Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

3-61/ՏԴ

Գործի համարը
3-61/ՏԴ
Հայցվոր
«Երևանի մենեջմենթի համալսարան» ՍՊԸ
Պատասխանող
ՀՀ կրթության և գիտության նախարարությունՆախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն»
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.03.2008
Վարչական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-61(ՏԴ) Քաղաքացիական գործ թիվ Տ-2028/2007թ. 2008թ. Նախագահող դատավոր՝ Ռ.Հակոբյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի մարտի 27-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Երևանի մենեջմենթի համալսարան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Նախարարության և Նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» (այսուհետ՝ Ծառայություն)՝ պետական մարմնի անգործությունն անվավեր ճանաչելու, 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն անվավեր ճանաչելու և նշված մասնագիտություններով Ընկերության հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության և Գործակալության Ընկերության բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը օրենքով սահմանված ժամկետում և կարգով չկազմակերպելու անգործությունը, վերոհիշյալ մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն ճանաչել անվավեր և 08.11.2006 թվականին Ընկերության կողմից կազմակերպված ավարտական քննությունների արդյունքներով ճանաչել Ընկերության՝ Նախարարությունից վերոհիշյալ մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքը: Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Ընկերությունը: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի «ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» համար 372 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը» (այսուհետ՝ Կարգ), որը պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերոհիշյալ որոշման համաձայն՝ միայն Նախարարությունն է իրականացնում հավատարմագրման նպատակով շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը: Մինչդեռ, Տնտեսական դատարանը, անտեսելով Կարգի 7-րդ կետը, որպես վերոհիշյալ մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքի առաջացման հիմք է դիտել Ընկերության կողմից 08.11.2006 թվականին անցկացված ատեստավորման քննությունները: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները. Վճռաբեկ բողոքի պատասխանում բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ փաստարկ առկա չէ: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. Ընկերության կողմից 08.11.2006 թվականին կազմակերպվել են 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունները: 2. ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.01.2007 թվականի թիվ 20-Ա/Ք հրամանի համաձայն՝ ՀՀ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների պետական հավատարմագրման նպատակով 29.01.2007 թվականից 08.02.2007 թվականը նախատեսվել է անցկացնել 2006 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորում: 3. ՀՀ կրթության և գիտության նախարարի 10.04.2007 թվականի հրամանով մերժվել է Ընկերությանը 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների պետական հավատարմագիր տալը: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնագիտությունները, ինչպես նաեւ ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, իսկ 3-րդ մասի համաձայն՝ պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ուսումնական հաստատության եւ նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա: ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի «ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» համար 372 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի 6-րդ կետի համաձայն՝ պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն: Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը եւ վերլուծության մեկ օրինակը: Նույն կարգի 7-րդ կետի համաձայն՝ դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում): Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը հայցի բավարարման հիմքում դնելով Ընկերության կողմից սեփական նախաձեռնությամբ 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունների արդյունքները չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այդ ատեստավորումը ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանված կարգին համապատասխան անցկացված լինելու հարցը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Վարչական դատարան՝ նոր քննության: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ