Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

3-58/ՏԴ

Գործի համարը
3-58/ՏԴ
Հայցվոր
«Հրաշք պարտեզ» ՍՊԸ
Պատասխանող
ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշտարակի տարածքային ՀՏ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.03.2008
Վարչական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-58(ՏԴ) Քաղաքացիական գործ թիվ S-2597/2007թ. 2008թ. Նախագահող դատավոր՝ Ռ.Սարգսյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի մարտի 27-ին, դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտը: Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը, որոնք չպետք է կիրառեր : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Տնտեսական դատարանը, բավարարել է հայցը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության հանրային սննդի կազմակերպման համար նախատեսված տարածքը գործել է սպառողների սահմանափակ քանակական կազմի համար, այսինքն` կախված է եղել սպառողների թվից: Մինչդեռ, Տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Ծառայություն ներկայացված Ընկերության 06.06.2007 թվականի ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության համաձայն` Ընկերության հանրային սպասարկման համար նախատեսված տարածքը 122քմ է (շինության ներսում 60քմ, և բացօթյա 62քմ), մինչդեռ ներկա պահին օգտագործվում է 12քմ շինության ներսում և 12քմ բացօթյա տարածք: 2) Ծառայության պետի 13.06.2007 թվականի թիվ 2314460 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում: 3) Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է շինության ներսում` 60 քմ և բացօթյա` 62 քմ տարածքի վրա: Վերոհիշյալ ակտով սուբյեկտին առաջադրվել է 1.541.100 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով: Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը: Բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը: Տնտեսական դատարանը դիմումի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցը պայմանավորված է սպառողների թվից և որ Ծառայության կողմից չի ստուգվել թե հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի համար նախատեսված տարածքը որքան սեղաններով և աթոռներով է կահավորված եղել, եկել է այն եզրահանգման, որ ստուգման ակտով արձանագրված փաստը Ընկերության հանրային սննդի կազմակերպման տարածքը 122քմ լինելու վերաբերյալ անհիմն է: Մինչդեռ, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներից հետևում է, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ոչ թե հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքը, որը կարող է պայմանավորվել սպառողների թվով, այլ հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների ճշտությունը ստուգելիս Ծառայությունը պարտավոր չէ պարզելու հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքի չափը: Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը 122քմ է: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությամբ որպես Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման մակերես նշվել է 24քմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրված խախտման փաստը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի դիմումը մերժել: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ