերյալ կասկածի և ինքնաբացարկը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի հիմք և դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ դատավորի ներքին կողմնակալ վերաբերմունքի հանգեցնող ցանկացած փաստ, որը կարող է ազդել թե՚ դատավորի կողմից գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու և թե՚ գործի քննության արդյունքում դատավորի մոտ այնպիսի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործում հետազոտված փաստերից, այլ հիմնվում է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքի վրա: Մինչդեռ սույն գործում Էդուարդ Սարգսյանի կողմից վերը նշված հանգամանքների մասին վկայող որևէ ապացույց չի ներկայացվել: Ինչ վերաբերում է Էդուարդ Սարգսյանի կողմից գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել: 2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Հայցապահանջի չափը փոփոխելու մասին Կարինե Սարգսյանի դիմումի համաձայն` վերջինս խնդրել է Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը ճանաչել անվավեր, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասի չափը և բնակեցնել այդ բնակարանում: Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ են Էդուարդ Սարգսյանը և Կարինե Սարգսյանը, այսինքն՝ Կարինե Սարգսյանը ժառանգել է նշված բնակարանի 1/4-րդ բաժինը: Վերաքննիչ դատարանը Կարինե Սարգսյանի հայցապահանջը բավարարել է մասնակիորեն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից: Ինչ վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառելիության վերաբերալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոնշյալ հոդվածները և փաստելով, որ սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ, և այն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, այդ մասով կարճել է գործի վարույթը: 3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1125-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է պետական գրանցման: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգը օրենքի ուժով այդ գույքի սեփականատերն է: Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի օրենքով նախատեսված դեպքերից: Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, ճանաչելով Կարինե Սարգսյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան 1/4 մասի նկատմամբ, այդ մասով Էդուարդ Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու փոխարեն այն անվավեր է ճանաչել ամբողջությամբ՝ խախտելով Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի 3/4 մասի նկատմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքը գտնում է հիմնավոր: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատման առարկա չի դարձնում, քանի որ այդ հարցն իր լուծումն է ստացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի՝ Կարինե Սարգսյանի հայցի մասը և այն փոփոխել. Կարինե Սարգսյանի հայցը բավարարել մասնակիորեն` 1/4-րդ մասով անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի սեփականատեր ճանաչել Կարինե Սարգսյանին, իսկ 3/4 մասի սեփականատեր՝ Էդուարդ Սարգսյանին: 2. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ