Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0510/01/22
- Գործի համարը
- ԵԴ/0510/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Արմեն Մանուկյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 08.06.2023
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 15. Վարույթի հանրայնությունը
- Հոդված 359. Դատական վերանայման սահմանները
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
- Հոդված 389. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը
- Հոդված 390. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները
- Հոդված 394. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0510/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան
8 հունիսի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի և սեպտեմբերի 19-ի որոշումների դեմ Արմեն Վաչագանի Մանուկյանի պաշտպան Ա․Սահակյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը․
1․ 2022 թվականի ապրիլի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0510/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վաչագանի Մանուկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 313-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է նույն դատարանի վարույթ։
1․2․ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Մանուկյանի պաշտպան Ա․Սահակյանի միջնորդությունը՝ Ա․Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, բավարարվել է։
2․ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ 2022 թվականի օգոստոսի 17-ին հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանը։
2․1․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որով բավարարվել է հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը։
2․2․ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 20-ի որոշումը բեկանվել է, և ամբաստանյալ Ա․Մանուկյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է։
3․ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 9-ի և նույն թվականի սեպտեմբերի 19-ի որոշումների դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ամբաստանյալ Ա․Մանուկյանի պաշտպան Ա․Սահակյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
4․ Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումն անհիմն է, քանի որ դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնարին դարձնող պատճառներ չեն ներկայացվել։
4․1․ Բացի այդ, բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմանը, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։
Ի հիմնավորումն վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հատուկ վերանայումը բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում իրականացնելու պահանջը՝ հատուկ վերանայման բողոքը բավարարելով բողոքաբերի կողմից չնշված հիմքով։ Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանն իր բողոքում չի վիճարկել Ա․Մանուկյանի կողմից հանցանք կատարելուց հետո կամովին մեղայականով ներկայացած չլինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հենց վերոհիշյալ հանգամանքով։
4․2․ Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով որպես անձին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պայման կամովին մեղայականով ներկայանալը նախատեսված չէ։
5․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է մասնակի՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասով, Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանել և ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության, իսկ վերոհիշյալ պահանջի մերժման դեպքում ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
6․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է հետևյալը․ «Թիվ ԵԴ/0510/01/22 քրեական գործով ամբաստանյալ Արմեն Վաչագանի Մանուկյանի պաշտպան Ա.Սահակյանի միջնորդությունը բավարարել.
Արմեն Վաչագանի Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով դադարեցնել:
(…)
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում»:
7․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդության համաձայն՝ «(…) [Դ]ատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի՝ Ա․Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 28-ին։ Նշված որոշման «որոշեց» մասում դատարանի կողմից նշվել է․ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում», մինչդեռ վիճարկվող որոշումը ենթակա է եղել բողոքարկման 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն (որով բողոքարկման համար սահմանվել է տասնօրյա ժամկետ)։ Այլ կերպ, դատարանը բողոքարկման ընթացակարգի մասին տվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, անորոշ, դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ, ինչը կարող է հանգեցնել արդարադատության շահի, ինչպես նաև անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման։
Նման պայմաններում սույն դատական ակտի պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար է եղել, իսկ բողոքը ժամկետանց գնահատվելու և առանց քննության թողնվելու արդյունքում դատախազությունը կարող է զրկվել ամբաստանյալ Ա․Մանուկյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատական ակտը վիճարկելու հնարավորությունից, ինչի արդյունքում կարող է խախտվել հանրային և մասնավոր շահերի Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը։ (…)»:
8. 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է․ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից որպես բողոքարկման ժամկետ հիմք է ընդունվել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ չպետք է մեկնաբանվի ի վնաս բողոքաբերի, քանի որ հակառակ մեկնաբանությունն անհամաչափ խիստ կլինի և չի բխի հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու քրեադատավարական սկզբունքից։
(…)
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ բողոքարկման համար բաց թողնված ժամկետը ունեցել է օբյեկտիվ հիմքեր, և հաշվի առնելով նաև այն, որ բողոքը բերվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտում նշված մեկամսյա ժամկետում, ուստի հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը համարվում է հարգելի և ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
9․ Նախքան սույն գործով բարձրացված իրավական հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման բողոքարկման հնարավորությանը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը որպես դատարանի մատչելիության իրավունքի իրացման եղանակ անձի արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի կարևորագույն բաղադրիչներից է։ Սակայն, այդ իրավունքը բացարձակ չէ, քանի որ օրենսդիրը սահմանում է անմիջականորեն բողոքարկման ենթակա դատական ակտերի սպառիչ շրջանակ։
9․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա են վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի հետևյալ դատական ակտերը․
1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին․
3) դատական տուգանք նշանակելու մասին.
4) վարույթից հեռացնելու մասին.
5) դատարան հարկադրաբար ներկայացնելու մասին.
6) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին.
7) վերաքննիչ բողոքը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին.
8) վերաքննիչ վարույթը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման վարույթը կարճելու մասին.
9) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»։
10․ Վերոշարադրյալ քրեադատավարական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված չէ որպես «անմիջական բողոքարկման» ենթակա դատական ակտ, հետևաբար դրա իրավաչափությունը կարող է վիճարկվել «հետաձգված բողոքարկման»` գործով վարույթը եզրափակող դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչով էլ պարտադիր պետք է երաշխավորվի վերոնշյալ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման հետ կապված հանգամանքների համակողմանի քննությունը:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դատական ակտերը, որոնց անմիջական բողոքարկման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ (չեն հանդիսանում անմիջական բողոքարկման առարկա), «հետաձգված բողոքարկման» կարգով կարող են վիճարկվել, եթե՝
- անմիջական բողոքարկման առարկա չհանդիսացող դատական ակտն առերևույթ առնչվում է շահագրգիռ անձի որևէ սուբյեկտիվ իրավունքին կամ իրավաչափ շահին,
- եզրափակիչ դատական ակտը ենթակա է բողոքարկման ընդհանուր կարգով։
Նման հավասարակշռված մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կոչված է երաշխավորելու մի կողմից՝ անձի արդար դատաքննության իրավունքի անբաժանելի մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը, մյուս կողմից՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատաքննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու, ինչպես նաև դատավարական գործընթացի արդյունավետության իրավաչափ նպատակները՝ կանխելով քրեական վարույթի ընթացքում կայացված ցանկացած դատական ակտ դատավարության մասնակիցների կողմից ինքնանպատակ բողոքարկելու հնարավորությունը։
11․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի՝ «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին» որոշումը, որով բավարարվել է հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի միջնորդությունը, ենթակա է «հետաձգված բողոքարկման»` Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման բողոքարկման շրջանակներում, քանի որ առերևույթ առնչվում է բողոքաբերի սուբյեկտիվ իրավունքներին։
12․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
12․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը.
1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (…)»։
Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում (…)»։
Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր: (…)»:
13․ Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական վերանայման բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետի վերականգնման հնարավորությունը կապում է դատական ակտի գործնականում պատշաճ բողոքարկման անհնարինության հետ։ Այլ կերպ, օրենսդիրը դատարանին վերապահել է բաց թողնված ժամկետի վերականգնման լիազորություն միայն այն դեպքում, երբ անձն օբյեկտիվորեն, իրենից անկախ պատճառներով հնարավորություն չի ունեցել օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնել: Հետևաբար, այն դեպքում, երբ դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել այլ՝ սուբյեկտիվ գործոններով, որոնք չեն հանգեցրել պատշաճ բողոքարկման ահնհնարինության՝ բաց թողնված ժամկետի վերականգնումը չի կարող արդարացված համարվել։
14․ Վճռաբեկ դատարանը, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կայացված որոշումների բողոքարկման բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով հարգելի համարելու դեպքերին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: (…) Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած անբարեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատարանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախտումը և բողոքը քննարկի ըստ էության:
(…)
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է մի կողմից անձի` միջազգային-իրավական և սահմանադրաիրավական նորմերով նախատեսված իրավունքների արդյունավետ պաշտպանության, մյուս կողմից` այդ պաշտպանությունն իրականացնելիս օրինականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ»:
14․1․ Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված վարութային ակտերի բողոքարկման ընթացակարգի կամ ժամկետների վերաբերյալ պարզաբանումներ չտրամադրելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ կամ մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելու հետևանքով թույլ տրված խախտումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու վերաբերյալ դիրքորոշումը պայմանավորված է անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ապահովման անհրաժեշտության հետ։
Այս առումով պետք է փաստել, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավատեր կարող է լինել բացառապես վարույթի մասնավոր մասնակիցը։ Ինչ վերաբերում է դատական բողոքարկման իրավունք ունեցող վարույթի հանրային մասնակցին, մասնավորապես՝ դատախազին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները վերջինիս նկատմամբ կիրառելի չեն։ Մասնավորապես, դատախազը, որպես վարույթի հանրային մասնակից, ներկայացնելով պետական մարմինը, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, կաշկանդված է օրինականության սկզբունքով, հետևաբար իր իրավական կարգավիճակով պայմանավորված, ի պաշտոնե պարտավոր է ունենալ պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ համապատասխան մասնագիտական գիտելիքներ՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով դրանց շարունակական կատարելագործման ուղղությամբ։
15. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն որոշման 12․1-րդ կետում մեջբերված իրավադրույթների և 13-րդ կետում կատարված իրավական վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմնի կողմից որոշման բողոքարկման ժամկետների մասին վարույթի հանրային մասնակցին պարզաբանումներ չտրամադրելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ կամ մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը չի կարող դիտարկվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնարին դարձնող օբյեկտիվ հիմք։ Այլ կերպ՝ նշված դեպքում առկա չէ օբյեկտիվորեն, անձի կամքից անկախ գոյություն ունեցող այնպիսի հանգամանք, որը կարող է հանգեցնել օրենքով սահմանված ժամկետներում պատշաճ բողոքարկման անհնարինության, հետևաբար չի կարող բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք հանդիսանալ։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 20-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետ։
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդության համաձայն՝ բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքարկման համար սահմանված ժամկետը սխալ պարզաբանելով, որպիսի պայմաններում պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար է եղել։
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատախազի միջնորդությունը, հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը համարել է հարգելի՝ փաստելով, որ բողոքարկման համար բաց թողնված ժամկետը ունեցել է օբյկտիվ հիմքեր։
17․ Նախորդ կետում նշված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 20-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ, չի կարող հանդիսանալ պատշաճ բողոքարկումը անհնարին դարձնող օբյեկտիվ հիմք։ Մասնավորապես, դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, կաշկանդված լինելով օրինականության սկզբունքով և ի պաշտոնե ունենալով իր մասնագիտական գիտելիքները կատարելագործելու պարտականություն՝ պարտավոր էր որպես դատական ակտի բողոքարկաման ժամկետ հիմք ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված տասնօրյա ժամկետը։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բացթողնելը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ չեն ներկայացվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար դարձնող հանգամանքներ։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքը, որ բողոքը բերվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում նշված մեկամսյա ժամկետում, չի կարող էական նշանակություն ունենալ միջնորդության մեջ ներկայացված պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար դարձնող հանգամանքները գնահատման ենթարկելիս։
18․ Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ Վերքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը և հանրային այլ գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում»։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտում է դատական վարույթի ընթացքում քրեական վարույթի որևէ սկզբունքի խախտումը»:
20․ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, դատախազ Ա․Գևորգյանի կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելով և ըստ էության քննության առնելով ու լուծելով, իրեն վերապահված լիազորությունն իրականացրել է՝ դուրս գալով իրավունքի շահից։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը։
21․ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի՝ սույն որոշման 4․1-րդ և 4․2-րդ կետերում բարձրացված փաստարկներին անդրադառնալը:
22․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 359-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հատուկ վերանայման բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
