Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-417/ՎԴ

Գործի համարը
3-417/ՎԴ
Հայցվոր
Ավետիս Սորսումատյան
Պատասխանող
Ռիմա ԿարապետյանՎալերի Հովսեփյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
25.07.2008
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-417(ՎԴ) դատարանի որոշում 2008թ. քաղաքացիական գործ թիվ 08-414 Նախագահող դատավոր՝ Կ.Չիլինգարյան Դատավորներ Լ.Գրիգորյան Լ.Սոսյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ ՝ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Ս. ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հուլիսի 25-ին դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Սորսումատյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ավետիս Սորսումատյանի ընդդեմ Ռիմա Կարապետյանի և Վալերի Հովսեփյանի՝ առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հացվորը պահանջել է վավեր ճանաչել իր և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև կնքված՝ Սարկավագի 147/1 փողոցի թիվ 12 բնակարանի առուվաճառքի գործարքը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը բավարարել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.03.2008 թվականի որոշմամբ բեկանվել է վերոհիշյալ վճիռը և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Սորսումատյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 300-րդ, 447-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Սույն քաղաքացիական գործում առկա «Ստացական» վերնագրված երկու փաստաթղթով հնարավոր է պարզել անշարժ գույքի առուվաճառքի անհրաժեշտ և բավարար երեք տարրերը՝ կողմերը, առարկան և գինը: Ստացականների վերլուծությունից հստակ երևում է որ գործարքի կողմեր են Ավետիս Պետրոսի Սորսումատյանը (գնորդ) և Ռիմա Կարապետանն ու Վալերի Հովսեփյանը (վաճառողներ): Գործարքի առարկան է Սարկավագի փողոց 147/1 համար 12 բնակարանը: Պայմանագրի գինը կազմել է 40.000 ԱՄՆ դոլար: Այդ մասին կարելի է եզրակացնել վերջին «ստացականում» նշված հետևյալ տեքստից. «Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար $ (քսան երեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 $ (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել վերոհիշյալ ապացույցները: «Ստացական» վերնագրված փաստաթղթերի «Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար» ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որպես հիշատակված հասցեի անշարժ գույքը վաճառելու՝ կողմի կամքը հիմնավորող ձևակերպում: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև կողմերի հետագա գործողությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 02.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը վերոհիշյալ բնակարանը գրավից հանելու մասին վերցվել է թիվ 184 տեղեկանքը: Նշված երկու փաստաթղթերի ամսաթվերն ու գումարի չափը, վկայում են այն մասին, որ նախատեսված էր վաճառելու վեճի առարկա բնակարանը և կանխավճարն էլ վերցվել է հենց այդ բնակարանի համար, այն չափով, որպեսզի հնարավոր լինի մարել տվյալ բնակարանի գրավով ապահովված պարտքը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. 02.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ, հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12 տուն վաճառելու համար ստացա կանխավճար 1 000 $ (հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ»: 2. 03.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ, հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար 22 000 $ (քսան երկու հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ: Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար $ (քսան երեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 $ (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Ստորագրություն, Կարապետյան»: 3. Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը ք.Երևան, Սարկավագի փողոց 147/1 բնակարան համար 12 (այսուհետ՝ Բնակարան) գրավից հանելու մասին վերցրել թիվ 184 տեղեկանքը: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)): Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)) Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել «Ստացական» վերնագրված երկու գրավոր փաստաթղթերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը ստորագրելուց հետո Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են «Արֆին» վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը: Մասնավորապես, «Ստացական» վերնագրված երկու գրավոր փաստաթղթերում նշված են գործարքի առարկան` բնակարանը, կողմերը, գործարքի գինը և վճարման կարգը: Բացի այդ վաճառողները նույն օրը գործողություններ են կատարել բնակարանը գրավից հանելու համար, սակայն հետագայում խուսափել են առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց, այն դեպքում երբ գնորդը իր կողմից կատարել է մինչ այդ պահը գործարքն ավարտին հասցնելու բոլոր հնարավոր գործողությունները: Հիմք ընդունելով վերոգյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ավետիս Սորսումատյանի կողմից լրիվ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ վաճառողները` սույն գործով պատասխանողները խուսափել են գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ