Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-161/ՎԴ

Գործի համարը
3-161/ՎԴ
Հայցվոր
Արմեն Մահտեսյան
Պատասխանող
Մայիս ՄեհրաբյանԳայանե Թադևոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.02.2008
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-161(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-4293 Նախագահող դատավոր՝ Դ.Խաչատրյան Դատավորներ` Վ.Ավանեսյան Գ.Մատինյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի փետրվարի 29-ին դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մահտեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մահտեսյանի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի՝ Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ ճանաչել դադարեցված և վերջիններիս վտարել նշված բնակարանից: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մայիս Մեհրաբյանը և Գայանե Թադևոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքված վերոնշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր): Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը՝ բավարարվել: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մահտեսյան: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 317-րդ հոդվածները, ինչպես նաև 12-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածը,: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը, որը սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ ընդհանուր դրույթ է սահմանում և չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ նորմը, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վիճելի գույքը վաճառքի պահին առկա շուկայական գնից էժան վաճառված լինելը դիտել է որպես գործարքի շինծու լինելը հիմնավորող ապացույց՝ անտեսելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատերն է որոշում իրեն պատկանող գույքի վաճառքի գինը: 2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամաքը, որ հակըդդեմ հայցով դատարան դիմելու պահին լրացած է եղել իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը: Այսպես, պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվել է 2007 թվականին, մինչդեռ վիճելի պայմանագիրը կնքվել է 1999 թվականին: Հետևաբար, հակընդդեմ հայցով պահանջը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության ժամկետը լրացված լինելու հիմքով: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2007 թվականի վճիռը: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման: 2) Քաղաքացիական գործում բացակայում է իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հակընդդեմ հայցը մերժելու մասին միջնորդություն: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ. 1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝ 1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ 2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց(տես օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի, 01.02.2008թ. Քաղ. գործ թիվ 3-89/ՏԴ, (Ընկերության և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը (այսուհետ՝ Օգտագործման պայմանագիր) վաղաժամկետ լուծելու և ըստ հակընդդեմ հայցի` Օգտագործման պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու պահանջով)): Այսինքն, շինծու գործարքի առկայությունը փաստելու համար, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ և հիմնավորեր վերոնշյալ փաստերից որևիցե մեկի առկայութունը: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)): Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանի պատշաճ կերպով չի պատճառաբանել Պայմանագրի շինծու լինելու մասին հետևությունը: Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկն, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի մոտ ծագել է այդ իրավունքի պետական գրանցման, այլ ոչ թե գույքը գնորդին հանձնելու պահից: Այսինքն, Վերաքննիչ դատարանը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը որոշելիս կիրառել է շարժական գույքի նկատմամբ իրավունքների ծագման համար օրենքով սահմանված կանոնը: 2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Մինչդեռ սույն քաղաքացիացիական գործով բերված վճռաբեկ բողոքում չհիմնավորվեց գործի դատաքննության ընթացքում Արմեն Մահտեսյանի կողմից հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ