Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ/0743/06/18
- Գործի համարը
- ԵԴ/0743/06/18
- Դիմող / մեղադրյալ
- Ռոբերտ Քոչարյան Սեդրակի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 15.11.2018
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
27 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
- Հոդված 1.
- Հոդված 2.
- Հոդված 3.
- Հոդված 4
- Հոդված 8.2.
- Հոդված 27. Անձնական ազատությունը
- Հոդված 54.
- Հոդված 55.
- Հոդված 56.
- Հոդված 56.1.
- Հոդված 57.
- Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները
- Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը
- Հոդված 127. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը
- Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
- Հոդված 141. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 24. Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը
- Հոդված 104. Սպանությունը
- Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
- Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը
- Հոդված 373. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0743/06/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0743/06/18
Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ`
մասնակցությամբ՝ դատավորներ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ` Մ. ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ՝
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար՝
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ`
դատախազներ՝
պաշտպաններ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ
Դ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Վ.ԴՈԼՄԱԶՅԱՆԻ
Հ.ԱԼՈՒՄՅԱՆԻ
Ռ.ՍԱՀԱԿՅԱՆԻ
Ա.ՕՐԲԵԼՅԱՆԻ
Հ.ԽՈՒԴՈՅԱՆԻ
մեղադրյալ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ
քննիչ՝ Հ.ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2018 թվականի նոյեմբերի 15-ին ք.Երևանում
դռնփակ դատական նիստում, քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
2. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։ Միաժամանակ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
4. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, վերացրել է մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, և նրան ազատ արձակել:
5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և դատախազ Ա.Մնացականյանի կողմից:
Պաշտպանները խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը մերժել, իսկ դատախազը խնդրել է մերժել մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Նախաքննության մարմնի կողմից Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ռոբերտ Քոչարյանը], 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մոտ:
Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ և քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ հասարակության լայն շերտերի՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչն իր հերթին առաջացրել է հանրության մեծ մասի զայրույթը և, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են Նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ:
Բազմահազար քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ հաստատված սահմանադրական կարգի համապատասխան, ժողովրդավարական և իրավական պետության, իշխանությունը ժողովրդին պատկանելու սահմանադրական բարձրագույն երաշխիքներից օգտվելով, անցկացրել են խաղաղ, առանց զենքի շուրջօրյա հավաքներ, պահանջել են անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացվող արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու իրավունքների իրացման հնարավորությունը և պետությունը կգործի Սահմանադրությանը համապատասխան:
Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած գնով հանձնելուց, դրանով իսկ իր և իր մտերիմների անվտանգությունն ապահովագրելու դրդումներով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և մյուսների հետ որոշել են իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ:
Սահմանադրական կարգի բռնությամբ տապալմանն ուղղված գործողություններն արտահայտվել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ: Այսպես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և մյուսների հետ խախտել է 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն, հանդիսանալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և համակարգելով պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն անցկացնելուց հետո առաջադրել է իշխանությունը ցանկացած գնով, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի օգտագործմամբ պահպանելուն ուղղված խնդիրներ, որոնց կատարման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18.00-ից, տեղափոխվել է զորանոցային վիճակի: ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:
Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:
Դրանից հետո, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Երևան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված և զրահատեխնիկայով համալրված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:
Բազմահազար քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր- Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը և Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի որոշմամբ 2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ ոստիկանական ուժերի միջոցով հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:
Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին առաջադրված խնդիրների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:
Փաստացի հաստատված ռազմական դրության, Զինված ուժերի ապօրինի գործադրման համար առերևույթ իրավական հիմք ստեղծելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ արտակարգ դրության ռեժիմն ապահովելու համար ապօրինի կերպով օգտագործվել են ՀՀ Զինված ուժերը:
Նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին:
Ապօրինի կերպով ՀՀ Զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով, նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ Զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ Զինված ուժերի անունից, ստանձնել է «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:
Դրանից հետո, Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին: Ռոբերտ Քոչարյանի անմիջական ցուցումներով և հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի անդամների վրա գործադրված ճնշումների ազդեցության արդյունքում, չնայած ընտրախախտումների առկայության փաստին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ճանաչվել է վավերական և օրինական (...)»:
7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Դատարանը գտնում է, որ առկա են Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերն ու պայմանները:
Մասնավորապես, Քննիչի կողմից ներկայացված և սույն որոշման 2-3-րդ կետերում շարադրված փաստական տվյալներն ու տեղեկությունները, մասնավորապես՝
- ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2008թ թիվ 0032 հույժ գաղտնի հրամանը, որը վերնագրված էր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ,
- 2008թ. փետրվարի 29-ին հեռուստատեսային ելույթի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հայտնել է, որ իշխանությունը երկու տարբերակ ունի. առաջինը՝ համբերատար սպասել թատերական բեմադրումը թատերական հրապարակում ինքն իրենով մարվելուն: Երկրորդ տարբերակը՝ ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել թատերական հրապարակը.
- 2008թ. մարտի 1-ին կատարված տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաք և դրա հարակից մատույցներ են բերվել ՀՀ ՊՆ Զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմ, տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա,
- 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներին Միքայել Հարությունյանի տված բացատրության տեսագրությունը պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ Միքայել Հարությունյանը չի հերքել փաստացի ռազմական դրություն հաստատելու և դրանով պայմանավորված՝ Զինված ուժերի ստորաբաժանումները Երևան քաղաքում տեղակայելու հանգամանքները.
- 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ասուլիսը պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ վերջինս նույն օրը՝ ժամը մոտ 19-ի սահմաններում հայտարարել է ՀՀ Նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի և դրա փաստաթղթերի պատրաստ լինելու մասին.
- 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը պարունակող տեսագրության զննության արձանագրությունը, որի համաձայն՝ նա նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում հրապարակել է Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը.
- ՀՀ ազգային արխիվից ստացված «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը, որով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը.
- 2008թ. մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ժողովրդին դիմելու ուղերձը պարունակող տեսագրության զննության արձանագրությամբ, որի համաձայն՝ Սեյրան Օհանյանն ուղերձով դիմել է ժողովրդին և նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության, ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ զինված ուժերն օրինազանցների նկատմամբ ձեռնարկելու են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված միջոցներ.
- որպես վկաներ հարցաքննված Գրիգորի Խաչատուրովի, Արարատ Մահտեսյանի, Արթուր Անդրեասյանի, Մասիս Շիրոյանի, Վարդան Հարությունյանի, Արշակ Կարապետյանի, Վալերի Պողոսյանի և Վիկտոր Պողոսյանի ցուցմունքները:
Դատարանի համար, դատավարության տվյալ փուլում, ողջամտորեն բավարար են հիմնավորված համարելու.
ա) Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած), որը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով և որ
բ) մեղսագրվող հանցագործության բնույթի, դրա վտանգավորության աստիճանի, սպառնացող հնարավոր պատժի խստության, գործի օպերատիվ քննչական իրավիճակից բխող տվյալների համակցությունը մեծացնում է հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ռ.Քոչարյանը մնալով ազատության մեջ՝ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Մ.Հարությունյանի վրա՝ կապված 23.02.2008 թվականի թիվ 0038 հրամանի արձակման հանգամանքների կապակցությամբ, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով:
Դատարանը նման հետևության հանգելիս հաշվի է առնում ինչպես մեղադրյալ Ռ.Քոչարյանի անձը, նախկինում զբաղեցրած պաշտոնը, կապերը, այնպես էլ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լրացուցիչ հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև նրա հետ առնչություն ունեցած անձանց, անհրաժեշտության դեպքում կատարել առերեսումներ, փաստաթղթեր և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր հայտնաբերելու նպատակով կատարել խուզարկություններ, առգրավումներ, քննչական ու դատավարական այլ գործողություններ: Քրեական գործի նախաքննության տվյալ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ ապացույցների հավաքման և ստուգման սկզբնական փուլում հնարավոր է վերջինս, օգտվելով իր նախկին զբաղեցրած պաշտոնից ու կապերից, գործողություններ կատարի հանցագործությունը բացահայտող բովանդակությամբ ցուցմունքներ տալուն հակված անձանց դեմ կամ քննությանը խոչընդոտի գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, իրեր և այլ նյութեր թաքցնելու, կեղծելու եղանակով: Քանի դեռ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, վերը նկարագրված գործողությունների վտանգն առկա է, առավել ևս, որ նախաքննության ընթացքը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները սահմանադրական կարգի տապալմանը մասնակցություն ունեցած պաշտոնատար այլ անձանց, 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև զորքերի այլ ստորաբաժանումների ծառայողներին, նրանց ամրակցված զենքերը պարզելու, վերջիններիս դերակատարությունը, այդ իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան և բազմաթիվ քաղաքացիների վնասվածքներ ստանալու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է պաշտպան Ա.Օրբելյանի այն դիտարկմանը, որ Ռոբերտ (…) [Քոչարյանը] օժտված է անձեռնմխելիությամբ և նա իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանին է վերագրվում սահմանադրական կարգը տապալելը, որն արտահայտվել է նրա՝ որպես ՀՀ նախագահի կողմից 23.02.2008թ-ին ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործընթացներում զինված ուժերն օգտագործելու հրաման տալով, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմում դրա ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելով, չի բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, ուստի առկա պայմաններում բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:
Դատարանը (…) գտնում է, որ գրավը տվյալ դեպքում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմքերի չեզոքացման համար»:
8. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Հայաստանի Հանրապետության Նախագահի անձեռնմխելիության սահմանադրաիրավական սկզբունքն ինքնանպատակ չէ, այլ դրանով բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի համար նախատեսվում է այնպիսի կարգավիճակ, որը նրան հնարավորություն կտա առանց արգելքների և խոչընդոտների իրականացնելու Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթներն ու լիազորությունները: Այլ կերպ՝ Նախագահը, որպես բարձրագույն պաշտոնատար անձ, օժտված է որոշակի պաշտպանվածությամբ: Նախագահական անձեռնմխելիությունը նշանակում է պետության կողմից վերապահված իրավունք՝ ենթակա չլինելու որոշ ընդհանուր նորմերի, այն է՝ Նախագահը չի կարող ձերբակալվել, ենթարկվել դատական պատասխանատվության, որպես վկա հարկադրաբար հրավիրվել դատարան, ենթարկվել վարչական պատասխանատվության և այլն:
Վերոգրյալից հետևում է, որ Նախագահն անձեռնմխելիության իրավունքից օգտվում է ինչպես պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ պաշտոնավարումից հետո, այսինքն՝ անձեռնմխելիության իրավունքից օգտվում են նաև նախկին՝ պաշտոնաթող այն նախագահները, որոնք ենթադրյալ արարքները կատարել են պաշտոնավարման ընթացքում:
Նման եզրակացությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության 56.1-րդ հոդվածով ուղղակի ամրագրված է Նախագահին լիազորությունների ժամկետում պատասխանատվության ենթարկելու, հետևաբար՝ և անձեռնմխելիությունից զրկելու անհնարինությունը՝ ինչպես իր կարգավիճակից բխող, այնպես էլ կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար: Նախագահի կարգավիճակ ասելով պետք է հասկանալ որպես բարձրագույն պաշտոնատար անձ, պետության գլուխ, որի իրավասությունը, այսինքն՝ իրավունքների և պարտականությունների շրջանակը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որոնց իրականացման համար ստեղծվում է Նախագահի ինստիտուտը, իսկ կարգավիճակից բխող գործողությունները Սահմանադրությամբ և մյուս օրենքներով Նախագահին վերապահված լիազորությունների իրականացումն են:
Հարկ է նշել, որ պաշտոնավարող Նախագահին անձեռնմխելիությունից զրկել հնարավոր է միայն պաշտոնավարումից հետո, ընդ որում՝ միայն պաշտոնանկ անելու միջոցով:
Ինչ վերաբերում է պաշտոնավարումից հետո Նախագահի անձեռնմխելիության հարցին, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ կարգավիճակից չբխող գործողությունների համար Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել պաշտոնավարման ավարտից հետո: Այսինքն՝ կարգավիճակից չբխող գործողությունների համար Նախագահի անձեռնմխելիության երաշխիքը տարածվում է միայն նրա պաշտոնավարման ժամկետի վրա:
Վերը նշված կարգավորումը վկայում է այն մասին, որ ընդհանուր կանոնն այն է, որ Նախագահը օգտվում է անձեռնմխելիությունից: Սակայն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դա չի նշանակում, որ Նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն և նույն փաստաթուղթը ընդհանուր կանոնից նախատեսում է բացառություն:
2008 թվականի դրությամբ գործող Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Նշվածից հետևում է, որ 56.1-րդ հոդվածն ընդհանրապես սահմանում է Նախագահի անձեռնմխելիության երաշխիքը, որից Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված դեպքերում համապատասխան ընթացակարգով Նախագահը կարող է զրկվել: Այսինքն` Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության, քանի դեռ պաշտոնանկ չի արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցանքի համար, անկախ դրա՝ Նախագահի կարգավիճակից բխելու կամ չբխելու հանգամանքից:
Հարկ է նկատել, որ Սահմանադրության մեջ օգտագործվում է ոչ թե անձեռնմխելիությունից զրկել, այլ՝ պաշտոնանկ անել եզրույթը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտոնանկ անելը դա ընդհանուր կանոններից տարբերվող պատասխանատվության ուրույն ձև է, որը հնարավորություն է տալիս Նախագահին զրկել անձեռնմխելիությունից, ինչն իր հերթին իրավական հնարավորություն է տալիս Նախագահի նկատմամբ ընդհանուր կարգով իրականացնել քրեական հետապնդում:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, իր կարգավիճակից բխող գործողությունների համար պաշտոնավարման ավարտից հետո Նախագահի անձեռնմխելիության իրավունքը պահպանվում է, քանի դեռ վերջինը սահմանված կարգով չի զրկվել այդ իրավունքից: Հետևաբար, նման դեպքում պաշտոնավարման ժամկետից հետո Նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ պարտադիր պայման է նրան անձեռնմխելիությունից զրկելը: Հակառակ մոտեցման դեպքում, եթե պայմանականորեն ընդունենք, որ առանց անձեռնմխելիության զրկման Նախագահին հնարավոր է ենթարկել քրեական պատասխանատվության, ապա այդ դեպքում որն է այդ իրավունքի սահմանման իմաստը, իսկ նման պայմաններում չի գործի Նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմը և Նախագահը չի օգտվի այդ իրավունքից: Հետևաբար՝ նման մեկնաբանման պայմաններում ընդհանրապես անիմաստ է դառնում անձեռնմխելիության ինստիտուտի նախատեսումը:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործող Նախագահին Սահմանադրությամբ պաշտոնանկ անելու համար առկա է հատուկ ընթացակարգ, որի պահպանման դեպքում միայն հնարավոր է Նախագահի նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում, ընդ որում՝ հաշվի առնելով, որ իր կարգավիճակից բխող գործողությունների համար քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիությունը Նախագահի վրա տարածվում է նաև պաշտոնավարման ավարտից հետո, ուստի նշված ընթացակարգը պետք է կիրառվի նաև Նախագահի պաշտոնավարման ավարտից հետո: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, եթե Նախագահին մեղսագրվում է այնպիսի ենթադրյալ արարք, որն իր պաշտոնավարման ընթացքում բացահայտվելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն նրան պաշտոնանկ անելուց, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելուց հետո, ապա այդ ենթադրյալ արարքը պաշտոնավարումից հետո բացահայտվելու դեպքում նույնպես պարտադիր է վերջինին անձեռնմխելիությունից զրկելը: Թեև այս դեպքում Նախագահն արդեն պաշտոնաթող է և նրան պաշտոնանկ անելու հարց չի առաջանում, սակայն հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ պաշտոնանկ անելու և անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը փոխկապակցված է, հետևաբար՝ պաշտոնանկ անելը չպետք է նեղ մեկնաբանել և այն դիտարկել միայն որպես Նախագահի լիազորությունների դադարեցում:
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը պահպանված լինելու անհրաժեշտությանը ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դեռևս 2011թ. հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշմամբ (...):
(...)
Այսպիսով՝ ամփոփելով վերը նշվածը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից: Հակառակ մոտեցման դեպքում՝ դատարանները պետք է ընդհանուր կարգով քննարկեն և լուծեն նաև պատգամավորների, դատավորների, դիվանագետների և անձեռնմխելիությամբ օժտված այլ անձանց կալանավորման հարցը նույնիսկ այն պարագայում, երբ առկա չէ նրանց անձեռնմխելիությունից զրկելու մասին իրավասու մարմնի համաձայնություն: Իզուր չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է առանձին կարգավորում անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցում: Նշված օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ներկայացված մեղադրանքից ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում [են] այնպիսի արարքներ, որոնց կատարումը բխել է նրա՝ ժամանակին զբաղեցրած կարգավիճակից:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանին է մեղսագրվում Սահմանադրական կարգը տապալելը, որն արտահայտվել է նրա՝ որպես ՀՀ Նախագահի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործընթացում զինված ուժերն օգտագործելու հրաման տալով, ինչպես նաև արտակարգ ռեժիմում դրա ապահովումը ՀՀ պաշտպանության նախարությանը վերապահելով, չի բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տեղին [չէ], քանի որ Ռոբերտ Քոչարյանը նշված ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, հասարակ քաղաքացի, այլ այդ ենթադրյալ արարքը կատարելու պահին հանդես է եկել որպես ՀՀ Նախագահ: Ընդ որում՝ նշված դեպքում պարտադիր չէ, որպեսզի Նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես Նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: Հակառակ մոտեցման դեպքում, եթե պայմանականորեն ընդունենք, որ «կարգավիճակից բխող գործողություններ» հասկացության տակ պետք է հասկանալ Նախագահին վերապահված իրավունքների և պարտականությունների անշեղ կատարումը, ապա այդ դեպքում Նախագահի անձեռնմխելիության իրավունքի նախատեսումն անիմաստ կլինի, քանի որ ոչ միայն Նախագահը, այլ նաև ցանկացած պաշտոնատար անձ և անհատ չի կարող հետապնդվել կամ քրեական պատասխանատվության [ենթարկվել] իր օրինական գործողությունների համար:
(...) Վերաքննիչ դատարանը, վերոնշյալի համատեքստում, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը Նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահպանմամբ չի զրկվել անձեռնմխելիությունից, այլևս չի անդրադառնում կալանավորման պայմանների և հիմքերի առկայության կամ բացակայության հարցին և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 27-ի որոշումը պետք է բեկանել և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է վերացնել»:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
I.ՀՀ գլխավոր դատախազի բողոքի փաստարկները.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, ենթակա է բեկանման, քանի որ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցերը.
իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու ինստիտուտի նույնացումը Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հետ,
Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ձևակերպված՝ նրան մեղսագրվող գործողությունները կարո՞ղ են գնահատվել որպես ՀՀ նախագահի կարգավիճակից բխող:
9.1. Այսպես, բարձրացված առաջին հարցադրման շրջանակներում բողոքաբերը, մեջբերելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները, ի թիվս այլնի, փաստել է. §[Վերաքննիչ դատարանը] վիճարկվող դատական ակտում անհասկանալի տրամաբանությամբ Նախագահին պաշտոնանկ անելու ինստիտուտը մեկնաբանել է որպես պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիությունը հաղթահարելու ընթացակարգ: Մինչդեռ, 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված սահմանադրական իրավակարգավորումն անգամ ոչ մասնագետի աչքերով ուսումնասիրելու և մեկնաբանելու պարագայում ակնհայտ է, որ այդպիսին բացառապես վերաբերում է պաշտոնավարող ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերին և ընթացակարգին, այլ ոչ թե պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու կառուցակարգին: (…)
(…) [Մ]եջբերված սահմանադրական նորմերի իրավակարգավորման առարկաներն ակնհայտորեն տարբեր են և դրանք ուղղված են սահմանադրական տարբեր հարաբերությունների կարգավորմանը: Այդուհանդերձ, 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված՝ Նախագահի պաշտոնանկման իրավական կառուցակարգը, եթե անգամ մեկնաբանվի որպես Նախագահի անձեռնմխելիության հաղթահարման կառուցակարգ, ապա մեջբերված սահմանադրական ձևակերպման պայմաններում այդ կառուցակարգը կարող է կիրառելի լինել բացառապես պաշտոնավարող Նախագահի համար, քանզի այդ կառուցակարգը ենթադրում է գործող Նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելուց առաջ նրան պաշտոնանկ անելու հարցի լուծում: Այս առումով ամենևին տեղին չէ վիճարկվող դատական ակտում Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ. հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների մեջբերումը (…)¦:
9.2. Բարձրացված երկրորդ հարցադրման շրջանակներում բողոքի հեղինակը, ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմերի հիման վրա վերլուծելով §Նախագահի կարգավիճակ¦ հասկացությունը, արդյունքում, ի թիվս այլնի, արձանագրել է. §(…) [Վերաքննիչ դատարանը], հաստատված համարելով, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ներառված գործողությունները զուտ ձևական առումով բխել են նրա՝ որպես ՀՀ Նախագահի կարգավիճակից, ոչ միայն սխալ իրավական գնահատական է տվել ձևական առումով նման լիազորություն ունենալու հանգամանքին, այլև որևէ փորձ անգամ չի կատարել խորամուխ լինելու այդ գործողությունների բովանդակության իրավաչափության մեջ՝ այդ կերպ իրեն զրկելով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված գործողությունները Նախագահի կարգավիճակից բխող լինելու կամ չլինելու հարցի լիարժեք և ճիշտ գնահատման հնարավորությունից:
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են նաև այնպիսի գործողություններ, որոնք, անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ Նախագահի կարգավիճակի հետ (...)¦:
9.3. Վերոգրյալի համատեքստում բողոքի հեղինակը նշել է, որ վիճարկվող դատական ակտի կայացմամբ Վերաքննիչ դատարանը, կամայական մեկնաբանման ենթարկելով 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները և դրա արդյունքում եզրահանգումներ անելով առ այն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռ.Քոչարյանին մեղսագրված գործողությունները բխել են նրա՝ որպես ՀՀ նախագահի կարգավիճակից և որ պաշտոնաթող Նախագահին քրեական հետապնդման ենթարկելու համար անհրաժեշտ է հաղթահարել նույն խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված՝ Նախագահի պաշտոնանկման կառուցակարգը, չի պահպանել ՀՀ Սահմանադրությունը՝ այդ կերպ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքը:
9.4. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմանը:
II. Պաշտպանների բողոքի փաստարկները.
10. Ըստ պաշտանների՝ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետից բխող` պատճառաբանված դատական ակտ ստանալու` Ռ.Քոչարյանի իրավունքը, չի անդրադարձել մի շարք կարևոր փաստարկների:
10.1. Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքի հեղինակները, ի թիվս այլնի, փաստել են, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռ.Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը, և որ նկարագրված հանգամանքներում ընդհանրապես առկա է հանցագործություն: Այդ առնչությամբ բողոքի հեղինակները, ներկայացնելով իրենց փաստարկները, նշել են, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում հանցանքի կատարման հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ Վերաքննիչ դատարանն այդ փաստարկներին առհասարակ անդրադարձ չի կատարել:
10.2. Բացի այդ, պաշտպանները նշել են, որ Ռ.Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը 2008 թվականի դրությամբ հանցագործություն չի համարվել: Մասնավորապես, բողոք բերած անձինք, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածին, ի թիվս այլնի, պնդել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը 2008 թվականին գոյություն չի ունեցել:
10.3. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ բացակայել են Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը: Մասնավորապես, քննությունից թաքնվելու հիմքի կապակցությամբ պաշտպանները հայտնել են, որ Ռ.Քոչարյանը կամովին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և ներկայացել վարույթն իրականացնող մարմին` հարցաքննության: Իսկ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առնչությամբ բողոքաբերները նշել են, որ քննիչը դատարան չի ներկայացրել որևէ նյութ, որը կվկայեր մեղադրյալի նման մտադրության մասին:
10.4. Անդրադառնալով Նախագահի անձեռնմխելիության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումներին՝ պաշտպանները նշել են, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնանկության գործընթացը որևէ առնչություն չունի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի հետ:
10.5. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը լրացուցիչ պատճառաբանել, իսկ անձեռնմխելիության մասով փոփոխել հիմնավորումները, անդրադառնալ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ որոշման եզրափակիչ մասը թողնելով անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պայմաններից մեկի` Հանրապետության նախագահի անձեռնմխելիության հատկանիշի մեկնաբանման և դրա ու կալանավորման մյուս պայմանի` հիմնավոր կասկածի հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Հանրապետության նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը կարգավորող սահմանադրական նորմերի առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դատողությունները:
I. Հանրապետության նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը և դրա հաղթահարման հնարավորությունը.
13. ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի (2005 թվականի փոփոխություններով) համաձայն` «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։
Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»։
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի (2015 թվականի փոփոխություններով) համաձայն` «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածը և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը ընդհանուր գծերով բացահայտում են Հանրապետության նախագահի (այսուհետ՝ նաև Նախագահ) կարգավիճակի առանձնահատկությունները: Մասնավորապես, վերոնշյալ սահմանադրաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հանրապետության նախագահը սահմանադրական մարմինների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, պետության գլուխն է և Սահմանադրության պահպանման հիմնական երաշխավորը:
Նախքան 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ընդունումը և պետական կառավարման ձևի փոփոխությունը, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ օժտված էր գործառույթների առավել մեծ ծավալով ու դրանցից բխող լիազորություններով: Մասնավորապես, վերջինիս վերապահված էին, ի թիվս այլնի, այնպիսի առանցքային գործառույթներ, ինչպիսիք էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունն ապահովելը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն երաշխավորելը: Վերոնշյալ գործառույթներն իրենց հերթին կանխորոշում էին Նախագահի լիազորությունների բնույթն ու շրջանակը` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության հետ փոխհարաբերությունների ոլորտում, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելու հարցում (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-56-րդ հոդվածներ):
14. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի (2005 թվականի փոփոխություններով) համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի (2015 թվականի փոփոխություններով) համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Մեջբերված` 2005 և 2015 թվականների խմբագրություններով Սահմանադրության համապատասխան նորմերն ամրագրում են սահմանադրական կարգի հիմունքների բաղկացուցիչ մաս կազմող հիմնարար իրավական դրույթը՝ օրինականության սկզբունքը: Վերջինիս բովանդակությունը վկայում է, որ այն պարտավորեցնում է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց գործելու Սահմանադրությամբ կամ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Վերոնշյալ սահմանադրական նորմերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արձանագրել է. «(…) [Օ]րենսդրորեն նախատեսված պետաիշխանական ցանկացած բնույթի լիազորություն (այդ թվում` հայեցողական) անհրաժեշտ նպատակ հետապնդելու հետ մեկտեղ, պետք է ուղեկցվի վերջինիս հասնելու հասարակական հարաբերությունների կոնկրետ առանձնահատկություններով պայմանավորված իրավական, չափավոր միջոցներով, տվյալ դեպքում` պարտադիր հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 3 հոդվածում, 47 հոդվածի առաջին մասում ամրագրված հիմնարար սկզբունքների անխախտելիությունը (…)»:
ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ` թիվ ՍԴՈ-766 որոշմամբ ընդգծել է. «(…) ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5 հոդվածների համալիր վերլուծությունից բխում է, որ պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր` իշխանության մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք գործունեություն ծավալելիս պարտավոր են խստորեն գործելու Սահմանադրությամբ կամ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, հակառակ պարագայում թույլ կտրվի օրինականության սկզբունքի խախտում, ինչից որևէ բացառություն որևէ պետական մարմնի համար Սահմանադրությամբ նախատեսված չէ:
14.1. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դիրքորոշումների լույսի ներքո գնահատման ենթարկելով սույն որոշման 13-րդ կետում՝ Հանրապետության նախագահի կարգավիճակի առանձնահատկությունների վերաբերյալ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախագահի կարգավիճակը նրա զբաղեցրած դիրքն է պետական իշխանության մարմինների համակարգում և դրանից բխող նրա իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը: Մասնավորապես, Նախագահը թեև անմիջականորեն ընդգրկված չէ պետական իշխանության երեք ճյուղերից որևէ մեկում, այնուամենայնիվ, պետական մարմինների համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում, ում` որպես բարձրագույն պաշտոնատար անձի և պետության գլխի, վերապահված են հիմնարար նշանակություն ունեցող գործառույթներ: Համապատասխան գործառույթները Նախագահն իրացնում է Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների միջոցով, որոնք նրա կարգավիճակի հիմքն են կազմում: Միևնույն ժամանակ, այդ լիազորությունների կենսագործումը պետք է համապատասխանի օրինականության սկզբունքի պահանջներին, որպիսի եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմերի բովանդակությունից:
15. ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի (2005 թվականի փոփոխություններով) համաձայն` «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է։
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի (2005 թվականի փոփոխություններով) համաձայն` «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան։
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից»:
ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի (2015 թվականի փոփոխություններով) համաձայն` «1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո»:
ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի (2015 թվականի փոփոխություններով) համաձայն` «1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության ինստիտուտը Նախագահի լիազորություններն ազատորեն կենսագործելու, վերջինիս անխոչընդոտ գործունեությունն ապահովելու, նրան անհիմն քրեական կամ վարչական հետապնդումներից պաշտպանելու հիմնարար իրավական միջոց է, ուստի պատահական չէ, որ Նախագահն անձեռնմխելիությամբ է օժտված ոչ միայն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում, այլև դրանց ավարտից հետո` կարգավիճակից բխող գործողությունների համար:
Միևնույն ժամանակ, Նախագահի անձեռնմխելիությունը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես նրան տրամադրվող անձնական արտոնություն. այն ուղղված է ոչ թե անձի մասնավոր շահերը պաշտպանելուն, այլ Նախագահի` որպես պետության գլխի լիազորությունների արդյունավետ և անխոչընդոտ իրացումն երաշխավորելուն: Այլ կերպ` Նախագահի անձեռնմխելիությունն ունի հանրային-իրավական բնույթ, կոչված է ծառայելու հանրային շահին, ուստի դրա չափազանց լայն մեկնաբանումը կհանգեցնի քննարկվող ինստիտուտի բուն էության խեղաթյուրմանը:
ՀՀ Սահմանադրության` Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը կարգավորող նորմերի վերլուծությունից հետևում է, որ կատարված գործողությունների բնույթով (կարգավիճակից բխող կամ չբխող), ինչպես նաև պաշտոնավարման ժամանակահատվածով (պաշտոնավարման ընթացքում կամ լիազորությունների ավարտից հետո) պայմանավորված՝ անձեռնմխելիության երաշխիքը կարող է որոշ սահմանափակումների ենթարկվել: Վերոնշյալը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքին: Այսպես` Եվրոպական դատարանը Urechean and Pavlicenco v. The Republic of Moldova գործի շրջանակներում նախագահի անձեռնմխելիության հարցը քննարկել է արդար դատաքննության իրավունքի համատեքստում` ընդգծելով, որ Կոնվենցիային համապատասխանելու տեսանկյունից որքան լայն է անձեռնմխելիությունը, այնքան դրա համար առավել համոզիչ հիմնավորում է պահանջվում: Թեև ժողովրդավարական հասարակությունում թույլատրելի է երկրի ղեկավարին գործառութային անձեռնմխելիություն շնորհելը, այնուամենայնիվ, այն պետք է կարգավորվի և մեկնաբանվի հստակ ու սահմանափակ: Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քննարկման առարկա չդարձնելը` արդյոք նախագահը գործել է պաշտոնական կարգավիճակով, թե ոչ, հանգեցնում է պետության գլխի անվերապահ անձեռնմխելիության, մինչդեռ պետք է խուսափել բացարձակ անպատժելիությունից ու անձեռնմխելիությունից:
15.1. ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածից (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածից) բխում է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում Նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ թե՛ իր կարգավիճակից բխող, թե՛ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար: Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսվել է պաշտոնավարող Նախագահին պաշտոնանկ անելու կառուցակարգ (impeachment) պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն` նաև Սահմանադրության կոպիտ խախտման դեպքում)։ Ընդ որում, եթե ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածը) ամրագրում է Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու կառուցակարգ, ապա համանման կառուցակարգ պաշտոնաթող Նախագահի դեպքում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում:
15.2. Պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիության երաշխիքը բովանդակող սահմանադրական նորմերից բխում է, որ Նախագահի լիազորությունների ավարտից հետո վերջինս չի կարող հետապնդվել և ենթարկվել պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Անձեռնմխելիության սույն տեսակի հիմքում (գործառութային անձեռնմխելիություն) ընկած է ոչ թե անձի` ժամանակին զբաղեցրած պաշտոնը, այլ այն գործողությունների բնույթը, որոնք նա իրականացրել է իր պաշտոնավարման ընթացքում (այն է` կարգավիճակից բխող գործողություններ):
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Նախագահի կարգավիճակ ասելով՝ պետք է հասկանալ նրա ունեցած գործառնական դերը, լիազորությունների՝ իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը: Հետևաբար, որպես կարգավիճակից բխող գործողություններ կարող են դիտարկվել այնպիսիք, որոնց կատարումը պայմանավորված է Նախագահի գործառույթների իրականացման անհրաժեշտությամբ` Սահմանադրությամբ նրան վերապահված լիազորությունների կատարման միջոցով: Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, լիազորությունների իրացումը պետք է համապատասխանի Սահմանադրության և օրենքների պահանջներին, ինչը բխում է ոչ միայն սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներից, այլև ՀՀ Սահմանադրության` Հանրապետության նախագահին նվիրված գլխի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից: Մասնավորապես՝ պաշտոնը ստանձնելիս Նախագահի կողմից տրվող երդման տեքստի բովանդակությունից նույնպես հետևում է, որ վերջինս պարտավորվում է անվերապահորեն գործել միայն Սահմանադրության շրջանակներում (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 54-րդ հոդված, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 127-րդ հոդված): Իսկ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածն անմիջականորեն ամրագրում է, որ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին:
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան իրացնելու դեպքում որևէ պարագայում չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել, ինչն էլ երաշխավորվում է Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի միջոցով:
16. Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը Նախագահին վերապահել է իր գործառույթներից բխող մի շարք լիազորություններ, որոնց կենսագործումն առանձին դեպքերում նաև հայեցողական բնույթ է կրում, ուստի Նախագահը չի կարող պատասխանատվություն կրել իր կողմից իրականացվող քաղաքականության, իր լիազորությունների շրջանակներում ընդունվող ակտերի և իրականացվող գործողությունների համար: Հանրապետության նախագահը պետք է երաշխավորված լինի ինչպես իր կողմից վարվող քաղաքականության, այնպես էլ իր լիազորությունների մեջ մտնող ցանկացած, այդ թվում՝ հայեցողական լիազորությունների շրջանակում ընդունված որոշման համար հետագայում պատասխանատվության ենթարկվելուց: Վերոնշյալը Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական բովանդակությունն է կազմում և կարևոր երաշխիք է Նախագահի կողմից իրեն սահմանադրորեն վերապահված լիազորություններն ազատորեն, առանց որևէ ազդեցության իրականացնելու և դրանց համար թե՛ պաշտոնավարման ընթացքում, թե՛ դրանից հետո հետապնդումների չենթարկվելու համար:
Պայմանավորված նաև վերոնշյալ տրամաբանությամբ` ՀՀ Սահմանադրությունը պաշտոնաթող Նախագահի դեպքում նրա գործառութային անձեռնմխելիությունը հաղթահարելու ընթացակարգ չի ամրագրել: Այլ կերպ` վերջինս իր կարգավիճակից բխող գործողությունների կատարման համար օժտված է քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիությամբ։
16.1. Ինչ վերաբերում է Նախագահի կարգավիճակի հետ չկապված գործողություններին, ապա պաշտոնավարման ավարտից հետո Նախագահը դրանց համար չի օգտվում անձեռնմխելիության երաշխիքից և ենթարկվում է պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Մասնավորապես, որպես այդպիսին՝ պետք է դիտարկվեն ոչ միայն հակաօրինական արարքները, որոնք Նախագահն իրականացնում է որպես մասնավոր անձ, քաղաքացի և որոնք կապված չեն նրա գործառնական դերի հետ, այլև այնպիսի գործողությունները, որոնց կատարման իրավասությամբ Նախագահը սահմանադրորեն օժտված չէ կամ կատարում է դրանք` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պաշտոնավարման ավարտից հետո Նախագահին անձեռնմխելիությամբ օժտելու նպատակը ոչ թե կատարված անօրինական գործողությունների, այդ թվում՝ հանցավոր արարքների համար հետագայում նրա պատասխանատվությունը բացառելն է (հատկապես որ Նախագահի լիազորությունների ավարտից հետո այլևս առկա չեն նրա բնականոն գործունեությունն ապահովելու, պարտականությունների պատշաճ կատարումն երաշխավորելու և հանրային շահը պաշտպանելու՝ անձեռնմխելիության ինստիտուտի հետապնդած նպատակները), այլ նրա նկատմամբ իր սահմանադրական լիազորությունների իրականացման կապակցությամբ ապագայում հետապնդումներ թույլ չտալը:
17. Ընդհանրացնելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձեռնմխելիության կիրառումը չի կարող դիտվել որպես մեխանիկական գործընթաց: Պարզելու համար` արդյոք կատարված գործողությունները բխել են Նախագահի կարգավիճակից, թե ոչ, չպետք է առաջնորդվել ձևական մոտեցմամբ և հիմք ընդունել միայն այն հանգամանքը, որ ենթադրյալ արարքը կատարելու ժամանակ անձը հանդես է եկել որպես Նախագահ: Կատարված գործողությունը Նախագահի կարգավիճակից բխելու կամ չբխելու և համապատասխանաբար անձեռնմխելիության երաշխիքը կիրառելու հարցը լուծելիս անհրաժեշտ է համակողմանի գնահատման ենթարկել իրականացված գործողությունների բնույթը, այն է` բացահայտել դրանց` Նախագահի` որպես պետության գլխի գործառույթների կենսագործմանն ուղղված լինելու, Նախագահի առջև դրված խնդիրները՝ Սահմանադրությամբ վերջինիս վերապահված լիազորությունների միջոցով իրականացնելու հանգամանքները, ինչպես նաև պարզել համապատասխան գործողության հիմքում ընկած շահը, նպատակը: Մասնավորապես, եթե Հանրապետության նախագահը գործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել է հանրային շահով և նրա գործողությունները պայմանավորված են եղել իր գործառույթների իրացման անհրաժեշտությամբ, ապա վերջինս նման գործողությունների համար անձեռնմխելի է և ենթակա չէ հետապնդման ու պատասխանատվության նաև լիազորությունների ավարտից հետո, քանի որ այդպիսիք համատեղելի են Նախագահի կարգավիճակի հետ և բխում են վերջինից: Մինչդեռ եթե Նախագահը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ Նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված:
18. Սույն գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Նախագահի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտին և Նախագահին պաշտոնանկ անելու կառուցակարգին, արձանագրել է, ի թիվս այլնի, հետևյալը.
- պարտադիր չէ, որպեսզի Նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես Նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ,
- պաշտոնանկ անելն ընդհանուր կանոններից տարբերվող պատասխանատվության ուրույն ձև է, որը հնարավորություն է տալիս Նախագահին զրկելու անձեռնմխելիությունից: Պաշտոնանկ անելը չպետք է նեղ մեկնաբանել և այն դիտարկել միայն որպես Նախագահի լիազորությունների դադարեցում: Դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից: Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դիրքորոշումն արտահայտելիս հիմք է ընդունել նաև Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը:
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը կարգավորող սահմանադրական նորմերի առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դատողությունները հիմնավոր չեն:
Այսպես, Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ պարտադիր չէ, որպեսզի Նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես Նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությամբ օժտելու նպատակը ոչ թե կատարված անօրինական գործողությունների, այդ թվում՝ հանցավոր արարքների համար հետագայում նրա պատասխանատվությունը բացառելն է, այլ նրա նկատմամբ իր սահմանադրական լիազորությունների իրականացման կապակցությամբ ապագայում հետապնդումներ թույլ չտալը: Որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված գործողություններ՝ պետք է դիտարկվեն ոչ միայն հակաօրինական արարքները, որոնք Նախագահն իրականացնում է որպես մասնավոր անձ, քաղաքացի և որոնք կապված չեն նրա գործառնական դերի հետ, այլև այնպիսի գործողությունները, որոնց կատարման իրավասությամբ Նախագահը սահմանադրորեն օժտված չէ կամ կատարում է դրանք` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը մատնանշված հետևությունում առկա է նաև ներքին հակասություն: Մասնավորապես, եթե Նախագահը չի գործում իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս է գալիս, ապա կատարված արարքը չի կարող բխել Նախագահի կարգավիճակից, այն է՝ իրավունքների և պարտականությունների ամբողջությունից, առավել ևս՝ այդպիսի արարքը չի կարող պայմանավորված լինել Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:
19.1. Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշման 15.1.-րդ և 16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներից, փաստում է նաև, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ պաշտոնաթող Նախագահի գործառութային անձեռնմխելիության դեպքում նրա կալանավորման հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ վերջինիս անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, անհիմն է: Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի և Նախագահին պաշտոնանկ անելու համապատասխան կառուցակարգի առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դատողությունները հիմնավոր չեն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից որպես փաստարկ Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով կայացված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները մատնանշելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտոնաթող դատավորի անձեռնմխելիության, այդ թվում՝ դրա հնարավոր հաղթահարման՝ դատավորի անձեռնմխելիության հիմնարար իրավական արժեքի համատեքստում Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները պաշտոնաթող Նախագահի գործառութային անձեռնմխելիության ինստիտուտի նկատմամբ կիրառելը, Վճռաբեկ դատարանի համապատասխան դատողությունները հիմք ընդունելն այնպիսի եզրահանգման գալու համար, որ պաշտոնաթող Նախագահի գործառութային անձեռնմխելիությունը կարող է հաղթահարվել, տեղին չի կարող համարվել՝ հաշվի առնելով առնվազն այն, որ եթե պաշտոնաթող դատավորի անձեռնմխելիության կարևորությունը և դրա հնարավոր հաղթահարումը ընդգծվել է նախադեպային իրավունքի ուժով, ապա պաշտոնաթող Նախագահի համար սահմանված գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհնարինությունն անմիջականորեն բխում է հենց Սահմանադրությունից: Բացի այդ, դատավորի և Նախագահի դեպքում տարբեր են վերջիններիս՝ անձեռնմխելիության հատկանիշով շնորհելու նպատակները: Մասնավորապես, եթե դատավորի դեպքում դրա նպատակն է երաշխավորել դատական իշխանության անկախությունը, բացառել արդարադատության իրականացման ընթացքում դատավորի որոշումների վրա ներազդելու նպատակ ունեցող ցանկացած ոչ իրավաչափ ազդեցության, սպառնալիքի, ճնշման կամ այլ միջամտության հնարավորությունը, ապա Նախագահի դեպքում՝ այն ուղղված է վերջինիս Սահմանադրությամբ տրված լիազորությունների՝ առանց խոչընդոտների կամ արգելքների իրականացումն ապահովելուն, այլ կերպ՝ Նախագահի՝ որպես պետության գլխի բնականոն գործունեությունն երաշխավորելուն:
II. Կալանավորման պայմաններից հիմնավոր կասկածի և Նախագահի անձեռնմխելիության հատկանիշի հարաբերակցությունը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը քննության առարկա չդարձնելով՝ Վերաքննիչ դատարանը կարող էր արդյոք վերջինիս անձեռնմխելիության հարցի կապակցությամբ հանգել հիմնավորված հետևության:
21. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն»:
Հիմնավոր կասկածին և կալանավորման մյուս պայմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վահրամ Գևորգյանի գործով որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: (…)
Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը»:
Հիմնավոր կասկածի էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Էդգար Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում, հիմնվելով Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները (այդ թվում՝ Վահրամ Գևորգյանի գործով), ընդգծվել են, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքները.
§- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
(...)
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (...), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (...)¦:
21.1. Սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավանորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով պաշտոնաթող Նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին և զարգացնելով Էդգար Եղիազարյանի գործով ձևավորած դատողությունները` Վճռաբեկ դատարանը Հանրապետության նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը կանոնակարգող սահմանադրական նորմերի և դրանց առնչությամբ սույն որոշման 15-17-րդ կետերում կատարված վերլուծության լույսի ներքո արձանագրում է, որ պաշտոնաթող Նախագահի նկատմամբ անձեռնմխելիության երաշխիքի տարածումը պայմանավորվում է նրա կատարած գործողությունների բնույթով, այն է` արդյոք դրանք բխել են վերջինիս կարգավիճակից, թե ոչ: Այսինքն` պաշտոնաթող Նախագահի նկատմամբ գործառութային անձեռնմխելիության կիրառումը մեխանիկական գործընթաց չէ. անձեռնմխելիության սույն տեսակը կիրառելու կամ չկիրառելու հարցի պարզումը սերտորեն փոխկապված է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածի, մասնավորապես՝ անձի և մեղսագրվող արարքի միջև օբյեկտիվ կապի առկայության գնահատման հետ: Այլ խոսքով` գործառութային անձեռնմխելիության հարցի լուծումն անմիջականորեն ենթադրում է անձին մեղսագրվող գործողությունների` հիմնավոր կասկածի տեսանկյունից գնահատում: Հետևաբար, հիմնավոր կասկածը գնահատման չենթարկելու պարագայում (այն, թե արդյոք անձն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը և արդյոք դեպքը, իրադարձությունը, որի կատարման մեջ անձը մեղադրվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի հատկանիշներին) դատարանն իրեն փաստացի զրկում է պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիության, մասնավորապես՝ վերջինիս կողմից առերևույթ կատարված գործողությունները նրա կարգավիճակից բխելու կամ չբխելու հարցի կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից:
22. Սույն գործի նյութերից երևում է, որ Ռ.Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով ՀՀ նախագահ, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է սահմանադրական կարգը: Մասնավորապես, այն արտահայտվել է հետևյալում.
ա) Նախագահ Ռ.Քոչարյանը ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յու.Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ս.Օհանյանի և մյուսների հետ խախտել է 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2.-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատելով ռազմական դրություն և զինված ուժերն օգտագործելով քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակիցների դեմ:
Մասնավորապես, Նախագահ Ռ.Քոչարյանը, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն հանդիսանալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և համակարգելով պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն անցկացնելուց հետո առաջադրել է իշխանությունը ցանկացած գնով, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի օգտագործմամբ պահպանելուն ուղղված խնդիրներ, որոնց կատարման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը,
բ) փաստացի հաստատված ռազմական դրության, զինված ուժերի ապօրինի գործադրման համար առերևույթ իրավական հիմք ստեղծելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Նախագահ Ռ.Քոչարյանը, ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ արտակարգ դրության ռեժիմն ապահովելու համար ապօրինի կերպով օգտագործվել են ՀՀ զինված ուժերը,
գ) նույն օրը՝ երեկոյան, զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ: Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, ըստ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին: Ռ.Քոչարյանի անմիջական ցուցումներով և հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի անդամների վրա գործադրված ճնշումների ազդեցության արդյունքում, չնայած ընտրախախտումների առկայության փաստին, ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ճանաչվել է վավերական և օրինական:
22.1. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առկա են Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմաններն ու հիմքերը: Մասնավորապես, առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Ռ.Քոչարյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը: Միևնույն ժամանակ, գնահատման ենթարկելով մեղսագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, գործի օպերատիվ քննչական իրավիճակից բխող տվյալների համակցությունը, մեղադրյալի անձը, նախկինում զբաղեցրած պաշտոնն ու կապերը` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առկա են նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը, այն է` մեղադրյալ Ռ.Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով:
Անդրադառնալով Ռ.Քոչարյանի անձեռնմխելի լինելու վերաբերյալ բարձրացված հարցին` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պայմաններում, երբ Ռ.Քոչարյանին վերագրվում է սահմանադրական կարգը տապալելը, որն արտահայտվել է նրա՝ որպես Նախագահի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործընթացներում զինված ուժերն օգտագործելու հրաման տալով, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմում դրա ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելով, չի բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:
22.2. Վերաքննիչ դատարանը Նախագահի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի և Նախագահին պաշտոնանկ անելու կառուցակարգի հետ կապված հարցերի քննարկման արդյունքում փաստել է, որ չի անդրադառնում կալանավորման պայմանների և հիմքերի առկայության կամ բացակայության հարցին, քանի որ Ռ.Քոչարյանը Նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահպանմամբ չի զրկվել անձեռնմխելիությունից:
23. Սույն որոշման 22-22.2-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 21-21.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Հանրապետության նախկին նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը գնահատման չենթարկելով և, միևնույն ժամանակ, քննարկման առարկա դարձնելով Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության, մասնավորապես՝ վերջինիս կողմից առերևույթ կատարված գործողությունները նրա կարգավիճակից բխելու կամ չբխելու հարցը, փաստացի իրեն զրկել է այդ կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից, քանի որ, ինչպես արդեն նշվել է, պաշտոնաթող Նախագահի նկատմամբ գործառութային անձեռնմխելիության կիրառումը մեխանիկական գործընթաց չէ. անձեռնմխելիության սույն տեսակը կիրառելու կամ չկիրառելու հարցի պարզումը սերտորեն փոխկապված է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի, մասնավորապես՝ անձի և մեղսագրվող արարքի միջև օբյեկտիվ կապի առկայության գնահատման հետ: Այլ խոսքով` գործառութային անձեռնմխելիության հարցի լուծումն անմիջականորեն ենթադրում է անձին մեղսագրվող գործողությունների` հիմնավոր կասկածի տեսանկյունից գնահատում:
23.1. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը քննության առարկա չդարձնելով՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող վերջինիս անձեռնմխելիության հարցի կապակցությամբ հանգել հիմնավորված հետևության:
24. Ընդհանրացնելով սույն որոշման 19-19.1.-րդ, ինչպես նաև 23-23.1.-րդ կետերում շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է՝
- Հանրապետության նախագահի անձեռնմխելիության երաշխիքը բովանդակող սահմանադրական նորմերի առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դատողությունները հիմնավոր չեն,
- Վերաքննիչ դատարանը, Հանրապետության նախկին նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը գնահատման չենթարկելով և, միևնույն ժամանակ, քննարկման առարկա դարձնելով Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության, մասնավորապես՝ վերջինիս կողմից առերևույթ կատարված գործողությունները նրա կարգավիճակից բխելու կամ չբխելու հարցը, փաստացի իրեն զրկել է այդ հարցի կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից:
25. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների` հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ կալանավորման պայմանների (բացառությամբ անձեռնմխելիության հարցի) ու հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման չի ենթարկվել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ սույն որոշման 10.1.-10.3-րդ կետերում բարձրացրած փաստարկներին տվյալ դեպքում հնարավոր չէ անդրադառնալ մինչև սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելը:
26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է գնահատման ենթարկի ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը, և դրա առկայությունը հավաստելու պարագայում միայն սույն որոշման 13-19.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնա Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության հարցին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
