Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0066/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0066/06/23
- Դիմող / մեղադրյալ
- Արամ Սուքիասյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 01.03.2024
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0066/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի մարտի 1-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Գարուշի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ պաշտպան Վ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62206223 քրեական վարույթը:
2023 թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Ալեքսանյանի կողմից որոշում է կայացվել Արամ Գարուշի Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ չորս դրվագով։
2023 թվականի փետրվարի 22-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Արամ Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հարուցվել է վարույթ և 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. Հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը թողնվել անփոփոխ՝ միաժամանակ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը Ա․Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելիս թույլ է տվել դատավարական օրենքի խախտում, որը դատական ակտի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու հիմք է, սակայն հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո Ա․Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ուստի Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու մասին որոշման կայացումը համարել է առարկայազուրկ։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Վ․Գևորգյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
4․1․ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ թեև ձևական առումով կայացվել է գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմքում դրված պատճառաբանությունները հանգեցրել են դատական սխալի։
Բողոքի հեղինակը նշել է, որ Ա․Սուքիասյանի կողմից ենթադրյալ արարքի կատարման հիմնավոր կասկածն անմիջականորեն ծագել է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։32-ին, նկատի ունենալով, որ այն ձերբակալման արձանագրությամբ և որոշմամբ նշվել է որպես Ա.Սուքիասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ արարքի առերևույթ կատարման ժամանակ։
Բողոքաբերը, անդրադառնալով Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուն նշել է, որ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հիմքով ձերբակալումը կարող էր իրավաչափ համարվել միայն նշված արարքը կատարելու պահին, կամ այն ավարտելուց անմիջապես հետո՝ առանց ժամանակային խզման, այն է՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։32-ին։ Բողոքաբերը ընգծել է, որ վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է անգործություն նաև 2023 թվականի փետրվարի 9-ին վարույթ նախաձեռնելուց հետո, մասնավորապես գործողություններ չի իրականացրել նաև փետրվարի 16-ին, 17-ին, 18-ին զննում կատարելու արձանագրություններից հետո և վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման ոչ իրավաչափությունը քողարկելու համար ստեղծել է արհեստական հիմք՝ այն է ականատեսի մատնանշումը Ա.Սուքիասյանին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի։
Բողոքի հեղինակը գտել է, որ եթե առաջնորդվեն վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ, ապա եթե ականատեսն ուղղակի չմատնանշեր Ա.Սուքիասյանին՝ որպես քրեական օրենքով նախատեսված արարք կատարողի, ապա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Սուքիասյանը չէր ձերբակալվելու և նրան մեղադրանք չէր առաջարդվելու։ Բացի այդ, բողոքաբերը ընդգծել է, որ ձերբակալված Մ․Խաչատրյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 20։00-ին, և ավարտվել է 22։20-ին, ձերբակալված Տ․Թոփուշյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 12։10-ին, և ավարտվել՝ 15։50-ին, ձերբակալված Վ․Սարգսյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 11։20-ին, ավարտվել՝ 15։15-ին, ձերբակալված Լ․Խաչատրյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 12։50-ին, ավարտվել՝ 14։20-ին և որպես ձերբակալման պատճառ արձանագրությամբ նշվել են Վ․Սարգսյանից, Տ․Թոփուշյանից և Լ․Խաչատրյանից կաշառք ստանալու ենթադրյալ դեպքերը, այն պարագայում, երբ ձերբակալման պահին՝ ժամը 15։15-ին ավատրվել է դեռևս միայն Լ․Խաչատրյանի հարցաքննությունը։ Հետևաբար, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ այդ անձանց հարցաքննություններից անմիջապես հետո, երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիցավել և հիմնավորվել են այդ անձանց ցուցմունքներով, նոր միայն Ա.Սուքիասյանը ձերբակալվել է, չի համապատասխանում իրականությանը։
Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտին, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի համաձայն՝ ձերբակալումը կարող է կիրառվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պարագայում, այսինքն կասկածը պետք է միաժամանակ լինի և անմիջականորեն ծագած և միաժամանակ նաև հիմնավոր, ուստի տվյալ պարագայում, նկատի ունենալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, հարկ է արձանագրել, որ եթե անգամ կասկածը համապատասախանել է հիմնավոր լինելու չափանիշներին, ապա միանշանակ չի եղել անմիջականորեն ծագած։
Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հիմք ընդունելով բողոքում նշված հիմնավորումները։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Արամ Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ չորս դրվագով, քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար որ․ «(…) [Ն]ա 2020 թվականի հունիսի 10-ից, իսկ Մանուկ Գեղամի Հակոբյանը 2015 թվականի օգոստոսի 3-ից զբաղեցրել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816 որոշման համաձայն՝ ճանապարհային երթևեկության բնագավառում կրել են վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու պարտականություններ:
2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:32-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչ Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 613 II 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Արարատի մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին, որի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնի խախտման, այն է՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Վահագն Մելսիկի Սարգսյանի կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի, 37 LP 626 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը և Մանուկ Հակոբյանը խմբով Վահագն Սարգսյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից պահանջել են 5000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո պայմանավորվածության արդյունքում ստացել են 3.000 ՀՀ դրամ կաշառք:
Արդյունքում, Վահագն Սարգսյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի և Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:03-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 613 II 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան-Զանգակ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնի խախտման, այն է՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Մարատ Սերոբի Խաչատրյանի կողմից վարած Մերսեդես Բենց մակնիշի, 35 XC 943 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը և Մանուկ Հակոբյանը խմբով Մարատ Խաչատրյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկը և ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Արդյունքում, Մարատ Խաչատրյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի և Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:39-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 613 II 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնի խախտման, այն է՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Տիգրան Կարապետի Թոփուշյանի կողմից վարած Մերսեդես Բենց մակնիշի, 25 TT 200 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը և Մանուկ Հակոբյանը խմբով Տիգրան Թոփուշյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկը և ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Արդյունքում, Տիգրան Թոփուշյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի և Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:39-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 613 II 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնի խախտման, այն է՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Լյովա Գուրգենի Խաչատրյանի կողմից վարած Մերսեդես Բենց մակնիշի, 35 ZN 168 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը և Մանուկ Հակոբյանը խմբով Լյովա Խաչատրյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկը և ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Արդյունքում, Լյովա Խաչատրյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի և Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: (…)»։
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշման համաձայն՝ «(...) [Միջնորդությանը կից ներկայացված նյութերից երևում է, որ սույն գործով մեղադրյալ Արամ Սուքիասյանի կողմից իրեն մեղսագրված արարքների մասին հայտնի է դարձել առնվազն 2023 թվականի հունվարի 31-ից, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ԾՔ բաժնի ՀԿԳ ավագ տեսուչի կողմից ներկայացվել է զեկուցագիր։
Այդ տեղեկությունները հայտնի են եղել նաև քրեական վարույթ նախաձեռնելիս՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, հետևաբար Արամ Սուքիասյանին 2023 թվականի փետրվարի 20-ին ձերբակալելը չի կարող գնահատվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ձերբակալումն իրականացնելուն, ապա Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշակի տակտիկական հնարք է փորձել կիրառել, դրանով պատրանք կամ արհեստական հիմք ստեղծել, իբր հանցանք կատարելու կասկածը ծագել է անմիջականորեն։
Դատարանը գտնում է, որ Արամ Սուքիասյանի կողմից ենթադրյալ հանցանքներ կատարած լինելու մասին ավելի ամբողջական տեղեկություններ են եղել, քան ենթադրյալ կաշառք տված վարորդների վերաբերյալ, հետևաբար այդ վարորդների կողմից հայտնած հանգամանքները չեն, որ տեղեկություններ են տալիս, որ ենթադրյալ հանցանքները առերևույթ կատարվել են Արամ Սուքիասյանի կողմից։ Նման պայմաններում Արամ Սուքիասյանի ձերբակալումը չի կարող իրավաչափ ճանաչվել։
Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով, որ պահպանված չէ կալանավորման պայմաններից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված իմպերատիվ պահանջը, Դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալ Արամ Գարուշի Սուքիասյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, պետք է մերժել՝ առանց անդրադառնալու կալանավորման իրավաչափության մյուս պայմաններին: (...)»։
8. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով անձին ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածը լինի հիմնավոր, ինչն անմիջականորեն բխում է տվյալ նորմի բովանդակությունից։ Հետևաբար, այն դեպքում, երբ, օրինակ, անձը հանցանք կատարած լինելու կասկածի հիման վրա հայտնվում է իրավասու մարմնի տեսադաշտում և/կամ հասանելիության տակ, սակայն այդպիսի կասկածը դեռևս հիմնավոր չէ, անձի ձերբակալումը չի կարող իրավաչափ համարվել։ Այլ կերպ՝ այդպիսի իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում մինչ ձերբակալումը՝ ստուգելու կասկածի հիմնավոր լինելը և դրա առկայությունը հավաստելուց (ոչ այն շեմը, ինչ կալանքի դեպքում) անմիջապես հետո միայն ձերբակալելու անձին։ Այսինքն՝ ընդունելի է նաև բողոքաբերի այն փաստարկը, որ հնարավոր է առերևույթ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալը բավարար լինի, օրինակ, քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն բավարար չլինի ձերբակալման համար անհրաժեշտ՝ կասկածի հիմնավոր լինելու շեմը հաղթահարված համարելու համար։ Վերոգրյալի համատեքստում ողջամիտ է այն մոտեցումը, որ հնարավոր է անձի կողմից հանցանքը կատարելու կասկածն առկա է, սակայն այն ձերբակալման շեմի տեսանկյունից հիմնավոր դարձնելու համար վարույթն իրականացնող մարմինը կատարում է լրացուցիչ ապացուցողական և/կամ վարութային այլ գործողություններ, իսկ անձը ձերբակալվում է այդպիսի գործողությունների արդյունքում ստացված տվյալներից անմիջապես հետո, երբ կասկածն արդեն իսկ հիմնավոր է։
Սույն վարույթի փաստերի պայմաններում, ինչպես հետևում է վարույթի նյութերի ուսումնասիրությունից, թեև մեղադրյալին մեղսագրվող արարքները առերևույթ կատարվել են 2022 թվականի դեկտեմբերի 25-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ավելի վաղ, քան քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո իրականացվող նախաքննության ընթացքում 2023 թվականի փետրվարի 20-ին պարզվել են ենթադրաբար կաշառք տվող անձանց տվյալները (տե՛ս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի՝ 2023 թվականի փետրվարի 20-ի թիվ 28/114 գրությունը), նույն օրը այդ անձինք հարցաքննվել են, իսկ հարցաքննության ընթացքում նրանց ներկայացվել են համապատասխան ՕՀՄ-ներով արձանագրված տվյալներից (տեսաձայնագրություն, ձայնագրություն) հատվածներ, և դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո, երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիացվել և հիմնավորվել են այդ անձանց ցուցմունքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ ականատեսն ուղղակի մատնանշել է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, Արամ Սուքիասյանը ձերբակալվել է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ա.Սուքիասյանի ձերբակալումն ընդհանուր առմամբ իրականացվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ, հետևաբար Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ բավարար հիմքեր չեն եղել։ Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առումով Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրակացության։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև Առաջին ատյանի դատարանը Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելիս թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որի դեպքում, երբ կալանավորման իրավաչափության պայմանները ընդհանրապես քննարկման առարկա չէին դարձել, վիճարկվող որոշումը ենթակա էր բեկանման, իսկ վարույթը՝ փոխանցման նոր քննության, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո Արամ Սուքիասյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (տե՛ս սույն որոշման 4.1.-րդ կետը)՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու մասին որոշման կայացումը դարձել է առարկայազուրկ։ (...)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ա․Սուքիասյանի ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ։
10. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:
4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով: (…)»:
Նույն օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:
2. Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝
1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ:
(…)
9. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու մասին.
(…)
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
(…)
5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։ (…)»:
11. Վճռաբեկ դատարանը, Ալբերտ Հովհաննիսյանի գործով կայացված որոշմամբ, վերլուծության ենթարկելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերը, արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քննարկվող ձերբակալման ինստիտուտի հիմքում դրված է հանցագործության կանխման և խափանման in flangranti delicto (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն՝ ակնհայտ անմիջականորեն: Վճռաբեկ դատարանի այս հետևությունը բխել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից, որի համաձայն՝ դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը այն դեպքում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանել է երկու փոխկապակցված գործոն ձերբակալման քննարկվող տեսակի հիմքում ընկած «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար, մասնավորապես՝ ժամանակային գործոնը, այսինքն՝ երբ հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզում չկա, և հանցանքի արտաքին դրսևորման գործոնն է, երբ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (indices apparents): Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետևանքներով:
Ելնելով ձերբակալման քննարկվող տեսակի կիրառման հիմքերի և դատավարական կարգի առանձնահատկություններից՝ օրենսդիրը նախատեսել է նաև մի շարք երաշխիքներ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքների առումով, մասնավորապես, սահմանել է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ապա դատարանը պարտավոր է մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և կարգադրել մեղադրյալին անհապաղ ազատ արձակել: Նման կարգավորման բովանդակային իմաստն այն է, որ եթե սկզբնական ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ, ապա այն չպետք է ունենա շարունակություն՝ վերաճելով կալանքի, որպեսզի զսպի իրավասու մարմիններին ձերբակալման քննարկվող տեսակը կամայականորեն կիրառելուց, քանի որ, ի տարբերություն ձերբակալման մյուս տեսակների, անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալումը տևում է 72 ժամ, ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի, և նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում և ըստ այդմ՝ առավել խոցելի է իրավունքների պաշտպանության տեսանկյունից և այլն:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման կիրառման դատավարական կարգն ունի մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ձերբակալման քննարկվող տեսակը կիրառվում է հետաքննության մարմնի աշխատակցի կողմից առանց նախապես կայացված դատավարական որոշման, քանի որ այն հանդիսանում է օրենքով նախատեսված փաստական իրավիճակներից որևէ մեկին հակազդելու դատավարական հիմնական ձևը, որի դատավարական ամրագրումը (հետաքննության մարմնի աշխատակցի կողմից արձանագրություն կազմելը, այնուհետև՝ քննիչի կողմից որոշում կայացնելը) միշտ իրականացվում է հետո (post factum), երբ ձերբակալվածը բերվում է հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին:
Ձերբակալման քննարկվող տեսակը (դրան ուղեկցող անձնական խուզարկության հետ միասին) այն բացառիկ դատավարական միջոցն է, որը կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելը և բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության) և կարող է տևել առավելագույնը 6 ժամ՝ մինչև քննիչի կողմից ձերբակալելու կամ ազատ արձակելու մասին որոշում կայացնելը: Հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո հետաքննության մարմինն իրականացնում է քննիչին օժանդակող գործառույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետեր): Հետևաբար, նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում հնարավոր չէ, անկախ նրանից, թե քննության արդյունքում հայտնի է դառնում ենթադրյալ հանցանք կատարած անձը, որը մինչ այդ անհայտ էր կամ քննիչի կողմից ձեռք են բերվում քննության առարկա դեպքին կոնկրետ անձի առնչությունը հաստատող ապացույցներ: Այս կանոնից միակ բացառությունը վերաբերում է գաղտնի քննչական գործողություններ կատարելու ընթացքում ենթադրյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու հնարավորությանը, քանի որ հետաքննության մարմնի աշխատակիցը տվյալ դեպքում գործում է սեփական նախաձեռնությամբ և անմիջականորեն կարող է բախվել ենթադրյալ հանցանքի փաստին և այն կատարողին:
12. Մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության արդյունքում, վերահաստատելով և զարգացնելով Վճռաբեկ դատարանի՝ Ալբերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը և դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը և դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը և դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որևէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նաև, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու իրավասություն ունեցող) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: Այսինքն՝ կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նաև անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով նախատեսված հիմքերը և դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պետք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված և այն հաստատող այլ ապացույցներով:
Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պետք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավիճակ, թե ոչ։
Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացությունը չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պետք է առկա լինի ի սկզբանե:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ԾՔ բաժնի ՀԿՀ ավագ տեսուչ Ա․Բաղդասարյանի կողմից կազմված, ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Ա․Հովհաննիսյանին ուղղված զեկուցագրի համաձայն՝ Ա․Սուքիասյանը և Մ․Հակոբյանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններիցս որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ։ Զեկուցագրում նշված են ոստիկանության ծառայողներ Ա․Սուքիասյանի և Մ․Հակոբյանի ծառայողական ավտոմեքենայի տվյալները, «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և դրանց արդյունքում ձեռք բերված տեղեկությունները,
- 2023 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վ․Ղազարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանին հասցեագրվել է գրություն, որով ուղարկվել են Ա․Սուքիասյանի և մյուսների կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ իրականացվող ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերը՝ հետագա ընթացքը լուծելու համար,
- 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62206223 քրեական վարույթը,
- 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ․Խաչատրյանի կողմից կազմվել է «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքների վերաբերյալ ձայնագրությունների և տեսաձայնագրությունների համադրված զննության արձանագրությունը, նույնաբովանդակ արձանագրություններ կազմվել են նաև 2023 թվականի փետրվարի 16-ին, փետրվարի 18-ին,
- 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ․Մանուչարյանի կողմից կազմվել է Ա․Սուքիասյանին ձերբակալելու վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի` 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15։15-ին, Ա․Սուքիասյանը ձերբակալվել է և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ․Չիլինգարյանի մոտ բերվելուց հետո կազմվել է նշված արձանագրությունը։ Արձանագրությամբ, որպես ձերբակալման հիմք, նշվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը, այն է՝ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարք կատարողի,
- 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ․Չիլինգարյանի կողմից կազմվել է իր օգտին պաշտոնատար անձի կողմից ապօրինի անգործության համար կաշառք տալու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արամ Սուքիասյանին ձերբակալելու մասին որոշում,
- 2023 թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Ալեքսանյանի կողմից որոշում է կայացվել Արամ Գարուշի Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ չորս դրվագով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Արամ Սուքիասյանի կողմից նրան մեղսագրված արարքների մասին հայտնի է դարձել առնվազն 2023 թվականի հունվարի 31-ից, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ԾՔ բաժնի ՀԿԳ ավագ տեսուչի կողմից ներկայացվել է զեկուցագիր և այդ տեղեկությունները հայտնի են եղել նաև քրեական վարույթ նախաձեռնելիս՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, հետևաբար Ա․Սուքիասյանին 2023 թվականի փետրվարի 20-ին ձերբակալելը չի կարող գնահատվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ,
- Վերաքննիչ դատարանն արձանագել է, որ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ավելի վաղ, քան քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո իրականացվող նախաքննության ընթացքում՝ 2023 թվականի փետրվարի 20-ին հարցաքննվել են ենթադրաբար կաշառք տվող անձինք, և երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիացվել և հիմնավորվել են այդ անձանց ցուցմունքներով, Ա․Սուքիասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ ականատեսն ուղղակի մատնանշել է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, հիմքով։ Վերաքննիչ դատարանը թեև արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա․Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելիս թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում և վիճարկվող որոշումը ենթակա էր բեկանման, իսկ վարույթը՝ փոխանցման նոր քննության, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո Ա.Սուքիասյանի նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ուստի նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու մասին որոշման կայացումը համարել է առարկայազուրկ։
13. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման իրավաչափության հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Սուքիասյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից ենթադրաբար որպես կաշառք տարբեր չափերի գումարներ պահանջելու և ստանալու դեպքի շուրջ տվյալները ձերբակալում իրականացնող մարմնին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը, հայտնի են եղել դեռևս 2023 թվականի հունվարի 31-ին կազմված զեկուցագրով, որով նաև նշված են այնպիսի փաստական տվյալներ, որոնք ձեռք են բերվել իրականացված «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այսինքն, զեկուցագիրը բովանդակել է բավարար տվյալներ առ այն, որ առկա է Ա․Սուքիասյանի կողմից քրեական օրենքով նախատեսված ենթադրյալ արարքի կատարման հիմնավոր կասկած։ Իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի համապատասխան աշխատակցի կողմից ձերբակալումն իրականացրել է այդ տվյալներն ի հայտ գալուց տևական ժամանակ անց, այն է` 2023 թվականի փետրվարի 20-ին։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ նախաքննության ընթացքում՝ 2023 թվականի փետրվարի 20-ին պարզվել են ենթադրաբար կաշառք տվող անձանց տվյալները, ովքեր նույն օրը հարցաքննվել են, և երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիացվել և հիմնավորվել են հարցաքննված անձանց ցուցմունքներով, Ա.Սուքիասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ ականատեսն ուղղակի մատնանշել է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեռևս 2023 թվականի հունվարի 31-ին հետաքննության մարմնին հայտնի են եղել այնպիսի փաստական տվյալներ՝ մասնավորապես իրականացված «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքերը պարունակող լազերային սկավառակները, ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերը, որոնք իրենց ամբողջության մեջ ակնհայտորեն վկայել են Ա.Սուքիասյանի կողմից քրեական օրենքով նախատեսված ենթադրյալ արարքի կատարման հիմնավոր կասկածի մասին, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայտնի դարձած բավարար տվյալները վարույթի նախաձեռնման պահից տասնմեկ օր տևողությամբ ժամանակահատվածում որոշակիացվելու և հիմնավորվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով սույն որոշման 10-12-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ձերբակալման տեսակի դեպքում անձին հանցանքի կատարման մեջ անմիջականորեն կասկածելու մասին և անձնական ազատության իրավունքի սահմանափակման միջև ժամանակային խզում առկա չի կարող լինել, կամ այդ խզումը չի կարող լինել տևական կամ ընդհատվել հանցանքի կատարման՝ արդեն իսկ հաստատված կասկածի հիմնավորմանն ուղղված ապացուցողական նոր գործողությունների կատարմամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման կիրառման դեպքում օրենսդիրը չի նախատեսել առկա կասկածը հիմնավորելու, այնուհետև ձերբակալման հիմքով անձին ազատությունից զրկելու իրավական հնարավորություն, հաշվի առնելով, որ ձերբակալման հիմքերը` հենց կասկած ծնող հիմքերն են, որոնք պետք է առկա լինեն ի սկզբանե։
14. Ամփոփելով վերոշարադրյալը և պատասխանելով սույն որոշման 9-րդ կետում բարձրացված իրավական հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Արամ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափ լինելը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ և 288-րդ հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտման, որը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար։
15․ Միևնույն ժամանակ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը 2023 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ կայացրել է ըստ էության գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտ՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը, ուստի Վերաքննիչ դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Մեղադրյալ Արամ Գարուշի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
