Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/0567/05/09

Գործի համարը
ՎԴ/0567/05/09
Հայցվոր
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչություն
Պատասխանող
Ա/Ձ Անուշ Գևորգյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
16.10.2009
Վարչական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09 Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09 2009թ. Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Անուշ Գևորգյանի` 1.000.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Անուշ Գրիգորյանից 1.000.459 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 148.375 ՀՀ դրամ տարեկան պետական տուրքի և 150.000 ՀՀ դրամ` որպես «Հսկիչ դրամակղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գումար բռնագանձելու մասով, իսկ 722.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումար բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Դատարանը խախտել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը և 6-րդ հոդվածի 5-րդ կետերը: Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հայցապահանջը մերժելիս հիմք է ընդունել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի դրույթները, որոնք, սակայն, արտոնություն են սահմանում միայն գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի համար: Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել այն, որ Անուշ Գևորգյանը 2005, 2006, և 2007 թվականներին իրականացրել է գործունեություն: 07.02.2007 թվականին Անուշ Գևորգյանի մոտ կատարվել է վարձու աշխատողի աշխատանքի ընդունում, ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված թիվ 1304934 ակտով արձանագրվել է թվով մեկ չձևակերպված աշխատող: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` 702.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մերժման մասը: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը՝ 2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոս-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա Անուշ Գևորգյանի մոտ առաջացել է պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 702.084 ՀՀ դրամ պարտավորություն (գ.թ. 7-8, 16-17): 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. «Անհատ ձեռնարկատերեի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից: Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարակտերերի կողմից 01.01.2006 թվականից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում): Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ անհատ ձեռնարկատերերը ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից այն դեպքում, եթե մինչև 2006 թվականի մայիսի 1-ը գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում և հանձնում են պետական գրանցման վկայականը: Մինչդեռ, սույն գործով Անուշ Գևորգյանի պարտավորությունը առաջացել է 2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոս-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա, ինչպես նաև Անուշ Գևորգյանի կողմից գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում չի ներկայացվել, հետևաբար չի կարող ազատվել պարտադիր սոցիալական ապահովագրության գումարը վճարելու պարտավորությունից: Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի` հայցապահանջը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Դատավորներ՝ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ