Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-222/ՎԴ

Գործի համարը
3-222/ՎԴ
Հայցվոր
Նիկողոս Դաբաղյան
Պատասխանող
Մարի ԴաբաղյանՆշան ԴաբաղյանՏաթևիկ Դաբաղյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.03.2008
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-222(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-3096 Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան Դատավորներ` Ն.Հովսեփյան Մ.Ասատրյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի մարտի 27-ին դռնբաց դատական նիստում, քննելով Նիկողոս Դաբաղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Նիկողոս Դաբաղյանի հայցի ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Նիկողոս Դաբաղյանը պահանջել է սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տնից վտարել Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյաններին: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Նշան և Մարի Դաբաղյանների մասով: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկողոս Դաբաղյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Վերաքննիչ դատարանը, Տաթևիկ Դաբաղյանին վեճի առարկա բնակարանից չվտարելով, խախտել է Նիկողոս Դաբաղյանի սեփականության իրավունքը` նրան զրկելով սեփականությունը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Տաթևիկ Դաբաղյանի համար նույնպես անհրաժեշտ էր, որ նա (օրինական ներկայացուցիչը) սեփականատիրոջ` Նիկողոս Դաբաղյանի հետ կնքեր համապատասխան պայմանագիր, ինչը կոնկրետ դեպքում չի արվել: Բացի այդ, Տաթևիկ Դաբաղյանի խնամքը հանձնվել է մորը` Մարի Դաբաղյանին, այսինքն՝ Տաթևիկ Դաբաղյանի խնամքով, այդ թվում՝ բնակարանային ապահովությամբ, պետք է հոգ տանի մայրը, քանի որ նա հանդիսանում է նրա ընտանիքի անդամը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը՝ Տաթևիկ Դաբաղյանի մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռին: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Նիկողոս Դաբաղյանին: 2) 15.06.1990 թվականին ծնված Տաթևիկ Դաբաղյանը Նիկողոս Դաբաղյանի դուստրն է: 3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 13.12.2002 թվականի վճռով փոխհատուցմամբ դադարեցվել է Մարի Դաբաղյանի բնակտարածության օգտագործման իրավունքը վիճելի տան նկատմամբ: Վերջինս վտարվել է այդ բնակարանից: 4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 25.03.2004 թվականի վճռով Տաթևիկ Դաբաղյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը՝ Մարի Դաբաղյանին: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից: Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք: Ծնողների զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքի ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով: Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքը չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ, քանի որ ապրելու իրավունքը անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն՝ ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն՝ անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում: Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Նիկողոս Դաբաղյանը վիճելի բնակարանի սեփականատերն է, իսկ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանը՝ նրա դուստրը: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Նիկողոս Դաբաղյանի սեփականության ներքո գտնվող բնակարանում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ