Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0034/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0034/06/23
- Դիմող / մեղադրյալ
- Կարեն Մկրտչյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 02.02.2024
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
14 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 39. Դատախազի լիազորությունները դատական վարույթի ընթացքում
- Հոդված 149. Ծանուցման եղանակները
- Հոդված 153. Ծանուցման պատշաճությունը
- Հոդված 264. Դատական վարույթի իրականացման ձևը և վայրը
- Հոդված 271. Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին
- Հոդված 273. Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները
- Հոդված 278. Դատալսումները հետաձգելը
- Հոդված 354. Դատական վերանայման բողոքի հիմքերը
- Հոդված 400. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0034/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Տ․Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 2-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Պետիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է թիվ 62202623 քրեական վարույթը:
2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ․Հարությունյանի կողմից որոշում է կայացվել Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երեք դրվագով։
2023 թվականի փետրվարի 1-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Կարեն Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ հարուցվել է վարույթ և 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Կարեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` երկու ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Կ․Մկրտչյանի պաշտպաններ Մ․Ալեքսանյանի և Ա․Մանուկյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Կ․Մկրտչյանի ձերբակալումը ճանաչվել ոչ իրավաչափ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս թույլ է տվել դատական սխալ։
Բողոքի հեղինակը նշել է, որ խախտվել է կողմերի մրցակցության սկզբունքը, քանի որ Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին պատշաճ կերպով չի ծանուցել սույն գործով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին։ Բողոքաբերը, որպես վճռաբեկ բողոքը հիմնավորող փաստարկներ նշել է, որ Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 27-ին կայացրել է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշում և նույն որոշմամբ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին, ինչի մասին պատշաճ ծանուցվել են վարույթի մասնակիցները, այդ թվում՝ վարույթն իրականացնող քննիչը և հսկող դատախազը։ Նշանակված դատական նիստին մասնակցելու նպատակով քննիչը և հսկող դատախազը ծանուցագրի մեջ նշված ժամին ներկայացել են Վերաքննիչ դատարան, սակայն պարզվել է, որ դատական նիստը նախապես նշանակված ժամից տեղափոխվել է և կայացել է նույն օրը՝ ժամը 14։00-ին, ինչի մասին քննիչը և դատախազը նախապես իրազեկված չեն եղել, ընդ որում՝ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններն իրազեկվել են դատական նիստի ժամի տեղափոխության մասին և վերջիններիս մասնակցությունը ապահովվել է դատական նիստին։
5.1. Անդրադառնալով Կ․Մկրտչյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուն՝ բողոքաբերը գտել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքում ընկած բավարար փաստական տվյալների ի հայտ գալու և անձին ձերբակալելու գործողությունների միջև ժամանակագրական խզումը, որպես կանոն պետք է լինի հնարավորինս կարճ, սակայն ընդհանուր կանոնից կարող են լինել բացառություններ, երբ անձի կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմք հանդիսացող փաստական տվյալների ի հայտ գալու և վարույթն իրականացնող մարմնին հայտնի դառնալուց անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինը անհապաղ միջոցներ ձեռնարկի անձին հայտնաբերելու և արգելանքի վերցնելու ուղղությամբ, սակայն, ձեռնարկված քանակական և որակական առումով բավարար միջոցառումների արդյունքում, անձին հնարավոր չլինի հայտնաբերել։ Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ կոնկրետ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում մինչև ձերբակալումը՝ ստուգելու կասկածի հիմնավոր լինելը և դրա առկայությունը հավաստելուց անմիջապես հետո միայն ձերբակալելու անձին, այսինքն հնարավոր է անձի կողմից հանցանք կատարելու կասկածն առկա է, սակայն այն ձերբակալման շեմի տեսանկյունից հիմնավոր դարձնելու համար վարույթն իրականացնող մարմինը կատարում է լրացուցիչ քննչական և վարութային գործողություններ, իսկ անձը ձերբակալվում է այդպիսի գործողությունների արդյունքում ստացված տվյալներից անմիջապես հետո, երբ կասկածն արդեն իսկ հիմնավոր է։
Բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Կ․Մկրտչյանին մեղսագրված հանցավոր արարքները կատարվել են 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, 12-ին և 18-ին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքներով ստացված տվյալների վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2023 թվականի հունվարի 12-ին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում թիվ 62202623 վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի հունվարի 20-ին, իսկ ձերբակալված անձինք հարցաքննվել և մեղադրյալ Կ․Մկրտչյանի դեմ ցուցմունքներ են տվել 2023 թվականի հունվարի 30-ին և նույն օրը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի ընթացակարգով Կ․Մկրտչյանը ձերբակալվել է և որպես ձերբակալման հիմք արձանագրությունում նշվել է՝ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի և տվյալ անձի կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր։
5.2. Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերին, նշել է, որ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Կարեն Մկրտչյանի և Արթուր Աբաղյանի պաշտպանների ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով մեղադրյալների նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցների իրավաչափության հարցը, նույնական փաստական հանգամանքներով համապատասխանաբար թիվ ՀԿԴ/0034/06/23 և թիվ ՀԿԴ/0035/06/23 որոշումներով Վերաքննիչ դատարանը արտահայտել է տրամագծորեն հակառակ իրավական դիրքորոշումներ և հանգել տարբեր հետևությունների, մի դեպքում՝ Կ․Մկրտչյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, քանի որ ձերբակալելիս հիմնավոր կասկածը չի եղել անմիջականորեն ծագած, իսկ մյուս դեպքում՝ Ա․Աբաղյանի ձերբակալումը համարվել իրավաչափ, քանի որ առկա է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած։
Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երեք դրվագով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար որ․ «(…) «[Նա] 2007 թվականի հուլիսի 1-ից և Կարեն Հովհաննիսյանը (2020 թվականի հունիսի 19-ից) զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի Ծաղկաձորի սպայական ջոկի տեսուչի պաշտոնը և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816 որոշման համաձայն՝ ճանապարհային երթևեկության բնագավառում կրել են վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու պարտականություններ: 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Կարեն Մկրտչյանը նույն դասակի տեսուչ Կարեն Հովհաննիսյանի հետ 638 II 01 հաշվառման համարանիշի 2390 կողային համարի «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այն է՝ բնակավայրում նախատեսված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «RENAULT KANGOO» մակնիշի, 36 ՍQ 989 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը վարել է Արման Կարապետյանը:
Այնուհետև, Կարեն Մկրտչյանը և Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Արման Կարապետյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու և 10.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ Արման Կարապետյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով Կարեն Մկրտչյանի և Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Կարեն Մկրտչյանը, նույն դասակի տեսուչ Կարեն Հովհաննիսյանի հետ թիվ 2390 կողային համարի «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 638 II 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այն է՝ չնախատեսված վայրում շրջադարձ կատարելու համար կանգնեցրել են «OPEL VECTRA» մակնիշի, 36 NL 457 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը վարել է Հովհաննես Մանուկյանը:
Այնուհետև, Կարեն Մկրտչյանը և Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Հովհաննես Մանուկյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու համար նրանից ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում Հովհաննես Մանուկյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով Կարեն Մկրտչյանի և Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Կարեն Մկրտչյանը նույն սպայական ջոկի տեսուչ Կարեն Հովհաննիսյանի հետ թիվ 2390 կողային համարի «Տոյոտա Կորոլա» մակնիշի, 638 II 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ,այն է՝ տեխնիկական զննությունը չանցած և ամրագոտին չամրակցված վիճակում ավտոմեքենան վարելու համար կանգնեցրել են «OPEL ASTRA» մակնիշի, 37 AS 349 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը վարել է Լյովա Պետրոսյանը։
Այնուհետև, Կարեն Մկրտչյանը և Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Լյովա Պետրոսյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումները չարձանագրելու և 30.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Արդյունքում՝ Լյովա Պետրոսյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » ՀՀ օրենսգրքի 123.3-րդ և 123.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով Կարեն Մկրտչյանի և Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախտման արձանագրություններ չեն կազմվել։»։
7. Վերաքննիչ դատարանի՝ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին 2023 թվականի փետրվարի 27-ի որոշման համաձայն՝ «(...) Հատուկ վերանայման վարույթով, որպես կանոն, բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, սակայն օրենսդիրը դատարանին լիազորել է այդ վարույթով բողոքի քննությունն իրականացնել նաև բանավոր ընթացակարգով կամ սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փոխակերպելու բանավոր ընթացակարգի։
Սույն բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանի 17․02․2023 թվականի որոշմամբ որոշվել էր իրականացնել գրավոր ընթացակարգով՝ նշելով որոշման հրապարակման օրը, սակայն հետագայում վերանայվող դատական ակտի ուսումնասիրությունից և ներկայացված նյութերի հետ համադրությունից պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ստանալ կողմերի բացատրությունները հենց դատական նիստում, իսկ կարիքն առաջանալու դեպքում նաև հավելյալ նյութեր պահանջել Առաջին ատյանի դատարանից, որոնք հնարավոր է բողոքի՝ բանավոր քննության անցնելու արդյունքում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փոխակերպելու բանավոր ընթացակարգի։
Հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական նիստի օր պետք է նշանակել 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին(...)»։
8. Հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված, ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ․Հարությունյանի գրության, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ին գրության համաձայն՝ «(...) 2023 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել դատական վարույթը իրականացնել գրավոր ընթացակարգով։ Վարույթի մասնակիցների բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը և գրավոր միջնորդությունները ներկայացնելու համար ժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 24-ը, իսկ որոշման հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի փետրվարի 27-ը, նշված որոշումը ուղարկվել է վարույթի բոլոր մասնակիցներին։ Նշված ժամանակահատվածում պաշտպան Արթուր Մանուկյանի կողմից ներկայացվել է բացատրություն, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչպես նաև դատախազության կողմից հատուկ վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել։ Որոշման հրապարակման օրը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին և դրանից հետո դատախազության և վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ հետաքրքրություն չի դրսևորվել բողոքարկման արդյունքների վերաբերյալ։
Վարույթի նյութերի ուսումնասիրության ընթացքում Վերաքննիչ դատարանի մոտ պաշտպանական կողմին ուղղված պարզաբանման ենթակա հարցեր են առաջացել, ուստի 2023 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին և դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին, ինչի վերաբերյալ ծանուցվել են վարույթի բոլոր մասնակիցները։
2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է նույն օրը՝ ժամը 14։00-ին, քանի որ աշխատանքային գրաֆիկում անսպասելի փոփոխություն է տեղի ունեցել։
Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել վարույթի մասնակիցների հետ։ Պաշտպանական կողմի հետ հաջողվել է կապ հաստատել, սակայն դատախազության հետ կապ հաստատել չի հաջողվել, դատարանի աշխատակազմը զանգահարել է վարչության հեռախոսահամարով, որին չեն պատասխանել։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ պարզաբանման ենթակա հարցերը ուղղված էին պաշտպանական կողմին, Դատարանը հնարավոր է համարել առանց դատախազի ներկայության նիստը շարունակելը»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տվել կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի խախտում։
10․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝
«Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Կողմերի հավասարությունից և մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման, համագործակցության և արագացված վարույթներում, ինչպես նաև վճռաբեկ վարույթում և բացառիկ վերանայման վարույթներում:
2. Մեղադրանքը և պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը:
3. Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ:
4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ դատախազն իրավունք ունի
«5 Կարծիք հայտնելու դատական վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.
11 վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում մասնակցելու դատական նիստին. (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:
2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.
3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ծանուցումը պատշաճ է, եթե`
1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.
5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.
6) ծանուցվողը վարութային գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը.
7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.
8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր և հստակ առաջարկված եղանակով:
2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է վարութային գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝
«Դատական վարույթն իրականացվում է բանավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով:
Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է դատական նիստերի ձևով, որոնց ընթացքում, որպես կանոն, անցկացվում են դատալսումներ։ Դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված բոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ:
2. Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձը պարտավոր է նախապես և պատշաճ կարգով դատարանին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինության և դրա պատճառների մասին:
3. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ` հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատալսումները հետաձգվում են՝
(…)
2) դատական նիստին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա.
(…)»:
11․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատական քննության երաշխիքը, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակն է, նշված կոնվենցիայի իմաստով ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից է:
Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով դիրքորոշում է հայտնել, որ զենքերի հավասարության սկզբունքն արդարացի դատաքննության լայն հասկացության հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նաև այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պետք է մրցակցային լինի: Քրեական գործով մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերին պետք է հնարավորություն տրվի տեղեկանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին, ինչպես նաև մեկնաբանելու դրանք: Հնարավոր են տարբեր եղանակներ, որոնցով ներպետական իրավունքը կարող է երաշխավորել այս պահանջի բավարարումը: Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսի միջոց է ընտրվել, պետք է ապահովվի փաստարկների ներկայացման վերաբերյալ մյուս կողմի իրազեկումը, ինչպես նաև վերջինիս պետք է իրական հնարավորություն տրվի մեկնաբանելու դրանք:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքին, իր նախադեպային որոշումներով իրավական դիրքորոշումներ է ձևավորել առ այն, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս՝ Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը։
12․ Քրեական գործով վարույթի շրջանակներում անձի ծանուցման` որպես դատավարական գործողություններին վերջինիս մասնակցության ապահովմանն ուղղված ընթացակարգի պատշաճությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննարկման առարկա է դարձել անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման շրջանակներում: Մասնավորապես, Գուսակն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ արդարադատության իրականացման շահերից ելնելով` դատավարության կողմը դատական նիստի մասին պետք է ծանուցվի այնպես, որ ոչ միայն ունենա նիստի անցկացման ժամի և վայրի վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն, այլև իր գործը նախապատրաստելու և դատական նիստին մասնակցելու բավարար ժամանակ: Ծանուցագրի պաշտոնական ուղարկումն առանց որևէ համոզմունքի, որ այն անձին կհանձնվի ժամանակին, չի կարող համարվել պատշաճ ծանուցում։
13. Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի հունվարի 27-ին կայացրած թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ ընդգծել է, որ՝ «(…) շահագրգիռ սուբյեկտների կողմից (…) պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (…) սուբյեկտի (…)` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (…) արդյունավետ ծանուցման (…) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (…) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:
14. Վերոգրյալ նորմերի և իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ոչ միայն սահմանել է կողմի ծանուցման կարգը և եղանակները, այլև դրա պատշաճության վերաբերյալ կանոնները, միաժամանակ ամրագրելով, որ եթե ծանուցումը եղել է պատշաճ, իսկ կողմը չի ներկայացել դատական վարույթին, ապա դատարանն իրավունք ունի իրականացնելու բողոքի քննություն՝ առանց պատշաճ կարգով ծանուցված կողմի մասնակցության, հակառակ դեպքում, եթե ծանուցումը պատշաճ չի եղել, ապա դատալսումները պետք է հետաձգել և ապահովել կողմերի պատշաճ ծանուցումը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2023 թվականի փետրվարի 17-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է թիվ ՀԿԴ/0034/06/23 քրեական վարույթով 2023 թվականի փետրվարի 2-ի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ որոշման դեմ մեղադրյալ Կարեն Մկրտչյանի պաշտպաններ Մ․Ալեքսանյանի և Ա․Մանուկյանի հատուկ վերանայաման բողոքն վարույթ ընդունելու և դատական վարույթն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում, որն ուղարկվել է դատավարության մասնակիցներին պաշտպաններին, մեղադրյալին, քննիչին և հսկող դատախազին և վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանին,
- 2023 թվականի փետրվարի 27-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշում և հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին, որն ուղարկվել է դատավարության մասնակիցներին և Առաջին ատյանի դատարան,
- 2023 թվականի մարտի 7-ին Վերաքննիչ դատարանի թիվ 3 դատական դահլիճում՝ ժամը 14։43-ին, կայացվել է թիվ ՀԿԴ/0034/06/23 վարույթով դատական նիստը, որին մասնակցել են պաշտպաններ Ա․Մանուկյանը և Մ․Ալեքսանյանը։ Դատական նիստը ավարտվել և որոշումը հրապարակվել է նույն օրը՝ ժամը 15։37-ին,
- 2023 թվականի մարտի 15-ին Վերաքննիչ դատարանի կողմից՝ ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ․Հարությունյանի գրության, հայտնվել է, որ 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է նույն օրը՝ ժամը 14։00-ին և դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել վարույթի մասնակիցների հետ։ Պաշտպանական կողմի հետ հաջողվել է կապ հաստատել, սակայն մեղադրանքի կողմի հետ կապ հաստատել չի հաջողվել, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ պարզաբանման ենթակա հարցերը ուղղված էին պաշտպանական կողմին, Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել առանց դատախազի ներկայության նիստ նշանակել։
16․ Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանի՝ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշումը և դրան կից գրությունները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կերպով ուղարկվել են դատավարության մասնակիցներին, սակայն որոշմամբ նշված՝ 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին կայանալիք դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 14։43-ին, որի մասին մեղադրանքի կողմը պատշաճ կերպով ծանուցված չի եղել, իսկ գործի նյութերում բացակայում են հակառակը հավաստող տվյալները։ Արդյունքում՝ 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 14։43-ին կայացված դատական նիստի ժամանակ դատական նիստի քարտուղարը զեկուցել է, որ ներկայացել են փաստաբանները, իսկ նախագահող դատավորը պարզաբանել է, որ դատախազը պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել դատական նիստին։ Համաձայն բողոքաբերի պնդման՝ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններն իրազեկվել են դատական նիստի ժամի տեղափոխության մասին և վերջիններիս մասնակցությունը ապահովվել է դատական նիստին։ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ գործի նյութերում առկա՝ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 15-ի գրության համաձայն՝ Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններին դատական նիստի ժամի փոփոխության մասին հնարավոր է եղել հայտնել, իսկ դատախազության հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի թիվ ՀԿԴ/0034/06/23 վարույթով 2023 թվականի մարտի 7-ին ժամը՝ 14։43-ին, դատական նիստին փաստացի մասնակցել են միայն պաշտպաններ Ա․Մանուկյանը և Մ․Ալեքսանյանը։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով դատախազի պատշաճ կերպով ծանուցված լինելու և չներկայանալու փաստը, հետամուտ չի եղել պարզելու, թե արդյո՞ք մեղադրանքի կողմում հանդես եկող դատավարության մասնակիցները պատշաճ կերպով ծանուցված են եղել նախապես նշանակված դատական նիստի ժամի փոփոխության մասին։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել մեղադրանքի կողմի հավասարության և մրցակցության իրավունքն այն պայմաններում, երբ պաշտպանների վերաքննիչ բողոքի բանավոր քննությունն իրականացրել է առանց մեղադրանքի կողմի մասնակցության՝ Վերաքննիչ դատարանի նախապես նշանակված դատական նիստի ժամանակի փոփոխության մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, հետևաբար վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ և 400-րդ հոդվածների համաձայն բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և վարույթը փոխանցելու ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության։
19․ Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված մյուս իրավական հարցին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրան անդրադառնալը։
20․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումը, պետք է քննարկման առարկա դարձնի մեղադրյալ Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված կալանավորման իրավաչափության հարցը մեղադրանքի և պաշտպանության կողմերի պարտադիր մասնակցությամբ, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Կարեն Պետիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
