Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ԵԿԴ/2711/02/10

Գործի համարը
ԵԿԴ/2711/02/10
Հայցվոր
Սևակ Արզարունի
Պատասխանող
Նարեգ ՀարթունյանՍարո Հարթունյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.06.2019
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2711/02/10 դատարանի որոշում 2022թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2711/02/10 Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան Դատավորներ՝ Ա. Մխիթարյան Ն. Կարապետյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ 2022 թվականի փետրվարի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սևակ Արզարունու ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սարո Հարթունյանի ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի՝ Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմված և նոտարական կարգով վավերացված (սեղանամատյանի համար՝ 2403) 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Սևակ Արզարունին պահանջել է Նարեգ Հարթունյանից բռնագանձել 151.784.000 ՀՀ դրամ, իսկ Սարո Հարթունյանից՝ 846.263.220 ՀՀ դրամ: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Նարեգ և Սարո Հարթունյանները պահանջել են Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմած ու նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, ճանաչել անվավեր: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան) 13.11.2014 թվականի որոշմամբ Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.03.2015 թվականի և 22.04.2015 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, և հաստատվել է Դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.11.2019 թվականի որոշմամբ Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ազիզյանը: Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Սարո Հարթունյանը (ներկայացուցիչ Անի Հակոբյան) և Արթուր Հովսեփյանը (ներկայացուցիչ Մակիչ Մանուչարյան): 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 32-րդ, 93-րդ և 94-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը, լինելով սույն գործով պատասխանող, չի ծանուցվել Դատարանի 02․04․2014 թվականի վճիռը վերանայելու գործի քննության մասին։ Դատական ակտի վերանայման արդյունքում հաստատված հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով խախտվել են բողոք բերած անձի իրավունքները և շահերը, քանի որ հաշտության համաձայնության կնքման արդյունքում նվազել է կողմերի միջև կնքված պարտավորագրով արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը, հետևաբար նվազել է նաև բողոք բերած անձին հատկացման ենթակա 9 տոկոսի չափը։ Բողոք բերած անձին չի ուղարկվել նաև կայացված դատական ակտը։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ 2.1. Սարո Հարթունյանի և Արթուր Հովսեփյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանների հիմքը և հիմնավորումները. Արմեն Ազիզյանը սույն գործով կողմ չէ, քանի որ հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։ Դատարանի կողմից բացառապես սկզբնական հայցով 02․04․2014 թվականի վճռով տրված կատարողական թերթի հիման վրա է հարուցվել դատական ակտի հարկադիր կատարման կատարողական վարույթը, որտեղ պահանջատեր էր Սևակ Արզարունին, իսկ պարտապաններ՝ Սարո և Նարեգ Հարթունյանները։ Կատարողական վարույթում առկա են միայն երկու կողմեր՝ պահանջատեր և պարտապան, հետևաբար միայն պահանջատիրոջը և պարտապանին է վերապահված հաշտության համաձայնություն կնքելու իրավունք։ Բողոքաբերի այն փաստարկը, որ չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին անհիմն է, քանի որ դատարանը կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձին դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելու և դատական ակտն ուղարկելու պարտականություն չուներ։ Դատարանի՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը բացառապես վերաբերում է պահանջատիրոջ և պարտապանների իրավունքներին և պարտականություններին և չի առնչվում բողոքաբերի իրավունքներին ու պարտականություններին։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Սույն քաղաքացիական գործով Դատարանի 02.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 7-րդ, գ.թ. 17-35): 2) Դատարանը 03.08.2016 թվականին հրավիրել է դատական նիստ, որտեղ պետք է քննության առնվեր թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու և վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Գործը քննող դատավորի օգնականը 01․08․2016 թվականին կազմել է տեղեկանք, որում նշել է, որ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով 03․08․2016 թվականին, ժամը 11։30-ին միջնորդության քննարկման մասին կողմերին ծանուցել է հեռախոսակապի միջոցով (հատոր 10-րդ, գ.թ. 88): 3) Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, և հաստատվել է սույն քաղաքացիական գործով վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման թիվ 01/02-2835/15 և թիվ 01/02-2792/15 կատարողական վարույթների ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը (հատոր 10-րդ, գ.թ. 99-102):  4) Սույն գործով բացակայում են 03․08․2018 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արմեն Ազիզյանի ծանուցված լինելու, ինչպես նաև Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը վերջինիս ուղարկված լինելու մասին ապացույցները։ 5) 01.07.2009 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված թիվ 2403 պարտավորագրի համաձայն՝ Սարո Հարթունյանը պարտավորվել է Հայաստանի Հանրապետությունում ստացած իր ձեռնարկատիրական (…) գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը (…) որպես շահաբաժին տալ Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Արզարունուն (…), երբ այդ շահերն իրականանան և ձեռք բերվեն նրա աշխատանքի ժամանակահատվածում, ով ազատ է այդ գումարը տնօրինել իր հայեցողությամբ, ըստ որում, տեղյակ և համաձայն է, որ այդ 25 տոկոսից 9 տոկոսը տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Ազիզյանին՝ վերջինիս և տնօրինության միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 18): 6) 01.07.2009 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված թիվ 2404 պարտավորագրի համաձայն՝ Նարեգ Հարթունյանը պարտավորվել է Հայաստանի Հանրապետությունում ստացած իր ձեռնարկատիրական (…) գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը (…) որպես շահաբաժին տալ Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Արզարունուն (…), երբ այդ շահերն իրականանան և ձեռք բերվեն նրա աշխատանքի ժամանակահատվածում, ով ազատ է այդ գումարը տնօրինել իր հայեցողությամբ, ըստ որում, տեղյակ և համաձայն է, որ այդ 25 տոկոսից 9 տոկոսը տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Ազիզյանին՝ վերջինիս և տնօրինության միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 17): 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. - արդյո՞ք դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա հաշտության համաձայնությունը հաստատելիս կրում է պարտականություն՝ պարզելու, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին, և արդյոք հաշտության համաձայնությունը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ Նկատի ունենալով, որ սույն գործով հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, ուստի բողոքում բարձրացված հարցը քննելիս կիրառելի են նշված կարգավորումները։ Այսպես՝ Նախկին օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ 1․ Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: 2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: 3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: 4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: Նախկին օրենսգրքի՝ «Հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթը» վերտառությամբ 36-րդ գլխի 202-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում: Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին: Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին: Նախկին օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:   Նախկին օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է նույն օրենսգրքի 19-րդ գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով: Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին: Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը): Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են կնքել գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն: Օրենսդիրը համապարտադիր կերպով ամրագրել է դատարանի պարտականությունը՝ հաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը միայն դրա դատավարական հետևանքները կողմերին պարզաբանելուց հետո: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը լիազորված է չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե` այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում՝ դատարանը նախևառաջ պետք է ստուգի դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին և այլ իրավական ակտերին: Այնուհետև, պետք է պարզի, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին, և արդյոք հաշտության համաձայնությունը խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև Նախկին օրենսգրքի 36-րդ գլուխը: Օրենսդիրը, կողմերին ընձեռելով դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու հնարավորություն, սահմանել է հատուկ ընթացակարգ, քանի որ կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին։ Օրենսդիրը հարկադիր կատարողի համար սահմանել է պարտականություն՝ կողմերի հաշտության համաձայնությունը ստանալուց հետո կասեցնելու կատարողական վարույթը և անհապաղ դիմելու կատարողական թերթ տված դատարան, իսկ դատարանը հարկադիր կատարողի ներկայացրած դիմումը քննության առարկա է դարձնում նույն օրենսգրքի 19-րդ գլխով սահմանված կարգով։ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 36-րդ գլխի իրավակարգավորումներն ամեն դեպքում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նույն օրենսգրքի՝ դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ ընդհանուր սկզբունքներից ելնելով։ Դատարանը հաստատման ներկայացված գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն քննարկելիս կրում է պարտականություն՝ պարզաբանելու դատավարության կողմերին դրա դատավարական հետևանքները, և լիազորված է չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։ Այսինքն՝ ՎՃռաբեկ դատարանի գնահատմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե հաշտության համաձայնությունը ներկայացվել է դատավարության ընթացքում, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողի դիմումի հիման վրա՝ դատարանն իրավասու է հաստատելու հաշտության համաձայնությունը, եթե այն համապատասխանում է վերոնշյալ պարտադիր պահանջներին և դրա իրավական հետևանքները պարզաբանված են կողմերին։ Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը` 1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ. 2) հանձնվում է առձեռն, կամ 3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38): ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայման է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող՝ մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որը չպահպանելը [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջը չպահպանելը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում 10.06.2014 թվականին ընդունված օրենքով կատարված և 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած փոփոխությունները կրել են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, նոր կանոնակարգում չեն նախատեսել: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Նշված նորմի համաձայն` այդ եղանակներն են. 1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ, 2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը, 3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով: Ըստ այդմ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկի ծանուցման՝ օրենսդրությամբ նախատեսված՝ կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Հետևաբար, վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): Միաժամանակ, օրենսդրի տրամաբանությունից բխում է, որ գործին մասնակցող անձինք պետք է ծանուցվեն ցանկացած դատավարական գործողության ժամանակի մասին, այդ թվում նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի ժամանակ դատական նիստին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը չի կարող համարվել միայն պահանջատիրոջը և պարտապանին պատկանող բացառիկ իրավունք, այն պետք է վերապահվի նաև գործին մասնակցող մյուս բոլոր անձանց, քանի որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ կարող են շոշափվել նաև այդ անձանց իրավունքները և օրինական շահերը։ Հետևաբար, բոլոր դեպքերում դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն, այդ թվում նաև հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում, որտեղ դատարանը կրում է պարտականություն ծանուցելու ոչ միայն կատարողական թերթում նշված անձանց՝ պահանջատիրոջը և պարտապանին, այլև գործին մասնակցող այլ անձանց ևս, քանի որ գործում է այն կանխավարկածը, որ կատարողական վարույթի ընթացքում պահանջատիրոջ և պարտապանի կողմից ներկայացված հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել գործին մասնակցող մյուս անձանց իրավունքներին և պարտականություններին։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.04.2014 թվականի վճռով Սևակ Արզարունու հայցն ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է, իսկ Սարո Հարթունյանի ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի՝ Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմած և նոտարական կարգով վավերացված պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով։ Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը 03.08.2016 թվականին հրավիրել է դատական նիստ, որտեղ քննության է առել հարկադիր կատարողի ներկայացրած միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու և վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ։ Դատարանի դատավոր Էդ․ Ավետիսյանի օգնականը 01․08․2016 թվականին կազմել է տեղեկանք, որում նշել է, որ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով 03․08․2018 թվականին ժամը 11։30-ին միջնորդության քննարկման մասին կողմերին ծանուցել է հեռախոսակապի միջոցով։ Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, և հաստատվել է սույն քաղաքացիական գործով վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի կողմերն են՝ Սևակ Արզարունու իրավահաջորդ Արթուր Հովսեփյանի ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը և Սարո ու Նարեգ Հարթունյանների ներկայացուցիչ Մարտուն Պողոսյանը։ Սույն գործում բացակայում է ապացույցն այն մասին, որ Արմեն Ազիզյանը խնդրել է դատարանին իրեն ծանուցել հեռախոսակապի միջոցով, ինչպես նաև բացակայում է ապացույցն այն մասին, որ վերջինս իրազեկված է եղել 03․08․2018 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Արմեն Ազիզյանին չի ուղարկվել նաև Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը։ Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի 02.04.2014 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը հակընդդեմ հայցի մասով կարճվել է հայցվորի՝ հայցից հրաժարվելու հիմքով, իսկ Դատարանի 05.08.2016 թվականի վճռով հաստատվել է բացառապես կատարողական վարույթի կողմերի՝ պահանջատեր Արթուր Հովսեփյանի և պարտապաններ Նարեգ և Սարո Հարթունյանների կողմից կատարողական վարույթի ընթացքում կնքված հաշտության համաձայնությունը: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ 03.08.2016 թվականին նշանակված դատական նիստը հրավիրվել է կատարողական վարույթի կողմերի՝ պարտատիրոջ և պարտապանների փոխադարձ կամահայտնության արդյունքում կնքված հաշտության համաձայնության քննարկման նպատակով, այնինչ բողոք բերած անձ Արմեն Ազիզյանը չի հանդիսացել թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթների կողմ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցի մասով (որի շրջանակներում բողոք բերած անձ Արմեն Ազիզյանը հանդիսացել է պատասխանող) քաղաքացիական գործի վարույթի կարճման պայմաններում և սկզբնական հայցի բավարարման արդյունքում տրված կատարողական թերթերի հիմքով հարուցված կատարողական վարույթներով կողմ չհանդիսանալու պարագայում առկա չի եղել նաև հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանին ծանուցելու դատավարական պարտականություն: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ վերաքննիչ բողոքը վերաբերում է կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործի վերաբերյալ Արմեն Ազիզյանին օրենքով սահմանված կարգով ծանուցելու դատավարական պարտականության առկայության հարցին, ուստի հաշտության համաձայնության բովանդակության և բողոք բերած անձ Արմեն Ազիզյանի իրավունքների և պարտականությունների կապի վերաբերյալ փաստարկները դուրս են բողոքի քննության շրջանակներից: Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը դատական ակտի հարկադիր կատարման փուլում կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակներում 03.08.2016 թվականին հրավիրված դատական նիստի վերաբերյալ ծանուցել է հաշտությունը կնքած կողմերին հեռախոսակապի միջոցով: Սույն քաղաքացիական գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանը ծանուցվել է 03․08․2016 թվականի դատական նիստի վերաբերյալ, և որ 05․08․2016 թվականի վճռի օրինակն ուղարկվել է Արմեն Ազիզյանին։ Դատարանը, 05․08․2016 թվականի վճռով հաստատելով հաշտության համաձայնությունը, գտել է, որ կողմերի կնքած հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կնքված հաշտության համաձայնության, մասնավորապես «(…) կողմերն ընդունում և ճանաչում են, որ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված և դրա հիման ճշտված հայցագինը և Պարտապաններից հօգուտ Պահանջատիրոջ բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 209․253․198 դրամ, որից Նարեգ Հարթունյանից՝ 75․892․000 դրամ, Սարո Հարթունյանից՝ 133․361․198 դրամ։ Կողմերն ընդունում են, որ պարտապան Նարեգ Հարթունյանը 08․06․2016 թվականի դիմումով հրաժարվել է Պահանջատիրոջ իրավանախորդ Սևակ Արզարունու նկատմամբ 97․100․000 դրամ կատարողական թերթի պահանջներից, որով հաշվանցի կարգով լրիվ մարված է համարվում սույն հաշտության 3-րդ կետով պարտապան Նարեգ Հարթունյանից գանձման ենթակա գումարը, ինչպես նաև մասնակի՝ 21․208․000 դրամի չափով մարված է համարվում պարտապան Սարո Հարթունյանից բռնագանձման ենթակա գումարը (…)» մասի բովանդակությունից հետևում է, որ համաձայնությամբ նախատեսված գումարի չափը հայցագնի համեմատությամբ փոփոխվել է, և այն առնչվում է նաև հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանի իրավունքներին և օրինական շահերին, քանի որ նման փոփոխության արդյունքում ուղղակիորեն կնվազի նաև Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմած և նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսի չափը՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ Սարո Հարթունյանի հաընդդեմ հայցի ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի՝ նշված պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով, սակայն հաստատված հաշտության համաձայնությունն առնչվում է նաև Արմեն Ազիզյանի իրավունքներին և օրինական շահերին, ուստի Դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելու միջնորդությունը քննարկելիս կրում էր նշանակված դատական նիստի մասին ծանուցելու գործին մասնակցող բոլոր անձանց ծանուցելու պարտականություն: Բացի վերոնշյալից Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ գործին մասնակցող անձինք պետք է ծանուցվեն ցանկացած դատավարական գործողության վերաբերյալ, հետևաբար Դատարանը պետք է ծանուցեր հակընդդեմ հայցով համապատասխանող Արմեն Ազիզյանին հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ինչպես նաև նրա համար պետք է պարզաբանվեին հաշտության համաձայնությունը հաստատելու դատավարական հետևանքները, որպեսզի վերջինս ունենար իրական հնարավորություն՝ իրացնելու իր դատավարական իրավունքները, մասնավորապես՝ հայտնելու իր դիրքորոշումը դատական ակտի կատարման փուլում կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյաններն անտեսել են այն հանգամանքը, որ հարկադիր կատարման փուլում ներկայացված հաշտության համաձայնությունը նույնպես կարող է հաստատվել միայն այն պայմաններում, երբ դրանում առկա բոլոր դրույթները համապատասխանում են օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։ Մինչդեռ, բողոքաբեր Արմեն Ազիզյանը պատշաճ ձևով չի ծանուցվել 03.08.2016 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Հաշտության համաձայնության հաստատման վերաբերյալ դատական նիստն իրականացվել է վերջինիս բացակայությամբ` չապահովելով նրա` հաշտության համաձայնության վերաբերյալ տեղեկացված լինելու, դիրքորոշում հայտնելու, հաշտության համաձայնության դատավարական հետևանքների վերաբերյալ դատարանի կողմից պարզաբանված լինելու իրավունքները, ինչն արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ դատական քննությունն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում: Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2019 թվականի թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Նախագահող Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ, Գ․ ՀԱԿՈԲՅԱՆ։