Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ԵԿԴ/3221/02/13

Գործի համարը
ԵԿԴ/3221/02/13
Հայցվոր
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Պատասխանող
«ԱՐԳՈ կոմպ» ՍՊԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
17.09.2014
Այլ նշումներ (դատարանի քարտից)
  • Գործի վարույթի կասեցումը

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3221/02/13 դատարանի որոշում 2014թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3221/02/13 Նախագահող դատավոր` Գ. Մատինյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին, քննարկելով ըստ հայցի <<Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ <<ԱՐԳՈ կոմպ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2014 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.126.629 ՀՀ դրամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության` վարձակալության պայմանագիրը լուծելու և 4.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 105-րդ հոդվածի 1-ին կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով գտել է, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Վերաքննիչ դատարանն իր այդ եզրահանգումն հիմնավորել է այն փաստարկով, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտով կարող են պարզվել սույն գործով վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները, ինչպես նաև այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական լինել սույն քաղաքացիական գործի քննության և վեճն ըստ էության ճիշտ լուծելու տեսանկյունից: Մինչդեռ սույն գործով վիճելի տարածքի` հանձնման-ընդունման ակտով հանձնված և ներկայումս ազատված լինելու փաստական հանգամանքները չեն կարող հաստատվել թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, քանի որ այդ փաստական հանգամանքները տվյալ քաղաքացիական գործով քննության առարկա չեն հանդիսանում և դուրս են թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով հայցվոր Ընկերության կողմից ներկայացված հայցապահանջների շրջանակներից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված փաստական հանգամանքների պարզման անհրաժեշտությունը չի հանգեցնում սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության, քանի որ Կազմակերպության կողմից ներկայացված և գործում առկա տասնյակ ապացույցներով հիմնավորվում է, որ վիճելի տարածքը մինչև օրս Ընկերության կողմից չի ազատվել և չի հանձնվել վարձատուին` Կազմակերպությանը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2014 թվականի որոշումը և վերացնել Դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը>>: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ. Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կասեցման իրավական կարգավորումներին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը: Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու իրավական խնդրին, մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը. գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը): Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած վեճը վերաբերում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրից բխող պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանը: Այսպես, սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` հարկ է արձանագրել հետևյալը. 24.12.2012 թվականին Կազմակերպության` որպես վարձատուի, և Ընկերության` որպես վարձակալի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է ամսական 550.000 ՀՀ դրամ վճարի դիմաց մեկ տարի ժամկետով Ընկերության օգտագործմանը հանձնել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի 649,94քմ մակերեսով տարածքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Նշված վարձակալության պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում, դրանից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և պայմանագիրն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 10-12): Կազմակերպության հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ոչ պատշաճ է կատարել նշված պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, այն է` սահմանված վարձավճարի գումարները վճարել է ուշացումներով, ընդհանրապես չի վճարել 2013 թվականի հուլիս և օգոստոս ամիսների վարձավճարները, ինչպես նաև Կազմակերպությանը պատճառել է վնաս` բաց թողնված օգուտի տեսքով: Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.126.629 ՀՀ դրամ, որից 1.356.667 ՀՀ դրամը` որպես 01.07.2013 թվականից մինչև 14.09.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար վարձավճարի գումար, 199.210 ՀՀ դրամը` որպես 1.356.667 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ մինչև 10.12.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժի գումար, 1.570.752 ՀՀ դրամը` որպես վարձակալած տարածքը չազատելու և չհանձնելու հետևանքով պատճառված վնասի գումար (հատոր 1-ին, գ.թ. 4-9): Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կազմակերպության` վարձակալության պայմանագիրը լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին: Թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով Ընկերության ներկայացուցիչը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է ներկայացրել հայցադիմումի լրացում, որով խնդրել է որպես Ընկերության հայցապահանջի լրացում` պարտավորեցնել Կազմակերպությանը 15.09.2013 թվականի դրությամբ ստորագրել հանձման-ընդունման ակտը (հատոր 1-ին, գ.թ. 170-172): Սույն գործով Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ մինչև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված միջնորդության հիմքում Ընկերության կողմից դրվել է այն հանգամանքը, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով որոշվելու է, թե Ընկերության և Կազմակերպության միջև մինչև երբ են առկա եղել պայմանագրային իրավահարաբերություններ, որ պահից է անհրաժեշտ նրանց միջև կնքված պայմանագիրը համարել լուծված, իսկ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտը` ստորագրված (հատոր 1-ին, գ.թ. 168-169): Դատարանը, բավարարելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը, <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշմամբ կասեցնելով սույն քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը, պատճառաբանել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով կարող են պարզվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի քննության համար: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ այդ փաստական հանգամանքներն են 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելը կամ չլինելը, այդ տարածքի ազատված և հանձնման-ընդունման ակտով հանձնված լինելը, որպիսիք չեն կարող պարզվել սույն գործի տվյալների հիման վրա: Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը և Դատարանի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործի վերջնական դատական ակտով կարող են պարզվել տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները, ինչպես նաև այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական լինել սույն քաղաքացիական գործի քննության համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ հայցվորի կողմից ներկայացված և գործում առկա տասնյակ ապացույցներով հիմնավորվում է, որ տարածքը մինչև օրս պատասխանողի կողմից չի ազատվել ու չի հանձնվել վարձատուին, արձանագրել է, որ հայցվորի կողմից մատնանշված ապացույցները պետք է պատշաճ գնահատվեն 15.09.2013 թվականի դրությամբ հանձնման-ընդունման ակտն ստորագրելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև նշված փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, սակայն 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները չեն կարող էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի քննության համար հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն փաստական հանգամանքի պարզումը, թե արդյոք Ընկերությունը Կազմակերպության հայցադիմումում մատնանշված ժամանակահատվածում, այն է` 01.07.2013 թվականից մինչև 14.09.2013 թվականը, պատշաճորեն կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, թե` ոչ, և հիմնավոր է արդյո՞ք Ընկերությունից 3.126.629 ՀՀ դրամ բռնագանձելու մասին Կազմակերպության պահանջը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի քննությունը հնարավոր է անկախ ստորադաս դատարանների կողմից մատնանշված հանգամանքների առկայությունից կամ բացակայությունից, ինչը պետք է հաստատվի Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, ներկայումս այդ տարածքի ազատված լինելու հանգամանքների պարզումը չի կարող հանգեցնել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը սույն քաղաքացիական գործը քննելու անհնարինության որևէ հիմք առկա չէ, հետևաբար բացակայում է նաև սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշումը, չի պատճառաբանել, թե ինչպիսի իրավական կամ փաստական հանգամանքների հիման վրա է հանգել այն հետևության, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և օրինականության չափանիշներին, չունի բավարար փաստական և իրավական հիմնավորում, ուստի այն չի կարող համարվել պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի թիվ ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/3221/02/13 որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ