Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ՍԴ/0009/11/21

Գործի համարը
ՍԴ/0009/11/21
Դիմող / մեղադրյալ
Անդրանիկ Գևորգյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
30.06.2023
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՍԴ/0009/11/21 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան 30 հունիսի 2023 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում Անդրանիկ Գևորգյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41155020 քրեական գործը։ 2020 թվականի ապրիլի 10-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն․Աբգարյանի՝ 2021 թվականի մարտի 31-ի որոշմամբ թիվ 41155020 քրեական գործի վարույթը կարճվել է՝ Զինավարդ Գրիգորյանի, Արարատ Խաչատրյանի, Սուրեն Աղագյուլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ Նույն որոշմամբ Զ․Գրիգորյանի, Ա․Խաչատրյանի, Ս․Աղագյուլյանի և Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով, Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, Արամ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։ Սյունիքի մարզի դատախազ Է․Հարությունյանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանի բողոքը՝ քննիչ Ն․Աբգարյանի 2021 թվականի մարտի 31-ի որոշման դեմ, մերժվել է։ 2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանի բողոքը՝ իրավունքների և ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու վերաբերյալ, մերժել է։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ դիմող Ա․Գևորգյանի և ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ Մ․Վարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է։ 4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող Ա․Գևորգյանի և ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վերաքննիչ բողոքները՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողնվել են առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ 5. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող Ա․Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 6. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի էական խախտում։ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման օրինական ուժ ստանալու պահ է համարել 2021 թվականի հուլիսի 6-ը, ոչ թե հուլիսի 17-ը։ Մինչդեռ, գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ենթակա են բողոքարկման 10-օրյա ժամկետում, հետևաբար անհրաժեշտ էր սպասել, որպեսզի դատական ակտն օրինական ուժ ստանար հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ համընթաց բացառելով մյուս կողմի բողոքարկման իրավունքը։ 7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացնել և կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է. «Փաստաբան Մուշեղ Վարդանյանի միջնորդությունը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՍԴ/0009/11/21 բողոքով 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ սույն որոշումը ստանալու պահից։ 9. Ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հուլիսի 19-ին, իսկ դիմող Ա․Գևորգյանի վերաքննիչ բողոքը՝ 2021 թվականի հուլիսի 20-ին։ 10. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման համաձայն՝ (…) Առաջին ատյանի դատարանի 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/20 որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 06.07.2021թ. գիշերվա զրո ժամից և ավարտվել է 16.07.2021թ. ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 20.07.2021թ., իսկ դիմողի ներկայացուցիչը` 19.07.2021թ.` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո: Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 17.07.2021թ-ից, հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380 հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 06.07.2021թ., ոչ թե 17.07.2021թ.: Ամփոփելով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/21 որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով (…): Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա.Գևորգյանի և ներկայացուցիչ Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ։ 12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 380-րդ հոդվածի համաձայն` «1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար: 2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները (...)»: 12.1. Վերոնշյալ դրույթի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ հիշյալ իրավակարգավորման իմաստով` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է միայն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, իսկ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշմամբ, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կայացված որոշումների բողոքարկման բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով հարգելի համարելու դեպքերին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: (…) Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած անբարեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատարանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախտումը և բողոքը քննարկի ըստ էության (…)»: 13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ Մ․Վարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել է՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրելով, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ այն ստանալու պահից: - Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող Ա․Գևորգյանի և ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վերաքննիչ բողոքները՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 2021 թվականի հուլիսի 6-ի գիշերվա զրո ժամից և ավարտվել է 2021 թվականի հուլիսի 16-ին ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2021 թվականի հուլիսի 20-ին, իսկ դիմողի ներկայացուցիչը` 2021 թվականի հուլիսի 19-ին` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո: Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետ վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 2021 թվականի հուլիսի 17-ին, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել այն պատճառաբանությամբ, որ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 2021 թվականի հուլիսի 6-ին, ոչ թե հուլիսի 17-ին: 14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, սակայն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը` դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու վերաբերյալ, կարող էր վարույթի մասնավոր մասնակիցների համար տարընկալման առիթ հանդիսանալ՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ արձանագրված՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքին, ուստի և քննության չառնելով վերոնշյալը, անհամաչափորեն սահմանափակվել է դիմող Ա.Գևորգյանի` դատարանի մատչելիության իրավունքը: 15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմող Ա․Գևորգյանը և ներկայացուցիչ Մ․Վարդանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանված բողոքարկման տասնօրյա ժամկետը լրանալուց հետո, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ տասնօրյա ժամկետի պահպանմամբ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել: 16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դիմող Ա․Գևորգյանի և ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վերաքննիչ բողոքները ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում ոչ իրավաչափորեն արձանագրված՝ կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը: 17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա.Գևորգյանի և ներկայացուցիչ Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ, իրավաչափ չէ: 18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ