Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-456/ՎԴ

Գործի համարը
3-456/ՎԴ
Հայցվոր
Սուսաննա Կարապետյան
Պատասխանող
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
25.07.2008
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-456(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 4522/2008թ. Նախագահող դատավոր՝ Վ.Ավանեսյան Դատավորներ` Ա.Խառատյան Կ.Չիլինգարյան ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հուլիսի 25-ին քննարկելով «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Կարապետյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործով կայացված դատական ակտի էությունը. Դիմելով դատարան՝ Սուսաննա Կարապետյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում՝ վճարելով հարկադիր պարապուրդի համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 1) Վերաքննիչ դատարանն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի առաջին մասի, 113-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի պահանջները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Պայմանագրի լուծմամբ հայցվորի աշխատանքային կամ որևէ այլ իրավունք չի խախտվել, քանի որ վերջինս տեղեկացված է եղել իր համար սահմանված փորձաշրջանի և փորձաշրջանի ընթացքում պայմանագրի լուծման հնարավորության մասին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուղղակիորեն ամրագրում է փորձաշրջանի արդյունքներով աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուի իրավունքը, որի իրականացումը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ փորձաշրջանի անբավարար արդյունքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների որոշման որևէ այլ պայման: 2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանի վճռով որոշվել է հայցվորին վերականգնել նախկին աշխատանքում՝ գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ վճռի կայացման օրվա դրությամբ պատասխանողի մոտ բացակայել է հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը՝ այդ պաշտոնում այլ աշխատողի ընդունած լինելու, հայցվորի կողմից դատական վեճի ընթացքում թույլ տրված հայտարարությունների հետևանքով կոլեկտիվի այլ անդամների հետ ստեղծված լարված հարաբերությունների պատճառով: Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. 09.07.2007 թվականին Սուսաննա Կարապետյանի և Ընկերության միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով սահմանվել է 3 ամիս փորձաշրջան: 2. Ընկերության բաժանորդի սպասարկման բաժնի ավագ համակարգող Տիգրան Սիմոնյանի 30.08.2007 թվականի գրության համաձայն՝ Սուսաննա Կարապետյանը չունի հաճախորդների հետ աշխատելու որևէ ձիրք և նրա վարքը չի համապատասխանել կազմակերպության չափանիշներին ու տվյալ աշխատանքի պահանջներին: 3. 11.09.2007 թվականի ծանուցագրով Սուսաննա Կարապետյանը տեղեկացվել է այն մասին, որ փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով Ընկերությունը վերջինիս հետ լուծելու է աշխատանքային պայմանագիրը: 4. 11.09.2007 թվականին Սուսաննա Կարապետյանն ազատվել է աշխատանքից: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում աշխատողի համար սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից այդ մասին 3 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 5-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով: Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ աշխատողին առաջադրված պահանջներին համապատասխանության հարցը որոշվում է փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով: Օրենքը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման որևէ կարգ, պայման կամ չափանիշ: Այսինքն՝ յուրաքանչյուր գործատու ազատ է սահմանելու այն անհրաժեշտ գիտելիքները, ունակությունները և վարքը, որն աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման՝ գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման հատուկ կարգ կամ չափանիշ նախատեսված չէ: Ընկերության և Սուսաննա Կարապետյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 6.4 կետի համաձայն՝ փորձաշրջանի ընթացքում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին: Նույն պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է լինել բարեհամբույր և քաղաքավարի իր աշխատակիցների և գործատուի հաճախորդների նկատմամբ: Հիմք ընդունելով իր կողմից սահմանված վերոգրյալ չափանիշները, Ընկերությունը Սուսաննա Կարապետյանի փորձաքնության արդյունքը գնահատել է անբավարար: Մասնավորապես, Սուսաննա Կարապետյան հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նա չի ունեցել հաճախորդների հետ աշխատելու որևէ ձիրք և նրա վարքը չի համապատասխանել կազմակերպության չափանիշներին ու տվյալ աշխատանքի պահանջներին, որպիսի փաստը արձանագրվել է Ընկերության բաժանորդի սպասարկման բաժնի ավագ համակարգող Տիգրան Սիմոնյանի կողմից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից Սուսաննա Կարապետյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքով սահմանված կարգին համապատասխան: 2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից չի քննարկվում, քանի որ Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում նշված հիմքը քննության առարկա չի դարձվել: Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Սուսաննա Կարապետյանի հայցը մերժել: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ