Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԱՔԴ/0235/01/17
- Գործի համարը
- ԵԱՔԴ/0235/01/17
- Դիմող / մեղադրյալ
- Հասմիկ Մկրտչյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 17.03.2023
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
11 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
- Հոդված 48. Պատժի հասկացությունը և նպատակները
- Հոդված 61. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
- Հոդված 62. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները
- Հոդված 175. Ավազակությունը
- Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԱՔԴ/0235/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի
Դատավորներ՝ Մ․Պապոյան
Ա․Վարդանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
2023 թվականի մարտի 17-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2016 թվականի հունիսի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58211116 քրեական գործը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Հ․Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ թիվ 58211116 քրեական գործով Հ․Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։
2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ թիվ 58211116 քրեական գործով Հ․Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։
2017 թվականի դեկտեմբերի 28-ին թիվ 58211116 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Հ․Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Նույն դատավճռով Հ․Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագ հանցագործությունների համար հինգ տարի վեց ամիս ժամկետով նշանակված ազատազրկմանը գումարվել է մյուս դրվագներով հանցագործությունների համար 600․000 ՀՀ դրամի չափով նշանակված տուգանքն ու նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով և տուգանք՝ 600․000 ՀՀ դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ երկու տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով։
Նույն դատավճռով տուժողի ներկայացուցիչ Հ․Մարգարյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով քաղաքացիական հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով։
Հ․Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3․ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա․Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը մասնակի բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ մնացած մասով դատավճիռը թողնելով անփոփոխ։
4․ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։
2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
5. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պատշաճ չեն գնահատվել գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է չհիմնավորված որոշում, և ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը առանց բավարար հիմքերի պայմանականորեն չի կիրառվել։
5.1. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0078/01/19, ԵՇԴ/0029/01/08, ՏԴ/0018/01/13, ՎԲ-01/08 և ԵՔԴ/0252/01/13 գործերով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Հ․Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելիս հաշվի չեն առել ամբաստանյալի կատարած արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքների կատարման շարժառիթը, դրանց հետևանքով պատճառված վնասը։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն անտեսել են ամբաստանյալին մեղսագրվող հանցագործությունների՝ հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին վկայող այն հանգամանքները, որ վերջինս մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքն օգտագործելով երկու դրվագ ծանր հանցագործություն կատարելու մեջ, հանցագործությունները կատարել է այլ անձանց հանցակցությամբ, ինչպես նաև իրեն մեղսագրվող հանցագործություններով ընդհանուր 33 միլիոն ՀՀ դրամից ավելի գույքային վնաս պատճառված լինելու պայմաններում գործի՝ ավելի քան երեք տարի տևած քննության ընթացքում հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ չի վերականգնել։
5․2․ Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Հ․Մկրտչյանի անձի դրական բնութագիրը հաստատելու համար հիմք ընդունված տեղեկությունները բավարար չեն կարող համարվել։
Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաև Վերաքննիչ դատարանի դատական ակտում արված այն հետևությանը, որ որպես ամբաստանյալ Հ․Մկրտչյանի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է հանդիսանում վերջինիս կողմից քրեական գործի քննության ընթացքում այլ հանցավոր արարքներ կատարելուց զերծ մնալը և քննությունից ու դատից չխուսափելը։
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ անձի կողմից գործի քննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը որպես վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կիրառված է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը, արժեզրկում է խափանման միջոցի ինստիտուտի նշանակությունը։
5․3․ Բողոքաբերը եզրահանգել է, որ ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումն անհամատեղելի է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների հետ, քանի որ հակասում է արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը և հանցագործությունների կանխմանը:
5․4․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը և Հ․Մկրտչյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
6․ Նախաքննության մարմնի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ին Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 314-րդ հոդվածով հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ վերջինս «(…) հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական և մեկ միասնական դիտավորությամբ, յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումով և խմբային շահերից ելնելով օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ այդ կերպ չարաշահելով իր լիազորությունները և էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, և նույն շարժառիթներով կատարել է պաշտոնեական կեղծիք։
Այսպես, Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանը 18․10․2005թ․ մինչև 25․05․2006թ․ զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, այնուհետև՝ 25․05․2006թ․ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը զբաղեցրել է նշված նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը և իրականացրել է կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ՝ փաստացի ղեկավարելով կազմակերպությունը։ Ունենալով համապատասխան թափուր աշխատատեղերում անձանց աշխատանքի նշանակելու, ֆինանսական աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ՝ օգտագործելով իր այդ լիազորությունները և պաշտոնեական դիրքը, յուրացման և վատնման եղանակով նույն կազմակերպության հաշվապահ-գանձապահ Լիդա Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ և վերջինիս օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ 2005թ․ հոկտեմբերի 18-ից մինչև 2016թ․ սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իր լիազորությունների շրջանակում մի շարք քաղաքացիների աշխատանքի ընդունման հրամաններ է տվել՝ նրանց նշանակելով տարբեր հաստիքների: Այնուհետև, նրանց որպես աշխատավարձ տրամադրվող գումարները հատկացված գումարային ֆոնդից դուրս գրելու և նրանց աշխատանքի չհաճախելու պայմաններում նախ կնիքով և ստորագրությամբ հաստատել է կադրերի տեսուչներ Լիդա Սարգսյանի և Մարի Խայանի կողմից կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող և իրավունք վերապահող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ապա իր ստորագրությամբ հաստատել է հիշյալ տեղեկագրերի հիման վրա հաշվապահ-գանձապահ Լիդա Սարգսյանի կողմից կազմված, մինչև 2012թ․ հունվար ամիսը գլխավոր հաշվապահ Սեդա Եղիազարյանի, իսկ սկսած 2012թ․ փետրվար ամսվա տեղեկագրերից՝ գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանի կողմից ստորագրությամբ վավերացված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող իրավունք վերապահող աշխատավարձի տեղեկագրերը: Արդյունքում՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ ստեղծել է բարենպաստ պայմաններ, որի արդյունքում յուրացրել է աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձի գումարները՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 28.716.284 ՀՀ դրամի յուրացման եղանակով հափշտակություն և 5.081.807 ՀՀ դրամ գումարի վատնում:
(…):
Բացի այդ, Հասմիկ Մկրտչյանը, ունենալով համապատասխան թափուր աշխատատեղերում անձանց աշխատանքի նշանակելու, աշխատանքից ազատելու, աշխատանքի բաշխում կատարելու լիազորություններ, պետության օրինական շահերին հակառակ օգտագործելով իր այդ լիազորություններն ու պաշտոնեական դիրքը՝ իր կողմից ղեկավարած պետական ոչ առևտրային կազմակերպությունում մի շարք աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններով այլ աշխատակիցների է հանձնարարել կատարել տվյալ պարտականությունները, որով խաթարվել է մանկատան աշխատանքը՝ աշխատակիցների` կամայականորեն աշխատանքի չհաճախելու հետևանքով մանկատան երեխաները զրկվել են լիարժեք խնամք և մասնագիտական սպասարկում ստանալուց, որը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1292-Ն որոշմամբ հաստատված կարգով, ինչպես նաև՝ աշխատանքի չհաճախած անձանց անվամբ հաշվարկվել է աշխատանքային փորձ և չնախատեսված կենսաթոշակ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 682.234 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:
(…):
Բացի այդ, Հասմիկ Մկրտչյանը, հանդիսանալով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթների իրականացմամբ, ունենալով համապատասխան թափուր աշխատատեղերում անձանց աշխատանքի նշանակելու, աշխատանքից ազատելու, աշխատանքի բաշխում և վերաբաշխում կատարելու լիազորություններ, պետության օրինական շահերին հակառակ օգտագործելով իր այդ լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, հաշվապահ Լիդա Սարգսյանի օժանդակությամբ, իր ղեկավարած պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է ֆիզիոթերապիստ-վերականգնողաբանի թափուր հաստիքի վրա ձևակերպել Գասպար Ռևազյանին և Հասմիկ Խանվելյանին՝ վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ինչի արդյունքում մանկատան երեխաները զրկվել են լիարժեք խնամք և մասնագիտական սպասարկում ստանալուց՝ սահմանված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի 1292-Ն որոշմամբ հաստատված կարգով, խաթարվել է մանկատան աշխատանքը:
(…):
Բացի այդ, Հասմիկ Մկրտչյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի և տնօրենի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, հանդիսանալով պաշտոնատար անձ, վերը նկարագրված մեկ միասնական դիտավորությամբ, յուրացման և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու շահադիտական նպատակով՝ մանկատան հաշվապահ Լիդա Սարգսյանի և գլխավոր հաշվապահներ Սեդա Եղիազարյանի և Քրիստինա Պողոսյանի օժանդակությամբ կազմել և շրջանառության մեջ է դրել իր ստորագրությամբ հաստատված իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող թվով 128 աշխատավարձի տեղեկագրերը, ինչպես նաև՝ հաշվապահ Աիդա Սարգսյանի և կադրերի տեսուչ Մարի Խայանի օժանդակությամբ կազմել և շրջանառության մեջ է դրել իր ստորագրությամբ և մանկատան կնիքով իր կողմից հաստատված իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող թվով 123 աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց մեջ աշխատանքի չհաճախելու կամ աշխատանքային ռեժիմը խախտելու պայմաններում ներառված են եղել Քրիստինե Ռաֆոյանի, Կարինե Հայրապետյանի, Ալվարդ Գրիգորյանի, Հասմիկ Ղազարյանի, Արմինե Խաչատրյանի, Աշոտ Սարգսյանի, Բավական Ստեփանյանի, Շուշանիկ Մանուկյանի, Արծվիկ Մուրադխանյանի, Լուսինե Իսպիրյանի, Հակոբ Գրիգորյանի, Վիոլետա Սեխպեյանի, Ազատուհի Սիմոնյանի, Լուիզա Հայրապետյանի, Մարտին Ավագյանի, Վալենտինա Աբրահամյանի, Արմեն Հովակիմյանի, Լիանա Իվանյանի, Մարիա Ավետիսյանի, Լիլիանա Կարախանովայի, Ալբերտ Սարգսյանի, Հայկանուշ Սարգսյանի, Էդուարդ Հայրապետյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Վարազդատ Խաչատրյանի, Ռիտա Ղազարյանի, Հասմիկ Խանվելյանի, Գասպար Ռևազյանի, Կարեն Պասպանդյանի, Սեդրակ Սարգսյանի, Արման Պողոսյանի, Քրիստինե Սարգսյանի և Էդգար Պողոսյանի տվյալները (…):»:
7․ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանք է հարևանների և աշխատակիցների կողմից դրականորեն բնութագրվելը:
Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է 50 տարեկան կին լինելը, նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը և կատարած արարքների համար զղջալը:
Դատարանը Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտի աստիճան ունենալը, ինչպես նաև՝ ձախակողմյան հայմորիտ, C3-C4 ողերի մարմինների կոնկրենսցենցիա, C3 ողի անտերոլիստեզ, ողնաշարի պարանոցային հատվածի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ ունենալը:
Վերը նշված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները չորս հանցագործություններով էլ առկա են:
(…)։
Կատարած արարքների համար ամբաստանյալ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Դատարանը, հաշվի առնելով Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի կատարած հանցանքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում՝ նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, (…) գտնում է, որ (…) Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժներ պետք է նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 ՀՀ դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով:
(…):
Դատարանը, անդրադառնալով տուժողին պատճառած վնասը վերականգնելու մասով վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը, հարկ է համարում նշել, որ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանը, մեղսագրվող արարքներում իրեն մեղավոր ճանաչելով, քաղաքացիական հայցը՝ ներկայացված ծավալի չափով, չի ընդունել, այլ հայտնել է, որ արդարացիորեն ընդունում է, որ գույքային պահանջ պետք է լինի, սակայն ոչ մեղադրանքում նշված ամբողջ ծավալի չափով և միայն իր նկատմամբ: Պատրաստ է յուրաքանչյուր ամիս իր 140.000 ՀՀ դրամ աշխատավարձը կամ դրա զգալի մասը վճարել պետությանը՝ որպես վնասի հատուցում:
Նշվածից պարզ է դառնում, որ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանը թեև չի ընդունել ներկայացված քաղաքացիական հայցը, սակայն չի հրաժարվում վնաս հատուցելու հանգամանքից, քանի որ իր համար նույնպես ընդունելի է, որ պետությանը պատճառել է վնաս, որը պետք է փոխհատուցվի: Միաժամանակ, պետք է նկատել, որ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի բանկային հաշիվներում առկա գումարը՝ 2.580.614 ՀՀ դրամի չափով, գտնվում է արգելանքի տակ, իսկ ևս 1.100.000 ՀՀ դրամ վերջինը որպես վնասի փոխհատուցում մուծել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:
Ինչ վերաբերում է հանցագործությունից հետո ամբաստանյալ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի դրսևորած վարքագծին, ապա նա ընդունել է մեղքը, զղջացել և որոշակի գումար հատուցել, ինչպես նաև՝ զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և չլինելով կալանավորված՝ չի խուսափել քննությունից և դատից: Ընդ որում, սույն քրեական գործի հարուցումից հետո անցել է երեքուկես տարի, որի ընթացքում ամբաստանյալը գտնվել է ազատության մեջ և այդ փաստն ինքնին ողջամտորեն նվազեցնում է ազատազրկման ձևով պատժի կրման անհրաժեշտությունը: Ավելին՝ թեև Դատարանի կողմից բարձր է գնահատվում հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված լինելու հանգամանքը, սակայն դա չի կարող անբեկանելի հիմք հանդիսանալ պատիժը պայմանականորեն չկիրառելը մերժելու հարցում: Հակառակ մոտեցման դեպքում, կստացվի այնպես, որ անձին ազատությունից փաստացի զրկելը պայմանավորված է միմիայն պատճառված վնասը փոխհատուցված չլինելու հանգամանքով: Ընդ որում, քրեական գործում չկա այնպիսի փաստ, որ Հասմիկ Մկրտչյանը վնասը չի փոխհատուցել չարամտության պատճառով, այլ՝ միայն իրեն ներկայացված վնասի չափի հետ համաձայն չլինելու և հնարավոր գումարի բացակայության հետևանքով:
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, այդ թվում նաև՝ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանգում է այն հետևության, որ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու։ (…):»։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) հաշվի առնելով, որ Հասմիկ Մկրտչյանին մեղսագրվող երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված արարքների վաղեմության ժամկետները լրացել են 2021 թվականի օգոստոսին, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն այլ հանցանքներով ընդհատված լինելու մասին փաստական տվյալներ Վերաքննիչ դատարանին հայտնի չեն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ նշված հոդվածներով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
(…) Արդյունքում ստացվում է, որ Հասմիկ Մկրտչյանը, բացի երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներից, իրեն մեղսագրված մյուս բոլոր արարքների համար փաստացի ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
(…):
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ թեև պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված չէ, սակայն գործի քննության ընթացքում Հասմիկ Մկրտչյանը հատուցել է վնասի որոշակի մասը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում` վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, վերջինը ներկայացրել է նաև «Արարատբանկ» ԲԲ ընկերությունից իր անվամբ հաշվի քաղվածքը, որի համաձայն՝ Հասմիկ Մկրտչյանի անվամբ հաշվին առկա է 5000000 ՀՀ դրամ: Ավելին՝ Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ ամբաստանյալի գույքի վրա դրված է կալանք։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև վնասի հատուցված լինելը կարևոր նշանակություն ունի անձի ուղղման և պատժի մյուս նպատակների ապահովման հարցը որոշելիս, սակայն վերոնշյալ պայմաններում վնասն ամբողջությամբ հատուցած չլինելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար: Ուստի այս առումով ընդունելի չէ դատախազի այն պնդումը, որ նշվածը չի կարող գնահատվել որպես վնասը հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկել:
Ինչ վերաբերում է դատախազի այն պնդումներին, որ անձի պատշաճ վարքագիծ ունենալն այն պայմաններում, երբ կիրառված է եղել խափանման միջոց, որպես առանձնահատուկ դրական հանգամանք գնահատելն անթույլատրելի է, իսկ պատշաճ վարքագիծ դրսևորելն անձի պարտականությունն է, ապա Վերաքննիչ դատարանի համար թեև ընդունելի է, որ քրեական գործի քննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելն անձի պարտականությունն է և այն, որպես կանոն, չպետք է դրվի անձի նկատմամբ պատիժ նշանակելու հիմքում, սակայն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշվածն այլ հանգամանքների հետ համակցության մեջ նույնպես որոշակի չափով հիմք է տալիս գալու այն ողջամիտ եզրահանգման, որ ամբաստանյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի առանց պատիժը կրելու հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրագործումը:
(…):
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում է, որ ամբաստանյալ Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելով առաջին ատյանի դատարանը եկել է հիմնավոր հետևության»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10․ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:
Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (…)»:
Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝
Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով
(…):
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
(…):
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
(…):
11․ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ կայուն նախադեպային իրավունք է ձևավորել՝ իր մի շարք որոշումներում արձանագրելով, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն։
12․ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքն ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, ուստի ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև պատժի նպատակների իրացվելիության հարցը գնահատելու համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցագործությամբ պատճառված վնասի, դրա չափի, այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքների գնահատումը։ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման խնդրին, իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնված լինելու հարցում հիմնավոր հետևության գալու տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասը վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի։
13․ Մասնավորապես, Ս․Հովսեփյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «[Հ]ափշտակությունների և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքում պատճառված նյութական վնասը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն է, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելու գործընթացում պետք է պատշաճ գնահատականի արժանանա։ Մասնավորապես, որքան մեծ է հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այնքան բարձր է արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հետևաբար վնասը վերականգնված չլինելու պարագայում ինքնին նվազում է պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը։ Ուստի քննարկվող հանցագործություններով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս դատարանը պետք է, ի թիվս այլ հանգամանքների, գնահատման ենթարկի հանցագործությամբ պատճառված վնասը, դրա չափը, ինչպես նաև՝ որքանով է այն մոտ կոնկրետ հանցակազմի հասարակ կամ որակյալ տեսակի առավելագույն կամ նվազագույն չափին, վնասը վերականգնված լինելու կամ չլինելու կամ մասնակի վերականգնված լինելու հանգամանքը և այլն։ Միևնույն ժամանակ, հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված չլինելու պարագայում հանցավորի անձը բնութագրող տվյալները (տարիք, առողջական վիճակ և այլն), ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանելու հիմք են։
Վերոնշյալ դիրքորոշումը նաև պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է ապահովել պատճառված վնասի համարժեք հատուցմամբ և նախքան հանցագործությունը եղած իրադրության հնարավորինս վերականգնմամբ, իսկ քանի դեռ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, խոսք չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնված լինելու մասին։ Ուստի հանցանք կատարած անձի նկատմամբ պետք է ընտրվի այնպիսի ներգործության միջոց, որը կապահովի սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցավորի ուղղումը և նոր հանցագործությունների կանխումը»։
14․ Հիմք ընդունելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված օրենսդրական կարգավորումները և դրանց հիման վրա Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը լուծելիս կարևոր նշանակություն ունի հանցագործությամբ պատճառված վնասի չափի, ամբաստանյալի կողմից դրա հատուցմանն ուղղված գործողությունների պատշաճ գնահատումը։
15․ Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող օրենքով չնախատեսված մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները»։
Պ.Բայրամյանի գործով ձևավորած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը վերահաստատել և զարգացրել է Ա․Հովհաննեսյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը․ «[Ո]րպես անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է: Հետևապես անձի կողմից նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը, ինչպես նաև նոր հանցանք չկատարելը չեն կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ»:
16․ Հ․Հարությունյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեա-իրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)»։
17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ․Մկրտչյանը Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագ հանցագործությունների համար նշանակված պատիժը` հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգքրի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել։
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների համար ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է գնահատել նրա 50 տարեկան կին լինելը, նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը և կատարած արարքների համար զղջալը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտի աստիճան ունենալը, ինչպես նաև՝ ձախակողմյան հայմորիտ, C3-C4 ողերի մարմինների կոնկրենսցենցիա, C3 ողի անտերոլիստեզ, ողնաշարի պարանոցային հատվածի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ ունենալը։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների համար նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելով` առաջին ատյանի դատարանը եկել է հիմնավոր հետևության։
18. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս մեղսագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի, ինչպես նաև սոցիալական արդարության վերականգնման հնարավորության գնահատման համատեքստում պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել`
- մեղսագրված հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի չափը, մասնավորապես այն, որ Հ.Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման հետևանքով պետությանը պատճառվել է 33.798.091 ՀՀ դրամ գումարի չափով վնաս, որը տասնապատիկ գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը),
- հանցագործությունների հետևանքով պատճառված վնասը վերականգնված չլինելու հանգամանքը։ Այսպես, Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Հ․Մկրտչյանն ընդունում է պետությանը վնաս պատճառելու հանգամանքը, վերջինիս բանկային հաշիվներում առկա գումարը՝ 2.580.614 ՀՀ դրամի չափով, գտնվում է արգելանքի տակ, ևս 1.100.000 ՀՀ դրամ գումարը որպես վնասի հատուցում մուծել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին, ինչպես նաև քրեական գործում չկա այնպիսի փաստ, որ Հ․Մկրտչյանը վնասը չի հատուցել չարամտության պատճառով, այլ՝ միայն իրեն ներկայացված վնասի չափի հետ համաձայն չլինելու և հնարավոր գումարի բացակայության հետևանքով, բացի այդ, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված չլինելու հանգամանքը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դնելու պարագայում անձին ազատությունից զրկելը պայմանավորվում է միմիայն պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքով։ Վերաքննիչ դատարանն էլ իր որոշմամբ արձանագրել է, որ թեև պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված չէ, սակայն գործի քննության ընթացքում Հասմիկ Մկրտչյանը հատուցել է վնասի որոշակի մասը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի քննության ընթացքում ներկայացրել է իր անվամբ հաշվին 5000000 ՀՀ դրամի առկայության վերաբերյալ «Արարատբանկ» ԲԲ ընկերությունից ստացված քաղվածքը։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հանցագործությամբ պատճառված վնասը չհատուցելու չարամտության բացակայությունը, այդ թվում՝ դրա չափի հետ համաձայն չլինելու, անհրաժեշտ չափի դրամական միջոցների բացակայության պատճառով, անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորվածության տեսանկյունից չի կարող գնահատվել որպես պատճառված վնասը չվերականգնելու ողջամիտ արդարացում, իսկ Հ․Մկրտչյանի անվամբ բանկային հաշվին գումարի առկայության մասին քաղվածքն ու վերջինիս կողմից վնասի հատուցման պատրաստակամություն հայտնելն ինքնին չեն կարող դիտարկվել իբրև պատճառված վնասի հատուցման ուղղությամբ բավարար քայլերի ձեռնարկում։ Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված չլինելը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դնելու պարագայում անձին ազատությունից զրկելը պայմանավորվում է միմիայն պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ոչ թե անձին ազատությունից զրկելն է պայմանավորվում վնասը հատուցված չլինելու հանգամանքով, այլ անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարությունը։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում բացակայում է Հ․Մկրտչյանի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու մասին վկայող որևէ փաստական տվյալ։
- Ամբաստանյալ Հ․Մկրտչյանին մեղսագրվող հանցագործության վտանգավորության բարձր աստիճանը, մասնավորապես այն, որ Հասմիկ Մկրտչյանին մեղսագրվում է երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործությունների կատարում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով։
19․ Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքների գնահատման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Մկրտչյանին մեղսագրված հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի չափը և այն տևական ժամանակի ընթացքում վերականգնված չլինելու հանգամանքը (պատճառված 33․798․091 ՀՀ դրամ գումարի չափով վնասի վերականգնման նպատակով Հ.Մկրտչյանը ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին մուծել է ընդամենը 1․100․000 ՀՀ դրամ գումար) վկայում են նրան վերագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանի և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում պատժի նպատակներից՝ սոցիալական արդարության վերականգնման անիրատեսականության մասին, ինչը, սակայն, ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել։
20․ Անդրադառնալով ամբաստանյալ Հ․Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների և նրա անձը բնութագրող տվյալների վերաբերյալ ստորադաս դատարանների կողմից արված հետևությունների հիմնավորվածությանն ու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ա) ամբաստանյալ Հ․Մկրտչյանի կողմից գործի քննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը, այդ թվում՝ հանցավոր արարքներ կատարելուց զերծ մնալը, չի կարող գնահատվել որպես վերջինիս հետհանցավոր դրական վարքագծի մասին վկայող հանգամանք, իսկ նախկինում դատապարտված չլինելը չի կարող գնահատվել որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, քանի որ իրավահպատակ վարքագիծ դրսևորելը, մասնավորապես՝ նախկինում դատապարտված չլինելը, գործի քննության ընթացքում այլ հանցավոր արարքներ կատարելուց զերծ մնալը, քննությունից և դատից չխուսափելը, բնորոշ են հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքի մասն են կազմում։
բ) ամբաստանյալ Հ․Մկրտչյանի 50 տարեկան կին լինելը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտի պաշտոն ունենալը, վերաբերելով անձի սոցիալ-ժողովրդագրական և ֆիզիկական հատկություններին, հանդիսանում են ոչ թե պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, այլ ամբաստանյալ Հ.Մկրտչյանի անձը բնութագրող տվյալներ, իսկ պատճառված նյութական վնասը՝ որպես սեփականության դեմ ուղղված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն, ամբաստանյալի կողմից վերականգնված չլինելու պարագայում նրա անձը բնութագրող հիշյալ տվյալներն իրենց իրավական կշռով բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
21. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են դատական ակտը բեկանելու ու նոր քննության ուղարկելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, ամբաստանյալ Հ.Մկրտչյանին մեղսագրված հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնող այլ հանգամանքների պատշաճ գնահատման արդյունքում նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում պետք է հանգի համապատասխան հետևության։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Հ․Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422, 423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժի մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Ամբաստանյալ Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Կ․ԲԻՇԱՐՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
