Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/0407/05/08

Գործի համարը
ՎԴ/0407/05/08
Հայցվոր
ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարան
Պատասխանող
«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
25.06.2010

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08 2010թ. Նախագահող դատավոր` Ա. Ալավերդյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ մասնակցությամբ դատավորներ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ 2010 թվականի հունիսի 25-ին դռնբաց դատական նիստում, քննելով <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) հայցի ընդդեմ <<Արմենիա Տելեֆոն Կոմպանի>> ՓԲԸ-ի (<<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի) (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով ՀՀ վարչական դատարան (ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի)` Գյուղապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.000.000 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 2.500.000 ՀՀ դրամի մասով: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 247-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 31-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները, սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավել Ընկերությանը, սակայն չի ապահովել յուրաքանչյուր կողմի` գործում եղած կամ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Նշվածը կարող է իրականացված համարվել այն դեպքում, երբ գործին մասնակցող յուրաքանչյուր անձի ընձեռնվել է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, որի ապահովումը դատարանի պարտականությունն է: Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ: Դատարանի վճիռը նաև հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. և 30.03.2007 թվականին թիվ 3-690(ՎԴ)/2007թ. քաղաքացիական գործերով կայացրած որոշումներին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 19.10.2009 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Ընկերությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է համապատասխանաբար 2.500.000 ՀՀ դրամ և 2.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքների (գ.թ. 38): 2) Գյուղապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի` պահանջելով Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ (գ.թ. 23): 3) Դատարանը սույն գործի քննության նախապատրաստման ընթացքում որոշմամբ չի կատարել ոչ պատշաճ պատասխանողի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, փոխարինում պատշաճ պատասխանողով` Ընկերությունով` միաժամանակ սույն գործով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը (գ.թ. 67-72, 85-93` 16.04.2009 թվականի, 05.10.2009 թվականի և 19.10.2009 թվականի դատական նիստերի արձանագրություններ, վճիռ): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գործի քննության նախապատրաստման ընթացքում վարչական դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին այլ անձով փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին հայցվորի համաձայնությամբ ներգրավել որպես երկրորդ պատասխանող: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում: Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական դատավարությունում որպես պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ ներկայացվել է հայց: Այսինքն` ՀՀ վարչական դատարանը պարտավոր է տվյալ գործը քննել և լուծել` որպես պատասխանող դիտելով հայցադիմումում նշված անձին: Իսկ այն դեպքում, երբ գործի քննության նախապատրաստման ընթացքում հանգում է համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, հայցվորի համաձայնությունը ստանալուց հետո կարող է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճով: Սակայն, երբ հայցվորը նման փոխարինմանը համաձայն չէ, հայցվորի համաձայնությամբ պատշաճ պատասխանողին կարող է ներգրավել որպես երկրորդ պատասխանող: Պատասխանողի փոխարինումը կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանողի ներգրավումն իրականացվում են` դրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելով, որի դեպքում միայն ոչ պատշաճ պատասխանողը կարող է համարվել պատշաճով փոխարինված: Սույն գործով Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն պահանջել է 5.000.000 ՀՀ դրամը բռնագանձել Ընկերությունից: Այսինքն` Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ ֆիզիկական անձի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն հայցապահանջն ուղղել է իրավաբանական անձին` Ընկերությանը, որը և ըստ հայցի պետք է պատասխաներ: Մինչդեռ Դատարանը, առանց ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին որոշում կայացնելու, սույն գործը քննել և լուծել է` գործի քննության ընթացքում և վճռով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը: Այսինքն` Ընկերությունը սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներգրավվել որպես պատասխանող, վերջինիս համար չի ապահովվել համապատասխան դատավարական կարգավիճակ, սակայն նրա նկատմամբ կայացվել է վճիռ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել Ընկերությունը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ անդրադարձել և տվել է իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով իրավախախտման սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ իրավական գնահատականներ: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Պետական տուրքի լուծման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դատավորներ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ