Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/1264/06/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/1264/06/21
- Դիմող / մեղադրյալ
- Վարդգես Չրիկյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 01.12.2023
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
26 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
- Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)
- Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը
- Հոդված 296. Փողերի լվացումը
- Հոդված 393. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 9. Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը
- Հոդված 17. Անմեղության կանխավարկածը
- Հոդված 18. Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը
- Հոդված 22. Պատշաճ ապացուցումը
- Հոդված 105. Ապացույցների գնահատումը
- Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
- Հոդված 117. Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը
- Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
- Հոդված 119. Կալանքի ժամկետը
- Հոդված 120. Կալանքից ազատելը
- Հոդված 122. Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները
- Հոդված 125. Գրավը
- Հոդված 287. Խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի իրականացումը
- Հոդված 288. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
- Հոդված 393. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը
- Հոդված 419. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/1264/06/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Դ.Արղամանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 1-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ պաշտպան Մ.Մաթևոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58150120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
2. 2020 թվականի հունիսի 6-ին թիվ 58150120 քրեական գործը հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն։
3. 2021 թվականի դեկտեմբերի 20-ին Վարդգես Հայկի Չրիկյանը ձերբակալվել է։
2021 թվականի դեկտեմբերի 20-ին Վարդգես Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
3.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Վարդգես Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:
4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Չրիկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է։
5. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ.Սարգսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի որոշումը բեկանել և նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է՝ Վ.Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելով 2 (երկու) ամիս ժամանակով։
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել մեղադրյալ Վ.Չրիկյանի պաշտպան Մ.Մաթևոսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել հատուկ վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ հանգեցնելով Վարդգես Չրիկյանի իրավունքների և ազատությունների խախտման։ Դրանից բացի, բողոք բերած անձը գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
Բողոքաբերը, մասնավորապես, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ Սամանադրության 3-րդ, 5-րդ և 27-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 105-րդ, 116-րդ, 118-րդ, 122-րդ, 125-րդ հոդվածների, ինչպես նաև Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով սահմանված պահանջները։
7.1. Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել միջնորդության քննության պահին այլևս չգործող ՀՀ քրեական օրենսգրքով, և մեղադրանքը չի համապատասխանեցվել տվյալ պահին գործող քրեական օրենսգրքին։ Մինչդեռ, ըստ բողոքաբերի, մեղադրանքը համապատասխանեցված չլինելու պայմաններում անձը զրկվում է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ արդար դատաքննության և պաշտպանության իրավունքից, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Ավելին, բողոք բերած անձի պնդմամբ, նախկին քրեական օրենսգրքի ուժը կորցրած լինելու պայմաններում Վարդգես Չրիկյանի նկատմամբ չէր կարող շարունակվել քրեական հետապնդումը չգործող քրեական օրենսգրքի համապատասխան որակմամբ։
8. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, չկոնկրետացնելով, թե որ ապացույցի հիման վրա է եկել հիմնավոր կասկածի առկայության մասին եզրահանգման, թույլ է տվել արդար դատաքննության, ինչպես նաև մրցակցության սկզբունքների խախտումներ, քանի որ դրանով պաշտպանության կողմին զրկել է յուրաքանչյուր ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։ Հավելել է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով որևէ կերպ չի հիմնավորվում Վարդգես Չրիկյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքներին։
9. Բողոքաբերն իր բողոքում անդրադարձել է նաև կալանավորման անհրաժեշտության բացակայությանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը նախաքննության ողջ ընթացքում դրսևորել է բարեխիղճ վարքագիծ, չի խոչընդոտել քննությանը, դատվածություն չունի, փախուստի չի դիմել, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ինքնակամ է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե։
10. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմանը՝ Վ.Չրիկյանին ազատելով կալանքից։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
11. Նախաքննության մարմնի կողմից Վ.Չրիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ «նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հեգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իրացրել 2018թ. հունիսի 27-ի ՀՀ կառավարության 707-Ն որոշմամբ սահմանված ցանկով թմրամիջոցներ, ինչպես նաև՝ իր ընտանիքի անդամների օժանդակությամբ կատարել է փողերի լվացում (…)»։
12. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հայկ Չրիկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 8-ին, այսինքն՝ 30.06.2021 թվականին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում։ Այսինքն, սույն միջնորդության քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով։ Դատարանն արձանագրում է, որ թեև ներկայացված միջնորդությունը դատավարական առումով բավարարում է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին, բայց նյութական իրավունքի առումով ևս պետք է գնահատման ենթարկել կալանավորման կիրառման պայմանի՝ առաջադրված մեղադրանքի առկայությունը։ (…)
[Դ]ատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացվել է Վարդգես Չրիկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների ենթադրաբար կատարման համար։
Դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով 2022թ. հուլիսի 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը: Նման պայմաններում մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի փաստական հանգամանքներին տրվել է այնպիսի իրավական գնահատական, որը, նյութական իրավունքի տեսանկյունից, այլևս չի համապատասխանում օրենքին և ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին:
Վերոգրյալի լույսի ներքո Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդությունը չի կարող քննության առնվել, քանի որ պաշտպանական կողմի համար ստեղծված չէ մեղադրանքից պաշտպանվելու իրական հնարավորություն, մեղադրյալը զրկված է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով սահմանված՝ պաշտպանության իրավունքից, արդար դատաքննության իրավունքից, հետևաբար չի կարող իրականացնել պաշտպանությունը սույն միջնորդության քննության շրջանակներում:
Հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների և իրավական գնահատականի անհամապատասխանության հանգամանքը, մեղադրյալի՝ պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի իրական հնարավորության բացակայությունը՝ Դատարանը հարկ չի համարում անդրադառնալ կիրառված խափանման միջոց «կալանքի» ժամկետի երկարաձգման հիմքերի, պայմանների, անհրաժեշտության, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցերի գնահատմանը։ (…)»:
13. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Վարդգես Չրիկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ թիվ ԵԴ/1141/06/21 նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները (…) վարույթի քննության տվյալ փուլի համար բավարար հիմք են տալիս փաստելու, որ նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ է ունեցել մեղսագրվող ենթադրյալ հանցանքները մեղադրյալ Վարդգես Չրիկյանի կողմից ենթադրաբար կատարված լինելու հիմնավոր կասկածի շարունակական առկայության մասին հետևություն անելու համար: (…)
[Ա]նդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևություններին առ այն, որ արարքի իրավական գնահատականը չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները անհիմն են և չեն բխում առկա իրավակարգավորումներից։ Մասնավորապես, ինչպես մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու պահին, այնպես էլ գործող քրեական օրենքը անձին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքները դիտել է որպես հանցագործություն։ Ի դեպ երկու դեպքում էլ քրեական օրենքում առկա համապատասխան հանցակազմերը սահմանող նորմի դիսպոզիցիաները ըստ էության փոփոխության չեն ենթարկվել։ Հետևաբար, ինչպես արարքի կատարման պահին գործող, այնպես էլ այժմ գործող իրավակարգավորումները սահմանում են համապատասխան հանցակազմերը և արարքի ապաքրեականացում տվյալ դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով չի եղել։ Որոշակի փոփոխություն եղել է միայն սանկցիայի մասով, որը չի ազդել վերագրվող արարքի ծանրության աստիճանի վրա և քրեական վարույթի ավելի ուշ փուլում քննության առարկա կարող է հանդիսանալ։ Առկա պայմաններում, նախկին և գործող ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի դիսպոզիցիաների ձևակերպումների շրջանակներում, Առաջին ատյանի դատարանի հետևությունները անհիմն են և քննիչի միջնորդությունը քննության առնելու արդյունքում չի կարող սահմանափակվել մեղադրյալի արդար դատաքննության, պաշտպանության կամ որևէ այլ հիմնարար իրավունք։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իր համաձայնությունն է հայտնում վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին (…) և հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի փաստարկները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների իրավակարգավորումներից, ինչպես նաև քննիչի միջնորդության քննության արդյունքում կալանքի ժամկետի երկարացման իրավաչափության պայմաններին և նպատակներին չանդրադառնալու պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-120-րդ, 287-րդ և 288-րդ հոդվածների խախտում, որը էական է և հիմք է վիճարկվող դատական ակտը բեկանելու համար։ (…)
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու արդյունքում Վերաքննիչ դատարանը արդյոք պետք է քննության առնի և լուծի քննիչի միջնորդությունը։ Այս մասով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածը նախատեսում է, որ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը՝
1) դատական ակտը թողնում է անփոփոխ.
2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.
3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումներից, ի տարբերություն վերանայման մյուս վարույթների, այդ թվում վերաքննության վարույթի, հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և նոր քննության համար վարույթը Առաջին ատյանի դատարան փոխանցելու լիազորություն չունի։ (…)
[Վ]երաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն վարույթի նյութերը բավարար և օբյեկտիվ հնարավորություն են ընձեռում Վերաքննիչ դատարանին համապատասխան հարցի ամբողջական քննություն իրականացնելու համար։ Բացի այդ, ինչպես երևում է սույն վարույթի նյութերից և սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալներից, Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը ամբողջությամբ քննության է առել և պաշտպանական կողմը Առաջին ատյանի դատարանում քննիչի միջնորդության դեմ ներկայացրել է նաև գրավոր առարկություն, որն իր արտացոլումն է գտել նաև վիճարկվող դատական ակտում, ինչպես նաև համապատասխան դիրքորոշում է արտահայտել մեղադրյալը։ Բացի այդ, պաշտպանական կողմը վերանայման վարույթի շրջանակներում համապատասխան առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ունեցել։ Ուստի առկա պայմաններում, վերանայման բողոքի հիմքերի և փաստարկների հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա կալանավորման ժամկետի երկարացման իրավաչափության մյուս պայմաններին և նպատակներին ու քննիչի միջնորդության մասով հանգի համապատասխան հետևության։ Վերը նշված փաստական տվյալների պայմաններում Վերաքննիչ դատարանի մոտեցումը չի կարող հանգեցնել անձի արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների, դատական վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման) անհարկի սահմանափակման, ինչպես նաև, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «Հատուկ վերանայման վարույթի» առանձնահատկությունները, նշված մոտեցման դեպքում չի կարող խաթարվել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների միջև առկա գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ իրացումը։
(…) Անդրադառնալով կալանքի իրավաչափության մյուս պայմանների հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/1264/06/21 դատական գործի նյութերում ամրագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները նաև հիմք են տալիս փաստելու, որ տվյալ դեպքում առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ մինչև 2022 թվալանի հուլիսի 1-ը գործող կարգով հարուցված և ընթացքի մեջ գտնվող վարույթ, Վ․Չրիկյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրա նկատմամբ հարուցված է և իրականացվում է հանրային քրեական հետապնդում, Վ․Չրիկյանը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված՝ քրեական պատասխանատվության ենթակա տարիքի է, առերևույթ բացակայում են նաև քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակից բխող՝ պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ:
Դրա հետ մեկտեղ, վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերի, այդ թվում` սույն գործի առանձնահատկություններից ու բարդությունից բխող քննության ծավալի համատեքստում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման մասին վկայող փաստական տվյալների (…) առկայությունը հիմք է տալիս արձանագրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրվել է բավարար ջանասիրությունը, և տվյալ դեպքում առերևույթ անհրաժեշտ է շարունակելու քրեական հետապնդումը: Հետևաբար քննիչի միջնորդության դեմ այս մասով ներկայացված առարկությունները ևս անհիմն են։ (…)
Անդրադառնալով Վարդգես Չրիկյանի նկատմամբ կալանքը կիրառելու նպատակների առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. (…)
[Վ]արդգես Չրիկյանը մեղադրվում է բնակչության առողջության դեմ ուղղված դիտավորությամբ կատարվող առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ և տնտեսական գործունեության դեմ ուղղված լատենտային բնույթի ուղղակի դիտավորությամբ կատարվող առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, որոնց համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով: Դրա հետ մեկտեղ, մեղադրյալ Վարդգես Չրիկյանին վերագրվող կոնկրետ արարքների առանձնահատկությունները, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը (…) սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցանքների կատարումից հետո ենթադրյալ դրսևորած վարքագիծը (…), գործի` ներկայացված նյութերի վերլուծությունից բխող օպերատիվ-քննչական իրադրությունն ու դրանից հետևող ողջամիտ հնարավորությունն ու հավանականությունը` մեղադրյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու մասով, մեղադրյալի անձին վերաբերվող փաստական տվյալները, համակցության մեջ բավարար հիմք են տալիս համաձայնելու խափանման միջոցի նպատակների վերաբերյալ Քննիչի եզրահանգումներին, ըստ որի՝ մնալով ազատության մեջ մեղադրյալը կարող է հանցանք կատարել, չկատարել իր վրա դրված պարտականությունը (…): Այդ հանգամանքներն իրենց հերթին հանդիսանում են խափանման միջոց կիրառելու ինքնուրույն նպատակ, որին հասնելու իրական և իրավաչափ երաշխիք դեռևս չի կարող դիտարկվել ինչպես մեղադրյալի պաշտպանի առարկությունում մատնանշված, այնպես էլ գործի նյութերում առկա հանգամանքները:
(…) [Տ]վյալ դեպքում դատախազի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել, Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը պետք է բեկանել, քննիչի «Կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդության մասին» որոշմամբ` հարուցված միջնորդությունը պետք է բավարարել և մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 2 (երկու) ամիս ժամանակով: (…)»։
14. 2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է Վ.Չրիկյանի վերաբերյալ վարույթի նյութերը՝ ըստ էության քննելու համար, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամիս ժամկետով։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու, դրան փոխարինող դատական ակտ կայացնելու և քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
16. ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»։
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
(…)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
(…) 2) առանձնապես խոշոր չափերով՝ (…)»:
Նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`
(…)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով (…)»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` (…)
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…)
2) առանձնապես խոշոր չափերով՝ (…)»:
Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` (…)
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
3) առանձնապես խոշոր չափերով (…)»:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմնի կողմից Վ.Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Վ.Չրիկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, նշել է, որ Վ.Չրիկյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի համապատասխան հոդվածներով, հետևաբար մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի փաստական հանգամանքներին տրվել է այնպիսի իրավական գնահատական, որը նյութական իրավունքի տեսանկյունից այլևս չի համապատասխանում օրենքին և ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պաշտպանական կողմի համար ստեղծված չէ մեղադրանքից պաշտպանվելու իրական հնարավորություն և մերժել է Վ.Չրիկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ չանդրադառնալով կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության պայմաններին։
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ արարքի իրավական գնահատականը չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, անհիմն են և չեն բխում առկա իրավակարգավորումներից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ինչպես մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու պահին, այնպես էլ գործող քրեական օրենքը անձին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքները դիտել է որպես հանցագործություն և արարքի ապաքրեականացում 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով տեղի չի ունեցել։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ քննիչի միջնորդությունը քննության առնելու արդյունքում չի կարող սահմանափակվել մեղադրյալի արդար դատաքննության, պաշտպանության կամ որևէ այլ հիմնարար իրավունք։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Վ.Չրիկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության պայմաններին և նպատակներին, բավարարել է քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է հանցանք կատարել կամ չկատարել իր վրա դրված պարտականությունը։
18.Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Վ.Չրիկյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը քննության առնելու արդյունքում մեղադրյալի պաշտպանության իրավունքի սահամանափակում տեղի չի ունենում։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վ.Չրիկյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքները շարունակում են մնալ հանցավոր և համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Հարկ է նկատել, որ նախկին և գործող քրեական օրենսգրքերի վերոնշյալ հանցակազմերը սահմանող նորմի դիսպոզիցիաներն ըստ էության փոփոխության չեն ենթարկվել։ Ինչ վերաբերում է գործող քրեական օրենսգրքով մեղադրյալին մեղսագրված հանցանքների սանկցիայի փոփոխությանը, ապա Վճռաբեկ դատարանը կրկին իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նշված փոփոխությունը կարող է քննության առարկա դառնալ քրեական վարույթի ավելի ուշ փուլերում։
Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմերը նախատեսող հոդվածները ևս հնարավորություն են տալիս նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
19. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև Վ.Չրիկյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին, այնուամենայնիվ, վերջինս համարվում է պատշաճ իրավական ընթացակարգերով մեղադրյալի կարգավիճակ ստացած։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 7.1-րդ կետում վկայակոչած պատճառաբանությունները հիմնազուրկ են։
20. Վերոգրյալ հետ մեկտեղ անդրադառնալով նաև Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և նոր քննության համար վարույթը Առաջին ատյանի դատարան փոխանցելու լիազորություն չունի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
21. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) դատական ակտը թողնում է անփոփոխ.
2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.
3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ: (…)»:
21.1. Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, անդրադառնալով վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու հնարավորությանը՝ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Մասնավորապես, եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից։ Այլ կերպ, դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համատեքստում, վերադաս դատական ատյանը, լինելով սահմանափակված վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։
22. Վերոշարադրյալ իրավանորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով 2021 հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վերաքննիչ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու հնարավորությանը՝ հարկ է նշել, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նման լիազորություն նախատեսված չէ, սակայն անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև ստորադաս դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը ապահովելու նպատակով հատուկ վերանայման շրջանակներում վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ նաև 2021 հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, ուստի Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Հրայր Հովսեփյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները և գտնում, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև նոր օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնություն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հատուկ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու լիազորություն չունի։
23. Վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ սույն գործով, երբ Առաջին ատյանի դատարանը արձանագրելով մեղադրանքի փաստական հանգամանքների և դրան տրված իրավական գնահատականի անհամապատասխանությունը՝ ըստ էության քննարկման առարկա չի դարձրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու իրավաչափության պայմանները, Վերաքննիչ դատարանը՝ դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա դարձնելով ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված վերոնշյալ հանգամանքները, փաստացի հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան՝ այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման և օրինականության սկզբունքները: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս, իրավասու չէր անդրադառնալ մեղադրյալի կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության այն պայմաններին, որոնք Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առարկա չէին դարձվել։
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր Առաջին ատյանի դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետի երկարաձգման իրավաչափության մյուս պայմանների մասով նոր քննության։
24. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի հիմք է Վերաքննիչ դատարանի 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանելու և վարույթը ստորադաս դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է և Վարդգես Չրիկյանի վերաբերյալ վարույթի նյութերը՝ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել են Հակակոռուպցիոն դատարան, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.Վճռաբեկ բողոքը մերժել։
2.Մեղադրյալ Վարդգես Հայկի Չրիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
