Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ2/0051/05/08

Գործի համարը
ՎԴ2/0051/05/08
Հայցվոր
Անժելա Քոչինյան
Պատասխանող
Արճիսի գյուղապետարան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
26.09.2008

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վարչական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ՎԴ2/0051/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ2/0051/05/08 2008թ. Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Քոչինյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Անժելա Քոչինյանի ընդդեմ Արճիսի գյուղապետարանի` գյուղապետի գործողություններն ապօրինի ճանաչելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի հատակագիծը համայնքի հողերի քարտեզից սահմանազատելու և ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Անժելա Քոչինյանը պահանջել է իր սեփական հողամասը համայնքի հողերի քարտեզում հաստատելու գործողությունները ճանաչել ապօրինի, ճանաչել սեփականության իրավունքը պետության կողմից իրեն սեփականաշնորհված 1200 քմ հողամասի նկատմամբ և պարտավորեցնել Արճիսի գյուղապետին վիճելի հողամասի հատակագիծը սահամանազատել համայնքի հողերի քարտեզից, հաստատել այն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանում (այսուհետ Կադաստր)` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար: Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Քոչինյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը, սխալ ընկալելով Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանի իմաստը և ապացուցողական նշանակությունը, այն դիտել է որպես սեփականաշնորհման ակտ և վճռում նշել, որ Անժելա Քոչինյանը սահմանված կարգով և ժամկետներում դիմում չի ներկայացրել իրավասու պետական մարմնին հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար: Մինչդեռ, հայցվորը հստակ պահանջել է օրենքի ուժով ճանաչել բնակարան կառուցելու համար իրեն հատկացված տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: Դատարանը չի տարբերակել պետական հողերի և քաղաքացիների տիրապետության տակ գտնվող հողամասերի սեփականաշնորհման օրենքով նախատեսված հիմքերը: Պետական հողերը սեփականաշնորհվել են ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ստեղծված ժամանակավոր հանձնաժողովների միջոցով: Սեփականաշնորհված հողերի համար տրվել են պետական ակտեր: Քաղաքացիների կողմից օգտագործվող տնամերձ հողամասերը սեփականաշնորհվել են այդ ժամանակ գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով: Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև գործում առկա հողի հարկի վճարման անդորրագիրը հայցվորի ամուսնու` Ռոբերտ Քոչինյանի անվամբ, Կադաստրի տեղակալի 15.10.2007 թվականի գրությունը, համաձայն որի Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը Կադաստրը չի վիճարկել, այլ իրավունքի գրանցում կատարելու համար պահանջել է գրանցման ենթակա հողամասի հատակագծի սահմանազատումը համայնքի հողերի քարտեզից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս՝ բնակարան կառուցելու համար: 2. Անժելա Քոչինյանի կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ պետական գրանցում չի կատարվում, քանի որ նշված հողամասը գտնվում է 001-001 ծածկագրով 0,89 հա համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: 3. ՀՀ կառավարության 22.06.2006 թվականի թիվ 1061-Ն որոշմամբ հողամասն անհատույց փոխանցվել է Արճիս համայնքի սեփականությանը: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականի ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական(ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը: Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս բնակարան կառուցելու համար: Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է նույնանման փաստական հանգամանքներում օրենքի ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տես՝ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-106(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով տնամերձ հողամասերի նկատմամբ ծագում է այն անձանց սեփականության իրավունքը, ում դրանք հատկացվել են: Տվյալ դեպքում Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը վեճի առարկա հողամասի նկատմամբ ծագել է օրենքի ուժով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը: Վիճելի հողամասի սեփականատեր օրենքի ուժով հանդիսանում է Անժելա Քոչինյանը: Հետևաբար վերջինս իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Անժելա Քոչինյանի սեփականատեր դառնալու վերաբերյալ հայցվորի պնդումը հիմնավոր չէ, քանի որ սեփականության իրավունքը հաստատող միակ փաստաթուղթը իրավասու մարմնի կողմից տրվող վկայականն է, որը հայցվորը չունի: Այսինքն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա հողամասի նկատմամբ Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով, անկախ դրա պետական գրանցման փաստից: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հողամասը սեփականության իրավունքով Արճիս համայնքին օտարելով խախտվել է Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ