Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-119/ՏԴ

Գործի համարը
3-119/ՏԴ
Հայցվոր
Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ
Պատասխանող
«Ռեյլ Էքսպրես» ՍՊԸ«Հայկական երկաթուղի» ՓԲԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
29.02.2008

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-119 (ՏԴ) Քաղաքացիական գործ թիվ Տ-2191 2008թ. Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի փետրվարի 29-ին դռնբաց դատական նիստում, քննելով Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Ռեյլ Էքսպրես» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) և «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի` 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ից բռնագանձել՝ 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով: Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել կողմերի միջև կնքված պայմանագիրը, որի արդյունքում եկել է այն եզրահանգման որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ և 871-րդ հոդվածները, գտել է, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման, այլ ոչ թե՝ փոխադրման պայմանագիր, որի դեպքում պատասխանատվության հարցը որոշվում է Օրեսգրքի 26-րդ գլխի կանոններով: Այդ հիմքով Տնտեսական դատարանը հղում կատարելով Օրենսգրքի 408-րդ, 417-րդ հոդվածներին, հանգել է այն եզրահանգման, որ վերջինս պատասխանատվություն չի կարող կրել բեռի կորստի համար և հաստատված է համարել, որ Կազմակերպության մեղքը դատաքննությամբ չի ապացուցվել։ Մինչդեռ, Ընկերության և «Ռեյլ Էքսպրես» ՍՊԸ-ի միջև հարաբերություններում բացակայում է Օրենսգրքի 871-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային առաքման պայմանագրի բնույթ տվող տարրը, քանի որ ըստ պայմանագրի` Ընկերությունը պետք է վճարեր բեռի յուրաքանչյուր խմբաքանակի համար, իսկ Կազմակերպությունը փոխարենը պետք է իրականացներ բեռի փոխադրումը: Այսինքն` Կողմերի միջև առկա են փոխադրման իրավահարաբերություններ: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Կազմակերպության և Ընկերության միջև կնքված «Տրանսպորտային առաքման» 20.01.2007 թվականի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) Կազմակերպությունը պարտավորվել է իրականացնել երկաթուղային վագոնների (բեռի) փոխադրում: 2) Պայմանագրի 2.1.1. կետի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության անունից և հանձնարարությամբ իրականացնել գործողություններ և աշխատանքներ, որոնք կապված են Պայմանագրով սահմանված բեռան տրանսպորտային առաքման հետ: 3) Պայմանագրի 2.1.3. կետի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվել է ապահովել ընդունված բեռան պահպանումն ու ամբողջականությունը, իսկ նրա կորստի և/կամ վնասի դեպքում մեկամսյա ժամանակահատվածում իր ակտիվների հաշվին ամբողջովին վերականգնել կորցված (չառաքված) բեռը: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից: Նույն օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Սույն քաղաքացիական գործով Կազմակերպության և Ընկերության միջև 20.01.2007 թվականին կնքված Պայմանագրի վերոնշյալ 2.1.3. և 2.1.1. կետերի տառացի նշանակությունից հետևում է, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման և բեռնափոխադրման պայմանագրերի տարրեր պարունակող խառը պայմանագիր: Պայմանագրում Կազմակերպության պատասխանատվությունը առաքվող բեռի համար սահմանվել է բեռնափոխադրման պայմանագրերի համար սահմանված կարգով, որին համապատասխան էլ պետք է կարգավորվեն առաքվող գույքի կորստի հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կողմերի միջև կնքվել է տրասպորտային առաքման պայմանագիր և որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար: Վճռաբեկ դատարանը, բազմիցս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ և 218-րդ հոդվածների ճիշտ և միատեսակ կիրառման խնդրին (տե՛u, օրինակ` "Քնար-88" ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ գործով, գումար բռնագանձելու պահանջով Վճռաբեկ դատարանի որոշումը), որի պատճառով սույն քաղաքացիական գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ այդ հարցի մեկնաբանմանը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ, 241-րդ, 241.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ