Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
48/10.06.2021
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- 48/10.06.2021
- Դիմող / մեղադրյալ
- Ռուբեն Խլղաթյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 15.09.2023
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 284. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը
- Հոդված 288. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը
- Հոդված 289. Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումների բողոքարկումը և ստուգումը
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
6 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլից48/10.06.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2023 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը՝ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է։
2. Վերոնշյալ որոշման դեմ Ռ.Խլղաթյանի պաշտպաններ Ա.Սարդարյանի և Գ.Պապոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը՝ մերժելով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը։
3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
4. Վճռաբեկ բողոք բերած ՀՀ գլխավոր դատախազը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։
4.1. Մասնավորապես` բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ իր տրամադրության ներքո գտնված նյութերում բացակայում է «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, հանգել է սխալ հետևության, քանի որ հենց դատական ակտում վկայակոչված և Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնված՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ.Հակոբյանի՝ «Օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին» 2021 թվականի հունիսի 10-ի տեղեկանքով հիմնավորվում է վերոգրյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը:
4.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանին իր պատրաստակամությունն է հայտնել դատարանի կողմից անհրաժեշտություն տեսնելու և նման պահանջ ներկայացվելու դեպքում ներկայացնել փաստաթղթեր վերոգրյալ օպերատիվ տեղեկատվությունը այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու, սակայն արդյունքի չհասնելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, այդ կապակցությամբ ոստիկանության ներկայացուցչին որևէ հարցադրում չկատարելով, այդ փաստաթղթերը ոստիկանության ներկայացուցչից չպահանջելով, հեռացել է խորհրդակցական սենյակ և արդյունքում վիճարկվող դատական ակտում արձանագրել, թե իբր հետաքննության մարմնից պահանջել է ներկայացնել միջնորդությունը հիմնավորող նյութեր, սակայն այդպիսիք չեն ներկայացվել։
4.3. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Բողոքաբերի համոզմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմերը չեն կարող նույնացվել՝ առաջին հերթին հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Օպերատիվ տեղեկությունները կարող են ստացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցներից և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանցից, որոնք չեն կարող բացահայտվել։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը մինչ քրեական գործի հարուցումը հետաքննության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և արդեն հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող քննչական գործողություններ կատարելու համար սահմանել է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման տարբեր երաշխիքներ, իրենց առջև դրված խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տարբեր չափանիշներ, մինչդեռ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը փորձ է կատարել դրանք գնահատել նույն հարթության մեջ։
4.4. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, (նախագահող նույն դատավորը) այլ գործերով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին միջնորդությունը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարելու մասին որոշումների դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքները մերժելով, հետաքննության մարմնի կողմից ներկայացված նույնաբնույթ քաղվածքը բավարար է գնահատել հիմնավորված համարելու այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմքերի և անհրաժեշտության վերաբերյալ՝ արձանագրելով, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելը հանդիսացել է ծայրահեղ միջոց, որի դեպքում միայն հնարավոր կլիներ ձեռք բերել պահանջվող ապացույցները:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. (…) [Ե]լնելով մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, և Ռ.Խլղաթյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառման անցկացմամբ կարող են ստացվել երկու և ավելի անձի գումար տալու կամ հարկադրելու միջոցով ընտրությունների ժամանակ թեկնածուներից կամ կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին քվեարկելու վերաբերյալ հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 35-142.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության կանխմանը, դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթական է բավարարման (…)»։
7. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հուլիսի 8-ի-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հետաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին: Առաջին ատյանի դատարանին են ներկայացվել այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարելուց հետո վերադարձրել է հետաքննության մարմնին:
Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (Առաջին ատյանի դատարանից ստացված նյութերում առկա են հետևյալ փաստաթղթերը` հետաքննության մարմնի ուղեկցական գրությունը, հետաքննության մարմնի որոշումը՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլատվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին, տեղեկանք՝ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին և Առաջին ատյանի դատարանի որոշումը):
Վերաքննիչ դատարանը հետաքննության և նախաքննական մարմիներից, ինչպես նաև դատախազից պահանջել է ներկայացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք ներկայացված են եղել Առաջին ատյանի դատարանին, սակայն Վերաքննիչ դատարան որևիցե նյութ չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր, ինչը հիմք է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և հետաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար։ Ընդ որում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(...) հետևում է, որ ստորադաս դատարանները որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք են դիտարկել միայն Շենգավիթի բաժնից ստացված վերոնշյալ գրությունը՝ առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվյալները։ Այսպես, ստորադաս դատարաններն անտեսել են հանգամանքներն առ այն, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ։ Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար։ Նման պայմաններում՝ միայն վկայակոչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձևական, իսկ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:
9. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է (…)»։
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»:
9.1. ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, համաձայն որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, չի կարող կողմերին և Վերաքննիչ դատարանին այդ նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, և վերոնշյալ դրույթը պետք է ընկալվի և մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են միայն միջնորդության քննարկման արդյունքներով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում, իսկ այդպիսի բողոքարկումն իրացնելի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287288-րդ հոդվածների նորմերով նախատեսված կարգով, հետևաբար՝ նաև առկա են երաշխիքներ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում։
Մասնավորապես.
1) բողոքն ստանալով՝ վերաքննիչ դատարանն անհապաղ պահանջում է միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և առաջին ատյանի դատարանի որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս),
2) միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է դրանք հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս),
3) առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանն ստուգում է դռնփակ դատական նիստում` կողմերի մասնակցությամբ՝ պարզաբանելով նրանց իրավունքները և պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր),
4) դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս),
5) այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում տվյալ միջոցառումը վերացնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մաս):
9.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված և հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա։ Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու, քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի` Կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում։
9.3. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթին Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները` մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթից ելնելով` իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։ Բացի այդ ներպետական օրենսդրությունը նույնպես որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ` սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը։
Հաշվի առնելով, որ այդ գործողությունների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ`
ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և
բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները:
10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը, արձանագրել է, որ մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր։
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին դատարանի որոշումը և մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար։
11. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-9.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ հիմնավորված համարելու Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ տեղեկանքի հավաստիությունը։ Այլ կերպ, միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։
12. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը ոստիկանության ներկայացուցչից չի պահանջել ձեռք բերված օպերատիվ տվյալները այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու, սակայն արդյունքի չհասնելու վերաբերյալ փաստաթղթերը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որ Վերաքննիչ դատարանը խնդրել է «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցած հետաքննության մարմնին ներկայացնել սույն գործով առկա բոլոր նյութերը՝ թղթային տարբերակով, սակայն Վերաքննիչ դատարանին այդպես էլ չեն ներկայացվել Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորման և ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար։
13. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մինչև նախնական քննության սկսվելը անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է՝ ի համեմատ այն իրավիճակների, երբ արդեն իրականացվում է հետաքննություն կամ նախաքննություն, քանի որ դրանց իրականացման ընթացքում գործով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ավելի լայն գործիքակազմ։ Բացի այդ, մինչև հետաքննություն կամ նախաքննություն իրականացնելը դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնց նպատակն է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը և կանխումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։
14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական այնպիսի սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
