Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԿԴ1/1347/02/17

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԿԴ1/1347/02/17
Հայցվոր
«Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյան
Պատասխանող
«Անելիք բանկ» (իրավահաջորդ՝ «Այ Դի Բանկ») ՓԲԸ, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
03.02.2023
Հատուկ կարծիք
PDF DOCX

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1347/02/17 դատարանի որոշում 2023թ. Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1347/02/17 Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան Դատավորներ` Ա. Մկրտչյան Տ. Նազարյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ 2023 թվականի փետրվարի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի (այսուհետ` Կառավարիչ) և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Անելիք բանկ» (իրավահաջորդ՝ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը․ Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.854.810.729 ՀՀ դրամ գումար: 19.01.2018 թվականին  հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմումով հայցվորը խնդրել է Բանկից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքով վճարման ենթակա գումարի հաշվարկի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վ․ Աֆանդյան) և Կառավարիչը։ Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա․ Մելիքյան)։ 2. Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը․ Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում արտահայտված այն դիրքորոշմանը, որ Դատարանը սխալմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում ամրագրված դրույթները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի իրավական հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգավորումը, որի բովանդակությունից բխում է, որ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն ուղղվում է գրավով ապահովված պահանջի բավարարմանը, իսկ գույքի արժեքն ավել լինելու դեպքում դրա իրացման գնի և պարտավորության չափի դրական տարբերությունը պետք է վերադարձվի գրավատուին: Դատարանը վճռի պատճառաբանական մասում ոչ միայն չի անդրադարձել վկայակոչված իրավական նորմի մեկնաբանությանը, դրանով կարգավորվող հարաբերությունների առանձնահատկություններին և սույն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող վիճելի իրավահարաբերության բնույթին, այլև կիրառել է նորմեր, որոնք, բողոք բերած անձի համոզմամբ, կիրառելի չեն սույն գործի շրջանակներում: Մասնավորապես, վիճելի իրավահարաբերության նկատմամբ Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը վերաբերում են գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, գրավառուի իրավունքներին, դրանց իրացման եղանակներին, ժամկետին և ընթացակարգային կանոններին, մինչդեռ սույն գործի շրջանակներում քննության առարկա պետք է հանդիսանար բռնագանձման գործընթացում գրավի առարկայի արժեքի որոշման, այդ արժեքին համապատասխան իրացման և իրացումից հետո գործարանի արժեքի և պարտավորության չափի դրական տարբերությունը գրավատուին վերադարձնելու հարցը: Ստորադաս դատարանները խախտել են ապացույցների գնահատմանը ներկայացվող բոլոր պահանջները` ընդհանրապես չեն անդրադարձել Ընկերության կողմից ներկայացված և նրա պահանջները հիմնավորող գրավոր ապացույցներին և չեն գնահատել դրանք: Դատարանը վճռի կայացման համար որպես ելակետ է ընդունել փորձագետի եզրակացությունը միայն մի հարցի վերաբերյալ արված հետևության մասով՝ առանց որևէ հիմնավորման դրան տալով ավելի բարձր ապացուցողական նշանակություն գործում առկա մյուս գրավոր ապացույցների համեմատությամբ: Այս հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն նշելով, որ գործում առկա են եղել մի քանի իրարամերժ տվյալներով գրավոր ապացույցներ, ուստի Դատարանը «իրավացիորեն» հիմք է ընդունել փորձագետի եզրակացությունը: Թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը չեն բացահայտել հայցի հիմքում դրված իրավանորմի, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ համարվող պայմանները, այդ հոդվածում կիրառվող հասկացությունների բովանդակությունը: Գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ինչը Բանկի կողմից չի արվել: Տվյալ դեպքում նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել պայմանագրով կողմերի համաձայնությամբ ամրագրված 2.000.000.000 ՀՀ դրամ գինը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանը որևէ կերպ չի գնահատել Բանկի նման ոչ իրավաչափ վարքագիծը և դրանից բխող իրավական հետևանքները: Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե ինչ չափանիշից ելնելով է Բանկը որոշել իրացման գինը և գործարանն իրացրել պայմանագրով կողմերի ամրագրած գնից մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար նվազ արժեքով: Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություն պարունակող միակ գրավոր ապացույցը, որը քիչ թե շատ տեղեկություն է պարունակում գործարանի իրական գնի վերաբերյալ, հանդիսանում է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 18.07.2018 թվականի փորձագիտական եզրակացությունը, որում ի պատասխան դատարանի կողմից առաջադրված հարցի՝ փորձագետը տվել է եզրակացություն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում ներկայացված գործարանի իրական արժեքի որոշման համար էական նշանակություն ունեցող չափանիշներին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։ 2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը․ Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Բողոք բերած անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, քանի որ դիրքորոշումն ամբողջությամբ կառուցված է վճռի կայացումից հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընկերությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը օբյեկտիվորեն չէր կարող հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում: Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե բողոքում ներկայացված դիրքորոշումը որքանով է վերաբերելի տվյալ գործի արդարացի և ճիշտ լուծման համար, և արդյոք այդ տեսանկյունից ողջամիտ է սահմանափակում կիրառելը: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե որքանով է հնարավոր տվյալ դիրքորոշման հայտնումը առաջին ատյանի դատարանում բողոք բերող անձի կողմից: Վերաքննիչ դատարանի կողմից կատարված դատավարական իրավունքի խախտումներն էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա և հանգեցրել են գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված և երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության իրավունքներից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարան 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։ 2.2. Կառավարչի վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները. Վերաքննիչ դատարանը վերլուծել է առաջացած իրավահարաբերության բնույթը, և պարզել է, որ բողոքաբերի վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը ստորադաս դատարանի կողմից իրավացիորեն չի կիրառվել, հետևաբար բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը այդ մասին իր կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել, ակնհայտ անհիմն է։ Վերաքննիչ դատարանը հանգամանորեն անդրադարձել է բողոքաբերի բոլոր փաստարկներին և ապացույցներին, ինչը նշանակում է որ դատավարական և նյութական իրավունքների նորմերի խախտումները բացակայում են, ըստ այդմ առկա չէ դատական ակտը բեկանելու որևէ հիմք։ 2.3. Ընկերության վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները. Վճռաբեկ բողոքն անհիմն է, և բողոք բերած անձի վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը վճռաբեկ բողոքում ճիշտ չի մեկնաբանվել։ Ընկերությունն իր բողոքում թերի է ներկայացրել իրավիճակը, և իր պնդումն այն մասին, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, չի համապատասխանում իրականությանը: Ընկերության վերաքննիչ բողոքում վկայակոչած իրավական նորմերը, մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և նույն հոդվածի 3-րդ մասի դրույթները գործում էին նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում, որտեղ բողոք բերող անձը նույնպես հանդես էր գալիս երրորդ անձի կարգավիճակում, այդ փաստարկները հնչեցվել են նաև այդ գործով Բանկի ներկայացուցիչների կողմից: Թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը ոչ մի նոր կամ այնպիսի բան չի ասել, որի մասին տեղեկացված չէր բողոք բերած անձը և չէր կարող վկայակոչել իր առարկությունների մեջ առաջին ատյանում գործի քննության ժամանակ: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել է թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, որի համաձայն՝ գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը. 2) Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին: Բռնագանձման ծանուցման մեջ նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար: Բռնագանձման ծանուցման մեջ առկա է նաև հետևյալ տեղեկացումը. «(...) սույնով տեղեկացնում եմ, որ Բանկը պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ կողմից վերը նշված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա(...)». 3) Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա որոշման համաձայն` 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված՝ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8 քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ, 112,5 քառ.մ, 91,6 քառ.մ) ընդունվել են Բանկի կողմից ի սեփականություն՝ բռնագանձման մեջ նշված արժեքին համապատասխան. 4) 24.03.2016 թվականին Բանկն իր թիվ 143-Ա որոշմամբ փոփոխություն է կատարել թիվ 435-Ա որոշման մեջ՝ նշելով. 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը և 03.10.2012թ. կնքված թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը «Բյուրակն» ՍՊԸ ընդհանուր պարտավորությունների դիմաց ընդունել բանկին ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված և ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 70% անշարժ գույքի և 15-ական % շարժական գույքի համար. 5) ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 08.04.2016 թվականին Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 08042016-07-0038 վկայականը. 6) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված վճռով «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ. 7) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված որոշմամբ Հակոբ Ասոյանը նշանակվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ. 8) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն` Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 939.450.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 751.560.000 ՀՀ դրամ: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի և Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 60-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորև շարադրվող պատճառաբանությամբ. Քննելով Կառավարչի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. 1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե` 1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ` 2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար (…): Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթը ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում։ Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ։ Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև (տե՛ս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի և հակընդդեմ հայցով «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը)։ ՀՀ սահմանադրական դատարանը 09.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ մասնավորապես նշելով. «(…) Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթից, իր դիրքորոշմամբ վերացրել է նշված օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը՝ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ գրավադրված գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կարգավորող Օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող դրույթները տարածվել են նաև գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքերի վրա, քանի որ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը ևս համարվում է գրավի իրացում: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև իրավական դիրքորոշում առ այն, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար՝ գրավառուի կողմից Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները՝ այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը (…): Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնելը համարվում է այդ գույքի իրացում, և այդ պահից ծագում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը գրավատուին վերադարձնելու՝ գրավառուի պարտականությունը: Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հաշվի առնելով նաև այդ դրույթի իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից» և «օրենսդիրը երկուստեք երաշխիքներ է նախատեսել ինչպես գրավառուի, այնպես էլ գրավատուի համար՝ հավասարակշռելով վերջիններիս իրավունքները և օրինական շահերը», միտված է ապահովելու Սահմանադրությամբ նախատեսված՝ անձի սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը»: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված՝ «պարտավորության համապատասխան չափի դիմաց» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորության չափը և գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի առարկա, զրկված կլինի պարտապանից տարբերություն պահանջելու իրավունքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետ): Մյուս կողմից` գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Նիկոլյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, տե՛ս նաև Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալը և նախկինում հայտնած դիրքորոշումները, գտել է, որ երբ առանց դատարան դիմելու գրավատուն գրավ դրված գույքի վրա բռնագանձում է տարածում և իրականացնում է գույքի վաճառք՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի ձևով, ապա այդ փուլում գրավ դրված գույքը պետք է իրացվի շուկայում գործող ողջամիտ գնով, այսինքն՝ գույքի արագ վաճառքի գնով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները: Այն դեպքում, երբ ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով գույքը չի իրացվում, և գրավատու բանկը գույքը վերցնում է ի սեփականություն, ապա ի սեփականություն վերցնելուց հետո կարող է առաջանալ երկու իրավիճակ՝ 1. գրավատուն գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելուց հետո 6 ամսվա ընթացքում այն իրացնում է, ընդ որում՝ իրացման գինը չպետք է լինի ողջամիտ չհամարվող ցածր գին, հակառակ դեպքում՝ օրենքի ուժով գույքն իրացված կհամարվի շուկայական գնով: 2. Գրավատուի կողմից գույքն ի սեփականություն վերցնելուց հետո, երբ 6 ամսվա ընթացքում գրավատուն չի կարողացել այն իրացնել, գրավ դրված գույքն ամեն դեպքում համարվում է իրացված, սակայն արդեն շուկայական գնով: Երբ գրավատուի առջև դրված է գրավ դրված գույքն իրացնելու խնդիր, ապա՝ 1. մինչև գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելը բանկը կարող է այդ գույքն իրացնել լիկվիդացիոն արժեքով, իսկ 2. ի սեփականություն վերցնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, գույքը կարող է իրացնել այն արժեքով, որը շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր չէ, այսինքն՝ եթե իրացվի շուկայական գնից ոչ ողջամիտ ցածր գնով, ապա հիմք կընդունվի շուկայական գինը (տե՛ս Հայկ Մովսիսյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի և երրորդ անձ «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյանի թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը): 2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...): Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Համանման կարգավորում է նախատեսում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից։ Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի` 1) նշում` կիրառված մեթոդների մասին. 2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը. 3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները. 4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը (…): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե´ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը): Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանը փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծի` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից, ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ օրենսդրական պահանջներից, հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից և արդարադատության արդյունավետության շահերի ապահովման առաջնահերթությունից: Փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար, անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե´ս Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Վերահաստատելով նշված դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով: Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնահասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը: Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը): Ընդ որում, վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել եզրակացություն տված փորձագետի բանավոր բացատրության՝ որպես եզրակացությունը հստակեցնող դատավարական օժանդակ միջոցի կարևորությունը։ Այն դեպքերում, երբ քննարկվում է գործի լուծման հիմքում դրված փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը՝ դրա թույլատրելիության, վերաբերելիության կամ արժանահավատության տեսանկյունից, փորձագետի տված բանավոր բացատրությունները կարող են էապես օգտակար լինել դատարանին՝ եզրակացության լրիվ և բազմակողմանի հետազոտությունն արդյունավետ իրականացնելու համար։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել են թիվ ՀԳ3088-3, ՀԳ3088-4 գրավի և ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրերը, որոնց համաձայն՝ գրավադրվել են «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը, հողատարածքը, ծածկարանները, գործարանում տեղակայված շարժական գույքը։ Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին, որում նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար: Բռնագանձման ծանուցմամբ Բանկը հայտնել է, որ պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա: Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա և դրանում փոփոխություն կատարելու մասին 24.03.2016 թվականի թիվ 143-Ա որոշումների համաձայն՝ գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը (թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիր), ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը (թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագիր) և ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը (թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագիր) «Բյուրակն» ՍՊԸ-ի ընդհանուր պարտավորությունների դիմաց Բանկն ընդունել է ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված և ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 70 տոկոս անշարժ գույքի և 15-ական տոկոս շարժական գույքի համար։ Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պատասխանողից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքի վերաբերյալ վճարման ենթակա գումարի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար (7.227.000.000 – 1.695.517.744 = 5.531.482.256)։ Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ. « (…) 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզի ք. Բյուրեղավան Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ըստ 29.10.2002 թվականի թիվ 2701081 սեփականության վկայականի, այսինքն` գրավի պայմանագրով հստակ սահմանված և ընդգծված է գրավի ծավալը՝ ըստ սեփականության վկայականի, ուստի գրավադրվել է անշարժ գույք, այլ ոչ թե որևէ ընկերության բիզնես։ (…) 18.07.2018 թվականին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08․04․2016 թվականի դրությամբ կարող է կազմել 939.450.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդային արժեքը՝ 751.560.000 ՀՀ դրամ: Արդեն իսկ ակնհայտ է, որ վերոնշյալ երկու թվային մեծությունները չեն գերազանցում արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումարային արտահայտությունը՝ 1.695.517.744 ՀՀ դրամը (ավելին՝ պակաս են այդ գումարից), հետևաբար հայցը ենթակա է մերժման»: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Կառավարչի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ գրավի առարկայի հավանական շուկայական արժեքը և լիկվիդային արժեքը` որպես թվային մեծություններ, շատ ավելի փոքր են, քան գրավի առարկայի՝ արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումարային արժեքը, հետևաբար նաև այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, ուստի բողոքաբերի վկայակոչած փաստարկն այն մասին, որ Դատարանն անհիմն չի կիրառել վկայակոչված իրավանորմը, չի բխում վերոգրյալից, ուստիև անհիմն է: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև․ «(․․․) Փորձագիտական եզրակացության ուսումնասիրությունից հետևում է, որ փորձագետները, որպես անշարժ գույք գնահատելիս, հաշվի են առել այդ գույքի ինչպես շինության մաս կազմող հորը, այնպես էլ դրա, որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատում իրականացնելիս գնահատվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով համեմատական մեթոդով, այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա եկամտային մեթոդով, իսկ Դատարանը գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները հստակեցնելու պարտականություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց»: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի և դրա դեմ ներկայացված առարկություններն ըստ էության կառուցված են գրավադրված և արտադատական կարգով բռնագանձված գույքի իրացման արժեքը որոշելու և ըստ այդմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ կողմերի մոտեցումների տարբերության վրա: Այսպես, հայցվորի դիրքորոշման հիմքում դրված է այն փաստարկը, որ գրավադրված գույքի «իրացման գինը» պարզելիս պետք է հաշվի առնվեն դրա նպատակային նշանակությամբ պայմանավորված որոշակի գործոններ, այդ թվում նաև Գործարանի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող անշարժ գույք լինելու հանագմանքը։ Միաժամանակ, ըստ հայցվորի՝ գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ուստի նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել Պայմանագրով կողմերի ամրագրած 2.000.000.000 ՀՀ դրամ գինը։ Մինչդեռ, պատասխանողը գտնում է, որ «Բ․Մ․Լ Արզնի» ՍՊԸ-ի հետ իր կնքած գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող անշարժ գույքը, և ոչ թե գործարանը՝ որպես բիզնեսի բաղկացուցիչ մաս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի առջև «Բյուրակն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Բանկի և Ընկերության միջև կնքված պայմանագրերով գրավադրվել են, հետևաբար և գրավի առարկա են հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը՝ հողատարածքով, հողամասի վրա առկա ծածկարանները, ինչպես նաև գործարանում տեղակայված շարժական գույքը: Ընդ որում, Գործարանի 29.10.2002 թվականի թիվ 2701081 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում «Հողամասի տվյալներ» բաժնում հողի օգտագործման նպատակը նշված է «հանքային ջրերի գործարանի կառուցման», «Շենքի տվյալներ» բաժնում շենքի նպատակային նշանակությունը նշված է «արտադրական», իսկ շենքի օգտագործման նպատակը՝ «գործարան»: Վերոգրյալից հետևում է, որ խնդրո առարկա գրավի առարկա հանդիսացող Գործարանը՝ հողատարածքով, գրավադրվել է որպես անշարժ գույք: Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 փորձագիտական եզրակացության գնահատման հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. սույն քաղաքացիական գործով Դատարան են ներկայացվել գրավի առարկայի վերաբերյալ «Կառուցագետ» կազմակերպության գնահատման ակտը, «Բիլիվ» կազմակերպության տեղեկատվական նամակը և «Գնահատողների միություն» ընկերության գնահատման հաշվետվությունները, «Ամերիա Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կողմից կազմված «Ձեռնարկության 100% բաժնեմասնակցության արժեքի գնահատման հաշվետվությունը», «Շիրակամուտ» ՍՊԸ-ի կողմից կազմված «Արզնի հանքային ջրերի գործարան» բիզնեսի գնահատման հաշվատվությունը, «Գրանդ Թորոնթոն Քնսալթինգ» ՓԲԸ կողմից 09.08.2018 թվականին կազմված գնահատման հաշվետվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաթղթերում առկա են ինչպես ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների թերություններ, այնպես էլ իրարամերժ տվյալներ՝ Դատարանը 05.03.2018 թվականի որոշմամբ նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որը հանձնարարվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը․ ա/ որքա՞ն է կազմում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08․04․2016 թվականի դրությամբ: բ/ որքա՞ն է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք «Արզնի» հանքային ջրերի գործարանի շուկայական արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ: գ/ որքա՞ն է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք «Արզնի» հանքային ջրերի գործարանի լիկվիդացիոն արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ: «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 26.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 փորձագիտական եզրակացության համաձայն` ա/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08․04․2016 թվականի դրությամբ կարող է կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ: բ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08․04․2016 թվականի դրությամբ կարող է կազմել 939.450.000 ՀՀ դրամ: գ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08․04․2016 թվականի դրությամբ կարող է կազմել 751.560.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ գործով դատարան հրավիրված՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Սամվել Հովհաննիսյանը դատարանում տված իր բանավոր բացատրություններում ի թիվս այլնի հայտնել է, որ 1-ին հարցին, այն է` «Որքան է կազմում Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 2016 թվականի ապրիլի 08-ի դրությամբ» ամբողջական լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է եղել միաժամանակ օգտագործել հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական, ինչպես նաև ապրանքագիտական բնագավառների և վերոհիշյալ հարցին վերաբերող որոշակի հասկացություններ ու մոտեցումներ: Նախաձեռնողի կողմից կայացված որոշման հարցի շրջանակներում կազմվել է եզրակացություն: Իրենց տրամադրվել է Արզնու հանքային ջրերի գործարանի հաշվապահական հաշվեկշիռը, որը միայն վերլուծության են ենթարկել: Գործով դատարան հրավիրված՝ «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Վահրամ Սաֆարյանը դատարանում տված իր բանավոր բացատրություններում ի թիվս այլնի հայտնել է, որ փորձագիտական եզրակացության մեջ նշել են, որ դատարանի կողմից առաջ քաշված հարցերը չեն կարող դիտվել առանձին-առանձին, իրենք այն հասկացել են որպես մեկ կոնտեքստ: Նշել է նաև, որ ապրանքագիտական փորձաքննությունը կատարելիս, քանի որ անշարժ գույքը գտնվում է Բյուրեղավան քաղաքին մոտ, շուկայական գների համար հիմք են վերցվել Բյուրեղավան քաղաքի գները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում արտադրական գործարանների նկատմամբ վերլուծություն չի իրականացվել, անշարժ գույքի շուկան զարգանում է համահունչ, տատանման գործակիցները նույնն են: Վիճելի անշարժ գույքի գնահատված գնից կադաստրային արժեքը հանված չէ, գինը նշվել է առանց կադաստրային արժեքի մասհանման: Ընդ որում, հետազոտվող օբյեկտը հանդիսանում է Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեի Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող ընկերությունը և արտադրությունը, այսինքն հետազոտման օբյեկտ է հանդիսացել բիզնեսը, հետազոտվող օբյեկտը ընկերությունն է իր ամբողջ ակտիվներով: Միջազգային ստանդարտների համաձայն է իրականացվել հետազոտությունը: Ընկերության բաղկացուցիչ մասը կազմում է այդ գործարանն իր ակտիվներով և կոմպոնենտներով: Գնահատվել է ամբողջ գույքը, որը նշանակում է շարժական և անշարժ գույքի, ակտիվների, նյութական և ոչ նյութական արժեքների գնահատում: Գործարանի՝ որպես գործող բիզնեսի գնահատումը նշանակում է, որ այդ գործարանի բոլոր ակտիվները պետք է գնահատվեն. գործարանը գույքային միավոր է, որը բաղկացած է տարբեր ակտիվներից: Նշել է նաև, որ համաշխարհային շուկայում հանքային ջրերի առաջարկի մեծ աճ կա, արտահանումը կազմում է ութ տոկոս: Գնահատման մեջ անկումը վերաբերել է հունվար-հոկտեմբեր ամիսներին, ամբողջ տարվան չի վերաբերում: Պոտենցիալ համախառն եկամտի հաշվարկը ծախսերը հանված եկամուտն է իրենից ներկայացնում: Պարապուրդը ֆիքսվել է 80 տոկոս, ոչ մի գործարան չի կարող աշխատել 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ 365 օր, պարապուրդը հաստատուն թիվ է: Իրենց տրամադրվել է Արզնու հանքային ջրերի գործարանի հաշվապահական հաշվեկշիռը: Իրենց կողմից փորձաքննությունն իրականացվել է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնց արժանահավատությունն իրենց կողմից չի ստուգվել, քանի որ ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննության իրականացումն իրենց պարտականությունն է: Եթե կողմերից մեկը գտնում էր, որ դրանք ոչ արժանահավատ են, այդ կողմն իրավունք ուներ մասնակցելու փորձաքննության իրականացմանը և այդ մասին հայտնելու իր կարծիքը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 46681807 փորձագիտական եզրակացության և դրա վերաբերյալ փորձագետների տված բացատրությունների բովանդակությունից հետևում է, որ գրավադրված Գործարանը՝ որպես անշարժ գույք գնահատվել է գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող գործոնների վերաբերյալ համալիր վերլուծությամբ, ինչի արդյունքում Գործարանի լիկվիդային հավանական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ գնահատվել է 751.560.000 ՀՀ դրամ: Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ փորձագետները գրավի առարկան որպես անշարժ գույք գնահատելիս հաշվի են առել այդ գույքի՝ որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատումն իրականացվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով (համեմատական մեթոդով), այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա (եկամտային մեթոդով), իսկ գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելն ու գնահատելը դուրս է դատարանի լիազորությունների շրջանակներից, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց: Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում հաստատվել է, որ գրավի առարկայի հավանական լիկվիդային արժեքը էականորեն ավելի փոքր է այն գումարային արժեքից, որով իրականացվել է գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձումը (1.695.517.744 ՀՀ դրամ), հետևաբար այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը սույն գործի փաստերի նկատմամբ: Ուստի, վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկն այն մասին, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն կիրառել վկայակոչված իրավանորմը, որը ենթակա էր կիրառման, անհիմն է: Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Ընկերության Կառավարչի հայցադիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտեր: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով: Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ Մելքումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը): Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննությամբ ստուգում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանի գործողությունների (անգործության) իրավաչափությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնած չլինելու դեպքում վերաքննությունը կդառնա առարկայազուրկ, իսկ վերաքննիչ դատարանը դուրս կգա առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմաններից` քննարկելով մի հարց, որը քննության առարկա չի դարձել ստորադաս դատարանում (տե՛ս Հայկ Գալստյանն ընդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի և մյուսի թիվ ԵԱՔԴ/4345/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2017 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանությունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանով էր վերաքննիչ բողոք բերած անձի համար հնարավոր հայտնել տվյալ փաստարկը (դիրքորոշումը) առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործածել է «բողոքարկվող հարց» արտահայտությունը՝ առանց բացահայտելու դրա բովանդակությունը: Այդուհանդերձ, վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումն էլ պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար, «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը (տե՛ս, Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը): Սույն գործով Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով հետևյալը․ «Ընկերությունը, պատշաճ տեղեկացված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, դատական նիստերին առհասարակ չի ներկայացել և վկայակոչված հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել` ունենալով դրա լիարժեք հնարավորությունը (դատավարական իրավունքները սահմանափակված լինելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնվել): Արդյունքում, ստորադաս դատարանում ցուցաբերած սեփական անգործության հետևանքով, Ընկերությունը զրկվել է բողոքում բարձրացված հարցերը վերաքննության առարկա դարձնելու իրավական հնարավորությունից»: Ընկերությունը Դատարանի 30․10․2018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` մասնավորապես նշելով. «Բողոքաբերի համոզմամբ՝ Կառավարիչը սնանկ ճանաչված անձի իրավունքների պաշտպանության շրջանակում օժտված չէ ինքնուրույն իրավասուբյեկտությամբ, դատարանում կարող է հանդես գալ բացառապես որպես սնանկ ճանաչված պարտապանի (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) ներկայացուցիչ: Այսինքն, թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով փաստացի/իրական հայցվոր է հանդիսացել Ընկերությունը, որին դատարանում ի պաշտոնե ներկայացրել է հայցվոր Հակոբ Ասոյանը: Բողոքաբերի համոզմամբ Դատարանը չի անդրադարձել հայցվորի շահագրգռվածության հարցին, մինչդեռ հայցապահանջից հետևում է, որ սույն գործով շահագրգիռ անձ է հանդիսանում Ընկերությունը»: Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքով դատավարական իրավունքի նորմի խախտումներ է վերագրել Դատարանին այն հիմնավորմամբ, որ Ընկերության Կառավարիչը Ընկերության իրավունքների պաշտպանության շրջանակներում ինքնուրույն իրավասուբյեկտությամբ օժտված չէ և չէր կարող հանդես գալ որպես հայցվոր, մինչդեռ Դատարանը չի անդրադարձել հայցվորի՝ սույն գործով իրավական շահագրգռվածության հարցին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձն իր վերոնշյալ դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ այն դեպքում, երբ գործի քննությանը ներգրավված է եղել որպես երրորդ անձ և ծանուցված է եղել գործի քննության մասին։ Վերաքննիչ բողոքում չի նշվել Դատարանում բողոքարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին որևէ հիմնավոր փաստարկ: Նման պայմաններում բացակայել են վերաքննիչ բողոքն այդ հիմքով քննելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ երկու պայմանները: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում դրված այն փաստարկին, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումը կառուցված է եղել դատական ակտի բովանդակության վրա, և այդ հիմքով օբյեկտիվորեն չէր կարող ներկայացվել Դատարանում գործի քննության ընթացքում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ հայցվորի մոտ սույն գործով իրավական շահագրգռվածության բացակայությունը կարող էր վիճարկվել գործի քննության ընթացքում՝ անկախ վեճը լուծող դատական ակտի բովանդակությունից։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննության առնելու վերոգրյալ փաստարկների վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները` նկատի ունենալով, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքում ներկայացրած իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում` միաժամանակ վերաքննիչ բողոքում չհիմնավորելով նման դիրքորոշում հայտնելու անհնարինությունը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում Ընկերության վճռաբեկ բողոքի փաստարկները` Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու վերաբերյալ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության վճռաբեկ բողոքի քննության արդյունքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` վճռաբեկ բողոքը մերժելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։ 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն՝ սնանկության գործով կառավարիչները (ժամանակավոր կառավարիչները)` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների համար, ինչպես նաև դատական ակտն իրենց վարձատրության մասով բողոքարկելու համար։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Ընկերության Կառավարչի՝ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատված լինելու, ինչպես նաև Ընկերության՝ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքները մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ։ 2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Նախագահող Զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ