Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-377/ՎԴ

Գործի համարը
3-377/ՎԴ
Հայցվոր
Արա Խաչատրյան
Պատասխանող
«ԱրմենՏել» ՓԲԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.06.2008
Այլ նշումներ (դատարանի քարտից)
  • Միակողմանի գործողություններից ծագող պարտավորություններ

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-377(ՎԴ) դատարանի որոշում 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-4107 Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան Դատավորներ` Կ.Հակոբյան Տ.Նազարյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հունիսի 20-ին դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` խաղի հաղթող ճանաչելու և շահումը վճարելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արա Խաչատրյանը պահանջել է ճանաչել 2006 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից հայտարարված «Գանձեր որոնողները» խաղի շրջանակներում անցկացվող «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող և պարտավորեցնել Ընկերությանը վճարելու նշված խաղի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ շահումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.02.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասը որը պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը Արա Խաչատրյանի պահանջը դիտել է հիմնավոր` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նշված խաղի երրորդ կարևորագույն պայմանը` Արա Խաչատրյանի կողմից ուղարկված թվերը չկրկնվելու վերաբերյալ, նախորդ դատական ակտով չեն հաստատվել: Այդ հանգամանքը չի հաստատվել նաև սույն գործի քննության ընթացքում: Նման պարագայում որևէ կերպ չհիմնավորված հանգամանքը Վերաքննիչ դատարանը դիտել է որպես հաստատված հանգամանք: Ընկերությունը բաժանորդներին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է խաղի պայմանների և իր պատասխանատվության սահմանափակումների մասին: Հետևաբար, անգամ ծրագրային սխալների, խափանումների կամ հայտարարության պայմաններում նախատեսված այլ հիմքերով Ընկերության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում, եթե նույնիսկ հաղթող է ճանաչվել մեկ այլ թիվ ուղարկած բաժանորդ, միևնույն է, մինչև խաղն սկսվելը տրված տեղեկատվությամբ Ընկերության և բաժանորդների միջև դրա վերաբերյալ համաձայնություն ձեռք բերված լինելու հանգամանքի հիման վրա Ընկերությունը պատասխանատվություն կրել չի կարող: Բացի այդ, քանի որ խաղի համար ստեղծված «սպասարկող ծրագիրը» նախատեսված է եղել ստանալու բացառապես ամբողջ թվեր, ուստի Արա Խաչատրյանին հատկացված հեռախոսահամարից ուղարկված կոտորակային թվերը չեն մշակվել, ծրագիրը չի արձագանքել, ինչի մասին բոլոր բաժանորդները, այդ թվում` հայցվորը, նախապես` խաղն սկսելուց առաջ, տեղեկացվել են: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել` նոր քննության: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) 2006 թվականի դեկտեմբերին հայտարարված «Գանձեր որոնողները» գովազդային խաղի շրջանակներում անց է կացվել «Շրջադարձ աճուրդ» խաղը: 2) Ընկերության կողմից 31.01.2007 թվականին տրված թիվ 1-230/2 գրության համաձայն` խաղի հաղթող է ճանաչվել 091411117 հեռախոսահամարը, որից ուղարկվել է ամենափոքր չկրկնվող թիվը` «565»-ը: 3) Սույն քաղաքացիական գործով Արա Խաչատրյանը վիճարկում է խաղի կանոններին համապատասխան հաղթող ճանաչվելու հարցը: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: Նույն օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում: Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ կապված պահանջները ենթակա չեն դատարանում քննության և միայն բացառիկ դեպքերում դատարանը կարող է քննել այս ոլորտում ծագող վեճերը: Մասնավորապես, դատարանում քննության ենթակա են այն անձանց պահանջները, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո: Բացի այդ, դատարանին են ենթակա խաղի կազմակերպչի կողմից շահումը վճարելուց խուսափելու հետ կապված վեճերը: Այսպիսով, խաղի հաղթող ճանաչելու հետ կապված վեճերը, այդ թվում խաղի կանոններին համապատասխան դրանց անցկացված լինելու հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ և 1040-րդ հոդվածների ուժով դատարանի իրավասությունից դուրս են, իսկ դրանք կազմակերպող և դրանց մասնակցող անձանց պահանջները` դատական պաշտպանության ոչ ենթակա: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվում է Արա Խաչատրյանի «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող ճանաչվելու հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին, որով դատարանը գտել է, որ Արա Խաչատրյանի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1040-րդ հովածի 5-րդ մասի պահանջներից և այն ենթակա է դատական պաշտպանության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի այդ եզրահանգումը սույն քաղաքացիական գործով նախադատելի նշանակություն չի կարող ունենալ հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՛ս՝ Ա.Եփրեմյան ընդդեմ Ն.Մանվելյանի՝ անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը չի ընդգրկվում դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն չունի նախադատելի նշանակություն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի վճռով արտահայտված իրավական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք չեն: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Միաժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ 236-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ