Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0159/11/19

Գործի համարը
ԵԴ/0159/11/19
Դիմող / մեղադրյալ
Զարուհի Մեջլումյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
26.11.2021
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
15 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0159/11/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան 26 նոյեմբերի 2021 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դիմող՝ Զ.ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ դիմողներ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի հունվարի 13-ին Զ.Մեջլումյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և նույն թվականի հունվարի 22-ին ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 1.1. 2019 թվականի հունվարի 23-ին նույն բաժնում ստացվել է նաև Մ.Ենոքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ հանցագործության մասին հաղորդումը։ 1.2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Քարտաշյանը, վերանայելով Զ.Մեջլումյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, 2019 թվականի հունվարի 23-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշման դեմ Մ.Ենոքյանի բողոքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա.Արսենյանի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է։ 2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ մերժվել է: 3. Դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Զ.Մեջլումյանը և Մ.Ենոքյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 5. Ըստ բողոքաբերների՝ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակների՝ խախտվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 25-րդ, 26-րդ, 29-րդ, 31-րդ, 34-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 17-րդ հոդվածների պահանջները։ Ի հիմնավորումն վերոշարադրյալի՝ բողոք բերած անձինք նշել են, որ իրենք ներկայացրել են բազմաթիվ փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մալյանի արարքներն ակնհայտ կերպով պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 143-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ, մինչդեռ դրանք պատշաճ գնահատման չեն ենթարկվել, ինչի արդյունքում կայացվել են չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներն առհասարակ չեն ուսումնասիրվել: 5.1. Բողոքաբերներն ընդգծել են, որ իրենց կողմից ներկայացված մեկ տասնյակ ժամից ավելի տեսագրություններով սկավառակը և 167 էջից բաղկացած նյութերը 2019 թվականի հունվարի 22-ին են ուղարկվել քննիչին, իսկ վերջինս, առանց ուսումնասիրելու և անդրադառնալու դրանց և հիմնվելով միայն Զ.Մեջլումյանի և Ն.Մալյանի բացատրությունների վրա, մեկ օր անց կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ինչը դատարանների կողմից նույնպես պատշաճ ուշադրության չի արժանացել։ 5.2. Բողոք բերած անձինք նշել են, որ Ն.Մալյանը ոչ միայն ապօրինի կերպով հավաքել, պահել, տարածել և օգտագործել է իրենց անձնական և ընտանեկան կյանքի՝ իրենց ամուսնության փաստի և քրեակատարողական հիմնարկում ունեցած տեսակցությունների մասին տեղեկություններ, այլև Զ.Մեջլումյանին ներկայացրել է որպես անբարոյական կին՝ այդպիսով իրենց ընտանիքին պատճառելով հոգեկան ուժեղ տառապանքներ։ 5.3. Բողոքի հեղինակները փաստել են նաև, որ իրենց նկատմամբ հանրային տրամադրություններ գրգռելու նպատակով Ն.Մալյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և տարածել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կողմից Մ.Ենոքյանին ներում շնորհելու հարցի քննարկման վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաև լինելով ոստիկանական համակարգի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյա, օգտագործելով հին կապերը, ոստիկանության արխիվից ձեռք է բերել, ապօրինի պահել ու հանրայնացրել 20 տարվա վաղեմության տեսանյութ, որն առհասարակ ապացույց չի հանդիսացել Մ.Ենոքյանի վերաբերյալ 1996 թվականի քրեական գործով: Ընդ որում՝ ըստ բողոքաբերների՝ վերոնշյալ գործողությունները Ն.Մալյանի կողմից կատարվել են այն սոցիալական և անձնական բնույթի խտրականության հիմքով, որ Զ.Մեջլումյանն ամուսնացած է ցմահ բանտարկյալի հետ: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և ճանաչել իրենց իրավունքների խախտումը: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Զարուհի Մեջլումյանը 2019 թվականի հունվարի 13-ին տված հանցագործության մասին հաղորդման մեջ նշել է հետևյալը. «(…) Նարեկ Բորիսի Մալյանը տևական ժամանակ հետապնդում է ինձ, սպառնալիքներ է հնչեցնում անձնական կյանքի գաղտնի տվյալների հրապարակման մասին և հրապարակում է, ատելություն է սերմանում իմ անձի նկատմամբ՝ հակում է ինձ ինքնասպանության, պատճառում ինձ ու իմ անչափահաս երեխային հոգեկան ծանր տառապանք, խախտում սահմանադրական իմ իրավունքները, ոտքի տակի փալաս դարձնում իմ արժանապատվությունը (...)»: 8. Նյութերի նախապատրաստման ընթացքում Զ.Մեջլումյանը 2019 թվականի հունվարի 13-ին և 16-ին ըստ էության բացատրություններ է տվել այն մասին, որ աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում որպես լրատվական բաժնի ղեկավար, 2013 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամուսնացել է ցմահ դատապարտյալ Մ.Ենոքյանի հետ: 2010 թվականից զբաղվել է դատական սխալների վերհանմամբ։ 2015 թվականին հասել է ցմահ դատապարտյալներից մեկի ազատմանը, ով մի քանի օր անց մահացել է: Վերջինիս հողարկավորության օրը, ՀՀ ոստիկանության նախկին պետի խորհրդական Ն.Մալյանը, ֆեյսբուքյան հարթակում սկսել է հարձակում գործել իր նկատմամբ, որը կրել է պարբերական բնույթ՝ երեք տարի: 2018 թվականի դեկտեմբերի վերջից հարձակման նոր ալիք է սկսվել իր նկատմամբ՝ պայմանավորված իր ամուսնու հնարավոր ազատման լուրի հետ: 2018 թվականի դեկտեմբերի վերջին Ն.Մալյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում կատարել է հրապարակում, որի բովանդակությունը ենթադրում էր, որ նա տեղեկացված է իր և ամուսնու երկարատև տեսակցությունների մասին՝ դրանք մեկնաբանելով որպես սեռական կարիքները հոգալու միջոց, իսկ մի քանի օր անց առցանց հեռարձակմամբ վերոնշյալ հանգամանքը ներկայացրել է որպես հաստատված փաստ: Զ.Մեջլումյանն ընդգծել է, որ դա իր անձնական կյանքի վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է, որը Ն.Մալյանը դարձրել է հանրության քննարկման առարկա, ինչի հետևանքով իր անձի հանդեպ վիրավորանքների և ատելության տարափ է սկսվել, որը խաթարել է իր հոգեկան անդորրը, ինչպես նաև ծանր ազդեցություն թողել իր որդու և ամուսնու վրա, որդին խուսափել է հաճախել դպրոց, դարձել է ներամփոփ։ Զ.Մեջլումյանը նշել է, որ հաջորդ տեղեկատվությունը, որը գաղտնի է եղել, և որը Ն.Մալյանը հրապարակել է՝ իր և Մ.Ենոքյանի ամուսնության փաստն է։ Վերոնշյալ տեղեկությունների հրապարակումը Զ.Մեջլումյանը պայմանավորել է իր կարգավիճակով՝ նշելով որ որպես դատապարտյալի կին, պետական պաշտոնատար անձ և լրագրող, իր նկատմամբ դրսևորվում է խտրական վերաբերմունք։ Զ.Մեջլումյանը հավելել է նաև, որ Ն.Մալյանը հրապարակել է իր ամուսնու վերաբերյալ քրեական գործից քսաներեք տարվա վաղեմության կադրեր, որն ավելի սուր ազդակ է դարձել իրեն պարսավելու, իր հանդեպ ատելություն սերմանելու, վիրավորելու և արժանապատվությունը նվաստացնելու համար։ Անդրադառնալով Ն.Մալյանի կողմից իրեն ինքնասպանության հակելուն՝ Զ.Մեջլումյանը նշել է, որ երբևէ ինքնասպանության փորձ չի կատարել, խոսքը պարբերաբար բնույթ կրող ինքնասպանության մտքերի մասին է՝ պայմանավորված տևական ժամանակ՝ 2015 թվականից սկսած, միևնույն անձի կողմից իրեն պատճառվող հոգեկան խիստ տառապանքներով, նվաստացումներով, զրպարտանքներով և վիրավորանքներով: 9. Ն.Մալյանն ըստ էության բացատրություն է տվել այն մասին, որ Զ.Մեջլումյանի հաղորդումն ամբողջությամբ սուտ է, ինքը երբևէ չի ցանկացել Զ.Մեջլումյանի մոտ առաջացնել ինքնասպանություն կատարելու վճռականություն, իսկ իր իրավաչափ քննադատությանը պետական ծառայողը՝ դատապարտված մարդասպանի տիկինը, պարտավոր է վերաբերվել որպես ժողովրդավարական հասարակությունում արտահայտման դրսևորում: Ինչ վերաբերում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակելուն, ապա իրեն բացարձակ չի հետաքրքրում Զ.Մեջլումյանի անձնական կյանքը, այլ իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է պետական ծառայող հանդիսացող անձի և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար դատապարտված և պատիժը կրող անձի հարաբերությունների բնույթը, իսկ այդ տեղեկությունն ունի հանրային բարձր հետաքրքրություն, ավելին՝ նշված տեղեկատվությունը հանրամատչելի փաստ է, Զ.Մեջլումյան ինքն է գիտակցված գործողությունների արդյունքում հանրամատչելի դարձրել այն՝ անորոշ շրջանակի անձանց համար։ Ն.Մալյանն ընդգծել է, որ ամուսնական կապի մասին տեղեկությունն իրեն հայտնի է դարձել այնպիսի աղբյուրներից, որոնք իմացել են հենց Զ.Մեջլումյանից, բացի այդ, վերջինս այդ փաստը հրապարակային հայտարարություններում ներկայացրել է որպես Մ.Ենոքյանի վերասոցիալականացման չափանիշ: Ն.Մալյանը նշել է նաև, որ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի տեսակցությունների և նրանց ամուսնացած լինելու վերաբերյալ տեղեկություններն ինքը տարածել է որպես շրջանառվող լուրեր և չի պնդել որպես փաստական հանգամանք, այլ խնդրել է իրավասու մարմիններին, որ այդ հանգամանքները ստուգվեն՝ նպատակ ունենալով պարզել պետական պաշտոնատար անձի հնարավոր ներազդեցությունը Մ.Ենոքյանի ներման գործընթացի նկատմամբ: Ն.Մալյանը հայտնել է նաև, որ իր հրապարակումներով դիտավորություն չի ունեցել ոտնահարել Զ.Մեջլումյանի իրավունքները կամ նրա նկատմամբ ատելություն սերմանել, դրանք պայմանավորված չեն եղել վերջինիս սոցիալական վիճակով, այլ հետապնդել են վերջինիս կողմից իր դիրքի հնարավոր չարաշահումը բացառելու նպատակ։ 10. Մհեր Ենոքյանի 2019 թվականի հունվարի 14-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված՝ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ «(…) Նարեկ Մալյանը կատարել է և շարունակում է կատարել հանցագործություններ (արարքներ), որոնք ուղղված են կնոջս՝ Զարուհի Արամի Մեջլումյանի, նրա որդու (…) և իմ սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ (…) և մեզ պատճառում է հոգեկան ուժեղ տառապանքներ, այսինքն՝ կատարում է (շարունակաբար) հանցագործություններ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 143-րդ և 144-ով, ինչպես նաև հոդված 119 մաս 2 կետ 1,2,3-ով: (…) Նարեկ Մալյանն իր FB (ֆեյսբուքյան) էջում՝ Narek Malyan, սույն թվականի հունվարի 9-ին, ժամը 20:01-ին ուղիղ եթերով ելույթ է ունեցել և հայտնում է բոլորին (հազարավոր մարդկանց), որ կինս՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հաճախակի երկարաժամկետ տեսակցություններ է ունենում ինձ հետ (…): Յուրաքանչյուր պարագայում Նարեկ Մալյանը (…) հրապարակավ հայտնում է իմ և կնոջս անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ և ամեն անգամ շեշտում է մեր սեռական կյանքը: (...) Մալյանի գործողությունները պայմանավորված [են] նրանով, որ ես դատապարտյալ եմ և փաստացի նա ներխուժել է մեր անձնական և ընտանեկան կյանք այս հանգամանքից ելնելով (...)»: 11. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի հունվարի 23-ի որոշումը քննիչը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Նյութերի նախապատրաստման ընթացքում Զ.Մեջլումյանի կողմից ինքնասպանության կամ դրան ուղղված կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, իսկ Զ.Մեջլումյանի կողմից նշված ինքնասպանության հակելու վերաբերյալ արտահայտություններն ընդամենը նրա սուբյեկտիվ ընկալումն է։ (...) Վարույթ իրականացնող մարմինն այդ համատեքստում հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածին՝ այն է ինքնասպանության հասցնելը (...)։ Տվյալ պարագայում Զ.Մեջլումյանը ոչ միայն չի կատարել ինքնասպանություն կամ դրան ուղղված գործողություններ, այլև Ն.Մալյանի կողմից վերը նշված [հանցակազմի] օբյեկտիվ կողմի գործողությունները կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել։ Վարույթ իրականացնող մարմինը քննարկել է նաև Զ.Մեջլումյանի կողմից նշված այն հանգամանքները, որոնք վերաբերում են անձնական տեղեկություններ հրապարակելուն: (...) Հարկ է նշել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ն.Մալյանը Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի ամուսնական կապի մասին տեղեկությունները հրապարակել է ոչ թե որպես անհատ անձանց տեղեկություններ, այլ նկատի ունենալով նշված անձանց նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հասարակության տրամադրվածությունը նրանց նկատմամբ: (...) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրամատչելի են համարվում, ի թիվս այլոց, այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար: Հետևաբար Ն.Մալյանի կողմից հրապարակվել են Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի ամուսնության և տեսակցությունների մասին արդեն իսկ հանրամատչելի դարձած տեղեկությունները: Բացի այդ վարույթ իրականացնող մարմինն արձանագրում է, որ քրեաիրավական պաշտպանություն ունեն ոչ բոլոր անձնական տեղեկությունները և առավել ևս ոչ այն տեղեկությունները, որոնք սուբյեկտիվ ընկալմամբ կամայականորեն վկայակոչվում են ենթադրյալ տուժողի կողմից: (...) Ինչ վերաբերում է ամուսնու ով լինելու տեղեկությունների պաշտպանությանը, ապա այդպիսի տեղեկությունների պաշտպանությունը կամ դրանց գաղտնիք հանդիսանալը նախատեսված չէ օրենքով (...): Քննարկելով Զ.Մեջլումյանի կողմից նշված այն հանգամանքը, որ Ն.Մալյանն իր գործողություններով դիտավորությամբ իրեն հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել՝ վարույթ իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ այն հանգամանքներին, որ Ն.Մալյանի կողմից հրապարակվել է հանրամատչելի դարձած Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի ամուսնության փաստը և վերջինիս ներում ստանալու հնարավոր զարգացումները, որը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հանրության լայն շրջանակների համար, և հրապարակմանը սոցցանցերի օգտատերերի կողմից տարաբնույթ մեկնաբանություններ տալը և կարծիքներ հայտնելը, որոնք Զ.Մեջլումյանի մոտ առաջացնելու էին իր բնորոշմամբ հոգեկան տառապանք չէր կարող կանխատեսվել Ն.Մալյանի կողմից, իսկ նման տառապանքներ պատճառելուն ուղղված գործողություններ վերջինիս կողմից չեն կատարվել, այլ ընդամենն իրականությանը համապատասխանող տեղեկություններ են տարածվել: (...) Այսպիսով, վարույթ իրականացնող մարմինը (...) հանգում է հիմնավոր եզրահանգման, որ Նարեկ Մալյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմ չեն պարունակվում (...)»: 12. Դատախազի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Ինչ վերաբերվում է ՀՀ քր. օր-ի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման հանգամանքին, ապա հարկ է փաստել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք կվկայեին որևէ մեկի կողմից կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու վերաբերյալ: (...) Այսպիսով, (...) վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար հիմք է հանդիսացել կատարվածին իրավական գնահատական տալու և հիմնավոր հետևության հանգելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ, 143-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման փաստի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել (...)»: 13. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 15-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ իր իրավասության սահմաններում, վարույթն իրականացնող մարմինը (…) նախապատրաստված նյութերում չհայտնաբերելով ենթադրյալ արարքների վերաբերյալ հանցակազմի հատկանիշներ եկել է փաստարկված և հիմնավոր որոշման: Դատարանն արձանագրում է, որ հետաքննության փուլում ձեռք բերված ապացույցների և փաստաթղթերի օբյեկտիվ ամբողջականությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ վարույթն իրականացնող մարմինը կայացնի պատճառաբանված որոշում, ինչը և կատարվել է: (…) Ինչ վերաբերում է բողոքաբեր Մ.Ենոքյանի այն պնդմանը, թե նյութերի նախապատրաստման ընթացքում իրենից և Զ.Մեջլումյանի անչափահաս երեխայից բացատրություն չի վերցվել, ապա դատարանը փաստում է, որ (…) թեև վարույթն իրականացնող մարմինը (…) ստացել է Մ.Ենոքյանի հաղորդումը և (…) նրանից չի վերցրել բացատրություն, այդուամենայնիվ (…) դրա անհրաժեշտությունը չի եղել, պայմանավորված այն հանգամանքով, որ նրա հաղորդումն ըստ էության նույնական է եղել Զ.Մեջլումյանի կողմից ներկայացված հաղորդմանը և ինքնին բավարար չի եղել նրա ասածի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար (…)։ Իսկ Զ.Մեջլումյանի անչափահաս երեխայից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը կարող է կապված լինել վարույթն իրականացնող մարմնի նպատակահարմարությունից (…): (…) Դատարանն արձանագրում է, որ թեև քննիչ Քարտաշյանն իր կողմից 23.01.2019 թվականին կայացված որոշմամբ չի անդրադարձել Ն.Մալյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքին, սակայն նշված հանգամանքին անդրադարձել է դատախազ Ա.Արսենյանը՝ նշելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք կվկայեին քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշված արարքներից որևէ մեկի առկայության վերաբերյալ: (...)»։ 14. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով (...) որ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի հաղորդումների կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հուլիսի 15-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով դիմողներ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը (...)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 16. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է»: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (...) (...) 3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: 16.1. Մարդու արժանապատվության, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի և դրանց հարաբերակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար։ Այն  նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն, - մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը, - մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները, - արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։ Միաժամանակ, այն ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, - կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման շրջանակը որոշելու նպատակով որոշիչ նշանակություն ունի նաև անձի պատվի և համբավի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը։ Այսինքն՝ մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությունը՝ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահման է։ 17. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք»։ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ (...) 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում (...) բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու (...) նպատակով»։ 17.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, այն դիտարկել է ոչ միայն պետության բացասական պարտավորությունների լույսի ներքո` զերծ մնալու մարդու անձնական և ընտանեկան կյանքին անհիմն և ապօրինի միջամտությունից, այլև դրական պարտավորությունների շրջանակներում, այն է` պետություններին պարտավորեցնում է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կոչված կլինեն ապահովելու հարգանքն անձնական կյանքի նկատմամբ, այդ թվում նաև` մասնավոր անձանց փոխհարաբերություններում: 17.2. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ «անձնական կյանքը» լայն հասկացություն է, ենթակա չէ սպառիչ սահմանման և կարող է ընդգրկել անհատի ֆիզիկական և սոցիալական ինքնության բազմակի հայեցակետեր: Մասնավորապես, այն ներառում է անձի հեղինակությունը, ֆիզիկական, հոգեկան և բարոյական անձեռնմխելիությունը, հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը, այդ թվում՝ մարդու սեռական կյանքը: 17.3. Վերոգրյալի հետ մեկտեղ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վերաբերմունքը, որը չի հասնում խստության այնպիսի մակարդակի, որպեսզի դիտարկվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում, այնուամենայնիվ կարող է խախտել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եթե վերջինիս ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության վրա ունեցել է բավականաչափ անբարենպաստ ազդեցություն։ Անձի հեղինակության նկատմամբ ոտնձգությունը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում դիտարկելու համար, այն պետք է հասնի լրջության որոշակի մակարդակի և իրականացվի այնպես, որ վնաս պատճառի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը։ 17.4. Միաժամանակ, անհատի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը քննարկելով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի համատեքստում՝ Եվրոպական դատարանը նշել է, որ այս երկու իրավունքներն արժանի են հավասար հարգանքի, և անհրաժեշտ է հավասարակշռել դրանք: Նշվածի հաշվառմամբ, Դատարանը մի շարք գործերով այս երկու իրավունքները հավասարակշռելիս կիրառել է հետևյալ չափանիշները՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող քննարկմանը նպաստելը, թիրախավորված անձի հայտնիությունը, նրա նախկին վարքագիծը, հայտարարության թեման, տեղեկությունների ձեռքբերման եղանակը և հավաստիությունը, հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները: Ընդ որում՝ այս չափանիշներն սպառիչ չեն, և դրանց գնահատումը կախված է գործի կոնկրետ հանգամանքներից: 18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արված արտահայտությունները և վարքագիծն անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում դիտարկելու համար դրանք պետք է ունենան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառվող վերոնշյալ չափանիշներին համարժեք լրջության որոշակի աստիճան: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, ընդգծում է, որ այդ չափանիշները գնահատելիս պետք է տարբերակում դրվի մասնավոր անձանց և որպես հանրային կամ հասարակական գործիչներ հանդես եկող անձանց միջև, քանի որ, որպես կանոն, անձնական կյանքի ոլորտին չեն դասվում անհատի հանրային կամ հասարակական գործունեությունը, աշխատանքային, գործնական հարաբերությունները, հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող կամ հանրամատչելի տեղեկությունները և այլն: Բացի այդ, եթե անձը զբաղվում է հանրային գործունեությամբ, նրա անձնական կյանքի սահմանները որոշակիորեն նեղանում են, և նա չի կարող ամբողջ ծավալով օգտվել այդ իրավունքից, եթե, իհարկե, արված արտահայտությունները չեն վերաբերում բացառապես անձի մասնավոր կյանքին և չեն հետապնդում բացառապես դրա հետ կապված հասարակության հետաքրքրասիրության բավարարման նպատակ: 19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ (…) 5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն։ (…)»։ 19.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին, Սիրվարդ Գևորգյանի գործով նշել է, որ պայմանավորված դատական վերահսկողության խնդիրներով դրանք ընդգրկում են հետևյալ հարցադրումները. «ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները, բ) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը, գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտման»: 20. Միևնույն ժամանակ, անդրադառնալով դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշին՝ Վճռաբեկ դատարանն Արսեն Մակարյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) [Յ]ուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր։ Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա։ Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։ Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին»: 21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - նախաքննության մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ Նարեկ Մալյանի գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը, - վերոնշյալ որոշման դեմ Մ.Ենոքյանի կողմից բերված բողոքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա.Արսենյանը մերժել է՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար հիմք է կատարվածին իրավական գնահատական տալու և հիմնավոր հետևության հանգելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգքրի 110-րդ, 111-րդ, 119-րդ, 143-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման փաստի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, - Առաջին ատյանի դատարանը, քննարկելով դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքը, մերժել է այն` նշելով, որ հետաքննության փուլում ձեռք բերված ապացույցների և փաստաթղթերի ամբողջությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ վարույթն իրականացնող մարմինը կայացնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին փաստարկված և հիմնավոր որոշում, ինչը և կատարվել է, - Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է, որ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի հաղորդումների կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։ 22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են այն ընդհանրական դատողությունը, թե վարույթն իրականացնող մարմինը կատարել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և ձեռք բերված փաստական տվյալների ամբողջությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ կայացվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիմնավորված որոշում: Այսպես՝ ստորադաս դատարանները, դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, պատշաճ կերպով չեն պարզել, թե արդյո՞ք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը, և արդյո՞ք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ՝ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն Զ.Մեջլումյանի և Ն.Մալյանի բացատրությունները և իրավական նորմերի վկայակոչմամբ գտել, որ վերջինիս գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները: Այս առումով հատկանշական է այն, որ քննիչը Զ.Մեջլումյանի հաղորդման հիման վրա հետաքննության մարմնի նախապատրաստած նյութերը ստացել է 2019 թվականի հունվարի 22-ին և դրանց հիման վրա մեկ օր անց կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Հետևաբար, տվյալ դեպքում ստորադաս դատարանները պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանացնեին, թե արդյո՞ք օբյեկտիվորեն հնարավոր էր, որ քննիչը մեկ օրվա ընթացքում պատշաճ կերպով ուսումնասիրեր դիմողների ներկայացրած բազմաթիվ նյութերը և իր եզրահանգումները կառուցեր ձեռք բերված տվյալների ամբողջության հիման վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ դրանց վերաբերյալ քննիչի որոշումը որևէ փաստական վերլուծություն չի պարունակում: Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել բողոքաբերների բարձրացրած փաստարկն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներն առհասարակ չեն ուսումնասիրվել: Մասնավորապես այս առումով դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ քննիչն իր որոշմամբ ընդհանրապես անդրադարձ չի կատարել դիմողների հաղորդումներում մատնանշված՝ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության հարցին, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում ներկայացված հաղորդումների կապակցությամբ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացված լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դատողությանը, որ նշված հանգամանքին անդրադարձել է դատախազը, ապա Վճռաբեկ դատարանն այն ընդունելի չի համարում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածների համադրված վերլուծության հիման վրա փաստում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելիս դատախազը լիազորված է վերացնել այդ որոշումը և հարուցել քրեական գործ՝ նախաքննություն կատարման համար այն ուղարկելով քննիչին, կամ հաստատել բողոքարկվող որոշման օրինականությունը, և լիազորված չէ ինքնուրույն իրավական գնահատական տալ այն ենթադրյալ արարքներին, որոնք վարույթն իրականացնող մարմինը քննարկման առարկա չի դարձրել, և որոնցում կոնկրետ հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության հարցին իրավական գնահատական չի տվել: 22.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ չեն գնահատել Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հրապարակման, նրանց ամուսնության փաստի, քրեակատարողական հիմնարկում ունեցած տեսակցությունների, ինչպես նաև Մ.Ենոքյանի հնարավոր ներման գործընթացի և վերջինիս վերաբերյալ քրեական գործի հետ կապված արխիվացված տեսանյութի ձեռքբերման և հրապարակման իրավաչափությունն ու դրանց վերաբերյալ քննիչի հետևությունների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս համատեքստում ստորադաս դատարանները սույն որոշմամբ սահմանված չափանիշների լույսի ներքո չեն պարզել, թե առկա է արդյո՞ք Ն.Մալյանի արտահայտությունների և հրապարակումների՝ որպես խոսքի ազատ արտահայտման իրավունքի և անձի անձնական կյանքի իրավունքի միջև անհրաժեշտ հավասարակշռություն, թե ոչ: Մասնավորապես այս առումով, ի թիվս այլնի, չի պարզվել, թե ի՞նչ նպատակ են հետապնդել արված արտահայտությունները և հրապարակումները, և դրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել դիմողների վրա, արդյո՞ք դրանք այն աստիճան են ոտնձգել վերջիններիս հեղինակությանը, որ վնաս են պատճառել նրանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը։ 22.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ստորադաս դատարանները պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել դիմողների, ինչպես նաև Զ.Մեջլումյանի անչափահաս երեխայի մոտ հոգեկան ուժեղ տառապանքի առկայության կամ բացակայության փաստի պարզման ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունն ու բավարարությունը և նշված հանգամանքի հետ կապված դիմողների ներկայացրած փաստարկները։ Հետևաբար, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ 23. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և անդրադառնալով բողոքաբերների փաստարկներին՝ կայացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 15-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ