Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0455/01/20

Գործի համարը
ԵԴ/0455/01/20
Դիմող / մեղադրյալ
Դավիթ ԳրիգորյանԳոռ Վարդանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.06.2023
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
16 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0455/01/20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան Դատավորներ՝ Ն.Հովակիմյան Ա.Մնացականյան 12 հունիսի 2023 թվական քաղաք Երևան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալներ Դավիթ Մարատի Գրիգորյանի և Գոռ Տիգրանի Վարդանյանի վճռաբեկ բողոքները, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Սերգո Փանոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ վերը նշված որոշումը վերացվել է, և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62219119 քրեական գործը։ 2019 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Բարձրագույն դատական խորհուրդ) բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի՝ 2019 թվականի հուլիսի 26-ի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ 1.1. 2019 թվականի հուլիսի 30-ին Դ.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): 2019 թվականի հուլիսի 31-ին Գոռ Տիգրանի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։ 2020 թվականի մայիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. 2020 թվականի հունիսի 5-ին՝ դատական քննության նախապատրաստական փուլում, Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Դ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և Գ.Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: 3. ՀՀ գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի դատական ակտը թողնելով անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալներ Դ.Գրիգորյանը և Գ.Վարդանյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։ 2022 թվականի հուլիսի 14-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը․ I. ՀՀ գլխավոր դատախազի բողոքի փաստարկները. 5․ Վճռաբեկ բողոք բերած ՀՀ գլխավոր դատախազը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հիմք է դատական ակտի բեկանման համար։ Մասնավորապես` բողոքաբերը գտել է, որ սույն քրեական գործով առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային դատարանին, առանց դատական քննություն նշանակելու, կայացնել գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։ Ըստ բողոքաբերի՝ գործը դատական քննության նախապատրաստելիս քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով դատարանը խախտել է մրցակցության սկզբունքը, ինչի արդյունքում մեղադրողը զրկվել է դատարանին բացարկ հայտնելու հնարավորությունից այն պայմաններում, երբ առկա են եղել դրա հիմքերը: Մասնավորապես՝ բողոքաբերի գնահատմամբ, նախագահող դատավորն ուղղակի կապի մեջ է գտնվել վերջինիս կազմում դատական նիստի քարտուղարի պարտականությունները կատարած Գ․Վարդանյանի հետ։ 5.1. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելու, ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի փաստական տվյալների ամբողջություն, որոնք կարող են ձեռք բերվել համապատասխան դատավարական գործողությունների կատարման արդյունքում՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը, սակայն, չի վկայում անձի նկատմամբ քրեական հետապնդման առկայության մասին։ 5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ավարտված քրեական վարույթի պայմաններում չի թույլատրվում կայացնել դատավարական որոշումներ և կատարել դատավարական գործողություններ, որպիսի պարագայում ՀՀ գլխավոր դատախազը զրկված է դատավորին առնչվող նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու հնարավորությունից, քանի որ, առանց հարուցված քրեական գործի առկայության, չունի դատավորին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու լիազորություն։ Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների մեկնաբանությունները խնդրահարույց են նաև դատավորի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հետագա դատական վերահսկողության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ դատարանի կողմից վերոնշյալ որոշման վերացման դեպքում քրեական գործի հարուցումը պարտադիր է, մինչդեռ նախքան քրեական գործի հարուցումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդությունը մերժվելու դեպքում քրեական գործի հարուցումը, ըստ ստորադաս դատարանների մեկնաբանության, կդառնա ապօրինի, ինչի արդյունքում դատախազը կզրկվի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջները կատարելու հնարավորությունից։ 5.3. Անդրադառնալով քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճառաբանական մասում Դ․Գրիգորյանի՝ որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մասին նշմամբ վերջինիս իրավունքների խախտման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին՝ բողոքաբերը գտել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ Դ․Գրիգորյանին որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մատնանշելն ինքնին չի կարող հանգեցնել ողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության, քանի որ Դ․Գրիգորյանն ունեցել է քրեական գործ հարուցելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն (որը նրա պաշտպանների կողմից փաստացի իրացվել է, սակայն վերջիններս հետագայում հրաժարվել են բողոքից), Դ․Գրիգորյանին որպես մեղադրյալ հարցաքննելիս մասնակցել են նրա պաշտպաններ Գ․Մելիքյանը և Ե․Վարոսյանը, ինչը վկայում է այն մասին, որ Դ․Գրիգորյանի պաշտպանության իրավունքը չի խախտվել։ 5.4. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներն առ այն, որ Դ․Գրիգորյանի և Գ․Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրված դատական նիստի արձանագրությունները չեն հավաստում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ, ուստի չեն կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առարկա, անհիմն են և չփաստարկված։ Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ կազմված կեղծ արձանագրության իրավական հետևանքը վերադաս դատական ատյանում դրա կեղծ լինելու փաստը պարզվելու դեպքում դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի առկայությունն է, ինչպես նաև գործի՝ ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի պահանջների պահպանվածության պարզումը։ 6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ II. Մեղադրյալներ Դ.Գրիգորյանի և Գ.Վարդանյանի բողոքի փաստարկները. 7․ Վճռաբեկ բողոք բերած մեղադրյալներ Դ․Գրիգորյանը և Գ․Վարդանյանը գտել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքաբերները, մասնավորապես, փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, բացի այդ, թերի է պատճառաբանել իր որոշումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմի՝ առանց դատաքննության կիրառելի չլինելու վերաբերյալ եզրահանգման գալու մասով։ 8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 5-ի որոշմանը կամ մասնակի՝ պատճառաբանական մասով, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը և կայացնել նոր դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը․ 9․ Մեղադրյալներ Դ.Գրիգորյանը և Գ.Վարդանյանը ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ներկայացրած պատասխանում նշել են, որ սույն քրեական գործով վարույթն ի սկզբանե՝ քրեական գործի հարուցման պահից, եղել է ապօրինի, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը, նախքան դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում հարուցելը, չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ 9.1. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձինք փաստարկել են նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 294-րդ հոդվածների կարգավորումները և սույն գործի փաստերը Առաջին ատյանի դատարանին իրավաչափորեն հնարավորություն են ընձեռել, առանց ապացույցների դատաքննական հետազոտման, կայացնելու քրեական գործի վարույթը կարճելու և իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում։ 9.2. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորի՝ Գ․Վարդանյանի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի մասին բողոքաբերի փաստարկներին՝ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձինք նշել են, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ դատական նիստերի քարտուղարը դատավորին կցված պաշտոն չէ։ 10. Վերոշարադրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձինք խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․ 11․ Նախաքննության մարմնի կողմից Դավիթ Գրիգորյանին երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. (…) [Դավիթ Գրիգորյանը], զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիքներ (…)։»: 11.1. Նախաքննության մարմնի կողմից Գոռ Վարդանյանին երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. (…) [Գոռ Վարդանյանը], զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության հիման վրա վարույթում քննված դատական գործերով պաշտոնեական կեղծիքներ կատարելուն (…)։»։ 12․ Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ (…) [Ք]րեական գործի նախապատմությունից ակնհայտ է, որ սույն քրեական գործը հարուցվել է առանց դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու: Գործի նյութերից երևում է, որ 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Խ.Մեջլումյանը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս հաստատված է համարել, որ խոսքը գնում է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ կեղծիք կատարելու դեպքի բացակայությանը: Ընդ որում, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը 13.02.2018 թվականին դիմել է դատավորին նրանից բացատրություն ստանալու ակնկալիքով (հատոր 1-ին գ.թ. 42), իսկ հետագայում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ուղարկել է դատավորին նրա աշխատանքի վայրի հասցեով՝ պարզաբանելով նաև որոշման բողոքարկման կարգը և ժամկետները (հատոր 1-ին գ.թ. 57): ՀՀ գլխավոր դատախազը 28.06.2019 թվականին վերացնելով քննիչի կողմից 18.02.2018 թվականին կայացրած որոշումը և հարուցելով քրեական գործ իր որոշման պատճառաբանական մասում նշել է. «...2019 թվականի փետրվարի 18-ին կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող բավարար տվյալներ, այն է՝ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, իսկ հանցակազմի մյուս հատկանիշների առկայության պարզումը հնարավոր կլինի հարուցված քրեական գործով անհրաժեշտ քննչական և այլ դատարավարական գործողությունների կատարման միջոցով»: Գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազն իր որոշմամբ ըստ էության քրեական հետապնդում է սկսել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ու այդ հետապնդումն իրականացվել է առանց օրենքով նախատեսված անձեռնմխելիության արգելքի հաղթահարման, ինչը պարտադիր էր հաղթահարելը, քանի որ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը արգելում են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության: Հիշատակված իրավադրույթներից ակնհայտ է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար՝ առաջնային որպես իմպերատիվ պայման, սահմանված է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության առկայությունը, հակառակ դեպքում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը դառնում է անհնարին: (…): [Դ]ատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի հունիսի 28-ին կայացված որոշումը վերաբերում է հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առիթով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, քրեական գործի հարուցմանը: Ընդ որում, դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ առկա են առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող բավարար տվյալներ, այսինքն՝ դատախազը քրեական գործ հարուցելով հիմնավոր է համարել դատավորի արարքում հանցակազմի տարրերից առնվազն մեկի առկայությունը: Այս հանգամանքը գալիս է հիմնավորելու, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ թեև ոչ ձևական (փաստաթղթային), սակայն բովանդակային (գործնական) իմաստով հարուցվել է քրեական հետապնդում: Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետի իմաստով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ: Այս կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը դատավոր Լևիկ Պողոսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0136/11/11 գործով 22.12.2011 թվականի որոշմամբ նշելով հետևյալը. «այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը: (…): Նման պայմաններում գտնում եմ, որ քրեական գործը հարուցվել է առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու, հետևաբար առանց օրինական հիմքի, ուստի իրականացվող քրեական հետապնդումն ի սկզբանե եղել է ապօրինի, ինչը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված հիմքով հետապնդումը բացառող հանգամանքի: (…): Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի այն փաստարկին, որ 2019 թվականի հուլիսի 27-ին ստացվել է Բարձրագույն դատական խորհուրդի համաձայնությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչից հետո ձեռք են բերվել Դ.Գրիգորյանի մեղադրանքը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի բավարար ապացույցներ, ապա գտնում եմ, որ հիշյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման և մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու հիմքում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը դրել էր ապօրինաբար հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի ձեռք բերված, գործին կցած և Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացված անթույլատրելի ապացույցները: Ինչը փաստվել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի օգոստոսի 5-ին կայացրած որոշմամբ՝ արձանագրելով սույն քրեական գործի ապօրինի հարուցված լինելու փաստը, արձանագրվել է նաև ինչպես դատավոր Դ.Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելը թույլատրելու դատախազի միջնորդության, այնպես էլ այդ միջնորդության կապակցությամբ ԲԴԽ-ի տրված համաձայնության ոչ իրավաչափությունը, քանի որ նախ՝ դատավարական վերոնշյալ գործողությունները և որոշումների կայացումը հաջորդել են քրեական գործ հարուցելուն, բացի այդ՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի և դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են ապօրինաբար հարուցված քրեական գործով ձեռքբերված անթույլատրելի ապացույցների վրա, քանի որ հարուցման պահից ևեթ ողջ վարույթը դատավոր Դ.Գրիգորյանի նկատմամբ եղել է անօրինական, ուղեկցվել նրա իրավունքների, մասնավորապես՝ դատավորի անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներով: Ընդ որում, դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն տալն ինքնին չի «օրինականացնում» նույնիսկ այդ որոշումից հետո նախաքննության մարմնի ձեռնարկած քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքներով ձեռք բերված ապացույցները, քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները, կազմած և հաստատած մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազի մյուս փաստարկը. «(…) Ա.Կարապետյանի գործով կայացված որոշման, որն ի դեպ զարգացվել է Լ.Պողոսյանի վերաբերյալ ընդունված որոշումից հետո, լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ հարկ է նշել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճառաբանական մասում Դավիթ Գրիգորյանի՝ որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մասին նշումը ինքնին Դ.Գրիգորյանի իրավունքների խախտման վկայություն չէ, հետևաբար հետագա վարույթի անօրինականության չի կարող հանգեցնել։»: Գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ փաստարկը որևէ առնչություն չունի քննարկվող իրավիճակի հետ մի քանի հիմնավորումներով. Այսպես, Գլխավոր դատախազը վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը անտեսել է այն հանգամանքը, որ գործի փաստական հանգամանքներն էապես տարբեր են և չեն կարող նույնացվել թե Լևիկ Պողոսյանի, թե Դավիթ Գրիգորյանի գործերով փաստական հանգամանքների հետ, առաջին հերթին այն պատճառով, որ վերջիններս դատավորներ են, նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունների կատարման հետ կապված ենթադրյալ կեղծիք կատարելու կապակցությամբ, որի պարագայում առկա է Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու անհրաժեշտությունը, իսկ Արթուր Կարապետյանի դեպքում քրեական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ սահմանափակվել է վերջինիս ազատությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ ապօրինի թմրամիջոցներ տեղափոխելու կասկածանքով ու Ա.Կարապետյանն օժտված չէ անձեռնմխելիությամբ, հետևաբար նաև դրա արգելքի հաղթահարման անհրաժեշտությունը բացակայում է: Նման պայմաններում Արթուր Կարապետյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումը չի կարող նույնացվել դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի փաստական հանգամանքների հետ, քանզի առաջինի դեպքում, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նրան որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինիս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները: Իսկ դատավոր Դ.Գրիգորյանի դեպքում վերջինիս ոչ միայն չի տեղեկացվել քրեական գործ հարուցելու մասին որոշման առկայության վերաբերյալ, ինչով խախտվել է նրա որպես անձի պաշտպանության իրավունքը, այլև խախտվել է դատական իշխանության անկախության հանրային երաշխիքը, քանի որ անձեռնմխելիությունից օգտվող դատավորի համար քրեական հետապնդումից պաշտպանվելու առանձնահատկությունը, ոչ թե այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ դատական իշխանության անկախության հանրային երաշխիքն է: (…): Բացի այդ, համակարծիք եմ նաև պաշտպանների այն տեսակետին, որ Դ.Գրիգորյանի և Գ.Վարդանյանի մեղադրանքի ձևակերպումները անորոշ, անհստակ ու վերացական են, և դրանք թույլ չեն տալիս պատկերացում կազմելու՝ նրանցից յուրաքանչյուրի որ գործողություներն են հիմք հանդիսացել նրանց արարքներին նման քրեաիրավական որակում տալու համար, քանի որ մեղադրանքի նման ձևակերպումն ըստ էության խախտում է նաև պատշաճ կերպով իրականացնել պաշտպանության իրավունքը, ինչը հանգեցնում է արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման: (…): Համաձայն մեղադրանքի որոշումների և նախաքննական մարմնի վարկածի՝ պարզ թղթային եղանակով կազմված տվյալ նիստի արձանագրությունն ակնհայտ կեղծ է, քանի որ դրանում «տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները չեն ներկայացել, որի հետևանքով էլ դատական նիստը հետաձգվել է» մեկ այլ հերթի: Մինչդեռ, փաստ է, որ վերոնշյալ անձինք դատական նիստի վայրի և ժամանակի մասին չեն ծանուցվել, ու փաստ է նաև, որ նրանք դատական նիստին չեն ներկայացել և մասնակցել, հետևաբար՝ անհասկանալի է, թե արձանագրության մեջ առկա այդ տեղեկատվության ինչն է կեղծ կամ դրա որ մասն է կեղծ, այլ կերպ՝ ինչն է, որ իրականությանը չի համապատասխանում: Արձանագրության մեջ նշված է, որ «դատարանը վերջիններիս չներկայանալու պատճառների մասին որևէ տեղեկություն չի ստացել», հավանաբար նախաքննական մարմինն այս հանգամանքը գնահատել է որպես ակնհայտ կեղծ տեղեկությունների արձանագրում: Քննիչի կողմից 23.07.2019 թվականին զննված և քրեական գործին կցված թիվ ԵԴ/0428/11/18 և թիվ ԵԴ/0483/13/18 գործերի նյութերում բացակայում է որևէ փաստաթուղթ, որը կարող էր վկայել այն մասին, որ դատարանը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դատական նիստը որևէ աղբյուրից՝ գրավոր կամ թեկուզ բանավոր եղանակով տեղեկություն է ստացել առ այն, որ կողմերը չեն ներկայանալու դատական նիստին, ուստի դատական նիստի արձանագրության մեջ նշված «տեղեկություն չստանալու» վերաբերյալ ձևակերպումը չի կարող կեղծ լինել: Նախաքննական մարմինը նիստի արձանագրությունների կեղծված լինելու տակ հավանաբար նկատի ունի այն, որ դատական նիստի քարտուղար Գ.Վարդանյանը և դատավոր Դ.Գրիգորյանը մինչև տվյալ արձանագրության էլեկտրոնային նախագծի կազմումը, տպումը, ստորագրումը, իսկ դատավորի կողմից՝ նաև դրա կնքումը պարզել են, որ կողմերին ծանուցումները չեն ուղարկվել, հետևաբար՝ նրանք նիստին գալ չէին կարող: Ստացվում է, որ նախաքննական մարմինը որպես կեղծիք է դիտում այն հանգամանքը, որ արձանագրության մեջ չի նշվել, դատավարության մասնակիցների դատական նիստին չներկայանալու իրական պատճառը՝ նրանց նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ նախապես ծանուցումներ չուղարկելու մասին նշում չկատարելը, ինչը ըստ էության անգործություն է, ու երբեք չի կարող որակվել որպես պաշտոնական կեղծիք, քանի որ այդ արարքը կարող է կատարվել բացառապես գործողությամբ՝ ակտիվ վարքագծով: Ավելին, դատավորին կցված աշխատողների անփույթ աշխատանքի մասին դատական նիստի արձանագրության մեջ նշում չկատարելը չի կարող քրեաիրավական հետևանքներ առաջացնել դատավորին չկցված աշխատողի՝ դատական նիստի քարտուղարի, առավել ևս՝ դատավորի համար: Ինչ վերաբերում է դատական նիստերի կայացած չլինելու վերաբերյալ նախաքննական մարմնի պնդումներին, ապա հարկ է նշել, որ այդ պնդումները նույնպես հիմնված են ենթադրությունների վրա, քանի որ մեղադրանքի որոշումների մեջ հստակեցված չէ, թե ենթադրաբար կեղծ, պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությունը փաստացի որտեղ է կազմվել՝ դատական նիստերի դահլիճում, թե դատավորին կցված աշխատողների սենյակներում, երբ է կազմվել, տպվել, ստորագրվել և կնքվել, քանի որ պաշտոնեական փաստաթղթի նշանակություն այն կարող է ստանալ միայն ստորագրելուց և կնքվելուց հետո, որպիսի գործողությունները կարող էին տեղի ունենալ ինչպես հաջորդաբար՝ առանց ընդմիջման, այնպես էլ ժամանակային որոշակի դադարով՝ օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց, քանի որ համակարգչի մեջ համապատասխան ֆայլ ձևավորելու և դրա վրա կոնկրետ գործի վերաբերյալ տվյալները մուտքագրելու կամ փոփոխության ենթարկելու վերաբերյալ փաստական տվյալների առկայությունը չի ենթադրում, որ դրա մեջ հավաքված արձանագրությունների էլեկտրոնային տարբերակները տպվել, ստորագրվել և կնքվել են նույն օրը: Իրեղեն ապացույց ճանաչված դատական նիստերի արձանագրությունները կարող էին պատրաստվել հետագայում, նիստի օրից տևական ժամանակ անց կազմելու՝ ստորագրելու և կնքելու եղանակով, այդ կերպ նաև դրանցում առկա նիստի օրվա, ժամի, դատական նիստերի դահլիճի և այլ տեղեկությունների վերաբերյալ գրառումները կարող են նաև վրիպակի արդյունք լինել: Հարկ է արձանագրել, որ մեղսագրվող հանցանքների կատարման ժամանակը՝ արձանագրությունների ստորագրման և կնքման օրը, վայրը պարզելն սույն գործով ապացուցման ենթակա կարևորագույն հանգամանք է, սակայն այն մեղադրանքի որոշումների մեջ հստակորեն նշված չէ, ինչի պայմաններում հնարավոր չէ ընկալել, թե դատավորը, ով ըստ վարույթն իրականացնող մարմնի, գիտակցաբար է կեղծել արձանագրությունները, երբ է տեղեկացել այն մասին, որ տվյալ նիստերի արձանագրությունների մեջ նշված օրը և ժամը 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 09:30-ի սահմաններում ենթադրաբար տեղի չեն ունեցել, մինչ նիստերը, թե նիստերից հետո, երբ է ստորագրել և կնքել դրանք: Եթե այդ հանգամանքը նրան հայտնի է դարձել արձանագրությունները ստորագրելուց և կնքելուց հետո, նրա մոտ ուղղակի դիտավորության, հետևաբար՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության մասին խոսելն անիմաստ է: (…): Պաշտպանների կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ/0061/01/15 գործով իրավական դիրքորոշման՝ ենթադրյալ հանցավոր արարքի սուբյեկտի հատկանիշները (անչափահաս, պաշտոնատար անձ լինելը և այլն) չպետք է ազդեն նրա կատարած արարքի նվազ կարևոր լինելու հարցը որոշելու վրա, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ գնահատման ենթակա է ոչ թե անձի, այլ արարքի հանրային վտանգավորությունը: Տվյալ դիրքորոշման պայմաններում արարքի նվազ կարևոր լինելն արձանագրելու համար որևէ նշանակություն չունի, որ քննարկվող արձանագրությունը ստորագրել և կնքել է դատավորը, քննիչը, թե հետաքննություն կատարող անձը, առավել ևս էական չէ այն, որ դրանք ենթադրաբար կազմել նաև ստորագրել է դատական նիստի քարտուղարը, ով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ընդհանրապես չի կարող պաշտոնատար անձ համարվել: Այսպիսով, դատավոր Դ.Գրիգորյանին և դատական նիստի քարտուղար Գ.Վարդանյանին մեղսագրված արարքները չեն կարող հանցագործություն համարվել հետևյալ հիմքերով. ա. ենթադրաբար կեղծված արձանագրությունները չեն հանդիսանում պաշտոնական փաստաթուղթ, քանի որ չեն բովանդակում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ կամ իրադարձություն. բ. ենթադրաբար կեղծված արձանագրություններն իրականությանը չհամապատասխանող տվյալներ չեն բովանդակում, ըստ մեղադրանքի ձևակերպման՝ իրականությանը չհամապատասխանող տվյալն այն է, որ արձանագրություններում չի նշվել նիստերի հետաձգման բուն պատճառը՝ ծանուցումները դատավորի աշխատակազմի մեղքով կողմերին նախապես ուղարկված չլինելը, որպիսի ենթադրյալ արարքը կարող էր դրսևորվել բացառապես պասիվ վարքագծով՝ անգործությամբ, այլ կերպ՝ չարձանագրելով. գ. եթե անգամ վերագրված արարքները ենթադրաբար դրսևորվել են ակտիվ վարքագծով՝ գործողություններով, դրանք ձևականորեն են պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, քանի որ իրենց նվազ կարևոր լինելու ուժով չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել: Ընդ որում, դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտի դեմ, Ս.Փանոսյանի բողոքները մերժվել են վերադաս բոլոր դատական ատյաններում, հետևաբար չի կարելի ենթադրություն անել, որ նրան ոչ ձեռնտու ելքով դատական ակտի կայացմամբ վերջինիս ողջամտորեն որևէ վնաս է պատճառվել, կամ կարող էր պատճառվել: Վերը թվարկված բացթողումները ու անտրամաբանական, երևակայական ու վերացական եզրահանգումները, և սահմանադրական ու քրեադատավարական օրենքների աղաղակող խախտումները, հանգեցրել են որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման և այդ խախտումները չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում, ուստի մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և քրեկան գործի վարույթը կարճման՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ (…):»։ 13․ Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Մինչև բողոքարկվող որոշմանն ըստ էության անդրադառնալը՝ վերաքննիչ բողոքում արձանագրում է կատարվել այն մասին, որ «…դատական քննության նախապատրաստական փուլում քրեական գործով վարույթը կարճելու և մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս դատարանը խախտել է մրցակցության սկզբունքը՝ արդյունքում մեղադրող դատախազին զրկելով դատարանին ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունից, որպիսի հիմքեր առկա են եղել … մասնավորապես պարզվել է, որ նախագահող դատավորն ուղղակի կապի մեջ է գտնվել մեղադրյալ Գոռ Վարդանյանի հետ (վերջինս իր պաշտոնավարումը դադարեցված ժամանակահատվածում ներքին կարգով փաստացի աշխատել է նախագահող դատավորի աշխատակազմում), որպիսի պայմաններում նախատեսվել էր դատարանի կազմին հայտնել ինքնաբացարկի միջնորդություն՝ մեղադրյալի հետ ուղղակի կապ ունենալու հիմքով, որը չէր կարող վկայել դատարանի անկողմնակալության և անաչառության մասին»։ (…)։ Վերոշարադրյալ քրեադատավարական իրավադրույթներից ուղղակիորեն բխում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը դրա մասին պարտավոր չէ տեղյակ պահել մեղադրողին, ինչը նշանակում է, որ մեղադրողը կարող է օբյեկտիվորեն տեղյակ չլինել, թե տվյալ դատարան մուտք եղած կոնկրետ քրեական գործը ո՞ր դատավորն է վարույթ ընդունել։ Դրանից հետո, քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը այդ պահից 15 օրվա ընթացքում իրավասու է կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, այդ թվում՝ որոշում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ընդ որում, ակնհայտ է, որ այդ որոշումը կարող է կայացնել միայն այն դեպքում, եթե ինքնաբացարկի մասին որոշում չի կայացնում՝ դրա համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պատճառով։ Տվյալ դեպքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․Բալայանը սահմանված կարգով վարույթ ընդունելով սույն քրեական գործը, այդ պահից 15 օրվա ընթացքում որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը վկայում է այն մասին, որ ինքնաբացարկի մասին որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայել է։ Այսպիսի դեպքերում մեղադրողին այլ ելք չի մնում, քան համապատասխան հիմքերի առերևույթ առկայության պայմաններում դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հարցի վիճարկումը վերադաս դատական ատյանում, ինչը որ տվյալ դեպքում տեղի է ունեցել։ (…): Վերաքննիչ բողոքում ուղղակի պնդում կա այն մասին, որ սույն գործով մեղադրյալ Գոռ Վարդանյանն իր պաշտոնավարումը դադարեցված ժամանակահատվածում ներքին կարգով փաստացի աշխատել է նախագահող դատավոր Դ․Բալայանի աշխատակազմում։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա․Ասլանյանի կողմից 01․07․2020թ․ տրված տեղեկանքի համաձայն՝ «․․․տրվում է Գոռ Տիգրանի Վարդանյանին /անձ․ 007773435, տրված 26․01․2016թ․ 007-ի կողմից/, առ այն, որ նա 05․04․2016 թվականից աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես դատական նիստերի քարտուղար, իսկ 07․04․2018 թվականից շարունակում է աշխատել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում»։ Իսկ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2018թ․ մարտի 16-ի թիվ 19Լ որոշմամբ հաստատված դատական նիստերի քարտուղարի պաշտոնի անձնագրով՝ վերջինս դատավորին կցված պաշտոն չէ (ի տարբերություն դատավորի օգնականի և գործավարի), նիստի քարտուղարի անմիջական ղեկավարը դատարանի աշխատակազի ղեկավարն է և (կամ) աշխատակազմի նստավայրի պատասխանատուն, որոնց և ենթակա ու հաշվետու է։ Հետևաբար՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում, որ սույն գործով մեղադրյալ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի պաշտոնավարումը դադարեցված է եղել և այդ ժամանակահատվածում վերջինս ներքին կարգով փաստացի աշխատել է նույն դատարանի դատավոր Դ․Բալայանի աշխատակազմում։ Իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․Բալայանի (ինչպես նաև այդ դատարանի այլ դատավորների) նախագահությամբ նիստերում դատական նիստի քարտուղարի պարտականությունների կատարումը բավարար և հիմնավոր փաստարկ չէ առ այն, որ դատավոր Դ․Բալայանն «ուղղակի կապի մեջ է գտնվել մեղադրյալ Գ․Վարդանյանի հետ», որն էլ իբրև վկայում է դատավորի կողմնակալ և աչառու լինելու մասին։ Վերաքննիչ բողոքում բարձրացված հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե արդյո՞ք իրավաչափ է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ դատավոր Դ․Գրիգորյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պայմաններում նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և գործող օրենսդրության իրավակարգավորումների պայմաններում, երբ քրեական գործ հարուցելու որոշման մեջ հիշատակվում է անձի մասին տվյալներ, որպես ենթադրյալ հանցանք կատարողի, անհրաժեշտ է արդյոք ստանալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը, թե՝ ոչ։ (…): Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու քրեական գործ հարուցելու և դրանով իսկ ապօրինի քրեական հետապնդում սկսելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի վերոշարադրյալ փաստարկների և հիմնավորումների հետ, և գտնում է, որ դրանցով հերքվում են այդ կապակցությամբ վերաքննիչ բողոքում շարադրված պատճառաբանությունները։ Ուստի, կրկնություն թույլ չտալու նկատառումներից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը նպատակահարմար չի գտնում նորից մեկ առ մեկ անդրադառնալ այդ պատճառաբանություններին։ Միևնույն ժամանակ, ի լրումն վերոշարադրյալ հարցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների, Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը․ ա/ Առաջին ատյանի դատարանը դատավոր Դ․Գրիգորյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պայմաններում քրեական գործ հարուցելը որպես ապօրինի քրեական հետապնդում է դիտել և մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացնելիս դատական քննության նշանակելու օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ հարցին գնահատական կարող էր տրվել առանց քրեական գործով ձեռք բերված ապացույցները դատաքննությամբ հետազոտելու։ բ/ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հիշատակվում է դատավորի մասին տվյալներ՝ որպես ենթադրյալ հանցանք կատարողի, ապա Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ է հիմնավորել տվյալ անձի առնչությունը ենթադրյալ կատարված հանցագործությանը, որի դեպքում պահանջվում է հիմնավորվածության ավելի ցածր աստիճան, քան անհրաժեշտ է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելիս։ Այլ խոսքով, դատավորի մասին տվյալների մատնանշմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է հաղթահարել փաստական տվյալների ներկայացման ավելի ցածր շեմ՝ հիմնավորելու համար քրեական գործի հարուցելու առիթի և հիմքերի /հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների/ առկայությունը։ Մինչդեռ, անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար անհրաժեշտ է անձին վերագրվող հանցակազմի բոլոր տարրերի առկայությունը։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդումներին, որոնց համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալներին վերագրվող արարքների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության, ինչպես նաև առաջադրված մեղադրանքների ձևակերպումների՝ անորոշ, անհստակ և վերացական լինելու վերաբերյալ եզրահանգում կարող էր կատարել բացառապես դատական քննության պայմաններում, ապա Վերաքննիչ դատարանը դրանք համարում է հիմնավորված՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ եզրահանգման հնարավոր էր գալ միայն դատական քննության ընթացքում գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելու, վերլուծելու և գնահատելու արդյունքում։ (…):»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ 14․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքի և անձի նկատմամբ բովանդակային իմաստով (փաստացի) քրեական հետապնդման առկայության դեպքում արդար դատաքննության իրավունքից ածանցվող պաշտպանության իրավունքի իրացման դատավարական երաշխիքների հարաբերակցության, դատական քննության նախապատրաստական փուլում քննարկման առարկա հարցերի շրջանակի, ինչպես նաև դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա հանդիսանալու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։ 15․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք սույն քրեական գործն ի սկզբանե՝ դրա հարուցման պահից, ապօրինի լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունը։ I. Դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի և արդար դատաքննության իրավունքի հարաբերակցությունը. 16. 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության (այսուհետ նաև՝ ՀՀ Սահմանադրություն) 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (…):»։  ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` 1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք. 2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք. 3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք. 4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. 5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:»։ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ «2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ: (…) 4․ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…): 3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր  ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։» ։ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ «(…)։ 2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: 3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ (…)։»: Նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (…) վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը: 2. Գլխավոր դատախազը միջնորդությանը կից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (…) վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: (…)»։ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` (…) 18) քրեական հետապնդման հարուցում` քրեական հետապնդման մարմնի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին. (…)»: Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: 2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը: (…):»։ 17․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ ձևավորել է կայուն նախադեպային իրավունք՝ արտահայտելով իրավական դիրքորոշում այն մասին, որ «մեղադրանքը» կարող է սահմանվել որպես «իրավասու մարմնի կողմից անձին տրված պաշտոնական ծամուցումը՝ անձի կողմից քրեական իրավախախտում կատարելու ենթադրության վերաբերյալ», որպիսի սահմանումը համապատասխանում է նաև «[կասկածյալի] վիճակի վրա էական ազդեցությունը» պարզելու չափանիշին։ 18․ Դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը կարգավորող վերոնշյալ սահմանադրաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը դատավորին օժտել է գործառութային անձեռնմխելիությամբ, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, իսկ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատական իշխանության անկախության երաշխիք հանդիսացող դատավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ին կայացված որոշմամբ՝ արձանագրելով, որ. «Դատական իշխանության անկախության հիմնարար արժեքի ապահովմանն ուղղված երաշխիքների շարքում դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքն ունի առանձնահատուկ տեղ: (…) [Դ]ատավորին անձեռնմխելիության ավելի բարձր մակարդակով օժտող սահմանադրական նորմերը հետապնդում են գերակա իրավական նպատակ` բացառել արդարադատության իրականացման ընթացքում դատավորի որոշումների վրա ներազդելու նպատակ ունեցող ցանկացած ոչ իրավաչափ ազդեցության, սպառնալիքի, ճնշման կամ այլ միջամտության հնարավորությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է: Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ դատական իշխանության անկախության հանրային երաշխիք է: Այլ կերպ` դատավորի անձեռնմխելությունն անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի` այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք։»:  Լևիկ Պողոսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0136/11/11 գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Ա]յն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը: (…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից: (…): Այսպիսով, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման։»: Արթուր Կարապետյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0201/11/17 գործով 2019 թվականի հունիսի 12-ին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է հետևյալը․ «[Ք]րեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները։ Ըստ այդմ էլ քրեական գործ հարուցելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում պետք է քննարկման առարկա դառնա այն հարցը, թե արդյոք նշված որոշման մեջ կոնկրետ անձին որպես հանցանք կատարող մատնանշած լինելու, այսինքն՝ փաստացի քրեական հետապնդում հարուցելու պարագայում պահպանվել են վերջինիս՝ որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար երաշխավորված դատավարական իրավունքները։ Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձի անունը մատնանշելը, ինքնին դեռևս չի վկայում վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման մասին և դատարանը կարող է որոշում կայացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին, եթե անձին հնարավորություն չի տրվել օգտվելու համապատասխան դատավարական իրավունքներից։»: 19․ Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում առաջին հերթին հարկ է համարում անդրադառնալ դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքի և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից ածանցվող պաշտպանության իրավունքի ապահովման դատավարական երաշխիքների հարաբերակցության հարցին։ 20․ Այսպես, Վճռաբեկ դատարանը, իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքին, մշտապես ընդգծել է, որ դատավորի անկախությունը վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակի անբաժանելի տարրերից մեկն է, որի բովանդակության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Վերահաստատելով և զարգացնելով Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի անձեռնմխելիությունն առաջին հերթին ոչ թե իրավունքի մասնավոր սուբյեկտին վերապահված սուբյեկտիվ իրավունք է, այլ պետական իշխանության ճյուղերից մեկի՝ դատական իշխանության անկախության ապահովման հանրային-իրավական երաշխիք։ Այլ կերպ ասած՝ դատավորի անձեռնմխելիությունը դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական երաշխիք է, որի ամրագրումը պայմանավորված է արդարադատության իրականացման ընթացքում դատավորի որոշումների վրա ներազդելու նպատակ հետապնդող ցանկացած ոչ իրավաչափ ազդեցության, սպառնալիքի, ճնշման կամ այլ միջամտության հնարավորությունը բացառելու հանրային շահով, մինչդեռ արդար դատաքննության իրավունքը հանցագործության մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվող սուբյեկտիվ իրավունք է, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը մեղադրանքից պաշտպանվելու անձի իրավունքն է։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող պաշտպանության իրավունքի իրացման երաշխիքներն ապահովվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերով, մինչդեռ դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, մասնավորապես՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալու ընթացակարգը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով։ Ասվածից հետևում է, որ անձի նկատմամբ թե՛ ձևական, թե՛ բովանդակային իմաստով քրեական հետապնդման առկայության դեպքում անձի պաշտպանության իրավունքի իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները, մասնավորապես, ի թիվս այլնի, ներկայացված մեղադրանքի մասին տեղեկացվելու, լռելու, անձամբ կամ պաշտպանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները, ապահովում են վերջինիս արդար դատաքննության իրավունքի իրացումը և չեն կարող վերաբերելի լինել դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու օրենսդրական պահանջին։ Հետևաբար չեն կարող նույնացվել նպատակներով միմյանցից էապես տարբերվող՝ արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիքները գործի դնելու և դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավաբանական փաստերը։ Մասնավորապես, եթե արդար դատաքննության իրավունքի իրացման դատավարական բնույթի երաշխիքները գործի դնելու նպատակը կոնվենցիոն այդ իրավունքի ձևական (պատրանքային) բնույթը բացառելն է, ապա դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության երաշխիքի ապահովման նպատակը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բավարար շեմը հաղթահարող փաստական տվյալների բացակայության պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը (այլ կերպ ասած՝ անհիմն քրեական հետապնդում հարուցելը) բացառելն է։ Ըստ այդմ էլ, եթե արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիքները գործի դնելու իրավաբանական փաստերը քրեական մեղադրանքի փաստացի գոյության մասին վկայող գործողություններն են (այնպիսի գործողությունները, որոնք կապված են անձին հանցանքի կատարման մեջ կասկածելու հետ և միաժամանակ էական ազդեցություն են թողնում անձի վիճակի վրա), ապա դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավաբանական փաստերը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված՝ ձևական քրեական հետապնդման հարուցման (որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ խափանման միջոց կիրառելու կամ ձերբակալման որոշում կայացնելու) համար անհրաժեշտ ապացուցողական շեմերը բավարարող փաստական տվյալներն են։ Վերը նշված եզրահանգումը բխում է նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման համար Բարձրագույն դատական խորհուրդ պետք է ներկայացվեն դատավորի կողմից ենթադրյալ հանցանքի կատարման մասին վկայող փաստական տվյալները, որը քրեադատավարական իմաստով կարող է լինել ոչ այլ ինչ, քան անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ խափանման միջոց կիրառելու կամ ձերբակալման որոշում կայացնելու համար բավարար փաստական տվյալների համակցությունը։ Այդպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հիմքում սահմանադրի կողմից դրվել է ոչ թե արդար դատաքննության իրավունքի երաշխիքներն ապահովելու, այլ դատավորի նկատմամբ անհիմն քրեական հետապնդման հարուցումը բացառելու գաղափարը։ Վերոհիշյալ մոտեցումը պայմանավորված է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու համար նրա կողմից իր լիազորությունների կատարման կապակցությամբ ենթադրյալ հանցանքի կատարման մասին վկայող փաստական տվյալների օրենսդրորեն ամրագրված բարձր ապացուցողական շեմի առկայության անհրաժեշտությամբ, ինչը հնարավոր է ապահովել բացառապես հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում։ Ընդ որում, սահմանադրի նման մոտեցումը բխում է նաև 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածով նախատեսված նորմի ձևակերպումից, որը դատավորին քրեական հետապնդման անձեռնմխելիությունից զրկելու նպատակով համապատասխան մարմին դիմելու հնարավորությունը կապում էր բացառապես դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, այսինքն՝ ձևական իմաստով քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտության հետ։ Մասնավորապես՝ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։»։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակության հարցում սահմանադրի մոտեցումը փոփոխվել է միայն այնքանով, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ, ի տարբերություն 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության, նախատեսվել է դատավորի ոչ թե բացարձակ, այլ գործառութային անձեռնմխելիությունը, բացի այդ, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիությունը, բացի որպես մեղադրյալ ներգրավելուց, տարածվում է նաև քրեական հետապնդում հարուցելու մյուս դրսևորումների՝ մինչ որպես մեղադրյալ ներգրավելը նրան ձերբակալելու կամ խափանման միջոց կիրառելու որոշումներ կայացնելու վրա։ Վերոգրյալից հետևում է, որ ինչպես 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածով նախատեսված՝ «որպես մեղադրյալ ներգրավել», այնպես էլ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական հետապնդում հարուցել» եզրույթներն ինքնավար (ավտոնոմ) նշանակություն չունեն և համապատասխանում են այդ եզրույթների՝ ճյուղային օրենսդրությամբ բացահայտված բովանդակությանը։ Հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի փաստացի քրեական հետապնդման մասին վկայող՝ ապացուցողական էապես նվազ շեմ բավարարող իրավաբանական փաստերի առկայության դեպքում դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարելու հնարավորության՝ բացառելով հետագայում ձևական քրեական հետապնդում հարուցելու շեմը հաղթահարված լինելու հարցին իրավասու մարմնի (տվյալ դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի) կողմից գնահատական տալու հնարավորությունը, որպիսի մեկնաբանությունը կիմաստազրկի դատական իշխանության անկախության այդ երաշխիքի դերն ու նշանակությունը։ Ասվածը, սակայն, չի նշանակում, որ մինչև քրեական հետապնդում հարուցելու համապատասախան ապացուցողական շեմերը բավարարող փաստական տվյալների հիման վրա դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալը և քրեական հետապնդում հարուցելը կոնվենցիոն իմաստով քրեական մեղադրանքի առկայության դեպքում արդար դատաքննության իրավունքի երաշխիքները չպետք է գործեն դատավորի նկատմամբ կամ որ այդ երաշխիքները խախտելը չպետք է հանգեցնի համապատասխան իրավական հետևանքների, այդ թվում՝ ձեռք բերված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության։ 21․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Դ․Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և Գ․Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ գլխավոր դատախազն իր որոշմամբ, ըստ էության, քրեական հետապնդում է սկսել դատավոր Դ.Գրիգորյանի նկատմամբ առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման՝ գտնելով, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ապօրինի։ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, իր համաձայնությունն է հայտնել առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու քրեական գործի հարուցումն ի սկզբանե ապօրինի լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին։ 22․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախքան Դ․Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու պայմաններում Դ․Գրիգորյանի՝ որպես դատավորի անձեռնմխելիության իրավունքի խախտման և քրեական գործի՝ ի սկզբանե ապօրինի հարուցված լինելու վերաբերյալ եզրահանգման գալով, ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված՝ դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության և ՀՀ Սահմանադրության 63-րդ ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքից ածանցվող պաշտպանության իրավունքի բովանդակությունն ու առանձնահատկությունները։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում, մասնավորապես, արձանագրել, որ Դ․Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով քրեական հետապնդում հարուցվել է 2019 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ՝ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու պահից, որից առաջ՝ 2019 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդություն, որը Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ բավարարվել է։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների այն հետևությունը, որ սույն քրեական գործն ի սկզբանե, այսինքն՝ դրա հարուցման պահից, եղել է ապօրինի՝ դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հետևանքով։ II. Բողոքաբերների բարձրացրած մյուս հարցերը. 23․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավոր Դ.Բալայանի ինքնաբացարկի հիմքերի առկայության մասին ՀՀ գլխավոր դատախազի բողոքի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. 24․ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»: «ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: 2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` 1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ․ (…):» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է: (…):» 25․ ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 28–ի թիվ ՍԴՈ–918 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ. «ինքնաբացարկը ՀՀ իրավահամակարգում հանդիսանում է այնպիսի ինստիտուտ, որը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը՝ ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ դատարանի անաչառության պահանջի առնչությամբ նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի անաչառությունը կարող է որոշվել սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատումներով։ Մասնավորապես` սուբյեկտիվ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ դատավորի անձնական համոզմունքը և վարքագիծը, այսինքն՝ արդյո՞ք դատավորը տվյալ գործում ունեցել է անձնական կանխակալ կամ կողմնակալ վերաբերմունք, մինչդեռ օբյեկտիվ գնահատման դեպքում պետք է պարզել՝ արդյո՞ք տրիբունալը, և մյուս կողմից՝ դրա կազմն առաջարկել են բավարար երաշխիքներ՝ իր անաչառության առումով որևէ ողջամիտ կասկած բացառելու համար։ Օբյեկտիվ գնահատումը հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթին ներգրավված այլ անձանց միջև աստիճանակարգային կամ այլ կապերին, որոնք կարող են օբյեկտիվորեն հիմնավորել դատարանի անաչառության հետ կապված մտավախությունները, և հետևաբար չեն համապատասխանում Կոնվենցիայի չափորոշիչներին՝ օբյեկտիվ գնահատման տեսանկյունից: 26․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորի անաչառությունը պետք է օբյեկտիվ գնահատման առարկա դառնա, այսինքն՝ պետք է պարզել՝ արդյոք դատավոր Դ.Բալայանը տվյալ գործով մեղադրալ Գ․Վարդանյանի հետ գտնվել է աստիճանակարգային կամ այլ կապերի մեջ, որպիսիք կարող են օբյեկտիվորեն հիմնավորել դատարանի անաչառության հետ կապված բողոքաբերի մտահոգությունները։ 27․ Սույն գործի նյութերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ եկել է հետևության առ այն, որ Առաջին ատյանի դատարանում դատավոր Դ․Բալայանի նախագահությամբ նիստերում Գ․Վարդանյանի կողմից դատական նիստի քարտուղարի պարտականությունները կատարելը նախագահող դատավորի հետ մեղադրյալի ուղղակի կապի մեջ գտնվելը հիմնավորող բավարար փաստարկ չէ։ 28․ Վճռաբեկ դատարանն առաջին հերթին հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով մեղադրյալ Գ․Վարդանյանն Առաջին ատյանի դատարանում դատավոր Դ․Բալայանի հետ աստիճանակարգային հարաբերությունների մեջ չի գտնվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերի քարտուղարը համարվում է դատարանի ծառայող, իսկ դատավորը չի հանդիսանում դատական նիստերի քարտուղարի անմիջական ղեկավարը: Ինչ վերաբերում է դատավոր Դ․Բալայանի և մեղադրյալ Գ․Վարդանյանի միջև այլ հարաբերությունների առկայությամբ պայմանավորված՝ դատարանի անաչառության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չափով հիմնավորված չեն։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքում չեն ներկայացվել տվյալներ առ այն, թե դատավոր Դ.Բալայանի նախագահությամբ Գ.Վարդանյանը որպես դատական նիստի քարտուղար քանի անգամ և ինչ հաճախականությամբ է մասնակցել դատական նիստերին, առանց որի հնարավոր չէ տվյալ գործով եզրահանգել, որ դատական ակտ կայացնելիս դատավոր Դ.Բալայանը կողմնակալ է եղել։ Ուստի, դատավորի հետ դատական նիստերի քարտուղարի ենթակայական հարաբերությունների բացակայության օրենսդրական կարգավորման և նրանց միջև սերտ հարաբերությունների մասին վկայող տվյալների բացակայության պայմաններում, սույն գործով չի հիմնավորվում այն մտավախությունը, որ դատավոր Դ.Բալայանը մեղադրյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ունեցել է կանխակալ վերաբերմունք։ 29․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից գործը դատաքննության նախապատրաստելիս քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով մեղադրանքի կողմին՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն այս առումով իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատավարության քննարկվող փուլում քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելը չի զրկել մեղադրանքի կողմին դատավորի անաչառության վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնելու հնարավորությունից, քանի որ դատավորի բացարկի հիմքերը, հետաձգված բողոքարկման շրջանակներում, ըստ էության, ներկայացվել են Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից դարձել են քննարկման առարկա։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ փաստարկներն անհիմն են։ 30․ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության, ինչպես նաև բացառապես գործով ձեռք բերված ապացույցները դատական քննության ընթացքում հետազոտելու, վերլուծելու և գնահատելու արդյունքում մեղադրական եզրակացության մեջ առկա ձևակերպումների անորոշ, անհստակ և վերացական լինելու վերաբերյալ եզրահանգման գալու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևության իրավաչափության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արաձանագրում է հետևյալը. 31․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա: (…): (…): 4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ:  5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով:  (…):»։ 32․ Անդրադառնալով քրեական դատավարության սկզբունքներից մրցակցության սկզբունքին՝ Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ․ «[Ա]յն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այս սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսպիսով` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության սկզբունքի հետ միասնության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմի վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Նարեկ Արմենակյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0231/01/14 գործով 2015 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը․ «(…) [Ա]րարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն)։ Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը։ (…): Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել. ա) պատճառված վնասը, բ) արարքի կատարման եղանակը, գ) մեղքի ձևը և տեսակը, դ) շարժառիթը և նպատակը»։ 33․ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության հարցի լուծման համար դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դառնան և գնահատվեն գործով ձեռք բերված այնպիսի ապացույցներ, որոնք վերաբերում են ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասին, արարքի կատարման եղանակին, շարժառիթին, նպատակին, մեղքի ձևին և տեսակին։ Այսինքն՝ արարքի նվազ կարևոր լինելու հարցի որոշումն իրենից ենթադրում է այնպիսի հանգամանքների գնահատում, որոնց վերաբերյալ դատարանը կարող է հիմնավոր եզրահանգման գալ բացառապես գործով ձեռք բերված ապացույցների անմիջական հետազոտման արդյունքում՝ ապահովելով դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ կողմերից յուրաքանչյուրի ողջամիտ հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ առանց գործով ձեռք բերված ապացույցների դատաքննական հետազոտման դատարանն արարքի նվազ կարևոր լինելու պատճառով հանցագործություն չհամարվելու վերաբերյալ հիմնավոր եզրահանգման չի կարող գալ։ Ուստի Վճռաբեկ դատարանն այս առումով իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության վերաբերյալ եզրահանգման կարող էր գալ միայն գործի դատական քննության ընթացքում՝ գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելու, վերլուծելու և գնահատելու արդյունքում։ 34․ Ինչ վերաբերում է դատական քննության նախապատրաստական փուլում մեղադրանքի ձևակերպումների անորոշ, անհստակ և վերացական լինելու վերաբերյալ գնահատական տալու իրավաչափությանը, Վճռաբեկ դատարանն այս առումով ևս հիմնավոր է գնահատում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ քննարկվող հարցերի վերաբերյալ հիմնավոր և պատճառաբանված հետևության դատարանը կարող է գալ բացառապես գործով ձեռք բերված ապացույցների դատական քննության շրջանակներում գնահատման արդյունքում՝ ապահովելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի մասը կազմող կողմերի մրցակցության քրեադատավարական սկզբունքի իրացումը։ 35․ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ մեղադրանքի որոշակիությունը գնահատողական կատեգորիա է և դրա վիճարկման դեպքում աներկբա է այդ կապակցությամբ մեղադրանքը պաշտպանող դատախազին իր դիրքորոշումը և փաստարկները ներկայացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, ինչը բխում է ինչպես մրցակցության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող կողմերի հավասարության հիմնադրույթի, այնպես էլ դատարանում մեղադրանքի պաշտպանության՝ Դատախազության սահմանադրական գործառույթի տրամաբանությունից։ 36․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է․ դատական նիստի արձանագրությունը հանդիսանու՞մ է արդյոք իրավական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի իմաստով։ 37․ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը (…):»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «3. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար:»։  Նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ «2․ Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: (…):»։ Նույն օրենսգրքի 315-րդ հոդվածի համաձայն՝ «4. Դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են` (…). 6) դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել. 7) գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները. 8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու. (…). 11) ցուցմունքների բովանդակությունը. (…):»։ 38. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկան վերլուծության է ենթարկել Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԱՐԴ/0116/01/15 գործով 2017 թվականի հունիսի 22-ին կայացված որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը․ «(…) [Փ]աստաթուղթն այդ հոդվածի իմաստով պաշտոնական դիտարկվելու համար պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով՝ 1) այն պետք է ունենա իրավաբանական նշանակություն, մասնավորապես՝ պետք է պարունակի կամ դրանով պետք է տրամադրվի իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկատվություն։ Այլ կերպ` փաստաթղթում առկա տեղեկությունը պետք է հավաստի իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, իրադարձություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ՝ իրավունք տրամադրելու կամ դրանից զրկելու, պարտականություն սահմանելու կամ վերջինից ազատելու, իրավունքների և պարտականությունների ծավալը փոփոխության ենթարկելու տեսքով (որպես այդպիսին՝ կարող են լինել՝ աշխատավարձի մասին տեղեկանքը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և այլն)։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու տեսանկյունից պարտադիր չէ, որ այն իրավական հետևանքներ առաջացրած լինի, այլ խոսքով՝ բավարար է միայն, որ այն իր բնույթով օժտված լինի այդպիսի հետևանքներ առաջացնելու, իրավահարաբերությունների վրա ազդեցություն ունենալու (իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու) հնարավորությամբ, (…):»։ 39. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկայի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով դատական նիստի պարզ թղթային եղանակով կազմված արձանագրության՝ հիշյալ հանցագործության առարկա լինելու հարցը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունը կարող է հավաստել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, մասնավորապես՝ դրանում արձանագրվում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, դատարանի գործողությունները, գործին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները, դատական նիստին ներկայացած անձանց ցուցմունքների բովանդակությունը։ Ավելին, դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է հենց դատական նիստի արձանագրության մեջ, որը հանդիսանում է քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված պատշաճ առիթ։ Ասվածը վկայում է այն մասին, որ դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունն իր բնույթով օժտված է իրավական հետևանքներ առաջացնելու հատկությամբ, այլ կերպ ասած՝ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու հնարավորությամբ։ Վճռաբեկ դատարանը, այնուամենայնիվ, գտնում է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին քննարկման առարկա դարձնի այս կամ այն դատական նիստի արձանագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցը՝ գնահատելով կոնկրետ դեպքում արձանագրության մեջ տեղ գտած տեղեկությունների՝ իրավաբանական նշանակության փաստեր և իրադարձություններ հավաստելու և իրավական հետևանքներ առաջացնելու (նման հնարավորությամբ օժտված լինելու) հանգամանքները։ 40․ Ինչ վերաբերում է սույն գործով պարզ թղթային եղանակով կազմված արձանագրությունների` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հանգամանքին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց՝ իրավաբանական նշանակության փաստեր և իրադարձություններ հավաստելու և իրավական հետևանքներ առաջացնելու (նման հնարավորությամբ օժտված լինելու) հանգամանքների վերաբերյալ պատճառաբանված ու հիմնավոր եզրահանգման դատարանը կարող է գալ բացառապես դրանք դատաքննության շրջանակներում անմիջական հետազոտման ենթարկելու արդյունքում։ 41․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։ 42․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները, դատավոր Դ․Գրիգորյանի անձեռնմխելիության խախտման, Դ․Գրիգորյանին և Գ․Վարդանյանին մեղսագրվող արարքների նվազ կարևորության, վերջիններիս առաջադրված մեղադրանքներում առկա ձևակերպումների, գործով ձեռք բերված ապացույցների թույլատրելիության, ինչպես նաև դատական նիստի արձանագրությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցերը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ մեղադրյալներ Դավիթ Մարատի Գրիգորյանի և Գոռ Տիգրանի Վարդանյանի վճռաբեկ բողոքը մերժել։ Դավիթ Մարատի Գրիգորյանի և Գոռ Տիգրանի Վարդանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ